ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 29-Ի N 344-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներով և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրի 12-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողների թիվը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի N 110 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի փետրվարի 7-ի N 73-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Ծառայության լիազորությունները սահմանվում են օրենքով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
5. Ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Ծառայությունում կարող են աշխատանքի ընդունվել նաև քաղաքացիական աշխատողներ:
6. Ծառայությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Ծառայության անվանումն է՝
հայերեն լրիվ անվանումը՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն,
ռուսերեն լրիվ անվանումը՝ Государственная служба по чрезвычайным ситуациям Республики Арцах,
անգլերեն լրիվ անվանումը՝ State service of emergency situations of the Republic of Artsakh:
8. Ծառայության համակարգը կազմված է ծառայության տնօրենից, տնօրենի առաջին տեղակալից, տնօրենի տեղակալներից և ծառայության գործունեությունն ապահովող կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումներից, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
(8-րդ կետը լրաց. 14.07.20 N 200-Ն)
9. Ծառայության նպատակները և խնդիրներն են՝
1) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում նորմատիվային կարգավորման գործառույթների իրականացումը.
3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հակահրդեհային ծառայության մատուցումը.
4) փրկարարական, վթարային-փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
5) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեության համակարգումն ու վերահսկումը.
6) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման աշխատանքների իրականացումը.
7) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.
8) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումն ու իրականացումը.
9) հատուկ թույլատրողական և վերահսկողական գործառույթների իրականացում՝ ծառայության օրենսդրորեն ամրագրված իրավասությունների շրջանակներում.
10) պետական մոբիլիզացիոն ռեզերվների ձևավորումը և կառավարումը.
11) պետական պահուստի պաշարների պահպանումն ու սպասարկումը.
12) սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
13) հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը.
14) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը.
15) գիտատեխնիկական առաջադիմության պահպանման ապահովումը.
16) արտակարգ իրավիճակներին հումանիտար նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների արձագանքման գործողությունների իրականացման համակարգումը.
17) պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության հսկողության ապահովումը.
18) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ապահովումը.
19) հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի լիցենզիաների տրամադրումը.
20) գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրումը.
21) ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման լիցենզիաների տրամադրումը.
22) կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի լիցենզիաների տրամադրումը.
23) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրումը:
10. Ծառայության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ Առաքել Առաքելյան 17:
2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) արտակարգ իրավիճակների բնագավառում`
ա. քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և տեխնիկական անվտանգության բնագավառներում միասնական պետական քաղաքականության մշակումը և մոնիթորինգի իրականացումը,
բ. օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով Արցախի Հանրապետության Նախագահի և Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանը և (կամ) հաստատմանը ներկայացնելը,
գ. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը,
դ. իր իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և տեխնիկական անվտանգության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացումն ու պայմանագրերի կնքումը,
ե. արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը և իրականացման վերահսկումը,
զ. արտակարգ իրավիճակներում ու պատերազմի ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը, կուտակումը և դրանց նպատակային օգտագործման պետական ծրագրերի մշակումը, դրանց իրականացման մոնիթորինգը,
է. Արցախի Հանրապետության պետական նախարարին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը,
ը. քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մոնիթորինգի իրականացումը,
թ. իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակումը,
ժ. պետական, պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը մասնակցությունը,
ժա. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագրերի՝ սահմանված կարգով հաստատումը, դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը,
ժբ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,
ժգ. քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և պլանների մշակումը, իր իրավասության սահմաններում դրանց հաստատումը,
ժդ. քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների կառուցման նպատակային ծրագրերի մշակումը,
ժե. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ու դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,
ժզ. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրների ու գործողությունների համաձայնեցումը,
ժէ. փրկարարական աշխատանքների և փրկարար ուժերի գործունեության համակարգումը,
ժը. իր բնագավառում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպումը և որպես դրանց պատվիրատու հանդես գալը,
ժթ. իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման և քաղաքացիական պաշտպանության աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպումը.
2) հրդեհային անվտանգության բնագավառում`
ա. մշակում է հակահրդեհային քարոզչության ծրագրեր և իրականացնում դրանց մոնիթորինգը,
բ. շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում է հրդեհային անվտանգության, այդ թվում` շենքերի, շինությունների, դրանց շահագործման նորմատիվ փաստաթղթերը,
գ. մշակում է հրդեհային անվտանգության ապահովման պետական ծրագրեր, իրականացնում է դրանց կատարման մոնիթորինգ,
դ. իր իրավասության սահմաններում հաստատում է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթեր.
3) պետական ռեզերվների ձևավորման և կառավարման բնագավառում`
ա. Արցախի Հանրապետության կառավարություն պետական պահուստի համակարգի զարգացման և կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
բ. պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև կուտակման նորմերի մշակումը և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,
գ. պետական պահուստում նյութական արժեքների ձևավորման (կուտակման, թարմացման, ապաամրագրման, փոխառման, փոխարինման) պետական ծրագրերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,
դ. պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխման քաղաքականության մշակման համակարգումը,
ե. պետական պահուստի համակարգի կառավարումը,
զ. պետական նյութական պահուստի ձևավորման և պահպանման ծախսերի ֆինանսավորման ապահովումը` Արցախի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներին համապատասխան,
է. պետական պահուստի նյութական արժեքների հետ կապված գործառույթների մոնիթորինգի իրականացում,
ը. պետական պահուստի նյութական արժեքների առկայության և վիճակի մասին ամփոփ տեղեկատվության ներկայացումը` Արցախի Հանրապետության կառավարություն,
թ. համապատասխան ոլորտների աշխատանքները համակարգող՝ Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պետական պահուստի նյութական արժեքների պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկի մշակումը և այն Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,
ժ. օրենքով սահմանված կարգով համակարգի կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման, ինչպես նաև այդ կազմակերպությունների կողմից վճարովի ծառայությունների մատուցման մոնիթորինգի իրականացում.
4) տեխնիկական անվտանգության բնագավառում՝
ա. գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման պահանջների սահմանումը,
բ. տեխնիկական անվտանգության կանոնների կատարելագործումը, տնտեսության մեջ աշխատանքների արդյունաբերական անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը,
գ. աշխատանքների անվտանգ կազմակերպման` մեքենասարքավորումների կառուցվածքի, պատրաստման, անվտանգ շահագործման պահանջների սահմանումը.
5) հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության բնագավառում՝
ա. հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը և դրանց իրականացումը,
բ. հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրերի նկատմամբ մոնիթորինգի իրականացումը,
գ. մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության պետական ծրագրերի մշակում, դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը.
6) սեյսմիկ պաշտպանության բնագավառում`
ա. Արցախի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների համակարգումը,
բ. Արցախի Հանրապետության տարածքում և Արցախի Հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսման հաստատումը,
գ. հաստատում է Արցախի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, դրա՝ խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման ու սեյսմիկ ռիսկի քարտեզները և դրանք սահմանված կարգով ներկայացնում Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` կիրարկման համար,
դ. հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումների հաստատումը,
ե. բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի և շինությունների խոցելիության օպերատիվ գնահատման մասնակցությունը,
զ. սեյսմոլոգիայի և բնակչության պաշտպանության աշխատանքների գլխավոր պատվիրատուն է,
է. ներկայացնում է առաջարկություններ ու եզրակացություններ շենքերի և կառույցների խոցելիության նվազեցման ռազմավարական ծրագրերի ու փաստաթղթերի վերաբերյալ,
ը. սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով՝ իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ ու եզրակացություններ քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, արտադրատնտեսական գործունեության զարգացման և այլ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ.
7) օրենքով սահմանված կարգով տնօրինում, տիրապետում և օգտագործում է իրեն հանձնված պետական գույքը.
8) քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկման կազմակերպում՝ հասնելով դրանցում բարձրացված հարցերի օրինական լուծմանը և քաղաքացիների նամակներում հաղորդվող ծառայության ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Ծառայության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով ծառայության տնօրենին կից ստեղծվում է կոլեգիա, ինչպես նաև կարող է կազմավորվել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ: Ծառայության տնօրենին կից կոլեգիան`
1) օժանդակում է ծառայության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է ծառայության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
13. Ծառայության տնօրենին կից կոլեգիայի աշխատակարգը սահմանում է ծառայության տնօրենը:
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
14. Ծառայությունը կառավարում է ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Ծառայության տնօրենն ունի առաջին տեղակալ և տեղակալ(ներ), որին(որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ ծառայության տնօրենի ներկայացմամբ: Ծառայության տնօրենն իր գործունեությունն իրականացնում է միանձնյա ղեկավարման սկզբունքով և պատասխանատու է ծառայությանն առաջադրված խնդիրների իրականացման համար: Ծառայության տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
(14-րդ կետը լրաց. 14.07.20 N 200-Ն)
15. Ծառայության տնօրենն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ծրագրերի ապահովման համար:
16. Ծառայության տնօրենը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:
17. Ծառայության տնօրենը`
1) ի պաշտոնե հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալը.
2) ղեկավարում է ծառայության գործունեությունը, ղեկավարում, համակարգում և վերահսկում է ծառայության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.
4) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարություն.
5) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր, արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
6) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության քաղաքացիներին ընդունում է փրկարարական ծառայության, նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն Արցախի Հանրապետության քաղաքացիներին ընդունում է քաղաքացիական աշխատանքի, նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից.
8) ծառայության համակարգի փրկարարական և քաղաքացիական անձնակազմին ներկայացնում է պետական պարգևների.
9) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան որոշում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
10) կատարում է աշխատանքի բաշխում իր առաջին տեղակալի, տեղակալների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների միջև.
11) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
12) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության և ծառայության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում ծառայության և ծառայության մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվները, դրանց կատարողականները և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
13) վերահսկողություն է իրականացնում ծառայության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.
14) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը և համակարգի աշխատողների թիվը.
15) ստեղծում է խորհրդակցման մարմիններ.
16) սահմանված կարգով կազմավորում և վերակազմավորում է ծառայության ստորաբաժանումները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համալրում է ծառայության անձնակազմը, իրականացնում նյութատեխնիկական, ֆինանսական, կադրային և այլ ապահովում.
17) հաստատում է ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
18) արձակում է հրամաններ (անհրաժեշտության դեպքում գործադիր իշխանության այլ մարմինների հետ համատեղ), հաստատում կանոնադրություններ, հրահանգներ, կանոնակարգեր և այլ նորմատիվ փաստաթղթեր և ստուգում դրանց կատարումը.
19) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
20) սահմանում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մեդալներ, կրծքանշաններ և պատվոգրեր, ինչպես նաև հաստատում է դրանց շնորհման կարգը և ձևերը.
21) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողներին պարգևատրում է մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով, իսկ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղաքացիական աշխատանք կատարողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և քաղաքացիներին` մեդալներով ու պատվոգրերով.
22) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(17-րդ կետը լրաց. 14.07.20 N 200-Ն)
18. Ծառայության տնօրենի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, ծառայության տնօրենի պարտականությունները կատարում է ծառայության տնօրենի առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը:
(18-րդ կետը լրաց. 14.07.20 N 200-Ն)
19. Ծառայության տնօրենի առաջին տեղակալը և տեղակալները՝
1) համակարգում են ծառայության համակարգի աշխատանքները՝ ծառայությանը վերապահված քաղաքականության իրականացման իրենց հանձնարարված բնագավառներում.
2) իրենց լիազորությունների սահմաններում համակարգում են ծառայության՝ իրենց հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայության կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում են իրենց հանձնարարված բնագավառների ծառայության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում են ծառայության տնօրենի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում են իրենց հանձնարարված բնագավառներում ծառայության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իրենց լիազորությունների սահմաններում համագործակցում են պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.
7) իրենց հանձնարարված բնագավառներում համակարգում են համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար ծառայության տնօրենին են ներկայացնում տեղեկատվություն իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
9) ապահովում են իրենց հանձնարարված բնագավառներում ծառայության տնօրենի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում ծառայության տնօրենին.
10) ծառայության տնօրենին ներկայացնում են առաջարկություններ իրենց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
11) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
(19-րդ կետը խմբ. 14.07.20 N 200-Ն)
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
20. Ծառայության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից կնքված գործարքներով ձեռք բերված և ծառայության տնօրինմանը, տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի տիրապետման իրավասություն:
21. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու ծառայության գույքը:
22. Ծառայությունն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իր գույքը:
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
23. Ծառայության կառուցվածքը ներառում է ծառայության գործունեությունն ապահովող կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումներ: Ծառայության խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ծառայության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
24. Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է ծառայության տնօրենը:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Ծառայության ֆինանսավորումն իրականացվում է ծառայության գլխավոր ֆինանսիստի միջոցով: Ծառայության գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում ծառայության տնօրենի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
26. Ծառայության գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
27. Ծառայությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
28. Ծառայության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(Հավելվածը լրաց., խմբ. 14.07.20 N 200-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի փետրվարի 7-ի N 73-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբ
2. Քաղաքացիական պաշտպանության վարչություն
3. Փրկարար ուժերի վարչություն
4. Նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչություն
5. Տնօրենի աշխատակազմ
6. Կադրերի բաժին
7. Ֆինանսատնտեսագիտական և սոցիալական ապահովման բաժին
8. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
II. Տարածքային ստորաբաժանումներ
1. Ստեփանակերտ քաղաքի արտակարգ իրավիճակների բաժին
2. Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
3. Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
4. Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
5. Հադրութի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
6. Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
7. Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
8. Շահումյանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
III. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի փետրվարի 7-ի N 73-Ն որոշման |
ԹԻՎ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
1. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողների թիվը սահմանել 567 միավոր, այդ թվում՝
|
1) փրկարարական ծառայության աշխատողներ (պաշտոններ) |
- 487 միավոր, |
|
2) քաղաքացիական աշխատանք կատարողներ |
- 80 միավոր: |
(1-ին կետը փոփ. 01.02.19 N 33-Ն, 10.05.19 N 333-Ն, 27.12.19 N 1116-Ն, 07.02.20 N 46-Ն, 17.06.20 N 90-Ն, 20.07.20 N 220-Ն, 28.08.20 N 390-Ն, 22.09.20 N 476-Ն)
(Հավելված N 3 փոփ. 01.02.19 N 33-Ն, 10.05.19 N 333-Ն, 27.12.19 N 1116-Ն, 07.02.20 N 46-Ն, 17.06.20 N 90-Ն, 20.07.20 N 220-Ն, 28.08.20 N 390-Ն, 22.09.20 N 476-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |