| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001514 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 1-Ն |
ք.Ստեփանակերտ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 5/73 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ, 15-րդ հոդվածի 5-րդ, 62-րդ հոդվածի 7-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Տեսողության պատճառով քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների (սույն կետում այսուհետ՝ ընտրող) համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանել, որ
1) համապետական ընտրությունների, հնարավորության դեպքում՝ նաև մյուս ընտրությունների ժամանակ պատրաստվում և տեղամասային ընտրական հանձնաժողովին է հատկացվում քվեաթերթիկին համապատասխանող ստվարաթղթե կաղապար (ձևանմուշ) (այսուհետ՝ կաղապար), որում քվեաթերթիկի նշումի համար նախատեսված քառանկյուններին համապատասխանող տեղերում բացված են «V» ձևի անցքեր.
2) հանձնաժողովի քվեաթերթիկներ տրամադրող անդամը քվեաթերթիկը տեղավորում է քվեաթերթիկին համապատասխանող կաղապարում և տրամադրում ընտրողին: Ընտրողի ցանկության դեպքում՝ քվեաթերթիկը լրացնելիս ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացին, ընտրողի համար՝ ըստ հերթականության, կարդում է քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վերաբերյալ քվեաթերթիկում նշված տվյալները և հնարավորություն տալիս ընտրողին քվեախցիկում գաղտնի լրացնելու քվեաթերթիկը:
Ընտրողն իմանալով իր նախընտրած թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հերթական համարը քվեաթերթիկում, շոշափելով կարող է գտնել կաղապարի համապատասխան դատարկ անցքը և ինքնուրույն «V» ձևի նշում կատարել քվեաթերթիկում.
3) քվեաթերթիկում «V» ձևի նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը հանում է կաղապարից և ծալում.
4) քվեարկության հետ կապված մնացած գործողություններն ընտրողն իր ցանկությամբ կատարում է ինքնուրույն կամ իրեն օգնելու իրավունք ունեցող քաղաքացու օժանդակությամբ:
2. Հաշվի առնելով, որ տեղամասային կենտրոնների տեղակայման շենքերի մեծ մասը հարմարեցված չեն շարժասայլակներով տեղաշարժվելու համար` շարժասայլակով տեղաշարժվող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանել, որ
1) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկանալով, որ տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ է գտնվում շարժասայլակով տեղաշարժվող ընտրող (այսուհետ` ընտրող), տեղամասային կենտրոնում հայտարարում է այդ մասին, մոտենում է ընտրողին և նրան բացատրում սույն որոշման համապատասխան քվեարկությանը մասնակցելու կարգը.
2) ընտրողի համաձայնության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վերցնում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ստուգում նրա ինքնությունը և ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը տեղամասային կենտրոնում հանձնում ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամին: Վերջինս ընտրողների ցուցակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները: Այդ տվյալների դիմաց ընտրողի համաձայնությամբ նրա փոխարեն ստորագրում է որևէ վստահված անձ կամ դիտորդ կամ ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացի: Ընտրողի գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողի ստորագրության դիմաց իր ստորագրությունը դնելուց հետո նույն տողի լրացուցիչ նշումների սյունակում լրացնում է «շարժասայլակ» բառը, որից հետո ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրողի փոխարեն ստանում է քվեաթերթիկ, որը կնքվում է քվեաթերթիկների կնքման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի կողմից և տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ դրանք հանձնում ընտրողին` նրան հնարավորություն տալով գաղտնի քվեարկելու: Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը ծալում է քվեաթերթիկը և այն հանձնում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին.
4) տեղամասային կենտրոնում քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը հնարավորություն է ընձեռում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն անձը հաստատող փաստաթուղթը հանձնում է ընտրողին և անհապաղ վերադառնում տեղամասային կենտրոն:
3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն իրականացնում է առնվազն մեկ վստահված անձի կամ առնվազն մեկ դիտորդի, կամ վստահված անձի ու դիտորդի, կամ ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացու ներկայությամբ (մասնակցությամբ):
4. Սահմանել, որ տեղամասային կենտրոնների տեղակայման շենքերը տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների կողմից, հնարավորության դեպքում, հարմարեցվում են շարժասայլակներով տեղաշարժվելու համար` շարժական թեքահարթակներ տեղադրելու կամ մշտական թեքահարթակներ կառուցելու եղանակով:
5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 16-ի «Հաշմանդամների և քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանելու մասին» թիվ 5/73 որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |