| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001527 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 14-Ն |
ք.Ստեփանակերտ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 16/46-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) ընտրական տեղամասերը համարակալում են տարածքային ընտրական հանձնաժողովները` m/n տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան ընտրատարածքի համարն է, իսկ n-ը՝ ընտրական տեղամասի հերթական համարը: Ընտրական տեղամասերը համարակալելիս նշվում է նաև տեղամասի գտնվելու վայրի (համայնքի) անվանումը.
2) համապետական, Ստեփանակերտի քաղաքապետի ու ավագանու և Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների դեպքում ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների: Յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած մեկից՝ մինչև տվյալ ընտրատարածքի հերթական վերջին ընտրական տեղամասը.
3) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Ստեփանակերտի քաղաքապետի ու ավագանու ընտրությունների, ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ համայնքների: Յուրաքանչյուր համայնքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած մեկից՝ մինչև այդ համայնքի հերթական վերջին ընտրական տեղամասը.
4) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողով համարակալում է այն համայնքների ընտրական տեղամասերը, որտեղ կազմակերպում և անցկացնում է ընտրությունները.
5) այլ պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված ընտրական տեղամասերը համարակալում է համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` m/n տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի անվանումն է, իսկ n-ը՝ տվյալ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրում կազմավորվող ընտրական տեղամասի հերթական համարը`յուրաքանչյուր քաղաքի համար` սկսած մեկից` մինչև տվյալ քաղաքում կազմավորված հերթական վերջին ընտրական տեղամասը.
6) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համապետական կամ Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների հետ համատեղ անցկացվելու դեպքում ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների՝ սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 22-ի «Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի թիվ 34/123 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16/46-Ն որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |