Համարը 
N 33-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆԱ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 14/33 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001546

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 33-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 14/33 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ

ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործավարության կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի մարտի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում և հանձնաժողովի աշխատակազմում գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 14/33 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2015 թվականի հունվարի 28-ի N 33-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով) գործավարության կանոնները:

2. Հանձնաժողովի գործավարությունն իրականացնում է Հանձնաժողովի գործավարության համար պատասխանատու աշխատողը (այսուհետ` Մասնագետ) սույն կանոնակարգին համապատասխան:

3. Հանձնաժողովում գործավարության միասնական կարգի ապահովման վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովի քարտուղարը:

4. Հանձնաժողովի աշխատողները պատասխանատու են սույն կանոնակարգով նախատեսված գործավարության կանոնների պահպանման համար:

5. Գաղտնի փաստաթղթերի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ,

ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

6. Հանձնաժողովում ստացված փաստաթղթերն ընդունում և գրանցում է Մասնագետը` համապատասխան գրանցամատյաններում:

7. Հանձնաժողովում փաստաթղթերը կարող են ստացվել առձեռն կամ փոստի միջոցով: Հանձնաժողովում յուրաքանչյուր մտից փաստաթուղթ գրանցվում է ստացվելու օրը:

8. Մասնագետը բացում է ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացառությամբ «Անձամբ» մակագրությամբ ծրարների:

«Անձամբ» մակագրությամբ ծրարների վրա դրվում է մուտքագրման դրոշմակնիք, նշվում է միայն մուտքի օրը, ամիսը, տարեթիվը (այսուհետ` ամսաթիվ) և փակ վիճակում հանձնվում հասցեատերերին:

9. Մասնագետը ստուգում է ծրարների ամբողջականությունը և դրանում առկա փաստաթղթերի առկայությունը:

Ծրարում փաստաթղթերի բացակայության կամ ոչ լիարժեքության, իսկ էլեկտրոնային փաստաթղթերի դեպքում վնասված լինելու մասին կազմվում է արձանագրություն` երկու օրինակից, որոնցից մեկը կցվում է փաստաթղթին, մյուսն ուղարկվում է փաստաթուղթն ուղարկողին:

10. Այլ հասցեատիրոջ ուղղված փաստաթղթեր ստացվելու դեպքում, դրանք վերահասցեագրվում են ճիշտ հասցեատիրոջը:

11. Փաստաթղթերի ծրարները փակցվում են փաստաթղթերին և պահպանվում դրանց հետ:

12. Մուտքագրված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է մուտքագրման դրոշմակնիքը, որի վրա նշվում է գրանցման մտից համարը և ամսաթիվը: Դրոշմակնիքը դրվում է այնպես, որ չաղավաղվի փաստաթղթի գրառումը։ Փաստաթղթի աջ անկյունում դրոշմակնքելու անհնարինության դեպքում դրոշմակնիքը դրվում է փաստաթղթի ազատ մասում:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետից ստացված փաստաթղթերը և «Շտապ» կատարման նշումն ունեցող փաստաթղթերը գրանցվում և ներկայացվում են Հանձնաժողովի նախագահին անհապաղ:

14. Փաստաթղթերի կատարմանը վերաբերող ցուցումներն իրավասու անձի կողմից տրվում են մակագրությունների ձևով, որոնցում նշվում են կատարողը (կատարողները), աշխատանքի բովանդակությունը, կատարման ժամկետը:

15. Եթե փաստաթուղթը միաժամանակ մակագրվում է մեկից ավելի կատարողների, ապա փաստաթուղթը Մասնագետի կողմից բազմացվում և հանձնվում է կատարողներին:

16. Փաստաթղթի բնօրինակը հանձնվում է այն կատարողին, որի անվան դիմաց նշվել է «Հավաք» բառը, որն էլ համարվում է պատասխանատու կատարող:

17. «Ի գիտություն» և «Ի տնօրինություն» մակագրության դեպքում` փաստաթուղթը հանձնվում է հասցեատիրոջը և կարող է պահպանվել վերջինիս մոտ:

18. Ստացված փաստաթղթի պատասխանը ստորագրվելուց հետո բնօրինակը և պատասխան գրությունը հանձնվում է Մասնագետին:

19. Հանձնաժողովի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի բնօրինակների պահպանության համար: Արգելվում է ստացված փաստաթղթի բնօրինակում որևէ նշում կամ փոփոխություն կատարելը:

20. Արձակուրդի, գործուղման կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող և չպատասխանված փաստաթղթերը հանձնել փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

 

III. ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Ելից փաստաթղթերն ստորագրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալի կողմից:

Ելից փաստաթղթեր կարող է ստորագրվել նաև Հանձնաժողովի քարտուղարի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում:

22. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ելից փաստաթղթեր կարող են ստորագրել նաև Հանձնաժողովի անդամները և Հանձնաժողովի մամուլի քարտուղարը:

23. Բոլոր փաստաթղթերն առաքվում են Մասնագետի միջոցով։ Դրանք գրանցվում են համապատասխան ելքի գրանցամատյաններում:

Ելից գրանցամատյաններում գրառումները կատարվում են փաստաթղթերի առաքման հաջորդականությամբ:

Ելից գրանցամատյաններում տեղեկությունները գրառվում են ելից համարների աճողական հաջորդակությանը համապատասխան:

24. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա նշում կատարողի մասին (անուն, ազգանուն, հեռախոսահամար), որը գրվում է ստորագրված փաստաթղթի վերջին թերթի երեսի կողմի ներքևի ձախ անկյունում:

25. Առաքման ենթակա փաստաթղթերի վրա դրվում է ելից համար, ամսաթիվ և փաստաթուղթն ստորագրողի պայմանանիշը: Այն դեպքում, երբ առաքվող փաստաթուղթը ուղարկվում է ստացված գրությանն ի պատասխան, նշվում է նաև այդ գրության ամսաթիվը և համարը:

26. Ելից փաստաթղթերի համար կիրառվում են հետևյալ պայմանանիշերը.

1) Հանձնաժողովի նախագահ 01

2) Հանձնաժողովի նախագահի տեղակալ 02

3) Հանձնաժողովի քարտուղար 03

4) Հանձնաժողովի անդամներ 04

5) Հանձնաժողովի մամուլի քարտուղար 05:

27. Առաքվող ելից փաստաթուղթը կազմվում և ստորագրվում է երկու օրինակից: Օրինակներից մեկն ուղարկվում է հասցեատիրոջը, իսկ երկրորդ օրինակը կատարման հիմքերի հետ պահվում է Մասնագետի մոտ:

28. Առաքվող ելից փաստաթղթին լրացուցիչ նյութեր կցելու դեպքում տեքստի տակ նշվում է դրանց անվանումն ու թերթերի թիվը:

29. Մասնագետը ստուգում է առաքվող ելից փաստաթղթի ամբողջականությունը:

30. Փաստաթղթերի առաքումը կազմակերպվում է սուրհանդակային ծառայության կամ փոստի միջոցով:

Փաստաթղթերն առձեռն հասցեատիրոջը հանձնելու ժամանակ գրանցվում են փաստաթղթերի ելքագրման գրանցամատյանում և ստացողի կողմից գրավոր ստացականի կամ փաստաթղթի պատճենի վրա համապատասխան նշում կատարելուց հետո հանձնվում նրան։ Այս դեպքում ստացականում կամ պատճենի վրա պարտադիր նշվում է հանձնված փաստաթղթի անվանումը, կից հանձնվող փաստաթղթերի թերթերի թիվը, ինչպես նաև ստացողի անունը, ազգանունը, հանձնման ամսաթիվը, անհրաժեշտության դեպքում` նաև ժամը, որը ստորագրվում է ստացողի կողմից, այնուհետև կցվում է մասնագետի մոտ մնացող փաստաթղթին (հիմքին):

31. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` որպես ծանուցման եղանակ կարող են օգտագործվել հեռախոսագրերը: Դրանք պետք է կազմվեն հստակ ու համառոտ:

Հեռախոսագրերը ստորագրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից:

Հեռախոսագրի վրա դրվում է ելից համար, նշվում` հաղորդող և ընդունող անձանց ազգանունները, հեռախոսների համարները, ինչպես նաև հաղորդման ընդունման ամսաթիվն ու ժամը:

32. Ելից փաստաթղթի համարը կազմված է սույն կարգի 25-րդ կետով սահմանված պայմանանիշից և գրանցամատյանի հերթական ելից համարից:

33. Մասնագետն ապահովում է փաստաթղթերի պահպանությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացումը: Պահպանության համար փաստաթղթերը Մասնագետն ընդունում է ըստ ցանկի:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՇԱՐԺԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 

34. Քաղաքացիների կողմից ստացված դիմումների, բողոքների ու առաջարկությունների (այսուհետ` դիմում) գրանցման և հաշվառման համար վարվում է առանձին գրանցամատյան:

35. Դիմումների մուտքագրումը և դրանց վերաբերյալ պատասխանների ելքագրումը կատարվում է սույն կարգին համապատասխան:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ