| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հոկտեմբերի 2005թ.
Գրանցման N 487 |
|
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ |
Հ Ր Ա Մ Ա Ն
|
03 հոկտեմբերի 2005թ.
թիվ 01/874 |
03 հոկտեմբերի 2005
թիվ 72-Կ |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգման նպատակով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՆՔ
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգման կարգը /կցվում է/:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարության` գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ քաղաքաշինության նախարարի 1999թ. մայիսի 10-ի թիվ 09-Ա և ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական վարչության պետի և 1999թ. մայիսի 10-ի թիվ 3-01/01 հրամաններով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգման հրահանգ»-ը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2005թ. նոյեմբերի 1-ից:
|
ԼՂՀ քաղաքաշինության
նախարար
_________ Բ.Ալավերդյան |
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ
_____________ Վ.Ալեքսանյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԼՂՀ քաղաքաշինության
նախարարի
03 հոկտեմբերի 2005թ.
թիվ 01/874 հրամանով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
03 հոկտեմբերի 2005թ.
թիվ 72-Կ հրամանով |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ
ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
Սույնով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգումն ըստ նպատակային նշանակության:
(նախաբանը փոփ. 29.10.14 N 559-Ն)
1. Շենք
Կրող, պարփակող կամ համակցված /կրող և պարփակող/ կոնստրուկցիաներից կազմված վերգետնյա փակ ծավալ կազմող շինարարական համակարգ, նախատեսված մարդկանց բնակվելու կամ ժամանակավոր գտնվելու և տարբեր աշխատանքային ու արտադրական պրոցեսներ կատարելու համար /կախված ֆունկցիոնալ նշանակությունից/:
2. Շինություն
Բնական կամ արհեստական նյութերից, երկրի վրա, ստորերկրյա կամ վերերկրյա կառուցված ծավալային, հարթային կամ գծային շինարարական համակարգ, կազմված կրող, որոշ դեպքերում նաև պարփակող կոնստրուկցիաներից և նախատեսված բնակվելու, տարբեր տեսակի արտադրական ու այլ աշխատանքային պրոցեսների կատարման, նյութերի, շինվածքների ու սարքավորումների տեղադրման կամ պահեստավորման, մարդկանց ու բեռների տեղափոխման, պաշտպանական և այլ նպատակների համար:
Շենքերը և շինություններն ըստ նպատակային նշանակության դասակարգվում են.
I. Բնակելի
II. Հասարակական
III. Արտադրական
I. Բնակելի` մարդկանց բնակության համար նախատեսված շենք կամ շինություն, բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով.
ա/ բնակարան` շենքում գտնվող առանձին տարածք բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով.
բ/ բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող կառույց.
գ/ բնակելի տուն բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով, իր տնտեսական շինություններով կառույց.
դ/ այգետնակ` այգեգործական զանգվածում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, իր տնտեսական շինություններով կառույց:
(ենթակետը լրաց. 29.10.14 N 559-Ն)
- Հիմնական է կոչվում այն շինությունը, որը հողատարածքի վրա գտնվող այլ շինությունների շարքում հանդիսանում է իշխողը /գլխավորը/ շինվածքի հիմնականության, ճարտարապետական հորինվածքի և նպատակային նշանակության հատկանիշներից ելնելով: Նույն հողատարածքի վրա կարող են տեղադրված լինել մեկից ավելի հիմնական շինություններ:
- Օժանդակ է կոչվում այն շինությունը, որը նույն հողատարածքի վրա գտնվող հիմնական շինության նկատմամբ ունի երկրորդական նշանակություն:
Օժանդակ շինությունների թվին են պատկանում անասնաշենքերը, հացատները, խորդանոցները, մարագները, ցախատները, անհատական օգտագործման ավտոտնակները, շվաքարանները, մառանները և այլն:
- Բակային կառույց են համարվում տնտեսական օգտագործման շինությունները: Դրանք են պարիսպները, դարպասները, աղբահորերը, ջրհորները, բակային ջրավազաններն ու ծածկույթները և այլն:
(պարբերությունը լրաց. 29.10.14 N 559-Ն)
- Կցակառույց է համարվում շինության արտաքին հիմնապատերի ուրվագծից դուրս գտնվող այն մասը, որը շինության նկատմամբ օժանդակ է և ունի վերջինիս հետ թվով մեկ կամ մեկից ավելի ընդհանուր հիմնապատեր:
Կցակառույցները հիմնականում հաղորդակցվում են հիմնական շենքի հետ: Կցակառույց կարող են լինել խոհանոցները, բնակելի սենյակները, նախասենյակները, ծածկապատշգամբները և այլն: Կցակառույցները բաժանվում են 2 խմբի` ջեռուցվող և սառը: Ջեռուցվող կցակառույցների ընդհանուր մակերեսը հաշվառվում է բնակարանային ֆոնդի կազմում:
Ավտոտնակ` ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված շինություն:
Նկուղ` հարկի հատակի նիշը ցածր է հողի հատակագծային նիշից հարկի բարձրության կեսից ավելիի չափով:
Կիսանկուղ` հարկի հատակի նիշը ցածր է հողի հատակագծային նիշից հարկի բարձրության կեսից ոչ ավելի:
Վերգետնյա` հարկի հատակի նիշը բարձր է կամ հավասար հողի հատակագծային նիշին:
Տեխնիկական հարկը նախատեսվում է ինժեներական սարքավորումների և հաղորդակցման ուղիների անցկացման համար: Կարող է գտնվել շենքի ստորին մասում /տեխնիկական նկուղ/, վերին մասում /տեխնիկական ձեղնահարկ/ կամ շենքի միջնամասում: Ձեղնահարկ է կոչվում տանիքի ծածկույթի, արտաքին պատերի և վերջին հարկի ծածկի պարփակված տարածությունը:
Կիսավերնահարկը վերնակառույց է, բարձրացրած բնակելի տան ընդհանուր տարածքից, որի մակերեսը պարտադիր փոքր է ստորին հարկի մակերեսից:
Մանսարդը ձեղնահարկի տարածության մեջ տեղադրվող օգտագործելու հարկ է: Բնակելի տների մանսարդային հարկում թույլատրվում է տեղադրել բնակելի, ծառայողական տարածքներ, ստեղծագործական արվեստանոցներ և այլն: Մանսարդային հարկում տեղադրված բնակելի տարածքների բարձրությունը նորմատիվ մակերեսների հատվածում պետք է լինի ոչ պակաս 2.70 մ:
Լուսասենյակը ձեղնահարկի ուրվագծային չափերի մեջ ներկառուցված տարածություն է, ամփոփ է թողնում տանիքի շրջագիծը:
Վերնասրահը բնակելի տան վերնամասը գրավող մի հարթակ է, որը կոչված է նրա մակերեսի մեծացման և բնակելի, օժանդակ, պահեստային և այլ տարածությունների տեղադրման համար:
Պատշգամբ` բնակելի տանը կցակառուցված կամ ներկառուցված բաց կամ ապակեպատ չջեռուցվող տարածություն:
Տերասսա` բաց, հանգստի համար նախատեսված հարթակի տեսքով մի կցակառույց, որը կարող է ծածկված լինել: Տեղադրվում է գետնին կամ ստորին հարկի վրա: Հաղորդակցվում է տան հետ դռան միջոցով:
Սյունասրահ` կառույցի ծավալի մեջ մեկ կողմից բաց /արտաքին պատի փոխարեն սյունաշար, կամարաշար/ պատշգամբ կամ նախամուտք:
Էրկեր` շենքի ճակատի հարթությունից դուրս եկած, մասամբ կամ ամբողջությամբ ապակեպատ, կիսաբոլոր, եռանկյունի կամ բազմանիստ ելուստ, նախատեսված տարածության լուսավորվածությունը և ինսոլյացիան լավացնելու համար:
Նախասրահ` շինության մուտքին հարող, տարածք, նախատեսված մարդկային հոսքի ընդունման և բաշխման համար:
Նախամուտք` դռների միջև ընկած միջանցիկ տարածք, որը պաշտպանում է շինության մուտքը, աստիճանավանդակը և ներքին տարածություններն արտաքինից ներխուժող սառը օդից, ծխից և կողմնակի հոտերից:
Նախասենյակ` շինության այն մասը, որն ունի անմիջական ելք դեպի աստիճանավանդակ, ընդհանուր օգտագործման միջանցք և այլն:
Բնակելի սենյակ` բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մաս, որը մյուս մասերից անջատված է խուլ պատվերով կամ միջնորմերով և նախատեսված է բնակվելու, հանգստի, արտադասարանային պարապմունքների համար, հանրակացարաններում, մանկատներում և այլն/:
Բնակելի տների մեջ բացի բնակելի սենյակներից մտնում են նաև միջանցքները, սրահները, խոհանոցները, զուգարանները, լողարանները, մառանները, նախասենյակները, ներքին նախամուտքերը:
Միջանցքը հանդիսանում է սենյակների միջև հաղորդակցության միջոց, և անկախ լայնությունից և լուսավորվածությունից, հաշվառվում է որպես ոչ բնակելի տարածք:
Լոջիա` կառույցի ծավալի մեջ գտնվող, արտաքին տարածության մեջ բացվող պատշգամբ, որը ծառայում է ամառային հանգստի և արևից պատսպարվելու համար:
Բնակելի մակերես` բնակելի սենյակների մակերեսների գումար:
Օժանդակ մակերես` օժանդակ տարածքների /միջանցք, խոհանոց, լողարան, նախասենյակ և այլն/ մակերեսների գումար:
Ընդհանուր մակերես` բնակելի և օժանդակ մակերեսների գումար:
Բնակելի ֆոնդում ներառվում են բարաքները:
Բարաք` բնակության համար նախատեսված մեկ կամ երկհարկանի ընդհանուր խոհանոցով և սանհանգույցով շինություն, որպես կանոն փայտաշեն, հաշվառված կարճատև` 10-20 տարի, ծառայության համար:
Հանրակացարան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր բնակության համար նախատեսված տարածք /բացառությամբ «II. Հասարակական» բաժնի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի/:
(պարբերությունը խմբ. 29.10.14 N 559-Ն)
(բաժինը լրաց., խմբ. 29.10.14 N 559-Ն)
II. Հասարակական` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը և շինությունները:
Հասարակական նպատակային նշանակության շենքերը և շինությունները, ըստ գործառնական նշանակության դասակարգվում են`
1/ Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ
ա/ Գիտական, գիտահետազոտական գործունեություն ծավալող կազմակերպությունների շենքեր, շինություններ,
բ/ Կրթական և ուսումնական նշանակության շենքեր, շինություններ` նախադպրոցական, հանրակրթական /տարրական, հիմնական, միջնակարգ, հատուկ/, նախնական մասնագիտական ուսումնարաններ, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ կրթություն /այդ թվում` արտադպրոցական դաստիարակության/ ուսումնական հաստատությունների և ուսանողական հանրակացարանների, որոնք սպասարկում են բացառապես տարբեր ուսումնական հաստատությունների սովորողներին /ուսանող, ասպիրանտ և այլն/ և հաշվառված են որպես առանձին գույքի միավոր շենքեր, շինություններ և այլն:
(1-ին կետը լրաց. 29.10.14 N 559-Ն)
2/ Առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքեր և շինություններ
Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, հոսպիտալներ, ամբուլատորիաներ, շտապ բուժ. օգնության կայաններ, ծննդատներ, կաթնային խոհանոցներ, դեղատներ, սանէպիդկայաններ, առողջապահական գործակալություններ, վերականգնողական և դիագնոստիկ կենտրոններ, առողջարաններ, առողջարանային դպրոցական ճամբարներ, հանգստյան տներ /պանսիոնատներ/, հանգստի բազաներ, երիտասարդական ճամբարներ, հյուրանոցներ, տուրիստական բազաներ, մոթելներ, քեմփինգներ, մանկատներ, ծերանոցներ, պրոֆիլակտորիաներ, մարմնակրթական և սպորտային կենտրոններ, ստադիոններ, ձիարշավարաններ, գազանանոցներ, թենիսի կորտեր, լողավազաններ, ավտոդրոմներ, հրաձգարաններ, սպորտային դահլիճներ, գիշերային ակումբներ, ատրակցիոնների և ավտոմատ խաղերի դահլիճներ, խաղատներ և այլն:
3/ Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ
Գրադարաններ, թանգարաններ, ցուցասրահներ, պատկերասրահներ, ակումբներ, կուլտուրայի տներ, թատրոններ, հանգստի կենտրոններ, կինոթատրոններ, համերգային և մարզահամերգային համալիրներ, կրկեսներ, արվեստանոցներ և այլն:
4/ Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ
Խանութներ, կրպակներ, շուկաներ, տոնավաճառներ, ռեստորաններ, բարեր, ճաշարաններ, սրճարաններ, վառելանյութի լիցքավորման կայաններ, ավտոտեխսպասարկման կայաններ, ավտոկայանատեղեր, վերանորոգման կետեր, լուսանկարչատներ, քիմիական մաքրման կետեր, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահներ, վարսավիրանոցներ, լվացքատներ, երկրորդական հումքի ընդունման կետեր, ներկատներ և այլն:
5/ Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ
Հարսանյաց տներ, թաղման բյուրոներ, գերեզմանատներ, ավտոհանգրվաններ, բաղնիքներ, սաունաներ, հասարակական տուալետներ և այլն:
6/ Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, վարչական հիմնարկներ, հասարակական կազմակերպություններ, բանկեր, տարբեր տիպի գրասենյակներ, իրավաբանական կոնսուլտացիաներ, նոտարական գրասենյակներ, զագսեր, տարբեր տիպի գործակալություններ, կապի բաժանմունքներ, տրանսպորտի բոլոր տիպի կայաններ /ավտոկայաններ, օդանավակայաններ, երկաթուղային կայաններ և այլն/, ուղևորների սպասարկման գրասենյակներ, տրանսպորտային գործակալություններ, տոմսեր իրացման կետեր, հրշեջ կայաններ, լրատվական կենտրոններ, արխիվներ, ապահովագրության հիմնարկներ, դեսպանատներ, հրշեջ կայաններ, լրատվական կենտրոններ, արխիվներ, ապահովագրության հիմնարկներ, հյուպատոսարաններ, միջազգային կազմակերպություններ, հեռուստառադիոընկերություններ, ավտոմատ հեռախոսակայաններ և այլն:
7/ Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ
(2-րդ բաժինը լրաց. 29.10.14 N 559-Ն)
III. Արտադրական նշանակության` արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շենքերը և շինությունները:
Արտադրական նշանակության շենքերը և շինություններն ըստ գործառնական նշանակության դասակարգվում են`
1/ Արդյունաբերական
Գործարաններ, ֆաբրիկաներ, ֆաբրիկալվածքատներ, տարբեր տիպի էլեկտրակայաններ և ենթակայաններ, թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցներ, ձկնաբուծարաններ և ձկնաբուծական լճեր, արհեստանոցներ, տարբեր տիպի արտադրամասեր, կոմբինատներ, լեռնահանքային արտադրություններ, շինարարական կազմակերպություններ, մեծածախ բազաներ, սառնարանային տնտեսություններ, հրատարակչություններ, տպարաններ, պահեստներ, գիտաարտադրական կազմակերպություններ, նախագծային և կոնստրուկտորական, հանքաարդյունաբերական կազմակերպություններ, պոմպակայաններ, կարգավորիչ ջրամբարներ, մաքրման կայաններ, հիդրոտեխնիկական կառույցներ, կաթսայատներ, տրանսպորտային կազմակերպությունների /ավտոպարկ, դեպո/ շենքեր, շինություններ և այլն:
(1-ին ենթակետը լրաց. 08.12.2005 թիվ 01/1091)
2/ Գյուղատնտեսական
Անասնաշենքեր, թռչնանոցներ, ջերմոցներ, դեզանոցներ, չորանոցներ, սիլոսի հորեր, պահեստներ, անասնաբուժական կայաններ, արհեստական սերմնավորման կայաններ, սառնարանային տնտեսություններ, կերախոհանոցներ, սերմնաբուծական, թռչնաբուծական և անասնաբուծական կայաններ, տնկարկային տնտեսություններ, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկեր, գյուղատնտեսական մթերքների մթերման կետեր և այլն:
3. Բազմաֆունկցիոնալ շենքեր և շինություններ` 1-ից ավելի /բնակելի, հասարակական, արտադրական/ նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքեր, շինություններ:
Ընդ որում`
ա/ 2 տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինությունները ընդգրկվում են այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որի օգտագործվող ծավալը /մակերեսը/, գերազանցում է 50%-ը, բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի,
բ/ 3 տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինությունները ընդգրկվում են այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ ծավալ /մակերես/, բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի,
գ/ բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող հասարակական կամ արտադրական նշանակության օբյեկտները /ոչ բնակելի տարածքները/, ըստ նպատակային նշանակության դասակարգվում են հասարակական կամ արտադրական նշանակության,
դ/ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները, որոնց մի մասը վերափոխվել է հասարակական կամ արտադրական օբյեկտների, դրանց նկատմամբ կիրառվում են սույն կարգի 3-րդ կետի ա/ և բ/ ենթակետերով սահմանված պահանջները:
(3-ին կետը փոփ. 29.10.14 N 559-Ն)
(Կարգը լրաց. 08.12.2005 թիվ 01/1091, լրաց., խմբ., փոփ. 29.10.14 N 559-Ն)