Համարը 
 N 191-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.03.15/05(425)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.03.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.03.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2021թ.

N 191-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-3-րդ կետերը և 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմում ստեղծել բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել՝

1) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունը` համաձայն N1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքը` համաձայն N2 հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի մարտի 4-ի N 191–Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ միգրացիայի ՀԱՐՑԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում՝ հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:

2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

4. Գործակալությունը նախարարության առանձնացված ստորաբաժանումն է, որն իր լիազորությունների սահմաններում ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված, սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար:

5. Գործակալությունն օրենքով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալության անվանումն է`

1) հայերեն՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն.

2) ռուսերեն՝ Агентство медико-социальной экспертизы аппарата министерства труда, социальных и миграционных вопросов Республики Арцах.

3) անգլերեն՝ Medical and Social Expertise Agency of the Staff of the Ministry of Labour, Social and Migration Affairs of the Republic of Artsakh:

7. Գործակալությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

8. Գործակալության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54:

 

2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Գործակալության նպատակներն են՝

1) ապահովել բժշկասոցիալական փորձաքննության` անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբի որոշման, հաշմանդամության պատճառական կապի, հաշմանդամության տևողության ժամկետների սահմանման իրականացումը.

2) ապահովել հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի մշակման, սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշման իրականացումը:

10. Գործակալության խնդիրներն են`

1) բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց հաշվառման համակարգի ձևավորմանը, հաշմանդամության վիճակի, շարժի և հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրմանը, վերլուծությանը մասնակցությունը.

2) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի գործունեությունը կարգավորող օրենսդրության շարունակական կատարելագործմանը մասնակցությունը:

 

3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) անձին ճանաչում է հաշմանդամ կամ հաշմանդամ չի ճանաչում, սահմանում է հաշմանդամության խումբը, հաշմանդամ երեխայի կարգավիճակը, որոշում է հաշմանդամության պատճառական կապը, տևողության ժամկետը և վաղեմությունը: Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը, թույլատրում է երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը.

2) որոշում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի պայմանները, բնույթը, տալիս է երաշխավորագիր հաշմանդամություն ունեցող անձի՝ համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ.

3) որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով)՝ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում.

4) որոշում է տուժած անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ.

5) մշակում և հաստատում է հաշմանդամի ու օրենսդրությամբ սահմանված այլ անձի անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակներն ու ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը.

6) մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների համակարգի ստեղծմանը և աջակցում հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորմանը.

7) խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական և պրոթեզաօրթոպեդիկ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին՝ հաշմանդամություն ունեցող անձի բժշկական վերականգնողական միջոցառումների, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ.

8) օրենքով սահմանված կարգով համապատասխան զինվորական կոմիսարիատներին հայտնում է հաշմանդամ ճանաչված զինապարտների մասին.

9) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց տրամադրում է խորհրդատվական օգնություն.

10) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց օրենքով սահմանված դեպքերում ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման.

11) անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահանջում է փորձաքննություն անցնող անձի բժշկական, աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր.

12) տալիս է եզրակացություն հաշմանդամների և օրենսդրությամբ սահմանված այլ անձանց վերականգնողական պարագաների տրամադրման, հաշմանդամների վերին և ստորին վերջույթների առաջին անգամ, ինչպես նաև սահմանված ժամկետներից շուտ պրոթեզավորման և օրթեզավորման մասին:

 

4. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Գործակալությունը կառավարում է նախարարը:

13. Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը (այսուհետ` պետ), որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն:

14. Նախարարը օրենքով սահմանված դեպքում պետի առաջարկությամբ ստեղծում է բժշկասոցիալական փորձաքննական բողոքարկման և վերահսկողական հանձնաժողով։

15. Պետն ունի տեղակալ, ով անմիջական ենթակա և հաշվետու է պետին:

16. Պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

17. Պետը չի միջամտում բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից՝ անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբի, հաշմանդամ երեխայի կարգավիճակի, հաշմանդամության պատճառական կապի, հաշմանդամության տևողության ժամկետների և վաղեմության, հաշմանդամի կամ այլ անձի անհատական վերականգնողական ծրագրի, սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի վերաբերյալ որոշումների կայացմանը և պատասխանատվություն չի կրում դրանց համար:

18. Պետը հաշվետու է նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

19. Պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման և գործառույթների իրականացման համար.

2) առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, տալիս հանձնարարականներ և ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) սահմանում է իր տեղակալի կողմից համակարգվող աշխատանքները, գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի, աշխատողների թվի, ինչպես նաև նախարարին կից բժշկասոցիալական փորձաքննական բողոքարկման և վերահսկողական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ.

11) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

12) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ։

20. Պետի տեղակալը`

1) կատարում է պետի հանձնարարականները և ցուցումները.

2) գործակալության խնդիրներին համապատասխան՝ գործակալության ստորաբաժանումներին փոխանցում է պետի հանձնարարականները, իր կողմից համակարգվող աշխատանքների շրջանակներում տալիս է հանձնարարականներ ու ցուցումներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

3) պարբերաբար պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված աշխատանքների իրականացման ընթացքի և արդյունքների մասին.

4) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է համապատասխան մարմինների և այլ կազմակերպությունների հետ.

5) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է այլ գործառույթներ:

21. Պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, նրան փոխարինում է պետի տեղակալը:

 

5. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

23. Գործակալության համակարգը կազմված է պետից, պետի տեղակալից, գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներից, գործակալության մասնագետ-բուժվիճակագիրներից:

24. Գործակալության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի անդամները և անհատական վերականգնողական ծրագրերի բաժնի աշխատողները քաղաքացիական աշխատանք կատարողներ են: Նրանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է նախարարը:

25. Գործակալության պետը, պետի տեղակալը և գործակալության մասնագետ-բուժվիճակագիրները քաղաքացիական ծառայողներ են: Նրանք աշխատանքի ընդունվում և աշխատանքից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն:

26. Գործակալության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության ու իր անվանումով հայերեն կլոր կնիք և ձևաթուղթ:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

   

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

    

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի մարտի 4-ի N 191-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով.

 

Անհատական վերականգնողական ծրագրերի բաժին:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

   

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

    

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ