ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ
ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.03.22 N230-Ն)
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-3-րդ կետերը և 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմում ստեղծել բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
(1-ին կետը փոփ. 09.03.22 N230-Ն)
2. Հաստատել՝
1) Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունը` համաձայն N1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքը` համաձայն N2 հավելվածի։
(2-րդ կետը փոփ. 09.03.22 N230-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի մարտի 4-ի N 191–Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ
ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 09.03.22 N230-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում՝ հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 09.03.22 N230-Ն)
2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը` Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(2-րդ կետը փոփ. 09.03.22 N230-Ն)
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:
4. Գործակալությունը նախարարության առանձնացված ստորաբաժանումն է, որն իր լիազորությունների սահմաններում ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված, սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար:
5. Գործակալությունն օրենքով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալության անվանումն է`
1) հայերեն՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն.
2) ռուսերեն՝ Агентство медико-социальной экспертизы аппарата министерства социального развития и миграции Республики Арцах.
3) անգլերեն` Medical and Social Expertise Agency of the Staff of the Ministry of Social Development and Migration of the Republic of Artsakh:
(6-րդ կետը փոփ., խմբ. 09.03.22 N230-Ն)
7. Գործակալությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
8. Գործակալության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54:
2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Գործակալության նպատակներն են՝
1) ապահովել բժշկասոցիալական փորձաքննության` անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբի որոշման, հաշմանդամության պատճառական կապի, հաշմանդամության տևողության ժամկետների սահմանման իրականացումը.
2) ապահովել հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի մշակման, սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշման իրականացումը:
10. Գործակալության խնդիրներն են`
1) բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց հաշվառման համակարգի ձևավորմանը, հաշմանդամության վիճակի, շարժի և հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրմանը, վերլուծությանը մասնակցությունը.
2) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի գործունեությունը կարգավորող օրենսդրության շարունակական կատարելագործմանը մասնակցությունը:
3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) անձին ճանաչում է հաշմանդամ կամ հաշմանդամ չի ճանաչում, սահմանում է հաշմանդամության խումբը, հաշմանդամ երեխայի կարգավիճակը, որոշում է հաշմանդամության պատճառական կապը, տևողության ժամկետը և վաղեմությունը: Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը, թույլատրում է երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը.
2) որոշում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի պայմանները, բնույթը, տալիս է երաշխավորագիր հաշմանդամություն ունեցող անձի՝ համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ.
3) որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով)՝ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում.
4) որոշում է տուժած անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ.
5) մշակում և հաստատում է հաշմանդամի ու օրենսդրությամբ սահմանված այլ անձի անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակներն ու ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը.
6) մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների համակարգի ստեղծմանը և աջակցում հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորմանը.
7) խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական և պրոթեզաօրթոպեդիկ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին՝ հաշմանդամություն ունեցող անձի բժշկական վերականգնողական միջոցառումների, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ.
8) օրենքով սահմանված կարգով համապատասխան զինվորական կոմիսարիատներին հայտնում է հաշմանդամ ճանաչված զինապարտների մասին.
9) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց տրամադրում է խորհրդատվական օգնություն.
10) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց օրենքով սահմանված դեպքերում ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման.
11) անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահանջում է փորձաքննություն անցնող անձի բժշկական, աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր.
12) տալիս է եզրակացություն հաշմանդամների և օրենսդրությամբ սահմանված այլ անձանց վերականգնողական պարագաների տրամադրման, հաշմանդամների վերին և ստորին վերջույթների առաջին անգամ, ինչպես նաև սահմանված ժամկետներից շուտ պրոթեզավորման և օրթեզավորման մասին:
4. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Գործակալությունը կառավարում է նախարարը:
13. Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը (այսուհետ` պետ), որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն:
14. Նախարարը օրենքով սահմանված դեպքում պետի առաջարկությամբ ստեղծում է բժշկասոցիալական փորձաքննական բողոքարկման և վերահսկողական հանձնաժողով։
15. Պետն ունի տեղակալ, ով անմիջական ենթակա և հաշվետու է պետին:
16. Պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
17. Պետը չի միջամտում բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից՝ անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբի, հաշմանդամ երեխայի կարգավիճակի, հաշմանդամության պատճառական կապի, հաշմանդամության տևողության ժամկետների և վաղեմության, հաշմանդամի կամ այլ անձի անհատական վերականգնողական ծրագրի, սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի վերաբերյալ որոշումների կայացմանը և պատասխանատվություն չի կրում դրանց համար:
18. Պետը հաշվետու է նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
19. Պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման և գործառույթների իրականացման համար.
2) առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, տալիս հանձնարարականներ և ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) սահմանում է իր տեղակալի կողմից համակարգվող աշխատանքները, գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի, աշխատողների թվի, ինչպես նաև նախարարին կից բժշկասոցիալական փորձաքննական բողոքարկման և վերահսկողական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ.
11) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ։
20. Պետի տեղակալը`
1) կատարում է պետի հանձնարարականները և ցուցումները.
2) գործակալության խնդիրներին համապատասխան՝ գործակալության ստորաբաժանումներին փոխանցում է պետի հանձնարարականները, իր կողմից համակարգվող աշխատանքների շրջանակներում տալիս է հանձնարարականներ ու ցուցումներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.
3) պարբերաբար պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված աշխատանքների իրականացման ընթացքի և արդյունքների մասին.
4) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է համապատասխան մարմինների և այլ կազմակերպությունների հետ.
5) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է այլ գործառույթներ:
21. Պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, նրան փոխարինում է պետի տեղակալը:
5. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
22. Oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
23. Գործակալության համակարգը կազմված է պետից, պետի տեղակալից, գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներից, գործակալության մասնագետ-բուժվիճակագիրներից:
24. Գործակալության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի անդամները և անհատական վերականգնողական ծրագրերի բաժնի աշխատողները քաղաքացիական աշխատանք կատարողներ են: Նրանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է նախարարը:
25. Գործակալության պետը, պետի տեղակալը և գործակալության մասնագետ-բուժվիճակագիրները քաղաքացիական ծառայողներ են: Նրանք աշխատանքի ընդունվում և աշխատանքից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն:
26. Գործակալության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության ու իր անվանումով հայերեն կլոր կնիք և ձևաթուղթ:
(հավելված 1-ը փոփ., խմբ. 09.03.22 N230-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի մարտի 4-ի N 191-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 09.03.22 N230-Ն)
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով.
Անհատական վերականգնողական ծրագրերի բաժին:
(հավելված 2-ը փոփ. 09.03.22 N230-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |