ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
հունիսի 18-ին
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրներն են`
1) ապահովել և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը.
2) կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները.
3) սահմանել պետական մշակութային քաղաքականության սկզբունքներ, մշակույթին պետական աջակցություն ցուցաբերելու իրավական հիմքեր և ստեղծագործական գործընթացին պետության կողմից չմիջամտելու երաշխիքներ.
4) ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային հարստության պահպանման, տարածման և զարգացման համար իրավական երաշխիքներ:
|
Հոդված 2. |
Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական (տարեկան, եռամյա, հեռանկարային) ծրագրերով, որոնք, որպես օրենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը:
|
Հոդված 3. |
Պետական մշակութային քաղաքականության սկզբունքները |
Պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) մշակույթի ոլորտում կառավարման պետական, հասարակական և ժողովրդավարական բնույթը.
2) մշակութային և ստեղծագործական գործունեության ազատությունը.
3) մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը.
4) միջազգային նշանակություն ունեցող ազգային մշակութային արժեքների նկատմամբ նախապատվությունը.
5) մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը:
|
Հոդված 4. |
Պետական մշակութային քաղաքականության նպատակները |
Պետական մշակութային քաղաքականության նպատակներն են`
1) հասարակության կողմից մշակույթի` որպես զարգացման միջոցի գիտակցումը.
2) նոր արժեքների և նոր գաղափարների որոնումը.
3) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
4) քաղաքացիական հասարակության ձևավորումը:
|
Հոդված 5. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային օրենսդրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(5-րդ հոդվածը լրաց. 25.03.21 ՀՕ-41-Ն)
|
Հոդված 6. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները և բովանդակությունը.
մշակույթ` հասարակության կյանքի նյութական և հոգևոր ոլորտներում գործողությունների, զգայությունների և մտածողության եղանակների ամբողջությունն ու դրանց արժեքավոր արտահայտությունը.
մշակութային գործունեություն` մշակութային արժեքների և առարկաների /օբյեկտների/ պահպանում, ստեղծում, տարածում և մեկնաբանում, մշակութային բարիքների մատուցում և իրացում.
մշակութային արժեքներ` մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ).
մշակութային բարիքներ` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ և իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).
մշակութային ոչ առևտրային կազմակերպություն` կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.
ստեղծագործական գործունեություն` մշակութային արժեքների ստեղծում և մեկնաբանում.
ստեղծագործական աշխատող` մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձ.
ստեղծագործական աշխատողների միություն` ստեղծագործական աշխատողների կամավոր միավորում, որն ունի հասարակական միավորման կարգավիճակ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվել է ստեղծագործական աշխատողների շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու համար.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային ժառանգություն` անցյալում ստեղծված մշակութային արժեքների ամբողջություն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրման համար հնագիտական, ճարտարապետական, պատմական, գեղագիտական կամ սոցիալ-մշակութային հայեցակետից ունի կարևոր նշանակություն.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային հարստություն` մշակութային արժեքների ամբողջություն (այդ թվում՝ մշակութային ժառանգության օբյեկտներ), որը հայ ժողովրդի համար ունի ազգային նշանակություն.
պետական մշակութային քաղաքականություն` պետության գործունեությունը մշակույթի ոլորտում և սկզբունքների ու նորմերի ամբողջությունը, որով ղեկավարվում է պետությունը մշակութային քաղաքականություն իրականացնելիս:
|
Հոդված 7. |
Սույն օրենքի գործողության ոլորտները |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է`
1) մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման,
2) կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների,
3) գեղարվեստական գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, դիզայնի, լուսանկարչության, բեմական, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի,
4) գեղարվեստական ժողովրդական ստեղծագործության և արհեստների, ժողովրդական մշակույթի,
5) ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության,
6) թանգարանային առարկաների, թանգարանային հավաքածուների, հնատիպ գրքերի ու մատենագրերի և մշակութային այլ արժեքների պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման,
7) մշակութային արժեքների հավաքչարարության (կոլեկցիոներության),
8) գրադարանային, արխիվային և հրատարակչական գործի,
9) գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության, մշակույթի ոլորտում մանկավարժական գործունեության,
10) մշակութաբանության և մշակույթի ոլորտում գիտական գործունեության,
11) միջազգային մշակութային համագործակցության,
12) մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման և մեկնաբանման (ընկալման) համար անհրաժեշտ մշակութային նշանակության նյութերի, սարքավորումների և այլ միջոցների արտադրության,
13) մշակութային գործունեության այլ ոլորտներում:
|
Հոդված 8. |
Ազգային փոքրամասնությունների մշակույթների նկատմամբ վերաբերմունքը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ
ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
|
Հոդված 9. |
Մշակութային կյանքին մասնակցելու և մշակութային գործունեություն իրականացնելու իրավունքը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հասարակության մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
|
Հոդված 10. |
Ստեղծագործական գործունեություն իրականացնելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնելու ստեղծագործական գործունեություն:
Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ և մասնագիտորեն, և ոչ մասնագիտորեն (սիրողաբար):
|
Հոդված 11. |
Մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հաղորդակցվելու մշակութային արժեքներին, մշակութային գործունեության բոլոր ոլորտներում օգտվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուներից:
|
Հոդված 12. |
Կրթություն ստանալու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց տարիքային սահմանափակման, հումանիտար և գեղարվեստական կրթություն ստանալու, այդ կրթության ձևերն ու միջոցներն ընտրելու:
|
Հոդված 13. |
Ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից իր սեփական ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու:
|
Հոդված 14. |
Մշակութային կազմակերպություններ ստեղծելու իրավունքը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու մշակութային կազմակերպություններ:
|
Հոդված 15. |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքը մշակույթի ոլորտում |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հետ մշակութային գործունեության ոլորտում ունեն հավասար իրավունքներ և ստանձնում են հավասար պարտավորություններ, բացառությամբ օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:
Գ Լ ՈՒ Խ 3
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
|
Հոդված 16. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային հարստությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային հարստության պահպանվածությունը, պահպանությունը և օգտագործումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները) տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու առանձնահատկությունները, դրանց նկատմամբ պետական աջակցություն ցուցաբերելու ձևերը սահմանվում են օրենքով:
|
Հոդված 17. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարստություն համարվող գրադարանային, թանգարանային, արխիվային, կինո, ֆոտո, ֆոնո հավաքածուների պահպանության, գործառության և համալրման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հոդված 18. |
Պետությունը և ստեղծագործական աշխատողները |
Պետությունը`
1) խթանում է ստեղծագործական աշխատողների` մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործունեությունը.
2) ապահովում է ստեղծագործական աշխատողների աշխատանքի և զբաղվածության համար պայմաններ.
3) աջակցում է ստեղծագործական աշխատողների միջազգային ստեղծագործական շփումների ընդլայնմանը:
|
Հոդված 19. |
Պետությունը և ստեղծագործական աշխատողների միությունները |
Պետությունը աջակցում է ստեղծագործական աշխատողների միությունների գործունեությանը, նրանց ընձեռում մշակութային քաղաքականության մշակմանը մասնակցելու հնարավորություն, նկատի առնում նրանց առաջարկությունները ստեղծագործական աշխատողների զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի ապահովման, սոցիալական պաշտպանվածության ոլորտներում ծրագրեր մշակելիս:
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
|
Հոդված 20. |
Պետության գործունեությունը մշակույթի ոլորտում |
Պետությունը`
1) նպաստում է մշակութային գործունեության իրականացմանը, մշակութային արժեքներին և ծառայություններին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծմանը.
2) չի միջամտում քաղաքացիների ու մշակութային կազմակերպությունների մշակութային և ստեղծագործական գործունեությանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
3) աջակցում է ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը.
4) աջակցում է ստեղծագործող երիտասարդներին, դեբյուտանտներին, շնորհալի պատանիներին և նորաստեղծ ստեղծագործական խմբերին:
Գ Լ ՈՒ Խ 6
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ
ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
|
Հոդված 21. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունները մշակույթի ոլորտում |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը.
2) մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը.
3) օրենքով սահմանում է բնակչության որոշ խավերի համար (նախադպրոցական տարիքի երեխաներ, դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, ժամկետային զինծառայողներ) մշակութային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ.
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
|
Հոդված 22. |
Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասությունները |
Մշակույթի ոլորտում պետական կառավարում իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):
Լիազորված պետական մարմինը`
1) իրականացնում է պետական մշակութային քաղաքականությունը, մասնակցում է մշակութային օրենսդրության ու մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերի մշակմանը.
2) մասնակցում է մշակույթի ոլորտում կրթական չափորոշիչների (ստանդարտների), մեթոդական ձեռնարկների և ծրագրերի մշակմանը.
3) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է մշակույթի ոլորտում արտաքին քաղաքականության ձևավորմանը.
4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն մշակութային արժեքների արտահանման և ներմուծման նկատմամբ.
5) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու, մշակույթի և արվեստի ոլորտում պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություններ.
6) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպատակով.
7) վարում է մշակույթի ոլորտի վարչական վիճակագրությունը, ինչպես նաև մշակութային կազմակերպությունների հաշվառումը.
8) հայտնաբերում, հաշվառում, ուսումնասիրում, վերականգնում և պահպանում է մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները).
9) վարում է մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները.
10) կազմակերպում է մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը:
|
Հոդված 23. |
Շրջանի վարչակազմի ղեկավարի իրավասությունները մշակույթի ոլորտում |
Շրջանի վարչակազմի ղեկավարը`
1) ապահովում է շրջանի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը, կազմակերպում է պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ, նպաստում է ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
2) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ` շրջանի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ.
3) կազմակերպում է շրջանի տարածքում մշակութային օբյեկտների կառուցումը, պահպանումն ու շահագործումը, հանգստի գոտիների ստեղծումը.
4) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ իրավասություններ:
(23-րդ հոդվածը փոփ. 28.06.2018 ՀՕ-14-Ն)
|
Հոդված 24. |
Համայնքի ղեկավարի իրավասությունները մշակույթի ոլորտում |
Համայնքի ղեկավարը`
1) ապահովում է համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը.
2) որպես պարտադիր լիազորություն` կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները.
3) որպես պատվիրակված լիազորություն` կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ.
4) որպես կամավոր լիազորություն` աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.
5) որպես կամավոր լիազորություն` աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.
6) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(24-րդ հոդվածը փոփ. 28.06.2018 ՀՕ-14-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ,
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
|
Հոդված 25. |
Մշակույթի և մշակութային գործունեության ֆինանսավորումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մշակույթը պահպանելու, տարածելու և զարգացնելու պետական երաշխիքների հիմքը բյուջետային ֆինանսավորումն է:
Պետության և համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
Պետության և համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին հատկացվող սուբսիդիաների հաշվարկման և տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 26. |
Մշակութային ոչ առևտրային կազմակերպության գործունեության տեսակները |
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և իր ստեղծման նպատակին համապատասխանող մշակութային և ձեռնարկատիրական գործունեություն:
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն այնքանով, որքանով այդ գործունեությունը համապատասխանում և ծառայում է կազմակերպության ստեղծման նպատակին: Այդպիսի գործունեություն է համարվում մշակութային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին համապատասխանող ու շահութաբեր ապրանքների արտադրությունը և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև գույքային և ոչ գույքային իրավունքների իրացումը:
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության կամ օրենքով նախատեսված այլ գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի կամ համապատասխան թույլտվության հիման վրա:
Գ Լ Ո Ւ Խ 8
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ
|
Հոդված 27. |
Միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը և առաջնային ուղղությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը աջակցում է միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, խրախուսում քաղաքացիների ու կազմակերպությունների ինքնուրույն և ուղղակի մասնակցությունը միջազգային մշակութային փոխանակություններին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը, նրա առաջնային ուղղությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով և մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման պետական ծրագրերով:
(27-րդ հոդվածը փոփ. 25.03.21 ՀՕ-41-Ն)
|
Հոդված 28. |
Ապօրինի արտահանված և ապօրինի ներմուծված մշակութային արժեքների փոխանակության քաղաքականությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր տարածքից ապօրինի արտահանված և իր տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքների վերադարձման համար միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացնում է նպատակաուղղված մշակութային քաղաքականություն:
(28-րդ հոդվածը փոփ. 25.03.21 ՀՕ-41-Ն)
|
Հոդված 29. |
Մշակութային գործակցությունը օտարերկրյա պետություններում |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (այլ պետությունների և Սփյուռքի հետ համատեղ) աջակցում է օտարերկրյա պետություններում հայկական մշակութային կենտրոնների ու կազմակերպությունների գործունեությանը, նպաստում ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը:
Գ Լ ՈՒ Խ 9
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
Հոդված 30. |
Պատասխանատվությունը մշակութային օրենսդրությունը խախտելու համար |
Մշակութային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվություն սահմանվում է օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 31. |
Պետական ծրագրերը ներկայացնելը |
Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ 2005-2008 թվականների եռամյա պետական ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում մինչև 2004 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ 2004 թվականի պետական տարեկան ծրագիրը` մինչև 2003 թվականի դեկտեմբերի 1-ը:
|
Հոդված 32. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 հուլիսի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-59 |
|