ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' ապրիլի 2006թ. |
N 225 |
ք.Ստեփանակերտ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բնապահպանական վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`
ա) անշարժ աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություններով սահմանված արտանետումների ծավալները` բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված դեպքի.
բ) ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի, կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները.
գ) շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների տեղադրման համար` «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն տրամադրված թափոնների տեղադրման սահմանաքանակներով սահմանված տեղադրման ծավալները:
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների համար ժամանակավոր (մինչև 5 տարի ժամկետով) չափաքանակներ (սահմանափակումներ) սահմանելու լիազորությունը վերապահվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը:
3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`
ա) ջրօգտագործման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի, ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման) ծավալները.
բ) պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հանքարդյունահանման նպատակով կնքված լիցենզային պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների պաշարների մարման ծավալները.
գ) հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հանքարդյունահանման նպատակով կնքված լիցենզային պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների արդյունահանման ծավալները.
դ) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն կնքված անտառօգտագործման պայմանագրերով (այդ թվում` անտառհատման, անտառային տոմսերով, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերներով) սահմանված բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) ծավալները.
ե) բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն տրված բուսական պաշարների օգտագործման թույլտվություններով կամ լիցենզիաներով սահմանված բուսական պաշարների օգտագործման (մթերման, հավաքի, անասունների արածեցման և այլ տեսակների) ծավալները.
զ) կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով և լիցենզիայով սահմանված կենսապաշարների օգտագործման ծավալները:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանելու մասին» թիվ 328 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |