ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» դեկտեմբերի 2006թ. |
N 641 |
ք.Ստեփանակերտ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի և 19-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել զբաղվածության տարածքային պետական մարմնի և գործատուի միջև կնքվող աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրի, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի և աշխատավարձի փոխհատուցման ծրագրով աշխատող անմրցունակ անձանց մասին գործատուի կողմից զբաղվածության տարածքային պետական մարմին ներկայացվող տեղեկանքի ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» դեկտեմբերի 2006թ.
թիվ 641 որոշման |
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբաղվածության տարածքային պետական մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) կողմից աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագրում (այսուհետ՝ փոխհատուցման ծրագիր) ընդգրկված աշխատաշուկայում անմրցունակ աշխատանք փնտրող անձանց (այսուհետ՝ անմրցունակ անձ) հետ կապված հարաբերությունները:
2. Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:
3. Փոխհատուցման ծրագիրը ֆինանսավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի՝ զբաղվածության ամենամյա պետական ծրագրի համար հատկացված միջոցների հաշվին:
4. Աշխատավարձի փոխհատուցումը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար: Ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով աշխատած օրերի թվով: Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց ժամանակավոր անաշխատունակության, ոչ աշխատողի մեղքով պարապուրդի և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար փոխհատուցում չի տրամադրվում:
5. Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
6. Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իսկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով:
7. Աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի աշխատավարձի փոխհատուցման գումարը յուրաքանչյուր ամիս՝ վճարման հանձնարարականով, փոխանցվում է գործատուի բանկային հաշվի համարին:
8. Աշխատավարձի փոխհատուցումը դադարեցվում է՝
ա) սույն կարգի 13-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում.
բ) սույն կարգի 6-րդ կետում նշված փոխհատուցման ծրագրի ժամկետը լրանալու դեպքում:
II. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Տարածքային մարմինը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը տարածքային մարմնի վարչական շենքի տեսանելի վայրում տեղադրում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվող փոխհատուցման ծրագրի մասին` նշելով ծրագրի նպատակը, ուղղվածությունը, փոխհատուցվող գումարի չափը և ծրագրում ընդգրկման ենթակա անմրցունակ անձանց խմբերը:
10. Փոխհատուցման ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց տարածքային մարմնի կողմից տրամադրվում է ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն:
11. Եթե փոխհատուցման ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային մարմնի` տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությամբ հաշմանդամին և առավել երկար ժամկետով հաշվառված անմրցունակ մյուս անձանց:
12. Տարածքային մարմինը թափուր աշխատատեղի համար պահանջվող աշխատողի հայտ ներկայացրած գործատուի հետ փոխհատուցման ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց մասնակցությամբ բանակցում է անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելու և նրանց աշխատավարձը փոխհատուցելու հարցերով:
Բանակցությունների արդյունքում գործատուի և տարածքային մարմնի միջև կնքվում է աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագիր այն անմրցունակ անձանց համար, որոնց գործատուն համաձայնվել է ընդունել աշխատանքի:
13. Գործատուն անմրցունակ անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` գործատուի և տարածքային մարմնի միջև կնքված աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրում նշված պայմաններով և գործողության ժամկետով:
14. Գործատուն պայմանագիրը կնքելուց հետո 5 օրվա ընթացքում պատճենը ներկայացնում է տարածքային մարմին:
15. Տարածքային մարմինը գործատուի հետ կնքած պայմանագրի օրինակը և աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց ցուցակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ` նախարարություն):
Աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց ցուցակում նշվում է անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անմրցունակ անձի խումբը, կրթությունը և աշխատանքային ստաժը:
III. ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը գործատուն տարածքային մարմին է ներկայացնում տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում իր մոտ սույն կարգի 13-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրով աշխատող անմրցունակ անձանց մասին:
17. Գործատուից ստացած՝ սույն կարգի 16-րդ կետում նշված տեղեկանքի հիման վրա տարածքային մարմինը կազմում և մինչև տվյալ ամսվա 5-ը նախարարություն է ներկայացնում ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց աշխատավարձի փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ՝ ըստ գործատուների կազմված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:
18. Նախարարությունը տարածքային մարմիններից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և հիմնադրամ է ներկայացնում ըստ տարածքային մարմինների ամփոփված փոխհատուցման ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:
19. Հիմնադրամը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:
20. Նախարարությունը սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:
21. Սույն կարգի 20-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո այն 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է գործատուի բանկային հաշվի համարին:
IV. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
22. Տարածքային մարմինը փոխհատուցման ծրագրի գրանցամատյանում կատարում է փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձի հաշվառում, նշելով՝
ա) անձի անունը, ազգանունը և հայրանունը.
բ) ծննդյան տարեթիվը.
գ) անմրցունակ անձի խումբը.
դ) հաշվառման քարտի համարը.
ե) աշխատանքի ընդունած գործատուի լրիվ անվանումը, իսկ ֆիզիկական անձ գործատուի դեպքում՝ անունը, ազգանունը.
զ) աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրի վավերապայմանները.
է) գործատուի հետ կնքված պայմանագրի վավերապայմանները.
ը) անձի զբաղեցրած պաշտոնը կամ աշխատանքի տեսակը.
թ) ծրագրի տևողությունը.
ժ) աշխատավարձի չափը.
ժա) փոխհատուցվող գումարի չափը՝ ըստ ամիսների:
23. Գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու օրվանից տարածքային մարմինը դադարեցնում է գործազրկության նպաստի իրավունք ունեցող անմրցունակ անձի գործազրկության նպաստի վճարումը և գործազուրկի կարգավիճակը:
24. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև գործատուի կողմից նպատակային չօգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
25. Տարածքային մարմինը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացնում նախարարություն փոխհատուցում ստացած գործատուների, փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց, տրամադրված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ:
26. Նախարարությունը ամփոփում է տարածքային մարմիններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն է ներկայացնում հիմնադրամին:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |