Համարը 
N 642
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.11/01(42)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
13.02.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» դեկտեմբերի 2006թ.

N 642

ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Առավել կարիքավոր ընտանիքներին աջակցելու և երեխաների նպաստների նշանակման ու վճարման կարգը կատարելագործելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ պետական նպաստները նշանակվում և վճարվում են.

ա) մինչև 18 տարեկան՝

հաշմանդամ երեխաներին - 7000 դրամ,

միայնակ մոր երեխաներին - 5000 դրամ,

առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին - 10000 դրամ,

միակողմանի ծնողազուրկ երեխաներին - 5000 դրամ,

ալիմենտ ստացող երեխաներին - 4000 դրամ,

ժամկետային զինծառայողների (շարքային, եֆրեյտոր և սերժանտական կազմ) երեխաներին - 6000 դրամ,

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամների երեխաներին - 4500 դրամ,

4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներին – 4500 դրամ,

բ) միայնակ մայրերին՝ 5000 դրամ,

գ) մինչև 2 տարեկան երեխա խնամող, արձակուրդում գտնվող կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց - 3500 դրամ,

դ) մինչև 1 տարեկան երեխաներին՝ մանկական սննդով ապահովելու համար – 4500 դրամ:

Հաստատել առանձին խմբերի երեխաներին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

Սույն որոշմամբ սահմանված պետական նպաստների համակարգման և կառավարման լիազորությունները վերապահել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը:

2007թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1997թ. հուլիսի 24-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 126 որոշումը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» դեկտեմբերի 2006թ.

թիվ 642 որոշման

 

Կ Ա Ր Գ

Պետական նպաստների նշանակման և վճարման

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Պետական նպաստ ստանալու իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող և բնակվող անձինք, որոնց ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին, մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց և մինչև 1 տարեկան երեխաներին սննդով ապահովման համար տրվող պետական նպաստները (այսուհետև՝ նպաստներ) նշանակում և վճարում են մորը՝ սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները (Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական հարցերի, առողջապահության և բնապահպանության բաժինը) (այսուհետև՝ գործակալություն (բաժին)):

Եթե մայրը մահացած է, սահմանված կարգով ազատազրկված, ծնողական իրավունքից զրկված է, ճանաչված է անգործունակ կամ, եթե երեխան ապրում է հոր հետ, ապա նպաստը նշանակվում և վճարվում է հորը կամ խնամակալին:

Որդեգրված երեխայի համար նպաստը նշանակվում և վճարվում է որդեգրողին:

Անձնագիր ունեցող երեխայի նպաստը կարող է նշանակվել և վճարվել երեխային:

Միայնակ մայրերին (ամուսնության մեջ չգտնվող) նպաստներ նշանակվում և վճարվում են մինչև երեխայի (երեխաների) 18 տարին լրանալը, եթե երեխայի ծննդյան վկայականում բացակայում է հոր մասին գրանցումը կամ, եթե այն կատարվել է մոր ցուցումով:

Միայնակ մոր նպաստ նշանակվում և վճարվում է երեխա (երեխաներ) որդեգրած ամուսնության մեջ չգտնվող կնոջը:

Միայնակ մոր ամուսնության դեպքում նշանակված նպաստի վճարումը շարունակվում է:

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխաներին նպաստ չի նշանակվում:

Երեխա խնամող անձանց նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը:

Արձակուրդում գտնվող մայրերին, աշխատանքը շարունակելու դեպքում, սահմանված նպաստը վճարվում է դրա 50 տոկոսի չափով:

Սույն կարգի գործողությունը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա` սույն կարգի 1-ին կետի պահանջներին բավարարելու դեպքում:

 

II. ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

Նպաստներ նշանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) առանձին խմբերի երեխաների համար՝

դիմում

երեխաների ծննդյան վկայականների պատճենները

տեղեկանք նպաստառուի բնակության վայրից

ծնողի կամ խնամակալի (կամ որդեգրողի) անձը հաստատող փաստաթղթի պատճենը

մահացած ծնողի մահվան վկայականի պատճենը

խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը

երեխայի, ծնողների հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերի պատճենները

ալիմենտի վերաբերյալ դատարանի վճռի (որոշման) և ամուսնալուծության վկայականի պատճենը

տեղեկանք ժամկետային զինծառայության մեջ գտնվելու մասին

երեխայի և ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի սոցիալական ապահովության քարտի պատճենը

Միայնակ մոր և ալիմենտ ստացող երեխաներին նպաստներ նշանակելու համար գործակալության (բաժնի) կողմից կազմվում է ակտ՝ ըստ բնակության վայրի համատեղ ապրելու կամ համատեղ տնտեսություն վարելու փաստը ստուգելու համար: Նշված պայմանները չբավարարելու դեպքում նպաստ չի նշանակվում:

բ) միայնակ մայրերի համար, բացի սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից՝ երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին.

գ) մինչև 2 տարեկան երեխա խնամող արձակուրդում գտնվող կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող մայրերի համար, բացի սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝

արձակուրդում գտնվելու կամ աշխատանքը շարունակելու մասին հրամանի քաղվածքը.

տեղեկանք՝ զբաղվածության պետական ծառայության համապատասխան մարմնից՝ գործազուրկի կարգավիճակ ունենալու մասին.

դ) մինչև 1 տարեկան երեխաների համար՝

դիմում

երեխայի ծննդյան վկայականի պատճենը

տեղեկանք նպաստառուի բնակության վայրից

ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը

երեխայի և ծնողի կամ խնամակալի սոցիալական ապահովության քարտի պատճենը:

Նպաստի համար ներկայացվող փաստաթղթերի պատճենները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վավերացվում են նոտարական կարգով կամ գործակալության (բաժնի) կողմից:

Գործակալությունը (բաժինը) պարտավոր է նպաստի նշանակման վերաբերյալ դիմումը քննարկել սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում և դիմողին գրավոր տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Նպաստը նշանակվում է նպաստառուի փաստացի բնակության վայրի գործակալությունը (բաժինը)՝ նպաստը ստանալու իրավունքը ծագելու ամսվանից, եթե դիմումը ներկայացվել է վեց ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո նպաստը նշանակվում է դիմելու ամսվանից:

Նպաստները նշանակվում են դիմելու ամսվանից սույն կարգի 7-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

Ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում գործակալությունը (բաժինը) դիմողին գրավոր տեղյակ է պահում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու մասին: Դրանք եռամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում նպաստ նշանակվում է դիմելու ամսվանից, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո՝ վերջին փաստաթղթերը ներկայացնելու ամսվանից:

Նպաստների վճարումը շարունակվում է հաջորդ տարվա հունվարից, եթե մինչև տվյալ տարվա վերջը կրկին ներկայացվում է տեղեկանք նպաստառուի բնակության վայրի մասին:

Նպաստը նշանակվելիս, երեխաների՝ տարբեր խմբերի միաժամանակյա պատկանելու դեպքում հաշվի է առնվում միայն մեկ խումբ՝ նպաստառուի ընտրությամբ:

Նպաստի նշանակումը մերժելու դեպքում գործակալությունը (բաժինը) այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է դիմողին՝ նշելով մերժման պատճառները և գանգատարկման կարգը:

Նպաստի նշանակման և վճարման կապակցությամբ առաջացած վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:

 

III. ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նպաստառուի բնակության վայրը փոխվելու դեպքում նպաստի նշանակման վայրում դրա վճարումը դադարեցվում է, և, նպաստառուի դիմումի համաձայն, նպաստի գործն ուղարկվում է բնակության նոր վայրի գործակալություն (բաժին)՝ նպաստի վճարումը շարունակելու համար:

Նշանակված, սակայն ժամանակին չստացված գումարը նպաստառուին միանվագ վճարվում է նպաստը չստանալու ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:

Նպաստը լիազորագրով կարող է վճարվել մինչև 3 ամսվա համար:

Մինչև նպաստառուի մահվան օրը չստացված նպաստի գումարը վճարվում է երեխայի հորը, որդեգրողին, խնամակալին կամ անձնագիր ունեցող երեխային, եթե նպաստը ստանալու համար նրանք դիմել են ոչ ուշ, քան նպաստառուի մահվանից հետո 12 ամսվա ընթացքում:

Ավել վճարված նպաստի գումարը կարող է հետ պահվել նպաստառուներից, ակնհայտ ոչ ճիշտ տվյալներով փաստաթղթեր ներկայացնելու, նպաստի վճարման դադարեցման հիմքերը թաքցնելու դեպքերում:

Նպաստի ավել վճարված գումարը հետ է պահվում գործակալության (բաժնի) որոշմամբ՝ յուրաքանչյուր ամիս ավել վճարված գումարի 20 տոկոսի չափով, կամ նպաստառուի գրավոր համաձայնությամբ ավել չափով, մինչև նպաստի ավել վճարված գումարի մարումը:

Նպաստի ավել վճարված գումարը ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից, անձնագիր ունեցող երեխայից) կարող է գանձվել նաև դատական կարգով:

 

IV. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Նպաստի վճարումը դադարեցվում է հետևյալ հիմքերից մեկի առկայության դեպքում՝

ա/ նպաստ վճարելու համար սահմանված տարիքը լրանալու

բ/ երեխայի պետության լրիվ խնամքի տակ գտնվելու

գ/ երեխայի մահվան

դ/ երեխայի ալիմենտ ստանալու իրավունքը վերանալու

ե/ ծնողի հաշմանդամության խմբի փոփոխման

զ/ գործազրկության կարգավիճակի վերացման

է/ ժամկետային զինծառայությունից զորացրվելու

ը/ երեխայի հայրությունը ճանաչվելու

թ/ երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու

ժ/ նպաստառուի գրավոր դիմումի հիման վրա

ժա/ ծնողի աշխատանքից ազատվելու

ժբ/ երեխայի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մեկնելու

Նպաստառուները նշված դեպքերի ի հայտ գալու մասին պարտավոր են տեղեկացնել նպաստ նշանակող մարմնին:

Նպաստի վճարման դադարեցումը կատարվում է նշված դեպքերի ի հայտ գալու հաջորդ ամսվանից:

Նպաստի նշանակման, մերժման, վճարման և դադարեցման հետ կապված բոլոր փաստաթղթերը պահվում են գործակալությունում (բաժնում):

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան