ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 6 հոկտեմբերի 2022թ. |
N 1103-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ
ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 512-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 18-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ուսումնական հաստատություններ) նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի N 161 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 512-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հոկտեմբերի 6-ի N1103-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ
ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (միասին այսուհետ` ուսումնական հաստատություններ) (անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից) սովորողների նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է «Կրթության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգի համաձայն` քաղաքացիներին Արցախի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ ԱՀ ԶՈՒ) ծառայության նախապատրաստելու նպատակով:
2. Ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» (այսուհետ` ՆԶՊ) և «Ֆիզիկական կրթություն» առարկաների, ընդհանուր կրթական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակչական աշխատանքների միջոցով։
3. Ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգի օբյեկտներ են հանդիսանում ՆԶՊ, «Ֆիզիկական կրթություն» առարկաները, և ՆԶՊ, «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցիչների պաշտոնները (ընդհանուր կրթական պատրաստության գծով՝ այլ հանրակրթական առարկաները և դրանց ուսուցիչների պաշտոնները), իսկ սուբյեկտներ՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ ԱՀ ԿԳՄՍՆ), Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ՝ ԱՀ ՊՆ), Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ ԱՀ ՆԳՆ), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ ԱՀ ԱՆ), Արցախի Հանրապետության տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները։
2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ
ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2.1. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՆ
4. ՆԶՊ առարկայի ուսուցման նպատակն է դպրոցականների մոտ ձևավորել մարտական և այլ արտակարգ իրավիճակներում կենսապահովումն իրականացնելու և հստակ գործելու արդիական հմտություններ ու գործնական կարողություններ, ձեռք բերել գիտելիքներ և ընդհանրական պատկերացումներ, դաստիարակել նրանց՝ որպես հասարակական բարձր գիտակցություն, բարոյահոգեբանական որակներ և վարքային դիրքորոշումներ ունեցող անհատներ։ Այս նպատակի իրականացման համար լուծվում են հետևյալ խնդիրները.
1) շարժողական, մտային, ֆիզիոլոգիական ընդունակությունների և հոգեբանական որակների զարգացում.
2) մարտական և այլ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ կարողությունների ձեռքբերում և հմտությունների զարգացում, գիտելիքների յուրացում և ռազմական ոլորտի տարբեր կողմերի վերաբերյալ ընդհանուր պատկերացումների ձևավորում.
3) հասարակական բարձր գիտակցության, ներքին արժեհամակարգի, վարքային նորմերի, հասարակական դիրքորոշումների և սոցիալական սպասումների, վարքագծի, հայրենիքի պաշտպանության գործին անվերապահ պատրաստության ձևավորում.
4) սովորողների մոտ բարոյական բարձր հատկությունների` պատասխանատվություն, հաստատակամություն, ընկերասիրություն, փոխօգնություն, հանդուրժողականություն և այլ հատկանիշների դաստիարակում.
5) ուսման մոտիվացիայի ձևավորում, գիտակցված կարգապահության ապահովում՝ առարկայի նկատմամբ հետաքրքրության ու գիտակցված պահանջի, զինվորական ղեկավարի (այսուհետ՝ զինղեկ) նկատմամբ հարգանքի ձևավորման արդյունքում.
6) անհատական և խմբային գործունեության կարողությունների ձևավորում.
7) սովորողների մասնագիտական կողմնորոշում դեպի երկրի պաշտպանության (ռազմական, ռազմատեխնիկական), զինվորական բժշկության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտ:
5. ՆԶՊ-ն ուսումնական հիմնական առարկա է և դասավանդվում է հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարաններում (նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսերում): Արտադասարանական պատրաստության ակտիվացման նպատակով անհրաժեշտ է շաբաթ օրերը նվիրել ՆԶՊ առարկային՝ համատեղելով այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կոլեգիայի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 17 որոշմամբ առաջադրված «Պատրաստ Արցախի պաշտպանությանը» (այսուհետ՝ ՊԱՊ) համալիրի, մարզասպորտային խմբակների պարապմունքների հետ:
6. ՆԶՊ-ն ներառում է «Ռազմագիտություն», «Անվտանգ կենսագործունեություն և կենսապահովում», «Առաջին բուժօգնություն» ուղղությունները՝ հետևյալ բաժիններով.
1) «Ռազմարվեստի պատմություն».
2) «Մարտավարության հիմունքներ».
3) «Մարտավարական-ֆիզիկական պատրաստություն».*
4) «Կրակային պատրաստություն».
5) «Ինժեներասակրավորային պատրաստության հիմունքներ».
6) «Ռազմական տեղագրության հիմունքներ».
7) «Իրավական պատրաստության հիմունքներ».
8) «Լեռնային-հատուկ պատրաստության հիմունքներ».**
9) «Կապ և տեղեկատվական անվտանգություն».**
10) «Շարային պատրաստություն».
11) «Հոգեբանական պատրաստություն».**
12) «Անվտանգ կենսագործունեություն և կենսապահովում».
13) «Առաջին բուժօգնության հիմունքներ»:
Ծանոթություն․ *բաժիններ, որոնք առկա են միայն հիմնական դպրոցի ուսումնական ծրագրում,
** բաժիններ, որոնք առկա են միայն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում։
7. Ներառարկայական թեմատիկ համընկեցումն ապահովում է ուսումնական գործընթացում ՆԶՊ ուսումնական ծրագրում առաջադրվող տարբեր բաժինների թեմաների մատուցման պլանավորումը և որոշակի հաջորդականությամբ իրականացումը։
8. Միջառարկայական կապերն ապահովվում են այլ առարկաների ծրագրերով ՆԶՊ առարկայի հետ փոխկապակցված թեմաների կանխավ կամ զուգահեռ ուսումնասիրմամբ, ինչպես նաև այս առարկաների ծրագրերում ՆԶՊ առարկային առնչվող նոր թեմաների ներառմամբ կամ փոխկապակցված թեմաների խորացված ուսումնասիրմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համատեղ դասերի անցկացմամբ:
9. Առարկայի ուսուցմանը տրվում է հիմնականում գործնական բնույթ:
10. Սովորողների բազմակողմանի, համամասնական զարգացումն ապահովելու նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում սովորողի բազմակողմանի, համամասնական զարգացմանը, նրա մտային, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, հոգեբանական հատկանիշների որակական աճին։
11. Սովորողների ուսման և դաստիարակության արդյունքները գնահատվում են տասը բալանոց համակարգում՝ հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ և միավորներով.
| |
Սովորողների ուսման և դաստիարակության
ընդհանրական արդյունքներ |
Տոկոսային
չափանիշ |
Առավելագույն
բալ |
| 1. |
Հմտություններ և կարողություններ |
40% |
4 |
| 2. |
Գիտելիքներ |
20% |
2 |
| 3. |
Պատկերացումներ |
10% |
1 |
| 4. |
Խմբային գործունեություն |
10% |
1 |
| 5. |
Կարգապահություն |
10% |
1 |
| 6. |
Ակտիվություն և նախաձեռնողականություն |
10% |
1 |
:
12. ՆԶՊ առարկայի տարեվերջյան արդյունքները գնահատվում են քննության (գնահատումով ստուգարքի) ձևով՝ համաձայն ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների:
13. Սովորողների նախազորակոչային պատրաստության բարձրացման, նրանց խմբային գործողությունների մշակման, մարտական և այլ արտակարգ իրավիճակների մոտ նախնական փորձ ձեռք բերելու համար 7-12-րդ դասարաններում սեզոնային արձակուրդներին անց են կացվում հավաքներ, մրցություններ, մարտավարական-ուսումնական վարժանքներ, դաշտային պարապմունքներ և տարեվերջյան ճամբարային հավաքներ, ռազմամարզական խաղեր, ապահովվում են սերտ կապեր ԱՀ ԶՈՒ հետ, կատարվում այցելություններ զորամասեր։
2.2. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՆ
14. Ֆիզիկական կրթություն առարկան ապահովում է`
1) ուսումնական հաստատությունների սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նրանց ֆիզիկական-հենքային որակների ձևավորումը և զարգացումը (դիմացկունություն, ուժ, արագաշարժություն, ճարպկություն, ճկունություն, շարժումների կոորդինացիա, հավասարակշռության զգացողություն).
2) կրթական չափորոշիչներով և գնահատման սանդղակով նախատեսված նորմերի իրացումը.
3) շարային բարձր պատրաստությունը.
4) ֆիզիկական կրթության և սպորտի ՊԱՊ համալիրի նորմերի ներդրումն ուսումնական հաստատություններ և սովորողների ֆիզիկական որակների կատարելագործումը.
5) ՆԶՊ առարկայի ֆիզիկական-մարտավարական պատրաստության վարժանքների տարրերի յուրացումը։
2.3. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԸ
15. ՆԶՊ առարկայի ուսուցչի պաշտոն կարող է զբաղեցնել՝
1) «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած անձը, ով նորացված կրթական ծրագրով անցել է մասնագիտամեթոդական վերապատրաստում և ունի որակավորման համապատասխան հավաստագիր.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ԱՀ ՊՆ, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ծառայողի, ԱՀ ՆԳՆ սպայական կազմում առնվազն հինգ տարվա անբասիր ծառայության փորձ, մանկավարժահոգեբանական ձիրքեր, ՆԶՊ առարկայի ուսուցչի որակավորման հավաստագիր ունեցող պահեստազորի սպաները:
16. Հանրակրթական դպրոցներում սահմանվում է զինղեկի հաստիք։ Ուսումնական հաստատության զինղեկ է նշանակվում ՆԶՊ առարկայի ուսուցիչը։
17. Զինղեկն ի պաշտոնե համարվում է ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության (այսուհետ` ՔՊ) շտաբի պետը։
18. Որպես ՆԶՊ առարկայի ուսուցիչ՝ զինղեկը ուսումնական գծով ենթարկվում է ուսումնական հաստատության տնօրենին։
19. Զինղեկը ուսումնական հաստատությունում համակարգում է ՆԶՊ-«Ֆիզիկական կրթություն» միջառարկայական կապը՝ լինելով դրանք ներառող մեթոդական միավորման նախագահը, սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակչական աշխատանքները, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության աշխատանքները:
20. Զինղեկն անցնում է մասնագիտամեթոդական վերապատրաստում և ունենում որակավորման համապատասխան հավաստագիր:
21. Զինղեկը, ով ունի համապատասխան որակավորում, կարող է նաև վարել նախազորակոչային պատրաստության արտադպրոցական ռազմամասնագիտական դասընթաց, աջակցել ԱՀ ԶՈՒ՝ պահեստազորի պատրաստության գործում։
22. Հանրակրթական դպրոցներում զինղեկը վարձատրվում է հանրակրթական ոլորտի համար հաստատված մանկավարժական դրույքաչափերով (մինչև վեց դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար` 0.5 միավոր, իսկ վեց և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար` մեկ միավոր):
23. Հանրակրթական դպրոցներում քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ-զինղեկը վարձատրվում է ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով, մինչև վեց դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` 0.3 միավոր, իսկ վեց և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր:
24. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում զինղեկը վարձատրվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ոլորտի համար հաստատված դրույքաչափերով (մինչև 100 սովորող ունեցող ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր, 101 և ավելի սովորող ունեցող ուսումնական հաստատության համար` մեկ միավոր:
25. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ-զինղեկը վարձատրվում է ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով, մինչև 100 սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.3 միավոր, իսկ 101 և ավելի սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր:
26. Ուսումնական հաստատություններում զինղեկի կողմից շաբաթական 11 ժամից ավելի ևս մինչև 11 ժամ ՆԶՊ կամ այլ առարկայի գծով (եթե զինղեկն ունի տվյալ առարկան պարապելու համար համապատասխան մասնագիտական որակավորում) կատարված ուսուցչական աշխատանքը լրացուցիչ վարձատրվում է ուսուցիչների համար սահմանված դրույքաչափերով և կարգով:
27. Զինղեկը, ով պահեստազորի պատրաստության գործում աջակցում է ԱՀ ԶՈՒ-ին, կարող է ստանալ լրացուցիչ վարձատրություն։ Նման վարձատրության չափը որոշվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանված կարգով։
2.4. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԸ
28. «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցիչը՝
1) իրականացնում է իր գործառույթները՝ համաձայն ուսումնական պլանի.
2) համագործակցում է ՆԶՊ առարկայի հետ՝ նախազորակոչային պատրաստության որակական ապահովման՝ սովորողների ֆիզիկական հիմնային որակների, ֆիզիկական պատրաստության ուսումնական ծրագրով նախատեսված և ՊԱՊ համալիրի նորմերի կատարման, շարային բարձր պատրաստության ապահովման, ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ.
3) գրանցում է սովորողների ֆիզիկական զարգացման դինամիկ պարամետրերի կիսամյակային արդյունքները, պարզաբանում յուրաքանչյուր սովորողի մոտ առաջ եկած խնդիրները, առաջադրում և պլանավորում դրանց լուծումները, ապահովում սովորողի ֆիզիկական վիճակի կարգավորումը.
4) անցնում է ամենամյա վերապատրաստում։
3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ
ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3.1. ԱՀ ԿԳՄՍՆ
29. ԱՀ ԿԳՄՍՆ՝
1) իրականացնում է ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության ընդհանուր ղեկավարումը` համագործակցելով ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ համակարգում գործող ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ԱՀ ոստիկանության, ԱՀ ԱՆ, ԱՀ պետական և ոչ պետական շահագրգիռ կառույցների, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
2) վերահսկում է ՆԶՊ առարկայի ուսուցումը Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 20-ի «Արցախի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության հայեցակարգը հաստատելու մասին» N 822-Ա որոշման դրույթների համաձայն.
3) ապահովում է ՆԶՊ առարկայի ուսումնական ծրագրի հետ այլ ուսումնական ծրագրերի համաչափությունը և միջառարկայական կապերի ուժեղացումը ուսումնական հաստատություններում.
4) ապահովում է սովորողների մտավոր, ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեկան զարգացումը, նրանց դաստիարակումը, կարգապահության բարձրացումը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը.
5) այլ շահագրգիռ մասնագիտացված կառույցների հետ համագործակցված կազմակերպում է ուսումնական հաստատությունում ՆԶՊ առարկայի ուսուցչի (զինղեկի) համար օրինակելի ուսումնական պլանների, ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի մշակումը, հրատարակումը.
6) ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ, այլ շահագրգիռ կառույցների հետ համատեղ ուսումնասիրում, ընդհանրացնում և տարածում է ՆԶՊ առարկայի դասավանդման ու սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության դրական փորձը, նյութական և բարոյական խրախուսանքի արժանացնում լավագույն ուսումնական հաստատությունները, զինղեկներին և սովորողներին.
7) մասնակցում է զինղեկների, ինչպես նաև ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության վերահսկողությունն իրականացնող և զինղեկներին ուսումնամեթոդական աջակցություն ցույց տվող վարչական և այլ աշխատակիցների, «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կատարմանը.
8) աջակցում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ առարկայի հետ փոխկապակցված առարկաների ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման աշխատանքներին.
9) ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ, ԱՀ ԱՆ և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում կազմակերպում է հայրենասիրական և ռազմամարզական բնույթի խաղերի անցկացումը, միջպետական ռազմամարզական խաղերին մասնակցությունը, ռազմամարզական ճամբարների անցկացումը.
10) ԱՀ ՆԳՆ համակարգում գործող ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ համատեղ ուսումնական հաստատություններում ձևավորում է քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, պլանավորում և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության մարտավարական-ուսումնական վարժանքներ, այլ միջոցառումներ, վերահսկում դրանց կատարումը.
11) ԱՀ ՊՆ, ԱՀ ԱՆ, ԱՀ ՆԳՆ և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում անցկացնում է գիտագործնական համաժողովներ, դասախոսություններ, գործնական-ցուցադրական պարապմունքներ.
12) ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ, ԱՀ ԱՆ աջակցությամբ լրացնում է ՆԶՊ կաբինետների պակասող ուսումնական զինմիջոցները, վարժասարքերը, գույքը, նյութերը, այլ միջոցները.
13) կազմակերպում է ՊԱՊ համալիրի և այլ մարզասպորտային միջոցառումների, մրցությունների անցկացումը, ֆիզիկական կրթության մասնագետների ամենամյա վերապատրաստումը.
14) պետական և հասարակական այլ շահագրգիռ կառույցների աջակցությամբ ապահովում է ուսումնական հաստատությունները անհրաժեշտ մարզասպորտային գույքով և այլ միջոցներով:
3.2. ԱՀ ՊՆ
30. ԱՀ ՊՆ`
1) մասնակցում է կրթության ոլորտի նախազորակոչային պատրաստության հայեցակարգի ներդրման մեխանիզմների և ուսումնական ծրագրերի մշակմանը՝ հանդես գալով որպես պատվիրատու.
2) օժանդակում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ կաբինետների նյութատեխնիկական բազայի հագեցվածությանը՝ ապահովելով դրանք ուսումնական զենքերով և զինամթերքով, վարժասարքերով, այլ գույքով և հանդերձանքով, ուսումնական գրականությամբ և ցուցադրական նյութերով.
3) աջակցում է ԱՀ ԿԳՄՍՆ՝ հայրենասիրական և ռազմամարզական բնույթի խաղերի անցկացմանը, սովորողներին միջպետական ռազմամարզական խաղերին մասնակցությանը, ռազմամարզական ճամբարների և դաշտային պարապմունքների կազմակերպմանն ու անցկացմանը.
4) սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգության վարժանքներ՝ այս նպատակով տրամադրելով հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ, այլ անհրաժեշտ միջոցներ.
5) կրակային այլ միջոցների հետ ծանոթանալու և որոշակի կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով սովորողներին ցուցադրում է սպառազինության միջոցներ, տրամադրում է նրանց համապատասխան վարժասարքեր, անցկացնում ցուցադրական պարապմունքներ, գործնական հրաձգության վարժանքներ և մրցություններ.
6) աջակցում է բանակի հետ ուսումնական հաստատություններում սովորողների կապերի ամրապնդմանը, մասնավորապես`
ա. մշտական օգնություն է ցույց տալիս սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպմանը,
բ. յուրաքանչյուր ուսումնական հաստատությանը կցում է զորամաս, կազմակերպում է սովորողների այցելություններն այնտեղ, անց է կացնում «Բաց դռների օրեր», հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ,
գ. սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկային, բանակային կենցաղին,
դ. սովորողների հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով ներգրավում է բարձր պատրաստություն ունեցող սպաների, ենթասպաների և սերժանտների,
ե. զինվորական կոմիսարիատների միջոցով մշտական կապ է պահպանում ուսումնական հաստատությունների և դրանց զինղեկների հետ, ճշտում զինակոչիկների հաշվառման տվյալները, հետևում նրանց ֆիզիկական աճին, բարոյահոգեբանական վիճակին, կարգապահական և ռազմահայրենասիրական դաստիարակության ընթացքին ու նախազորակոչային պատրաստությանը.
7) նյութատեխնիկական, ռազմամասնագիտական և անհրաժեշտ այլ աջակցություն է ցուցաբերում նախազորակոչային պատրաստության գծով ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Անմիջական մասնակցություն է ունենում զինղեկների պատրաստությանն ու վերապատրաստմանը, նրանց հետ ճամբարային (դաշտային) պարապմունքների անցկացմանը.
8) ԱՀ ԿԳՄՍՆ կողմից ներկայացված հայտի հիման վրա սահմանված ժամկետում պահեստազորի սպաներից ներկայացնում է բարձրագույն ռազմական կրթությամբ, մանկավարժական ձիրքեր ունեցող զինղեկների թեկնածուների տվյալները.
9) ԱՀ ԿԳՄՍՆ հետ համատեղ մշակում և իրականացնում է միջոցառումներ, որոնք վերաբերում են սովորողների արտադպրոցական ռազմամասնագիտական պատրաստությանը և պահեստազորի պատրաստությանը արհեստավարժ զինղեկների ներգրավմանը.
10) իրականացնում է միջոցառումներ սովորողների մասնագիտական կողմնորոշման և ռազմական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար:
3.3. ԱՀ ՆԳՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
31. ԱՀ ՆԳՆ համակարգում գործող ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը`
1) կազմում է ուսումնական հաստատությունների արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության գույքի և միջոցների ցանկը, հագեցվածության նորմերը.
2) ԱՀ ԿԳՄՍՆ ու ԱՀ ԱՆ և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններին ապահովում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հիմնահարցերին վերաբերվող նյութերով ու ուսումնական պարագաներով.
3) մշակում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող գրքույկներ, այլ հանրամատչելի գրականություն, պատրաստում է տեսաֆիլմեր, ցուցապաստառներ, այլ ուսումնական պարագաներ.
4) սովորողների համար անց է կացնում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության խնդիրներին վերաբերող ցուցադրական-գործնական պարապմունքներ.
5) մշակում է ՆԶՊ առարկայի ուսումնական ծրագրի «Անվտանգ կենսագործունեություն և կենսապահովում» բաժինը և դրան համապատասխան ուսումնական օրինակելի պլանի դրույթները, աջակցում է ՆԶՊ ուսումնական ձեռնարկի համապատասխան բաժնի նյութերի կազմմանը.
6) աջակցում է արտադպրոցական «Պատանի փրկարար» խմբերի ուսումնական գործընթացի պլանավորմանը և իրականացմանը.
7) ԱՀ ԿԳՍՄՆ համապատասխան ստորաբաժանման հետ համագործակցված կազմակերպում և իրականացնում է զինղեկների վերապատրաստում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի գծով.
8) ԱՀ ԿԳՄՍՆ հետ համատեղ վերահսկում է ուսումնական հաստատություններում «Անվտանգ կենսագործունեություն և կենսապահովում» բաժնի ուսուցման, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարման որակը.
9) իրականացնում է միջոցառումներ սովորողների մասնագիտական կողմնորոշման, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար:
3.4. ԱՀ ՆԳՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
32. ԱՀ ՆԳՆ համակարգում գործող ԱՀ ոստիկանությունը`
1) իրականացնում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքերի և զինամթերքի պահպանման սենյակների ազդանշանային համակարգի սպասարկումը.
2) ուսումնական հաստատություններին ցուցաբերում է մեթոդական օգնություն, կատարում զենք-զինամթերքի անվտանգ պահպանության վերաբերյալ հրահանգավորում.
3) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ուսումնական հաստատություններում ստուգում է ուսումնական զենքի-զինամթերքի պահպանման պայմանները, ուսումնական զենքերի ու զինամթերքի առկայությունը.
4) ապահովում է ուսումնական զենքերի, զինամթերքի ստացումը, դրանց պահպանությունը՝ ուսումնական հաստատությունների ամառային արձակուրդների ընթացքում.
5) մանկավարժական կոլեկտիվի, սովորողների համար կազմակերպում սեմինարներ, գործնական պարապմունքներ` հասարակական կարգի պահպանման անհրաժեշտության, քաղաքացիական պարտքի գիտակցման, ճգնաժամային իրավիճակներից խուսափելու և այլ կարևոր թեմաներով, մշակում և հրատարակում է գրքույկներ, ուղեցույցներ, պատրաստում է ուսումնական տեսաֆիլմեր, ցուցապաստառներ և այլ անհրաժեշտ նյութեր.
6) իրականացնում է աշխատանք սովորողների մասնագիտական կողմնորոշման, ոստիկանական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար:
3.5. ԱՀ ԱՆ
33. ԱՀ ԱՆ`
1) ուսումնական հաստատություններում իրականացնում է նախազգուշական-պրոֆիլակտիկ աշխատանքներ, այդ թվում՝ հակահամաճարակային բնույթի.
2) ուսումնական տարվա սկզբում իրականացնում է սովորողների բուժզննություն, ըստ առողջական վիճակի հետ կապված խնդիրների տարաբաժանում է նրանց հիմնական, նախապատրաստական և բժշկական հսկողության տակ գտնվող խմբերի, կազմակերպում հիվանդների անհրաժեշտ բուժումը.
3) դասընթացների, ռազմամարզական և այլ միջոցառումների ժամանակ սովորողների առողջության վտանգման դեպքերում ցուցաբերում է անմիջական բժշկական օգնություն.
4) ԱՀ ԿԳՍՄՆ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման և այլ պետական կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցված կազմակերպում, իրականացնում է ուսումնական հաստատությունում ՆԶՊ առարկայի «Առաջին բուժօգնության հիմունքներ» բաժինը դասավանդող բուժաշխատողների (զինղեկների, այլ ուսուցիչների) վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը` բժշկական գիտելիքների մասով.
5) ԱՀ ԿԳՄՍՆ հետ համատեղ վերահսկում է ուսումնական հաստատություններում առաջին բուժօգնության ուսուցման որակը.
6) աջակցում է ուսումնական հաստատություններում առաջին բուժօգնության բուժմիջոցների ցանկի կազմմանը, այլ բուժական գույքով և հանդերձանքով ապահովմանը:
3.6. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
34. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները ՝
1) Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները և Ստեփանակերտի քաղաքապետը`
ա. ապահովում են ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության համար նախատեսված շինությունների կառուցումը, շահագործումը, պահպանման միջոցների հատկացումը,
բ. ապահովում են ուսումնական հաստատությունների սովորողների դաշտային պարապմունքների, ռազմամարզական խաղերի և ճամբարների կազմակերպումն ու վերահսկողությունը,
գ. իրականացնում են միջոցառումներ` ուսումնական հաստատությունների ՆԶՊ առարկայի դասարանների, փառքի սրահների ձևավորման, զենքի պահասենյակների ամրացման և կահավորման, նախազորակոչային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության, առաջին բուժօգնության նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով.
2) համայնքների ղեկավարներն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են ուսումնական հաստատությունների սովորողների նախազորակոչային պատրաստությանը, առկա նյութատեխնիկական, գույքային, կազմակերպչական խնդիրների լուծմանը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2022 թվական: