Համարը 
N 512-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.08.10/13(175)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.07.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.10.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԻՄՆԱԿԱՆ, ԱՎԱԳ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 161 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հուլիսի 2011թ.

N 512-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ, ԱՎԱԳ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 161 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ) (անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից) նախազորակոչային պատրաստության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ մինչև 2011-2012 ուսումնական տարվա սկիզբը հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստության կանոնադրությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 161 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» հուլիսի 2011թ. N 512-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ, ԱՎԱԳ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություններ) սովորողների նախազորակոչային պատրաստությունը (այսուհետ` ՆԶՊ) իրականացվում է «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի, «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կարգի համաձայն` պատանիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայության նախապատրաստելու նպատակով:

2. Ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակչական աշխատանքների միջոցով, որի հիմնական կազմակերպիչ է համարվում ուսումնական հաստատության զինվորական ղեկավարը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և նշանակել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչին, որը նաև համարվում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուսումնական հաստատությունների նախնական զինվորական պատրաստության կանոնադրությունը` համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առընթեր սպորտի պետական կոմիտեի և այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ:

5. ՆԶՊ-ի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը`

1) վերահսկում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը և սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը.

2) կազմակերպում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի, զինվորական ղեկավարի, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի համար ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի մշակումը, հրատարակումը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրում, ընդհանրացնում և տարածում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ու սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության դրական փորձը, նյութական և բարոյական խրախուսանքի արժանացնում լավագույն ուսումնական հաստատությունները, աշխատողներին և սովորողներին.

4) մասնակցում է զինվորական ղեկավարների, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետերի մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կատարմանը, անցկացնում նրանց ատեստավորումը.

5) հաստատում է զինվորական ղեկավարների պատրաստման, վերապատրաստման կարգը, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ուսումնական պլան-ծրագրերը` համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում կազմակերպում է հայրենասիրական և ռազմամարզական խաղերի անցկացումը, միջպետական ռազմամարզական խաղերին մասնակցությունը.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում անցկացնում է գիտագործնական համաժողովներ, դասախոսություններ, գործնական ցուցադրական պարապմունքներ.

8) ուսումնական հաստատություններում ստեղծում է քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության հետ համատեղ կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.

10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության հետ համատեղ վերահսկում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը.

11) հանրակրթական (հիմնական, ավագ, միջնակարգ, վարժարան, կրթահամալիր) ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և վարձատրել հանրակրթական ոլորտի համար հաստատված մանկավարժական դրույքաչափերով (մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար` 0.5 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար` մեկ միավոր).

12) հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքացիական պաշտպանության աշխատանքների համար վարձատրել ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով. մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` 0,3 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` 0,5 միավոր.

13) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և վարձատրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ոլորտի համար հաստատված դրույքաչափերով (մինչև 100 սովորող ունեցող ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր, 100 և ավելի սովորող ունեցող ուսումնական հաստատության համար` մեկ միավոր).

14) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարման դիմաց վարձատրել ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով. մինչև 100 սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.3 միավոր, իսկ 100 և ավելի սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր.

15) ուսումնական հաստատություններում զինվորական ղեկավարի կողմից շաբաթական 11 ժամից ավելի ևս մինչև 11 ժամ «Նախնական զինվորական պատրաստություն» կամ այլ առարկայի գծով (եթե զինվորական ղեկավարն ունի տվյալ առարկան պարապելու համար համապատասխան մասնագիտական որակավորում) կատարված ուսուցչական աշխատանքը լրացուցիչ վարձատրվում է ուսուցիչների համար սահմանված դրույքաչափերով և կարգով.

16) զինվորական ղեկավարն ի պաշտոնե համարվում է ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը, որը համակարգում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի աշխատանքները:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) աջակցում է ուսումնական հաստատությունների զորամասերի և զինվորական ուսումնական հաստատությունների հետ կապերի ամրապնդմանը, սովորողների հետ դաշտային պարապմունքների (հավաքներ) անցկացմանը.

2) կայազորների պետերի, զորամասերի հրամանատարների, զինվորական ուսումնական հաստատությունների պետերի, կրթական և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգություն, ռազմահայրենասիրական խաղեր, մրցումներ, այլ միջոցառումներ.

3) ուսումնական հաստատության կողմից տրված հայտարարության հիման վրա սահմանված ժամկետում պահեստազորի սպաներից ներկայացնում է բարձրագույն ռազմական կրթությամբ կամ բարձրագույն կրթությամբ և համապատասխան վերապատրաստում անցած թեկնածուների տվյալները: Ուսումնական հաստատության տնօրենը մրցույթում հաղթած թեկնածուին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է ուսումնական հաստատության զինվորական ղեկավար` նրա հետ կնքելով համապատասխան աշխատանքային պայմանագիր.

4) ուսումնական հաստատությանը կցում է զորամաս կամ զինվորական ուսումնական հաստատություն, որը

ա. մշտական օգնություն է ցույց տալիս ՆԶՊ-ի և ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում.

բ. կազմակերպում է սովորողների այցելություն զորամաս, զինվորական ուսումնական հաստատություն, բաց դռների օրեր, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ.

գ. սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկային, զինծառայողների կյանքին ու կենցաղին.

դ. պարապմունքների համար տրամադրում է հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ, այլ անհրաժեշտ միջոցներ.

ե. սովորողների հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով առանձնացնում է սպաների, ենթասպաների և սերժանտների.

զ. օգնություն է ցույց տալիս զինկոմիսարիատներին` զինղեկների հետ ցուցադրական պարապմունքներ անցկացնելու համար.

է. օժանդակում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի ուսումնական ու նյութատեխնիկական բազայի հարստացմանը:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը`

1) կազմակերպում և իրականացնում է զինղեկների վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը` բժշկական գիտելիքների մասով.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ վերահսկում է ուսումնական հաստատություններում բժշկական գիտելիքների հիմունքների ուսուցման որակը:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը`

1) իրականացնում է ուսումնական հաստատություններում զենքի պահպանման սենյակների ազդանշանային համակարգի սպասարկումը.

2) մշակում և հրատարակում է գրքույկներ, ուղեցույցներ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, հասարակական կարգի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման, ոստիկանություն-ուսումնական հաստատություն կապի անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ պատրաստում է ուսումնական ֆիլմեր, ցուցապաստառներ, ալբոմներ և այլ անհրաժեշտ նյութեր.

3) իրականացնում է աշխատանք` սովորողների մասնագիտական կողմնորոշման, ոստիկանական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար.

4) ուսումնական հաստատություններին ցուցաբերում է մեթոդական օգնություն, կատարում հրահանգավորում, իրազեկում նորամուծությունների մասին, մանկավարժական կոլեկտիվի, սովորողների համար կազմակերպում սեմինարներ, գործնական պարապմունքներ` հասարակական կարգի պահպանման անհրաժեշտության, քաղաքացիական պարտքի գիտակցման, արտակարգ իրավիճակներից խուսափելու և այլ կարևոր թեմաներով.

5) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ուսումնական հաստատություններում ստուգում է զենքի պահպանման պայմանները և զենքի առկայությունը.

6) շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ կազմակերպում է խորհրդակցություններ` հասարակական կարգի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման և այլ թեմաներով:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայությունը`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ապահովում է քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակներին առնչվող հիմնահարցերի ու բժշկական գիտելիքների հիմունքների մասին «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի բաժնին վերաբերվող նյութերով ու ուսումնական պարագաներով.

2) կազմում է քաղաքացիական պաշտպանության և բուժսանիտարական պատրաստության գույքի ցուցակը, հագեցվածության նորմաները.

3) հրատարակում է ՆԶՊ-ի քաղաքացիական պատրաստության բաժնին վերաբերող գրքույկներ, այլ հանրամատչելի գրականություն, պատրաստում է դիաֆիլմեր, տեսաֆիլմեր, պլակատներ, այլ ուսումնական պարագաներ.

4) գործնական պարապմունքների կազմակերպման նպատակով հատկացնում է ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ.

5) կազմակերպում և իրականացնում է զինղեկների վերապատրաստում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի գծով:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները և Ստեփանակերտի քաղաքապետը`

1) ապահովում են ուսումնական հաստատություններում ՆԶՊ-ի համար նախատեսված շինությունների կառուցումը, շահագործումը, պահպանման միջոցների հատկացումը.

2) ապահովում են ուսումնական հաստատությունների աշակերտների ամենամյա ռազմադաշտային պարապմունքների, ռազմամարզական խաղերի կազմակերպումն ու վերահսկողությունը.

3) իրականացնում են միջոցառումներ` ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի դասարանների, փառքի սրահների ձևավորման, զենքի պահասենյակների կահավորման, ամրացման, ՆԶՊ-ի և քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով:

12. Համայնքների ղեկավարներն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են ՆԶՊ-ի իրականացմանը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ