ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումների, գերատեսչական նորմատիվ ակտերի կոդավորման, հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը:
Հոդված 2. Նորմատիվ իրավական է այն ակտը, որը սահմանում, վերացնում կամ փոփոխում է ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի, իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ:
Հոդված 3. Օրենքների և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ իրավական ակտերի հրատարակումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» պարտադիր է և համարվում է պաշտոնական հրապարակում:
Հոդված 4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» կառավարության կողմից հրատարակվող պաշտոնական պարբերական է:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկագիրը» հրատարակվում է ամիսը առնվազն 1 անգամ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» բաժանորդագրությունն ազատ է:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» բաղկացած է 2 հավելվածից:
Առաջին հավելվածում հրապարակվում են՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները.
բ) մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը.
գ) Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները.
դ) Ազգային ժողովի նորմատիվ որոշումները.
ե) կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները:
Երկրորդ հավելվածում հրապարակվում են գերատեսչական նորմատիվ ակտերը:
Հոդված 5. Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 10 օր հետո, եթե տվյալ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ:
Հոդված 6. Օրենքները հրապարակում է Հանրապետության Նախագահը: Այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակում են դրանք ընդունող մարմնի ղեկավարները կամ պաշտոնատար անձինք:
Հոդված 7. Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակելիս նշվում է դրանց կոդը, անվանումը, ընդունման, վավերացման կամ ստորագրման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն ստորագրող անձի պաշտոնը, անվան սկզբնատառն ու ազգանունը, գրանցման համարը:
Իրավական ակտի կոդը պարունակում է՝
ա) իրավական ակտի տեսակը բնորոշող կոդը.
բ) իրավական ակտի գրանցման համարը.
գ) իրավական ակտի գրանցման ամսաթիվը, ամիսը և տարին.
դ) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց մեջ փոփոխություն է կատարում տվյալ իրավական ակտը.
ե) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց ուժը կորցրած է ճանաչում տվյալ իրավական ակտը:
Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատում է կառավարությունը:
Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ հրապարակման ուղարկվելու հերթականության:
Հոդված 8. Նախարարությունների և այլ գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը սահմանում է կառավարությունը, իսկ «Արցախբանկ» բաց բաժնետիրական ընկերության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը՝ «Արցախբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը:
Հոդված 9. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակումը իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
17 մարտի 2000թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-100 |
|