Համարը 
ՀՕ-171
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
08.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.01.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.06.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

դեկտեմբերի 8-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի /17 մարտի 2000թ./ 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ երկրորդ և երրորդ մասերով.

«Հրապարակման ենթակա չեն միայն իրավական նորմատիվ այն ակտերը կամ դրանց առանձին մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պարբերականի հրատարակումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է ամիսը առնվազն մեկ անգամ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» բաժանորդագրությունն ազատ է:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ բաժինների հրապարակվում են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները.

2) մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

3) Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները.

4) Ազգային ժողովի նորմատիվ որոշումները.

5) կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները.

6) գերատեսչական նորմատիվ ակտերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի որոշումներով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 6. Օրենքները և սույն օրենքի 1-ին հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը /բացառությամբ գերատեսչական նորմատիվ ակտերի/` դրանք ընդունվելու/ ստորագրվելու կամ վավերացվելու/ օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում հրապարակման համար ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նորմատիվ իրավական ակտի տեքստը պետք է ներկայացվի նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածից հանել «, իսկ «Արցախբանկ» բաց բաժնետիրական ընկերության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը` «Արցախբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը» բառերը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

10 հունվարի 2005թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-171