Համարը 
ՀՕ-100
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.02.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.03.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.03.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.06.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումների, գերատեսչական նորմատիվ ակտերի կոդավորման, հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը:

 

Հոդված 2. Նորմատիվ իրավական է այն ակտը, որը սահմանում, վերացնում կամ փոփոխում է ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի, իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ:

 

Հոդված 3. Օրենքների և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ իրավական ակտերի հրատարակումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» պարտադիր է և համարվում է պաշտոնական հրապարակում:

Հրապարակման ենթակա չեն միայն իրավական նորմատիվ այն ակտերը կամ դրանց առանձին մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պարբերականի հրատարակումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(3-րդ հոդվածը լրաց. 08.12.2004 ՀՕ-171)

 

Հոդված 4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է ամիսը առնվազն մեկ անգամ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» բաժանորդագրությունն ազատ է:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ բաժինների հրապարակվում են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները.

2) մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

3) Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները.

4) Ազգային ժողովի նորմատիվ որոշումները.

5) կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները.

6) գերատեսչական նորմատիվ ակտերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի որոշումներով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

(4-րդ հոդվածը խմբ. 08.12.2004 ՀՕ-171)

 

Հոդված 5. Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 10 օր հետո, եթե տվյալ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ:

 

Հոդված 6. Օրենքները և սույն օրենքի 1-ին հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը /բացառությամբ գերատեսչական նորմատիվ ակտերի/` դրանք ընդունվելու/ ստորագրվելու կամ վավերացվելու/ օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում հրապարակման համար ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նորմատիվ իրավական ակտի տեքստը պետք է ներկայացվի նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով:

(6-րդ հոդվածը խմբ. 08.12.2004 ՀՕ-171)

 

Հոդված 7. Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակելիս նշվում է դրանց կոդը, անվանումը, ընդունման, վավերացման կամ ստորագրման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն ստորագրող անձի պաշտոնը, անվան սկզբնատառն ու ազգանունը, գրանցման համարը:

Իրավական ակտի կոդը պարունակում է՝

ա) իրավական ակտի տեսակը բնորոշող կոդը.

բ) իրավական ակտի գրանցման համարը.

գ) իրավական ակտի գրանցման ամսաթիվը, ամիսը և տարին.

դ) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց մեջ փոփոխություն է կատարում տվյալ իրավական ակտը.

ե) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց ուժը կորցրած է ճանաչում տվյալ իրավական ակտը:

Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատում է կառավարությունը:

Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ հրապարակման ուղարկվելու հերթականության:

 

Հոդված 8. Նախարարությունների և այլ գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը սահմանում է կառավարությունը:

(8-րդ հոդվածը փոփ. 08.12.2004 ՀՕ-171)

 

Հոդված 9. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակումը իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

17 մարտի 2000թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-100