ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մասին օրենսդրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության (այսուհետ՝ դատախազություն) լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, իսկ կազմակերպման և գործունեության կարգը՝ նաև սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության, քրեական կատարողական օրենսգրքերով և այլ իրավական ակտերով:
|
Հոդված 2. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Դատախազ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, օգնականները, բոլոր ստորադաս դատախազները, նրանց տեղակալներն ու օգնականները, բաժինների պետերը, նրանց տեղակալները և դրանց կառուցվածքում գործող դատախազները:
Դատախազության մարմիններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազությունը, գլխավոր դատախազության բաժինները, Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը, շրջանների դատախազությունները և զինվորական կայազորների դատախազությունները:
Դատախազության աշխատակից՝ դատախազներ, դատախազության քննիչներ, դատախազության գիտաուսումնական հաստատությունների աշխատողներ, որոնց շնորհվում է դասային աստիճան:
|
Հոդված 3. |
Դատախազության խնդիրները |
Դատախազությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝
1. հանցավոր ոտնձգություններից պաշտպանում է մարդու, քաղաքացիների, իրավաբանական անձանց և պետության իրավունքներն ու օրինական շահերը.
2. հանցավոր ոտնձգություններից պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգը, հասարակական կարգը և անվտանգությունը.
3. միջոցներ է ձեռնարկում օրինականությունն ամրապնդելու, օրենքների կատարումն ապահովելու, օրինախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու և վերացնելու համար:
|
Հոդված 4. |
Դատախազության լիազորությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան դատախազությունը՝
1. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում.
2. հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ.
3. օրենքով սահմանված կարգով լուծում է կալանավորման, բնակարանի խուզարկության թույլտվության, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հարցերը.
4. դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
5. պետական շահերի պաշտպանության նպատակներով դիմումների և բողոքների դեպքում կազմակերպում է ստուգումներ օրինականության պահպանման վերաբերյալ և պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
6. բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
7. հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ.
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազները համակարգում են հանցագործությունների դեմ պայքարի և նրանց բացահայտման ուղղությամբ ներքին գործերի, ազգային անվտանգության, հարկային վարչության և այլ իրավապահ մարմինների գործունեությունը:
Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս դատախազն ապահովում է համապատասխան մարմինների համագործակցությունը:
Դատախազության մարմինների վրա չեն կարող դրվել պարտականություններ, որոնք չեն բխում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից և սույն օրենքից:
|
Հոդված 5. |
Դատախազության կազմակերպման և գործունեության սկզբունքները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը:
Դատախազական գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով կարգավորվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է:
Դատախազության գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա:
Գլխավոր դատախազը և նրա տեղակալները վերադաս են շրջանների, Ստեփանակերտ քաղաքի և կայազորների զինվորական դատախազների նկատմամբ:
Դատախազության յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը ղեկավարում է այն գլխավորող դատախազը:
Դատախազության մարմինները՝
1. իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են և ղեկավարվում են միայն օրենքով.
2. գործում են հրապարակայնորեն այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը:
Գլխավոր դատախազը Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաղորդում դատախազության գործունեության մասին:
Դատախազության մարմիններում չի թույլատրվում կուսակցությունների գործունեությունը:
Դատախազության մարմինների աշխատակիցները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
|
Հոդված 6. |
Դատախազության գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը |
Ապօրինի որոշում ընդունելու նպատակով դատախազի նկատմամբ ներգործության, ինչպես նաև դատախազության գործունեության խոչընդոտման ցանկացած դրսևորում առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Դատախազը, քննիչը, պարտավոր չեն բացատրություններ տալ իրենց վարույթում գտնվող գործերի, նյութերի վերաբերյալ, ինչպես նաև դրանք տրամադրել ծանոթանալու այլ կերպ, քան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
|
Հոդված 7. |
Դատախազի պահանջների կատարման պարտադիր լինելը |
Դատախազի լիազորություններից բխող նրա օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման:
Դատախազը սահմանադրական իր լիազորությունների շրջանակում իրավունք ունի քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով անվճար ծանոթանալ անհրաժեշտ փաստաթղթերի բնագրերին, պատճենահանել դրանք և ստանալ պահանջվող տեղեկություններ:
Վերոհիշյալ պահանջները չկատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
|
Հոդված 8. |
Դատախազի մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին |
Գլխավոր դատախազն իրավունք ունի մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերին: Դատախազն իրավունք ունի մասնակցել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին:
Գ Լ ՈՒ Խ 2
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
|
Հոդված 9. |
Դատախազության մարմինների համակարգը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը կազմված է գլխավոր դատախազությունից և ստորև նշված կառուցվածքային ստորաբաժանումներից՝
Ստեփանակերտ քաղաքի դատախազություն.
Ասկերանի շրջանի դատախազություն.
Մարտունու շրջանի դատախազություն.
Մարտակերտի շրջանի դատախազություն.
Հադրութի շրջանի դատախազություն.
Շուշիի շրջանի դատախազություն.
Քաշաթաղի շրջանի դատախազություն.
Շահումյանի շրջանի դատախազություն.
Ասկերանի կայազորի զինվորական դատախազություն.
Մարտունու կայազորի զինվորական դատախազություն.
Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն:
|
Հոդված 10. |
Գլխավոր դատախազությունը |
Գլխավոր դատախազությունը կազմված է հետևյալ բաժիններից՝
- պետական շահերի պաշտպանության բաժին.
- քննչական բաժին.
- դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժին.
- պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող բաժին:
Գլխավոր դատախազության այլ բաժինները ստեղծվում են գլխավոր դատախազի հրամանով:
Բաժինները ղեկավարում են բաժնի պետերը: Բաժիններում կան ավագ դատախազներ, դատախազներ, ավագ քննիչներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազն ունի ավագ օգնականներ, օգնականներ, դատախազ-քրեագետ, իրեն առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության նստավայրը Ստեփանակերտ քաղաքն է:
|
Հոդված 11. |
Գլխավոր դատախազը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմինների ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի հրամանները, ցուցումները, կարգադրությունները պարտադիր են դատախազության բոլոր աշխատողների համար:
Գլխավոր դատախազը կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի բացակայության դեպքում նրա պարտականությունները իրականացնում է տեղակալներից մեկը:
Գլխավոր դատախազը սահմանում է դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպական կառուցվածքը և հաստիքները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ դատախազության աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում, ինչպես նաև դատախազության համակարգում հաշվետվությունների ձևավորման, ներկայացման և դատախազության աշխատակիցների ատեստավորման կարգը:
Բացի այդ, գլխավոր դատախազը՝
1. պաշտպանում է իր բերած բողոքը գերագույն դատարանում կամ բողոքը պաշտպանելու համար լիազորում է այլ դատախազի.
2. առաջին ատյանի դատարանում և գերագույն դատարանի վերաքննիչ ատյանում պաշտպանում է մեղադրանքը, կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը, կամ պաշտպանում է գերագույն դատարանի վերաքննիչ ատյան բերված բողոքը, ինչպես նաև մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը մասնակցելու կամ գերագույն դատարանի վերաքննիչ ատյան բերված բողոքը պաշտպանելու համար լիազորում է այլ դատախազի.
3. ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք.
4. իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
|
Հոդված 12. |
Գլխավոր դատախազի տեղակալը |
Գլխավոր դատախազի տեղակալը՝
1. համակարգում է գլխավոր դատախազի կողմից իրեն հանձնարարված բնագավառի աշխատանքները.
2. պաշտպանում է իր բերած բողոքը գերագույն դատարանում կամ բողոքը պաշտպանելու համար լիազորում է այլ ստորադաս դատախազի.
3. առաջին ատյանի դատարանում և գերագույն դատարանի վերաքննիչ ատյանում պաշտպանում է մեղադրանքը կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության իր հարուցած հայցի քննությանը կամ պաշտպանում է գերագույն դատարանի վերաքննիչ ատյան բերած բողոքը, ինչպես նաև մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը մասնակցելու կամ գերագույն դատարանի վերաքննիչ ատյան բերած բողոքը պաշտպանելու համար լիազորում է այլ ստորադաս դատախազի.
4. իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
|
Հոդված 13. |
Գլխավոր դատախազության բաժնի պետը |
Գլխավոր դատախազության բաժնի պետը՝
1. կազմակերպում է ղեկավարած բաժնի աշխատանքները.
2. ապահովում է գլխավոր դատախազի հրամանների, կարգադրությունների և ցուցումների կատարումը.
3. անհրաժեշտության դեպքում գերագույն դատարանում պաշտպանում է գլխավոր դատախազի և նրա տեղակալների բերած բողոքները կամ վերջիններիս հանձնարարությամբ մասնակցում է առաջին ատյանի դատարանում և գերագույն դատարանի վերաքննիչ ատյանում մեղադրանքի պաշտպանությանը կամ պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը.
4. առաջարկներ է ներկայացնում բնագավառը համակարգող գլխավոր դատախազի տեղակալին՝ բաժնի աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազության բաժնի պետը իր ղեկավարած բաժնի գործունեության համար պատասխանատվություն է կրում բնագավառը համակարգող գլխավոր դատախազի տեղակալի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի առջև:
|
Հոդված 14. |
Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազությունը |
Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազությունը կազմված է՝
- շրջանի (քաղաքի) դատախազից.
- դատախազի տեղակալից.
- դատախազի ավագ օգնականներից և օգնականներից.
- ավագ քննիչներից և քննիչներից.
- դատախազության աշխատակազմից:
|
Հոդված 15. |
Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազը |
Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազը՝
1. ղեկավարում է շրջանի (քաղաքի) դատախազության աշխատանքները.
2. առաջին ատյանի դատարանում և գերագույն դատարանի վերաքննիչ ատյանում պաշտպանում է մեղադրանքը կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը կամ մեղադրանքի պաշտպանությունը կամ պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը մասնակցելը հանձնարարում է այլ ստորադաս դատախազի.
3. պաշտպանում է իր կամ վերադաս դատախազի բերած բողոքը վերադաս դատարանում.
4. իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
|
Հոդված 16. |
Կայազորի զինվորական դատախազությունը |
Կայազորի զինվորական դատախազությունը կազմված է՝
- կայազորի զինվորական դատախազից.
- դատախազի տեղակալից.
- դատախազի ավագ օգնականներից և օգնականներից.
- ավագ քննիչներից և քննիչներից.
- դատախազության աշխատակազմից:
|
Հոդված 17. |
Կայազորի զինվորական դատախազը |
Կայազորի զինվորական դատախազը՝
1. ղեկավարում է կայազորի դատախազության աշխատանքները.
2. առաջին ատյանի դատարանում և գերագույն դատարանի վերաքննիչ ատյանում պաշտպանում է մեղադրանքը կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը կամ մեղադրանքի պաշտպանությանը կամ պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը մասնակցելը հանձնարարում է այլ ստորադաս դատախազի.
3. պաշտպանում է իր կամ վերադաս դատախազի բերած բողոքը վերադաս դատարանում.
4. իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
|
Հոդված 18. |
Դատախազների և քննիչների նշանակման և ազատման կարգը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ խորհրդակցելուց հետո նշանակում և ազատում է գլխավոր դատախազին:
Գլխավոր դատախազի տեղակալներին նշանակում և ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը գլխավոր դատախազի ներկայացմամբ:
Կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին նշանակում և ազատում է գլխավոր դատախազը` Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
Մյուս դատախազներին և քննիչներին նշանակում և ազատում է գլխավոր դատախազը՝ սույն օրենքով սահմանված կարգով:
Դատախազ կամ քննիչ չի կարող լինել հանցագործության համար դատապարտված անձը:
Գլխավոր դատախազի տեղակալ, Ստեփանակերտ քաղաքի դատախազ, շրջանի դատախազ, ինչպես նաև կայազորի զինվորական դատախազ կարող է լինել 30 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ:
Քննիչ և դատախազի օգնական կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, ըստ մասնագիտության գործնական աշխատանքի փորձ չունենալու դեպքում՝ մեկ տարվա ընթացքում անցել է ստաժավորում և ատեստավորվել քննիչի, դատախազի օգնականի պաշտոնում աշխատելու համար:
Գլխավոր դատախազի տեղակալը կամ այլ ստորադաս դատախազը ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝
- սեփական ցանկությամբ.
- առողջական վիճակի պատճառով՝ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.
- այլ պաշտոնում ընտրվելու կամ իր ցանկությամբ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ.
- 65 տարին լրանալու դեպքում.
- նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելու կապակցությամբ.
- ծառայողական անհամապատասխանության դեպքում:
|
Հոդված 19. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության կոլեգիան |
Դատախազությունում, գլխավոր դատախազի գլխավորությամբ, ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են գլխավոր դատախազի տեղակալները և գլխավոր դատախազի կողմից նշանակվող այլ դատախազներ:
Դատախազության կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրամաններով:
Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
|
Հոդված 20. |
Քրեական հետապնդման հարուցումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատախազը հարուցում է քրեական հետապնդում՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
Քրեական հետապնդման հարուցման հիմքերի բացակայության և օրենքով նախատեսված այլ դեպքերում դատախազը մերժում է քրեական հետապնդման հարուցումը:
Դատախազը քրեական հետապնդում հարուցում է իր նախապատրաստած նյութերով կամ դատարանի միջնորդության հիման վրա: Դատախազը կարող է քրեական հետապնդում հարուցել նաև հետաքննության մարմնի կամ քննիչի նախապատրաստած նյութերով:
Դատախազությունը պարտավոր է ստուգել հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ հայտարարություններն ու հաղորդումները կամ ստուգման համար դրանք ուղարկել համապատասխան մարմիններին:
Քրեական հետապնդում հարուցելիս դատախազը գործով նախաքննության կատարումը հանձնարարում է քննիչին կամ գործն ընդունում է իր վարույթ:
|
Հոդված 21. |
Հսկողությունը նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ |
Դատախազությունը նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորություններից, իրականացնում է նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում:
Նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
|
Հոդված 22. |
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում |
Դատախազը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պաշտպանում է մեղադրանքն առաջին ատյանի դատարանում և գերագույն դատարանի վերաքննիչ ատյանում:
Քրեական գործի կարճման վերաբերյալ գանգատի առկայության դեպքում դատախազը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանում պաշտպանում է գործի կարճման հիմնավորվածությունը:
Քրեական գործը դատարանում քննելիս դատախազը կրում է ապացուցման պարտականություն, և նրա մասնակցությունը պարտադիր է:
|
Հոդված 23. |
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը |
Դատախազը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պետության շահերին վնաս պատճառելու փաստերը հայտնաբերելու և դատարան պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար:
Պետական շահերին վնաս պատճառելու մասին հայտարարություն, հաղորդում կամ որևէ կարգով ահազանգ ստանալուց դատախազը կատարում է անհրաժեշտ ստուգումներ:
Մինչև պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը դատախազն իրավունք ունի նախազգուշացնել համապատասխան մարմիններին և անձանց հայց հարուցելու մասին և պահանջ ներկայացնել պատճառված վնասը սահմանված կարգով հատուցելու մասին:
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելիս դատախազն իրավունք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում ստուգել պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները, պետական մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին առաջարկել կատարելու ստուգումներ, նշանակել փորձաքննություններ:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք և քաղաքացիները պարտավոր են դատախազի պահանջով ներկայացնել համապատասխան նյութեր, փաստաթղթեր, տալ անհրաժեշտ բացատրություններ և պարզաբանումներ:
|
Հոդված 24. |
Դատարանի վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը |
Գլխավոր դատախազը, ինչպես նաև իրենց իրավասության շրջանակներում նրան ենթակա դատախազները բողոքարկում են դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումները քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով:
Դատախազն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում իրավունք ունի դատարանից պահանջելու ցանկացած գործ, որի վերաբերյալ վճիռը, դատավճիռը կամ որոշումը մտել են օրինական ուժի մեջ:
Դատախազը դատարանի վճիռը, դատավճիռը կամ որոշումը համարելով անօրինական կամ չհիմնավորված, բողոք է բերում վերադաս դատարան, իսկ եթե դա դուրս է գալիս իր իրավասության սահմաններից, բողոք բերելու միջնորդությամբ դիմում է վերադաս դատախազին:
Դատարանի վճռի, դատավճռի կամ որոշման դեմ բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերող դատախազը կամ գլխավոր դատախազը՝ մինչև դատարանի կողմից բողոքի քննությունը:
|
Հոդված 25. |
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունը |
Գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազները հսկողություն են իրականացնում ձերբակալվածներին պահելու, նախնական կալանքի և ազատազրկման վայրերում, ինչպես նաև ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների և դատարանների կողմից նշանակվող հարկադրանքի այլ միջոցների կիրառման ընթացքում օրենքների պահպանման նկատմամբ:
Վերոհիշյալ լիազորությունն իրականացնելիս դատախազն իրավունք ունի՝
1. ցանկացած ժամանակ անարգել այցելել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերը.
2. ծանոթանալ փաստաթղթերի հետ, որոնց հիման վրա անձը ձերբակալվել կամ կալանավորվել է, դատապարտվել կամ ենթարկվել է հարկադրանքի միջոցների.
3. ստուգել պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի հրամանների, կարգադրությունների և որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, կասեցնել օրենքին հակասող ակտերի կատարումը և վերացնել դրանք, դրանց կապակցությամբ բացատրություններ պահանջել համապատասխան պաշտոնատար անձանցից.
4. հարցման ենթարկել ձերբակալվածներին, կալանավորվածներին, դատապարտյալներին, հարկադիր բուժման և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց.
5. վերացնել կալանավորված, ինչպես նաև ազատազրկման վայրերում պահվող անձանց նկատմամբ օրենսդրության խախտմամբ նշանակված կարգապահական տույժերը, իր որոշմամբ անհապաղ ազատել նրանց տուգանային և կարգապահական մեկուսարաններից.
Դատախազը պարտավոր է իր որոշմամբ անհապաղ ազատել ազատազրկման վայրերում կամ հարկադրական բնույթի միջոցներ կիրառող հիմնարկներում ապօրինի պահվող, ինչպես նաև ձերբակալման, նախնական կալանքի վայրերում կամ դաստիարակչական հիմնարկներում անօրինական պահվող յուրաքանչյուր անձի:
Ձերբակալվածներին, կալանավորվածներին, ազատազրկման և այլ պատժամիջոցների դատապարտվածներին, ինչպես նաև հարկադրանքի այլ միջոցների երթարկված անձանց պահելու՝ օրենքով սահմանված կարգի և պայմանների կիրառման վերաբերյալ դատախազի որոշումներն ու պահանջները ենթակա են պարտադիր կատարման համապատասխան հաստատությունների ղեկավարների կողմից:
Գ Լ ՈՒ Խ 4
ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
|
Հոդված 26. |
Դատախազական ակտերը |
Իր լիազորություններն իրականացնելիս դատախազն անում է նախազգուշացում, ընդունում որոշում, բերում բողոք, ներկայացնում միջնորդագիր և հայցային դիմում:
|
Հոդված 27. |
Դատախազի նախազգուշացումը |
Նախապատրաստվող կամ կատարվող իրավախախտման մասին տվյալների առկայության դեպքում դատախազն օրենքի խախտման անթույլատրելիության մասին գրավոր նախազգուշացնում է պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին:
|
Հոդված 28. |
Դատախազի միջնորդագիրը |
Իրավախախտում ծնող պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով դատախազը միջնորդագիր է ներկայացնում դրանք վերացնելու լիազորություն ունեցող մարմիններին կամ պաշտոնատար անձանց:
Միջնորդագիրը ենթակա է անհապաղ քննարկման, որի արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հայտնվում է դատախազին:
|
Հոդված 29. |
Դատախազի որոշումը |
Իրավախախտումների բնույթից ելնելով՝ դատախազը որոշում է ընդունում քրեական հետապնդում կամ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:
Դատախազը որոշում է ընդունում նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի որոշումը կայացվում է սույն օրենքի 20 հոդվածով նախատեսված կարգով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դատախազի որոշումը ենթակա է քննարկման իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից ոչ ուշ, քան որոշումն ընդունելուց հետո 10 օրյա ժամկետում, եթե այն չի գանգատարկվում վերադաս դատախազին:
Որոշման գանգատարկումը չի կասեցնում դրա կատարումը:
Քննարկման արդյունքների մասին գրավոր հայտնվում է դատախազին:
|
Հոդված 30. |
Դատախազի բողոքը |
Իր իրավասության սահմաններում դատախազը բողոք է բերում դատարանի անօրինական և չհիմնավորված վճռի, դատավճռի և որոշման դեմ:
Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը կատարվում է սույն օրենքի 24 հոդվածով սահմանված կարգով:
|
Հոդված 31. |
Հայցային դիմում |
Դատախազն իր իրավասության սահմաններում, առանց պետական տուրք վճարելու, կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան:
Պետական շահերի պաշտպանության հայցի հարուցումը իրականացվում է սույն օրենքի 23 հոդվածով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
|
Հոդված 32. |
Դատախազության աշխատողների դասային աստիճանները |
Դատախազության աշխատողներին, ներառյալ՝ դատախազության գիտաուսումնական հաստատությունների աշխատողները, իրենց զբաղեցրած պաշտոնների և ունեցած աշխատանքի ստաժի համաձայն շնորհվում են դասային աստիճաններ:
Դատախազության աշխատողների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական խորհրդական.
արդարադատության առաջին դասի պետական խորհրդական.
արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
արդարադատության առաջին դասի խորհրդական.
արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
արդարադատության երրորդ դասի խորհրդական.
առաջին դասի իրավաբան.
երկրորդ դասի իրավաբան.
երրորդ դասի իրավաբան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի, արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում է Հանրապետության Նախագահը՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ:
Մյուս դասային աստիճանները շնորհվում են գլխավոր դատախազի հրամանով:
Դատախազության դասային աստիճան ունեցող աշխատողները սահմանված կարգով ստանում են լրացուցիչ վարձատրություն:
|
Հոդված 33. |
Դատախազների և քննիչների անձեռնմխելիությունը |
Դատախազի կամ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն գլխավոր դատախազը:
Դատախազների և քննիչների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդումների և դիմումների ստուգումը և քրեական գործի քննությունը մտնում է գլխավոր դատախազության բացառիկ իրավասության մեջ:
|
Հոդված 34. |
Դատախազության աշխատողի անձնական պաշտպանության միջոցները |
Դատախազները, քննիչները, ինչպես նաև գլխավոր դատախազի որոշմամբ դատախազության մյուս աշխատողներն ունեն ծառայողական հրազեն և հատուկ միջոցներ ունենալու, կրելու, պահելու և կիրառելու իրավունք:
Ծառայողական հրազենի և հատուկ միջոցների հատկացման ու պահպանման կարգը որոշվում է գլխավոր դատախազի հրամանով:
|
Հոդված 35. |
Դատախազության աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսման և տույժի միջոցները |
Դատախազության աշխատողների նկատմամբ կիրառվում են հետևյալ խրախուսման միջոցները՝
- շնորհակալություն.
- դրամական պարգևատրում.
- պարգևատրում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով.
- դասային ավելի բարձր աստիճանի շնորհում:
Դատախազության աշխատողների նկատմամբ կիրառվում են հետևյալ տույժի միջոցները՝
- դիտողություն.
- նկատողություն.
- աշխատանքից ազատում:
Խրախուսման միջոցները կիրառում է գլխավոր դատախազը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով պարգևատրելու մասին կանոնադրությունը հաստատում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ դիտողություն կամ նկատողություն կարող է կիրառել գլխավոր դատախազը:
Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների, քննիչների, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով չնշված դատախազների նկատմամբ գլխավոր դատախազը կարող է կիրառել տույժի ցանկացած միջոց:
|
Հոդված 36. |
Դատախազության աշխատողների նյութական և սոցիալական ապահովությունը |
Դատախազների և քննիչների աշխատավարձը բաղկացած է աշխատավարձի պաշտոնեական դրույքից, որակավորման դասից և երկարամյա ծառայության հավելավճարներից:
Գլխավոր դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանվում է օրենքով:
Դատախազության այլ աշխատողների աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:
Դասային աստիճանի համար տրվող հավելավճարներն են՝
|
դասային աստիճան |
հավելավճարի չափը
(նվազագույն ամսական
աշխատավարձով)
|
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարդատության պետական խորհրդական |
15 |
| արդարադատության առաջին դասի պետական խորհրդական |
14 |
| արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական |
13 |
| արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական |
12 |
| արդարադատության առաջին դասի խորհրդական |
11 |
| արդարադատության երկրորդ դասի խորհրդական |
10 |
| արդարադատության երրորդ դասի խորհրդական |
9 |
| առաջին դասի իրավաբան |
8 |
| երկրորդ դասի իրավաբան |
7 |
| երրորդ դասի իրավաբան |
6 |
Մասնագիտական երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարներն են /դատախազություն, ներքին գործերի մարմիններ, արդարադատության համակարգ/՝
| ժամկետը |
հավելավճարի չափը
(պաշտոնեական դրույքի
տոկոսներով) |
| 1-ից մինչև 3 տարի |
5 |
| 3-ից մինչև 5 տարի |
10 |
| 5-ից մինչև 10 տարի |
20 |
| 10-ից մինչև 15 տարի |
30 |
| 15-ից մինչև 20 տարի |
40 |
20 տարվա ծառայությունից հետո յուրաքանչյուր տարի հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, սակայն դրա ընդհանուր չափը չի կարող 50 տոկոսից ավելի լինել:
Դատախազների և քննիչների թոշակավորումն իրականացվում է ներքին գործերի մարմիններում ծառայությունն անցկացնող ղեկավար կազմի անձանց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից կիրառվող պայմաններով, նորմերով և կարգով: Դատախազներին և քննչիներին երկարամյա ծառայության համար թոշակի նշանակման հիմք է հանդիսանում իրավաբանի մասնագիտությամբ այն աշխատանքային ստաժը, որի համար վճարվում է երկարամյա ծառայության հավելավճար: Դատախազներին և քննիչներին աշխատանքի ստաժի կամ հաշմանդամության, ինչպես նաև առողջության կամ հաստիքային փոփոխությունների կապակցությամբ կենսաթոշակի ուղարկելու դեպքում վճարվում է միանվագ նպաստ հետևյալ կարգով՝
10 տարուց պակաս աշխատանքային ստաժի դեպքում՝ 12 ամսվա աշխատավարձի չափով.
10-20 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 18 ամսվա աշխատավարձի չափով.
20 տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում՝ 24 ամսվա աշխատավարձի չափով:
Դատախազներին և քննիչներին աշխատանքից հեռացնելու դեպքում միանվագ նպաստ չի վճարվում:
Դատախազները և քննիչները ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ծառայողական վկայականը ներկայացնելով, անվճար օգտվում են հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներից (բացի տաքսի ավտոմեքենայից):
Դատախազներին և քննիչներին այլ բնակավայր մշտական աշխատանքի նշանակելիս տրվում է իրենց և իրենց ընտանիքների անդամների տեղափոխման հետ կապված ծախսերի հատուցում:
Դատախազին կամ քննիչին պաշտոնում նշանակելուց հետո տարածքային կառավարման մարմինները մեկ ամսվա ընթացքում պարտավոր են ապահովել նրան բարեկարգ բնակելի տարածությունով, եթե նա ունի դրա կարիքը:
Դատախազները և քննիչները ապահովվում են անվճար համազգեստով: Համազգեստի նկարագրությունը և հատկացման կարգը գլխավոր դատախազի ներկայացմամբ որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Սույն հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերի պահանջները տարածվում են նախկինում կենսաթոշակի անցած դատախազների և քննիչների վրա:
(36-րդ հոդվածը լրաց. 22.12.2000 ՀՕ-128)
|
Հոդված 37. |
Դատախազների և քննիչների ապահովագրական երաշխիքներն ու նրանց պատճառված վնասների հատուցման իրավունքները |
Դատախազների և քննիչների կյանքն ու առողջությունը ենթակա են պարտադիր պետական ապահովագրության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նրանց ամսական միջին աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ապահովագրական գումարները վճարվում են հետևյալ դեպքերում՝
1. դատախազի կամ քննիչի մահը ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո, եթե դա վրա է հասել դատախազին կամ քննիչին ծառայական պարտականությունների կատարման կապակցությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու հետևանքով: Այս դեպքում մահացած դատախազի կամ քննիչի ընտանիքին և նրա խնամքի տակ գտնվող անձանց տրվում է ամսական միջին աշխատավարձի հարյուրապատիկի չափով ապահովագրական գումար.
2. դատախազին կամ քննիչին՝ կապված նրա ծառայողական գործունեության հետ, մարմնական վնասվածքներ հասցնելիս, որոնք բացառում են նրա հետագա զբաղվելը մասնագիտական գործունեությամբ՝ վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի հիսունապատիկի չափով ապահովագրական գումար.
3. դատախազին կամ քննիչին՝ կապված նրա ծառայողական գործունեության հետ, մարմնական վնասվածքներ հասցնելիս, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինությանը՝ վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի քսանապատիկի չափով ապահովագրական գումար:
Դատախազին կամ քննիչին նրա մասնագիտական գործունեության հետ կապված մարմնական վնասվածքներ հասցնելիս, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, վճարվում է փոխհատուցում՝ նրա միջին աշխատավարձի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության տեսքով՝ առանց հաշվի առնելու պարտադիր պետական ապահովագրական վճարած գումարները:
Ծառայության ժամանակ կամ դրանից հետո դատախազի կամ քննիչի մահվան դեպքում, եթե այն առաջացել է որպես հետևանք նրան հասցված մարմնական վնասվածքների, կապված դատախազի, դատախազության աշխատակազմի ծառայողի կամ քննիչի ծառայողական գործունեության հետ, նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում մահացածի աշխատավարձից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության տեսքով, առանց հաշվի առնելու պետական պարտադիր ապահովագրությունից ստացած վճարները: Աշխատավարձի նշված մասը որոշելու համար մահացածի միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների՝ ներառյալ՝ աշխատունակները, թվի վրա:
Դատախազին կամ քննիչին, կամ ընտանիքին պատկանող գույքի ոչնչացումը կամ վնասվածքը՝ կապված նրա ծառայողական գործունեության հետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով ենթակա է հատուցման լրիվ ծավալով՝ ներառյալ բաց թողնված օգուտը:
Սույն հոդվածի 3-ից 5-րդ մասերում նախատեսված վնասները հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 38. |
Դատախազության գիտաուսումնական հաստատությունները |
Գլխավոր դատախազը կարող է դատախազության կադրերի որակավորման բարձրացման նպատակով ստեղծել կամ կազմավորել գիտաուսումնական հաստատություններ:
Դատախազության կազմակերպման և գործունեության բարելավմանն ուղղված գիտական առաջարկություններ մշակելու, իրավական փաստաթղթեր նախապատրաստելու և այլ մեթոդական օգնություն ցույց տալու համար գլխավոր դատախազն իրեն կից ստեղծում է գիտամեթոդական խորհուրդ:
|
Հոդված 39. |
Դատախազության ֆինանսավորումը |
Դատախազության ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
|
Հոդված 40. |
Դատախազության մարմինների կնիքը |
Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներն ունեն կնիք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվանմամբ:
|
Հոդված 41. |
Դատախազության արտաքին կապերը |
Դատախազության փոխհարաբերություններն այլ պետությունների դատախազությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
|
Հոդված 42. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրառվում են 2000 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած են համարվում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մասին» 1995 թվականի մարտի 20-ի օրենքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական դատախազության մասին կանոնադրությունը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
17 մարտի 2000թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-101 |
|