ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
”20” ՀՈՒՆԻՍԻ 1995թ. |
N 119 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ առողջապահության նախարարության կանոնադրության և կառուցվածքի հաստատման մասին
ԼՂՀ կառավարությունը որոշում է`
1. Հաստատել ԼՂՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը /կցվում են/:
2. ԼՂՀ առողջապահության նախարարության կենտրոնական աշխատակազմի հաստիքների թիվը սահմանել 12 միավոր:
3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ՊՊԿ-ի 1993 թվականի փետրվարի 8-ի «ԼՂՀ առողջապահության նախարարության կանոնադրության և կառուցվածքի հաստատման մասին» թիվ 151 որոշումը:
| ԼՂՀ վարչապետ |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է`
ԼՂՀ կառավարության
1995թ. «20» հունիսի
թիվ 119 որոշմամբ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը
Ընդհանուր դրույթներ
1.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը, ԼՂՀ սահմանադրությանը համապատասխան, ստեղծվում է ԼՂՀ նախագահի հրամանագրով և իրականացնում է առողջապահության համակարգի կառավարումը` ենթարկվելով ԼՂՀ կառավարությանը:
1.2. ԼՂՀ առողջապահության նախարարությունը պատասխանատվություն է կրում առողջապահության համակարգի վիճակի և դրա հետագա զարգացման համար: Ապահովում է բնակչության բուժական կանխարգելիչ /ախտականխիչ/ օգնությունը սանիտարահամաճարակային անհրաժեշտ միջոցառումների կատարումը, ինչպես նաև` ստացիոնար և ամբուլատոր բուժման իրականացումը:
ԼՂՀ առողջապահության նախարարության խնդիրներն ու գործառույթները /ֆունկցիաները/
2. ԼՂՀ առողջապահության նախարարության հիմնական խնդիրներն են`
2.1. Բնակչության բուժական կանխարգելիչ օգնության կազմակերպման ղեկավարումը, բուժական գործի մշտական բարելավումը, բժշկական գիտության և տեխնիկայի նվաճումների կիրառմամբ ախտորոշման և հիվանդությունների բուժման առավել արդյունավետ մեթոդների օգտագործման ապահովումը, բուժհիմնարկների ցանցի զարգացման, ինչպես նաև դրանց ճիշտ տեղաբաշխման կազմակերպումը:
2.2. Հանրապետության բոլոր հիմնարկներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում առողջապահության ախտականխիչ միջոցառումների կոորդինացումը և վերահսկողությունը բնակչության առողջության պահպանման ու նրանց բուժսպասարկման աշխատանքների բարելավման գործում:
2.3. Սանիտարահամաճարակային անհրաժեշտ ախտականխիչ միջոցառումների կատարման ապահովումը, վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելումը, համաճարակային վարակիչ հիվանդությունների աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:
2.4. Դպրոցներում, մանկապարտեզներում, մանկամսուրներում և ճամբարներում, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից, երեխաների բուժսպասարկման գործընթացի վերահսկողությունը:
2.5. Մայրության և մանկության պաշտպանության միջոցառումների մշակումը և իրավական աջակցության կազմակերպումը նրանց պաշտպանության գործում:
2.6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպաստելը, մարզական հիմնարկներում բուժական վերահսկողության իրականացումը:
2.7. Բնակչության բուժական-առողջարանային օգնության կազմակերպմանը մասնակցելը:
2.8. Բնակչության սանիտարական լուսավորման աշխատանքների ղեկավարումը:
2.9. Բուժախտականխիչ /պրոֆիլատիկ/ հիմնարկություններին և բնակչությանը դեղամիջոցների բժշկական նշանակության ապրանքների մատակարարման գործի կազմակերպումը:
2.10. Համակարգի աշխատողների սոցիալական պաշտպանվածության ու աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը:
2.11. Նախարարության համակարգում նոր կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման, վերաորակավորման և վերապատրաստման գործի կազմակերպումը:
2.12. Սահմանված կարգով նախարարության համակարգի աշխատողների ատեստավորման կազմակերպումը:
2.13. Պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցումը բնակչության առողջության պահպանման գործում:
2.14. Նախարարության համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդումը:
2.15. Նախարարության համակարգում կատարվող կապիտալ շինարարության, կապիտալ ներդրումների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև նոր կառույցների տեղակայման գործի վերահսկողությունը:
2.16. Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության, արտասահմանյան երկրների բժշկական կենտրոնների հետ կապերի հաստատումը:
2.17. Քաղաքացիների նամակների /դիմումների, բողոքների, գանգատների/ ժամանակին քննարկման, նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի բուժհիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման գործի կազմակերպումն ու վերահսկողությունը:
ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատանքի կազմակերպումը
3. ԼՂՀ առողջապահության նախարարության համակարգն ընդգրկում է հանրապետական առողջապահության բոլոր հիմնարկները, կազմակերպությունները և ձեռնարկությունները:
4. Նախարարությունը համակարգին վերաբերող հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:
5. Նախարարությունն իրականացնում է իրեն հանձնարարված համակարգի պետական սեփականության տնօրինման, տիրապետման և օգտագործման գործառույթները /ֆունկցիաները/: Ապահովում է համակարգի հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանման և դրանց նկատմամբ խնայողության վերաբերմունքի դրսևորումը:
6. ԼՂՀ առողջապահության նախարարությունը ղեկավարվում է ԼՂՀ նախագահի հրամանագրերով , ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ Գերագույն խորհրդի /խորհրդարանի/ որոշումներով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև` սույն կանոնադրությամբ, ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է նախարարության համակարգի բոլոր հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:
7. ԼՂՀ առողջապահության նախարարությունը հանրապետության մյուս նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ անհրաժեշտության դեպքում հրապարակում են հրամաններ և հրահանգներ: Նախարարությունը ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման գործափորձը /պրակտիկան/ առողջապահության համակարգում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում ԼՂՀ կառավարություն:
8. Նախարարության համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուդորդման սկզբունքի հիման վրա` առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց ճշտորոշ պատասխանատվության սահմանումով:
9. ԼՂՀ առողջապահության նախարարությունը գլխավորում է առողջապահության նախարարը, որը նշանակվում է ԼՂՀ նախագահի կողմից` ԼՂՀ կառավարության նախագահի ներկայացմամբ:
ԼՂՀ առողջապահության նախարարն ունի տեղակալ, որը նշանակվում է ԼՂՀ կառավարության կողմից` նախարարի ներկայացմամբ:
10. ԼՂՀ առողջապահության նախարարը`
10.1. Պատասխանատվություն է կրում նախարարության վրա դրված խնդիրների և գործառույթների /ֆունկցիաների/ կատարման համար:
10.2. Սահմանում է նախարարի տեղակալի, գլխավոր մասնագետների, բուժհիմնարկների և նախարարության կառուցվածքային մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարության համակարգի բոլոր բուժհիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար:
10.3. Հաստատում է նախարարության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը, հաստիքային ցուցակը:
10.4. Սահմանում է նախարարության կոլեգիայի թվակազմը և կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը:
10.5. Հրավիրում և վարում է նախարարության կոլեգիայի նիստերը:
10.6. Իրականացնում է օրենսդրությամբ նախարարությանը տրված այլ իրավասություններ:
10.7. Նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության կառուցվածքի բուժհիմնարկների կազմակերպությունների ղեկավարներին և նրանց տեղակալներին` համաձայնեցնելով համապատասխան շրջանների, Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի հետ:
10.8. Նախարարի ժամանակավոր բացակայության դեպքերում նախարարի պարտականությունները կատարում է առողջապահության նախարարի տեղակալը:
11. ԼՂՀ առողջապահության նախարարության կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը /նախագահ/, նախարարի տեղակալը, նախարարության համակարգի այլ ղեկավար պատասխանատու աշխատողներ: Կոլեգիայի նիստերը անցկացվում են յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ:
12. ԼՂՀ առողջապահության նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում առողջապահության համակարգի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է կազմակերպությունների և բուժհիմնարկների գործնական ղեկավարման, հանձնարարականների կատարման ստուգման, վերահսկողության, կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է նախարարության բաժինների, նախարարության համակարգի կազմակերպությունների ու բուժհիմնարկների հաշվետվությունները:
13. Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը: Կոլեգիայի անդամներն իրավունք ունեն տարաձայնության մասին իրենց կարծիքը հայտնել ԼՂՀ կառավարությանը:
14. Առողջապահության նախարարությունը, համապատասխան իրավասու մարմինների հետ համաձայնեցված, ստեղծում, վերակազմավորում և լուծարում է իր ենթակայության բուժհիմնարկներն կազմակերպությունները` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. ԼՂՀ առողջապահության նախարարությունը հաստատում է նախարարության համակարգի բուժհիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները:
16. ԼՂՀ առողջապահության նախարարության կենտրոնական աշխատակազմի տարեկան աշխատավարձի ֆոնդը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից:
17. ԼՂՀ առողջապահության նախարարությունն իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, բանկերում` համապատասխան հաշիվներ:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1995թ. «20» հունիսի
թիվ 119 որոշմամբ |
ԼՂՀ առողջապահության նախարարության կառուցվածքը
Նախարարության աշխատակազմը
Գլխավոր մասնագետներ
Կենտրոնացված հաշվապահություն
Ընդհանուր բաժին
Միավորումները և հանրապետական կազմակերպությունները
«Արցախդեղագործություն» պետական միավորում
Սանիտարահամաճարաբանական կայան
Բուժախտականխիչ հիմնարկներ`
- Հանրապետական հիվանդանոց
- Հանրապետական մանկական հիվանդանոց
- Հանրապետական ախտորոշման կենտրոն
- Ծննդատուն
- Պոլիկլինիկա
- Ատամնաբուժական /ստոմոտոլոգիական/ պոլիկլինիկա
- Ուռուցքաբանական դիսպանսեր
- Հոգենյարդաբանական դիսպանսեր
- Մաշկավեներոլոգիական դիսպանսեր
- Հակապալարախտային դիսպանսեր
- Նարկալոգիական /թմրաբանական/ դիսպանսեր
- Արյան փոխներարկման կայան
- Դատաբժշկական փորձաքննական գրասենյակ
- Գրադարան
- Բժշկական ուսումնարան
Շրջանային և քաղաքային կազմակերպություններ
- Ստեփանակերտի քաղաքային առողջապահության բաժին
- Մարտակերտի կենտրոնական շրջանային հիվանդանոց
- Մարտունու կենտրոնական շրջանային հիվանդանոց
- Հադրութի կենտրոնական շրջանային հիվանդանոց
- Շուշիի կենտրոնական շրջանային հիվանդանոց
- Ասկերանի կենտրոնական շրջանային պոլիկլինիկա
- Քաշաթաղի շրջանային հիվանդանոց