Համարը 
N 209
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.10.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.10.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.03.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“3” հոկտեմբերի 2000թ.

 N 209

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և համակարգում ընդգրկված բուժհիմնարկների ցանկը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության`

ա) կանոնադրությունը (հավելված թիվ 1)

բ) կառուցվածքը (հավելված թիվ 2)

գ) համակարգում ընդգրկված բուժպրոֆիլակտիկ հիմնարկների ցանկը (հավելված թիվ 3):

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության «ԼՂՀ առողջապահության նախարարության կանոնադրության հաստատման մասին» 1995թ. հունիսի 20-ի թիվ 119 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ կառավարության 2000թ.

«3» հոկտեմբերի թիվ 209 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

Առողջապահության նախարարությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և նրա հեռանկարային զարգացման, առողջապահական սոցիալական ուղղվածության, գիտատեխնիկական կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության խնդիրներն են`

 

ա/ առողջապահության համակարգում պետական միասնական քաղաքականության իրականացման միջոցառումների մշակումն ու իրագործումը.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության առողջական վիճակի ուսումնասիրությունը, առողջապահական զարգացման հիմնական ուղղությունների մշակումը, հիվանդությունների, հաշմանդամության և մահացության նվազեցումը, մարդկանց կյանքի տևողության հետագա ավելացմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

գ/ հանրապետության բնակչությանը ցույց տրվող առաջին բժշկական օգնության և սպասարկման ապահովումը.

դ/ բնակչությանը ցույց տրվող բուժկանխարգելիչ և դեղորայքային օգնության կազմակերպում.

ե/ մոր և մանկան առողջության ապահովմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների մշակումը և իրականացումը.

զ/ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միջոցառումների կազմակերպումն ու վերահսկողությունը, պետական հիգիենիկ հակահամաճարակային հսկողության ղեկավարումը:

Նշված խնդիրներից բխող` նախարարության հիմնական գործառույթներն են`

ա/ բնակչության բուժօգնության և բուժսպասարկման կազմակերպումը.

բ/ տեսական և գործնական բժշկության կարևորագույն ուղղություններում գիտահետազոտական աշխատանքների կատարման կոորդինացումը, բժշկության նվաճումների ներդրման ապահովումը գործնական առողջապահության մեջ.

գ/ գիտամեթոդական և խորհրդակցական օգնության կազմակերպումը.

դ/ առողջապահության կազմակերպման և կատարելագործման հարցերի վերաբերյալ մեթոդական ցուցումների հաստատումը, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի նախագծերի մշակումը և դրանց ներկայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը.

ե/ առողջապահության բնագավառում միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների հետ համագործակցությունը.

զ/ բուժտեխնիկայի և բժշկական նշանակության այլ արտադրանքի ստեղծման ու ներդրման աշխատանքների կազմակերպումը.

է/ Լեռնային Ղարաբաղ ներմուծվող դեղորայքի տեսակի և որակի նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպումը.

ը/ բժշկական և դեղագործական հիմնարկների աշխատանքի վերահսկումը, բուժաշխատողների և դեղագործների պատրաստման ու վերապատրաստման գործընթացի կարգավորումը.

թ/ բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորումը.

ժ/ հաշվառման և հաշվետվությունների վարման ու դրանց հավաստիության վերահսկումը.

ի/ այլ նախարարությունների և գերատեսչությունների համակարգերում ինչպես նաև ոչ պետական բուժհիմնարկներում բուժական և սանիտարական գործի դրվածքի նկատմամբ վերահսկողության ապահովումը.

լ/ համակարգի առողջապահական հաստատությունների տեսչավորման կարգի սահմանումը, շրջանի համապատասխան բաժնի, նրան ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության տեսչական ստուգումների` օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացումը.

խ/ առողջապահական բնագավառում գիտական նվաճումների և գիտատեխնիկական փորձի փորձաքննության կազմակերպումը.

ծ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում դեղաբանության, բժշկական սարքերի և տեխնոլոգիաների, օծանելիքագեղարարական և բժշկատեխնիկական արտադրանքի կազմակերպման թույլտվության, գրանցման, կիրառման ու դրանց որակի նկատմամբ վերահսկողության, դեղորայքային քաղաքականության մշակման իրականացումը.

կ/ առողջապահության համակարգի գործունեության տարբեր մոդելների գիտականորեն հիմնավորված փորձի և կազմակերպական նոր ձևերի մշակումն ու ներդրումը.

հ/ շուկայական հարաբերությունների պայմաններում բնակչությանը տրվող առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը.

ձ/ առողջապահական համակարգի բուժհիմնարկներում պետական պատվերի ձևավորման և կատարման ապահովումը.

ղ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը:

 

III. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

 

4. Նախարարությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն միջճյուղային մշակման ու լուծման համար:

5. Առողջապահության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

Նախարարությունը համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

6. Նախարարությունը`

ա/ ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա, և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ/ մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ ու հրահանգներ.

գ/ ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ/ սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե/ իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից ընդունված ակտերը:

7. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքի կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների համապատասխան, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա/ պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ/ սահմանում է նախարարի տեղակալի, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը, նախարարության, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.

գ/ կատարում է նախարարի տեղակալի, վարչությունների և ծառայության պետերի պարտականությունների բաշխում.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը.

ե/ հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

զ/ առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.

է/ կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ը/ կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագիր է կնքում նախարարության համակարգի մեջ մտնող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:

10. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը /նախագահը/, նախարարի տեղակալը ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ: Նախարարության կոլեգիայի կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

12. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

13. Անհրաժեշտության դեպքում գիտության և տեխնիկայի հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու նպատակով նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից, այդ թվում` օտարերկրյա գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

14. Նախարարությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների կատարման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

15. Նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

16. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորներին անդամակցելու համար:

17. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մանսաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:

18. Նախարարությունը թույլտվություն է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

19. Նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

20. Նախարարությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

21. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների /դիմումների ու գանգատների/ ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

22. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ կառավարության 2000թ.

«3» հոկտեմբերի թիվ 209 որոշման

 

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1.ԼՂՀ առողջապահության նախարար

2. ԼՂՀ առողջապահության փոխնախարար

3. Բուժպրոֆիլակտիկ ծառայության բաժին

4. Ֆինանսատնտեսագիտական բաժին

5. Տեղեկատվական վերլուծական բաժին

6. Ընդհանուր և վարչատնտեսական բաժին

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 3

ԼՂՀ կառավարություն 2000թ.

«3» հոկտեմբերի թիվ 209 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԼՂՀ առողջապահության համակարգում ընդգրկված բուժհիմնարկների

 

1. «Հանրապետության հիվանդանոց» ՊՓԲԸ.

2. «Հանրապետական մանկական հիվանդանոց» ՊՓԲԸ.

3. «Հանրապետական ծննդատուն» ՊՓԲԸ.

4. «Հանրապետական ուռուցքաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ.

5. «Հանրապետական հակապալարախտային դիսպանսեր» ՊՓԲԸ.

6. «Հանրապետական հոգենարկոլոգիական դիսպանսեր» ՊՓԲԸ.

7. «Հանրապետական մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՊՓԲԸ.

8. «Դիագնոստիկա» ՊՓԲԸ.

9. «Ստոմատոլոգիա» ՊՓԲԸ.

10. «Արցախդեղագործություն» ՊՓԲԸ.

11. «Արյան փոխներարկման կայան» ՊՓԲԸ.

12. «Քաղաքային պոլիկլինիկա» ՊՓԲԸ.

13. «Շտապ օգնության կայան» ՊՓԲԸ.

14. «Ֆիզկուլտ. դիսպանսեր» ՊՓԲԸ.

15. Դատաբժշկական փորձաքննության բյուրո.

16. Պետական հիգիենիկ համաճարակաբանական ծառայության կենտրոն.

17. «Բժշկական ուսումնարան» ՊՓԲԸ.

18. «Մարտակերտի ԿՇՀ» ՊՓԲԸ.

19. «Մարտունու ԿՇՀ» ՊՓԲԸ.

20. «Հադրութի ԿՇՀ» ՊՓԲԸ.

21. «Շուշիի ԿՇՀ» ՊՓԲԸ.

22. «Ասկերանի ԿՇՀ» ՊՓԲԸ.

23. Մարտունու շրջանային հակահամաճարակային կայան.

24. Մարտակերտի շրջանային հակահամաճարակային կայան.

25. Հադրութի շրջանային հակահամաճարակային կայան.

26. Հադրութի հակաժանտախտային կայան.

27. Շուշիի շրջանային հակահամաճարակային կայան.

28. Ասկերանի շրջանային հակահամաճարակային կայան.

29. Գյուղական բժշկական ամբուլատորիաներ /ԳԲԱ/

30. Գյուղական տեղամասային հիվանդանոցներ /ԳՏՀ/

31. Բուժակամանկաբարձական կետեր /ԲՄԿ/

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ