ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
,, 27 ,, մայիսի 1995թ. |
N 97 |
ք. Ստեփանակերտ
г. Степанакерт
ԼՂՀ ‹‹Արցախկենցաղսպասարկում›› հանրապետական արտադրական միավորման կանոնադրությունը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել ԼՂՀ ‹‹Արցախկենցաղսպասարկում›› հանրապետական արտադրական միավորման կանոնադրությունը (կցվում է):
| ԼՂՀ վարչապետ |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1995 թ. մայիսի 27-ի
N 97 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
‹‹Արցախկենցաղսպասարկում›› հանրապետական արտադրական միավորման
1. Ընդհանուր դրույթներ
1.1. ‹‹Արցախկենցաղսպասարկում›› հանրապետական արտադրական միավորումը (այսուհետև` միավորում) վերանվանվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի 1994 թվականի ապրիլի 28-ի հ. 430 որոշմամբ և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կենցաղային սպասարկման հանրապետական արտադրական միավորման իրավահաջորդը:
Միավորումը ենթարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:
1.2. Միավորումը կենցաղային ծառայությունների մատուցման, բնակչության պատվերներով ժողովրդական սպառման ապրանքների արտադրության և իրացման տնտեսական համակարգ է:
1.3. Միավորումը տնտեսական շահագրգռվածության հիման վրա միավորում է կենցաղային սպասարկման արտադրական, քաղաքային և շրջանային ձեռնարկությունները, շինարարական, նորոգման ձեռնարկությունները, ինչպես նաև` ուսումնաարտադրական հաստատությունները, որոնք համարվում են միավորմանը ենթակա ստորաբաժանումներ:
Միավորման մեջ կարող են մտնել բոլոր տեսակի կոոպերատիվները, անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված անձինք, ինչպես նաև` կոլեկտիվ սեփականատիրական ձեռնարկությունները:
1.4. Միավորման կազմի մեջ մտնող ձեռնարկությունները համատեղ աշխատանքի ընթացքում իրենց փոխհարաբերությունները կառուցում են պայմանագրային հիմունքներով` պահպանելով գործող տնտեսական կապերը:
Միավորումն իր կազմի մեջ մտնող հիմնարկ-ձեռնարկությունների շահերը ներկայացնում է նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, այլ կազմակերպությունների, հիմնարկությունների ու հաստատությունների հետ փոխհարաբերություններում
1.5. Միավորման ստորաբաժանումները պահպանում են իրենց տնտեսական ինքնուրույնությունը, ինչպես նաև` ձևավորված տնտեսական կապերն ու հարաբերությունները:
1.6. Միավորումը և իր ստորաբաժանումներն իրենց գործունեության մեջ ղեկավարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով, ԼՂՀ նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ԼՂՀ Գերագույն խորհրդի (խորհրդարանի) որոշումներով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով, սույն կանոնադրությամբ:
1.7. Միավորումը գործում է որպես ինքնուրույն արտադրատնտեսական համակարգ և իր գործունեությունն իրականացնում է լրիվ տնտհաշվարկի, ինքնաֆինանսավորման և ինքնակառավարման սկզբունքներով:
1.8. Միավորումն իրավաբանական անձ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային այլ հաշիվներ բանկերում, ամբողջ համակարգի համար կազմում է ֆինանսատնտեսական գործունեության հաշվեկշիռ, համապատասխան մարմիններին ներկայացնում է հաշվապահական և վիճակագրական հաշվետվություն:
1.9. Միավորումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը պատկերող և իր անվանմամբ կնիք:
1.10. Միավորման և դրա ստորաբաժանումների արտադրական, գիտատեխնիկական, սոցիալական զարգացման ընդհանուր խնդիրների լուծումը կատարվում է սեփական միջոցների հաշվին:
1.11. Միավորման ունեցվածքը կազմվում է միավորման հիմնական ֆոնդերից և սեփական շրջանառու միջոցներից, շահութաբաժիններից, ծառայությունների մատուցումից, աշխատանքների, արտադրանքի իրացումից ստացված մյուս եկամուտներից, ինչպես նաև` դրամական և նյութական այլ միջոցներից:
1.12. Միավորումը պատասխանատու չէ ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող իր ստորաբաժանումների ֆինանսական պարտավորությունների համար, վերջիններս էլ իրենց հերթին պատասխանատու չեն միավորման պարտավորությունների համար:
2. Խնդիրներն ու գործառույթները (ֆունկցիաները)
2.1. Միավորման հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
- լայն տեսականիով և որակյալ կենցաղային ծառայություններով բնակչության պահանջմունքների բավարարումը.
- համակարգի տեխնիկական վերազինման, նոր տեխնիկայի և առաջավոր տեխնոլոգիայի ներդրման միջոցառումների ապահովումը.
- ծառայությունների և աշխատանքների արդյունավետ մասնագիտացումը և կոոպերացումը, փոխշահավետ ուղղակի տնտեսական կապերի հաստատումը և սահմանված կարգով ստեղծված համատեղ ձեռնարկությունների զարգացումը.
- կենցաղային սպասարկման գործող ձեռնարկությունների ու կազմակերպությունների վերակառուցումը, ընդլայնումը, տեխնիկական վերազինումը և դրանց արտադրական բազայի զարգացումը.
- համակարգի աշխատավորական կոլեկտիվների համար սոցիալական առավել նպաստավոր պայմանների ստեղծումը.
- արտասահմանյան երկրների ձեռնարկությունների հետ փոխշահավետ համագործակցության հաստատումն ու զարգացումը.
- միավորման ստորաբաժանումներին հաշվապահական հաշվառման և հաշվետվության կազմակերպման գործում մեթոդական օգնության ցուցաբերումը.
- ղեկավար կադրերի և մասնագետների պատրաստումը, ուսուցումը և որակավորման բարձրացման կազմակերպումը.
- պետական գույքի սեփականաշնորհման գործընթացի և շուկայական հարաբերությունների զարգացման ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության և ձեռնարկատիրական գործունեության կարգավորումը.
- ստորաբաժանումների գործունեության ներդաշնակումը` անկախ սեփականության ձևից, և դրանց արդյունավետ աշխատանքի անհրաժեշտ նախադրյալների ստեղծման ապահովումը:
3. Միավորման իրավունքները
3.1. Միավորումն իրավունք ունի`
- ձևավորել իր արտադրատնտեսական կազմակերպական կառավարման կառուցվածքը, այդ թվում` սահմանված կարգով ստեղծել, վերակազմավորել և լուծարել ձեռնարկություններ ու կազմակերպություններ.
- սահմանված կարգով ստեղծել բաժնետիրական ընկերություններ, իրացնել նպատակային փոխառություններ.
- իրականացնել ուղղակի արտահանման և ներմուծման գործառնություններ, այդ նպատակով ստեղծել միավորման արտաքին տնտեսական կապերի ֆիրմա.
- երկարաժամկետ վարձակալության հանձնել ձեռնարկություններ ու կազմակերպություններ.
- համակարգի ձեռնարկությունների տրամադրության տակ թողնված շահույթներից մասհանումների հաշվին իրականացնել կենտրոնական աշխատակազմի (ապարատի) պահպանման ծախսերը:
4. Միավորման ղեկավարումը
4.1. Միավորման ղեկավարումն իրականացվում է տնտեսագիտական մեթոդներով` ինքնակառավարման սկզբունքներով, ղեկավարման ժողովրդավարական (կոլեգիական) և միանձնյա ձևերի զուգակցման հիման վրա:
4.2. Միավորման ղեկավար գլխավոր մարմինը տնօրենների խորհուրդն է, որի կազմի մեջ մտնում են միավորման գլխավոր տնօրենը (ի պաշտոնե` տնօրենների խորհրդի նախագահ), իր տեղակալները, ինչպես նաև` այլ ղեկավար անձինք:
Տնօրենների խորհրդի նիստը հրավիրվում է խորհրդի որոշմամբ` ըստ անհրաժեշտության, տարեկան ոչ պակաս քան մեկ անգամ
Տնօրենների խորհրդի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են գլխավոր տնօրենի հրամաններով:
4.3. Տնօրենների խորհուրդը`
- հաստատում է միավորման կազմը.
- լուծում է միավորման կազմում նոր ձեռնարկություններ ու կազմակերպություններ ընդգրկելու և կազմից հանելու հարցերը.
- հաստատում է համակարգի տնտեսական և սոցիալական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերը.
- որոշում է կապիտալ ներդրումների կառուցվածքային հարցերը.
- հաստատում և ազատում է աշխատանքից տնտհաշվարկային ձեռնարկությունների ղեկավարներին.
- հաստատում է միավորման հաշվեկշիռը.
- հաստատում է միավորման աշխատակազմի (ապարատի), դրա պահպանման ծախսերի նախահաշիվները:
Տնօրենների խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
4.4. Միավորման գլխավոր տնօրենը`
- ղեկավարում է միավորման և դրա ենթակա ստորաբաժանումների գործունեությունը.
- անձնական պատասխանատվություն է կրում միավորման վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար.
- կազմակերպում է պետական իշխանության և կառավարման մարմինների կայացրած որոշումների կենսագործումը.
- բաշխում է պարտականություններն իր և տեղակալների միջև.
- իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ու կարգադրություններ, տալիս ցուցումներ.
- հաստատում է ենթակա ստորաբաժանումների կանոնադրությունները.
- գործող օրենսդրության համաձայն` աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում միավորման աշխատողներին.
- միավորման անունից տալիս է լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, տնօրինում միավորման գույքն ու միջոցները.
- միավորման գլխավոր տնօրենն ու իր տեղակալները գործում են միավորման անունից, ներկայացնում դրա շահերը բոլոր հիմնարկություններում ու կազմակերպություններում, դատական և արբիտրաժային (իրավարանային) մարմիններում, կնքում պայմանագրեր, միավորման աշխատողներին տալիս են համապատասխան լիազորություններ:
5. Միավորման կազմավորումը, վերակազմավորումը և լուծարումը
Միավորումը ստեղծվում է, վերակազմավորվում է և դադարեցնում է իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: