ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"28" ՀՈՒԼԻՍԻ 1998թ. |
N 122 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը (կցվում են) և այդ աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը` 23 հաստիքային միավոր:
(1-ին կետը փոփ. 13.08.1999 N 42)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998թ. պետական բյուջեում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՊԿ-ի 1994թ. մարտի 26-ի «ԼՂՀ արդարադատության պետական վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 416 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995թ. հուլիսի 25-ի «ԼՂՀ արդարադատության պետական վարչության կանոնադրության հաստատման մասին» թիվ 149 որոշումները:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. հուլիսի 28-ի
թիվ 122 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության
Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը (այսուհետև` պետվարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է:
2. Պետվարչությունը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
3. Պետվարչությունը իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթղթեր:
Պետական վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթները
4. Պետական վարչության հիմնական խնդիրներն են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության ստեղծմանն ու կատարելագործմանն օժանդակելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համակարգումը և դրա կանոնակարգման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային (քաղաքային) դատարանների կազմակերպական ղեկավարման ապահովումը` պահպանելով դատավորների անկախության և օրենքին ենթարկվելու սկզբունքը.
գ) դատական գործափորձի (պրակտիկայի) ուսումնասիրումն ու ամփոփումը.
դ) դատական վիճակագրական գործի կազմակերպումը.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կապերի իրավական ապահովման և միջպետական հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցելը.
զ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության կազմակերպումը.
է) նոտարական գործունեության կազմակերպումը.
ը) կուսակցությունների, (հասարակական-քաղաքական կազմակերպությունների) լրատվության միջոցների, հասարակական և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների պետական գրանցման գործառույթի իրականացման ապահովումը.
թ) դատական փորձաքննությունների կատարման մեթոդաբանական ապահովումը, պետվարչության համակարգում դատական փորձաքննությունների կատարման կազմակերպումը.
ժ) իրավաբանական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:
5. Իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան պետական վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների, ինչպես նաև գերատեսչական նորմատիվ ակտերի նախագծեր.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում իրավաբանական եզրակացություններ է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ.
գ) համակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը, նախապատրաստում առաջարկություններ դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ.
դ) իրականացնում է գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցումը, ընդունում գերատեսչական նորմատիվ ակտերի նախապատրաստման ու հաստատման վերաբերյալ հրահանգներ.
ե) վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների կողմից գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի կատարման նկատմամբ.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պետական կառավարման մարմինների նորմատիվ ակտերի ու իրավական բնույթի այլ փաստաթղթերի իրավաբանական փորձաքննություն.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ հանրապետության շրջանային (քաղաքային) դատարանների կառուցվածքի, հաստիքների թվաքանակի և այլ կազմակերպական հարցերի վերաբերյալ, պետվարչության համակարգի բյուջետային ֆինանսավորումն ապահովելու նպատակով օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով ֆինանսավորման հայտ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով.
ը) ուսումնասիրում է հանրապետության շրջանային (քաղաքային) դատարաններում աշխատանքի կազմակերպման վիճակը.
թ) ուսումնասիրում և ամփոփում է դատական գործափորձը (պրակտիկան), հավաքում, ամփոփում և վերլուծում է դատական վիճակագրության տվյալները, դրանք օգտագործում հանցագործությունների և մյուս իրավախախտումների պատճառների, ինչպես նաև դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման միջոցառումների մշակման ու իրականացման գործում.
ժ) կազմակերպում և իրականացնում է հարկադիր կատարման ենթակա դատական ակտերի կատարումը:
Հարկադիր կատարման ենթակա են`
- քաղաքացիական գործերով դատարանի վճիռները և որոշումները, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին վճռի.
- քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` գույքային բռնագանձումների մասով.
- միջնորդ դատարանների վճիռները.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների վճիռներն ու որոշումները.
ժա) մասնակցում է իրավական օգնության և համագործակցության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը, եզրակացություններ տալիս դրանց վերաբերյալ.
ժբ) իր իրավասության սահմաններում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված իրավական օգնության և համագործակցության վերաբերյալ միջազգային պայմանագրերի կատարման ապահովմանը.
ժգ) եզրակացություններ է տալիս ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի վերաբերյալ` այդ պայմանագրերով նախատեսված դեպքերում.
ժդ) իր իրավասության սահմաններում պայմանագրային ու այլ կապեր է հաստատում օտարերկրյա պետությունների իրավապահ և արդարադատություն իրականացնող մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ.
ժե) իրականացնում է կուսակցությունների, հասարակական և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների, լրատվության միջոցների պետական գրանցումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում դրանց գործունեության նկատմամբ.
ժզ) կազմակերպում և ղեկավարում է հանրապետության պետական նոտարական գրասենյակների աշխատանքը, վերահսկողություն է իրականացնում դրանց գործունեության նկատմամբ, օրինականացնում է համապատասխան փաստաթղթեր, հաստատում նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգներ.
ժե) կազմակերպում և ղեկավարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների աշխատանքը, վերահսկողություն է իրականացնում դրանց գործունեության նկատմամբ, թույլատրում է քաղաքացիների անվան, ազգանվան և հայրանվան փոփոխությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, ուղղումներ, վերականգնումներ կատարելը, համաձայնություն տալիս օտարերկրյա քաղաքացիների հետ կապված բոլոր տեսակի քաղաքացիական կացության ակտային գրանցումներ կատարելու համար, հաստատում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգներ.
ժը) ղեկավարում է համակարգում դատական փորձաքննության կազմակերպումը, հաստատում դատական փորձաքննությունների վերաբերյալ մեթոդական հրահանգներ.
ժթ) իրականացնում է պետվարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավար կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը.
ի) կազմակերպում է դատարանների, պետվարչության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը.
իա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.
իբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքը օտարելու կամ վարձակալության տալու համար.
իգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տալիս է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա).
իդ) իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր.
իե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(5-րդ կետը խմբ. 13.08.1999 N 42)
Պետական վարչության աշխատանքի կազմակերպումը
6. Պետվարչության համակարգը ներառում է իր անմիջական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
7. Պետվարչությունն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում համագործակցում է այլ նախարարությունների հետ` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման նպատակով:
8. Պետվարչությանն ամրակցված գույքը գտնվում է նրա օպերատիվ կառավարման ներքո:
9. Պետվարչության գործունեությունն իրականացվում է միանձնյա ղեկավարման և կոլեգիալության զուգակցման սկզբունքի հիման վրա:
10. Պետվարչությունը գլխավորում է պետվարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
11. Պետվարչության պետը`
ա) ղեկավարում է պետվարչության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) սահմանում է պետվարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.
գ) կատարում է պարտականությունների բաշխում.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետվարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
ե) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում պետվարչության կենտրոնական աշխատակազմի աշխատողներին.
զ) օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում սահմանված կարգով կարգապահական վարույթ է հարուցում դատավորների նկատմամբ.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգի աշխատողներին շնորհում է դասային կոչումներ.
ը) հավանություն է տալիս իր ենթակայության` պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների կանոնադրությունների նախագծերին.
թ) հաստատում է պետվարչության բաժինների, այլ կառուցվածքային ստորաբաժանումների, պետվարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետվարչության կոլեգիայի կազմը.
ժա) վարում է պետվարչության կոլեգիայի նիստերը.
ժբ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող ոչ նորմատիվ իրավական ակտերը.
ժգ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ.
ժդ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
12. Պետվարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետվարչության պետի պարտականությունները կատարում է ստորաբաժանումներից մեկի ղեկավարը:
13. Պետվարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են պետվարչության պետը (նախագահ` ի պաշտոնե), պետվարչության համակարգի և կենտրոնական աշխատակազմի այլ ղեկավար աշխատողներ:
14. Պետվարչության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում համակարգի հիմնական խնդիրներին ու գործառույթներին առնչվող հարցեր, քննարկում համակարգի, պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, վերահսկողության, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների ու այլ փաստաթղթերի նախագծերը, լսում պետվարչության կառուցվածքային ստորաբաժանումների, պետվարչության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են պետվարչության պետի հրամաններով: Պետվարչության պետի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում պետվարչության պետը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին: Կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
15. Պետվարչության ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
16. Պետվարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների և գանգատների` սահմանված կարգով քննարկումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` պետվարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. հուլիսի 28-ի
թիվ 122 որոշմամբ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքի մեջ լրացնել «Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն» տողը:
(կառուցվածքը լրաց. 13.08.1999 N 42)