ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որդեգրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երեխայի որդեգրման կարգը /կցվում է/:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և աշխատակազմի վարչատարածքային կառավարման բաժնին` եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման կիրարկումն ապահովող համապատասխան իրավական ակտերի ընդունումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2001թ. մարտի 6-ի
թիվ 60 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի որդեգրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն կարգի և այլ իրավական ակտերի համաձայն:
2. Որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց խնդրանքով, ովքեր սույն կարգին համապատասխան հաշվառված են որպես որդեգրել ցանկացող անձ:
Եթե միևնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ:
Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա:
Որդեգրման հնարավորության մասին եզրակացությունն ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում:
Որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը տրվում է որդեգրողի թեկնածուին:
3. Որդեգրվում են այն անչափահաս երեխաները, ովքեր սույն կարգին համապատասխան հաշվառված են որպես որդեգրման ենթակա երեխաներ, կամ որդեգրման վերաբերյալ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի միջև սահմանված կարգով առկա է գրավոր նախնական համաձայնություն:
4. Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն տալիս և որդեգրել ցանկացող անձանց ու որդեգրման ենթակա երեխաներին հաշվառում են որդեգրման հարցերով հանրապետական և շրջանային /Ստեփանակերտի քաղաքային/ հանձնաժողովները:
Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովը /այսուհետև` հանրապետական հանձնաժողով/ քննարկում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխա որդեգրելու հետ կապված հարցերը:
Որդեգրման հարցերով շրջանային /Ստեփանակերտի քաղաքային/ հանձնաժողովները /այսուհետև` շրջանային հանձնաժողով/ քննարկում են իրենց շրջանի տարածքում բնակվող երեխաների որդեգրման հետ կապված հարցերը:
Հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և շրջանային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
Հանրապետական հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը /հանձնաժողովի նախագահ/, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը /հանձնաժողովի քարտուղար/:
Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
Շրջանային հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են վարչակազմի ղեկավարի տեղակալը /հանձնաժողովի նախագահ/, վարչակազմի իրավական, կրթության, առողջապահության, սոցիալական հարցերով կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, շրջանի զինվորական կոմիսարը կամ այլ համապատասխան պաշտոնատար անձինք:
Շրջանային հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է վարչակազմի ղեկավարը:
5. Որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների, ինչպես նաև որդեգրողի թեկնածուների կենտրոնացված հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
Կենտրոնացված հաշվառման վերցնելու ամսաթիվ է համարվում հաշվառման քարտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում գրանցելու ամսաթիվը:
6. Հանրապետական և շրջանային հանձնաժողովներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում որդեգրման հետ կապված տեղեկությունները գաղտնի են:
7. Որդեգրման գաղտնիությունն ապահովելու նպատակով ծննդատների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության առկայության դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու խնդրանքով և վարչակազմի ղեկավարի որդեգրման մասին որոշման հիման վրա որդեգրողի տվյալներին համապատասխան կատարելու գրառումներ /իմիտացիա/ այն երեխաների ծննդյան կապակցությամբ տրվող տեղեկանքում, ովքեր ծնվել են տվյալ ծննդատանը, և որոնց կապակցությամբ առաջացել են որդեգրման իրավական հիմքեր:
II. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը
8. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են առանց ծնողական խնամքի մնացած, ընկեցիկ, ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող այն անչափահաս երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր:
Որդեգրումն առաջանում է այն անչափահաս երեխաների նկատմամբ, որոնց միակ ծնողը կամ երկու ծնողները`
ա/ մահացել են,
բ/ զրկված են ծնողական իրավունքից,
գ/ դատական կարգով ճանաչված են անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
դ/ տվել են որդեգրման գրավոր համաձայնություն,
ե/ մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն բնակվում և, չնայած խնամակալության և հոգաբարձության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են երեխայի դաստիարակությունից ու խնամքից, երեխայի նկատմամբ չեն դրսևորում ծնողական հոգատարություն և ուշադրություն,
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Ընկեցիկ երեխաները կարող են որդեգրման հանձնվել ներքին գործերի մարմինների ներկայացրած համապատասխան ակտի առկայության դեպքում` ընկեցիկության ակտը կազմվելուց հետո 3 ամսից ոչ շուտ:
9. Խնամակալության և հոգաբարձության մարմինները պարտավոր են իրենց գտնվելու վայրի շրջանային հանձնաժողովին հաշվառման վերցնելու մասին դիմում տալու պահից 5-օրյա ժամկետում սահմանված կարգով տրամադրել սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների /սեռի, տարիքի, առողջական վիճակի և այլնի/ մասին տեղեկատվություն:
10. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց ծնողները գրավոր դիմել են իրենց գտնվելու վայրի շրջանային հանձնաժողովին` իրենց երեխաներին որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառելու համար:
11. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկատվություն ստանալով, շրջանային հանձնաժողովը լրացնում է երեխայի անձնական քարտը /N 1 ձևը կցվում է/, նրան վերցնելով հաշվառման` որպես որդեգրման ենթակա երեխա:
12. Հաշվառման պահից եռօրյա ժամկետում շրջանային հանձնաժողովը որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի պատճենը փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որը դրա հիման վրա իրականացնում է որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում` որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է համապատասխան շրջանային հանձնաժողովին:
III. Որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի շրջանային հանձնաժողովին` ներկայացնելով`
դիմում,
անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
տեղեկանք բնակության վայրից` բնակարանային պայմանների և ընտանիքի կազմի մասին,
տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի մասին /եթե աշխատում է/,
բնութագիր` տրված վստահություն վայելող առնվազն երեք անձանց /կազմակերպությունների/ կողմից,
հարկային օրենսդրությանը համապատասխան տրված եկամուտների վերաբերյալ հայտարարագիր կամ հարկային /բանկային/ տեղեկանք,
առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ` տրված ըստ բնակության վայրի բժշկական հաստատության, համապատասխան մասնագիտացված կենտրոնների /մասնագետների/ կողմից,
ամուսնության վկայական /եթե ամուսնացած է/,
մահվան վկայական /եթե ամուսինը մահացած է/,
որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալներ` տարիքը, սեռը, երեխաների թիվը և այլն /եթե նա չունի ընտրած երեխա/:
15. Որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո շրջանային հանձնաժողովը մեկամսյա ժամկետում կատարում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ:
Շրջանային հանձնաժողովը որդեգրել ցանկացող անձից ստացված փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը /N 2 ձևը կցվում է/, տալիս որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում նրան վերցնում հաշվառման` որպես որդեգրողի թեկնածու:
16. Եթե շրջանային հանձնաժողովը կայացրել է որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն, ապա այն կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Դիմողը որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացությունը կարող է բողոքարկել դատական կարգով:
17. Շրջանային հանձնաժողովը որդեգրողի թեկնածուի փաստաթղթերի, կենսապայմանների ուսումնասիրության ակտի և անձնական քարտի հիման վրա կազմում է համապատասխան տեղեկանք և հաշվառման պահից եռօրյա ժամկետում այն փոխանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որը դրա հիման վրա իրականացնում է որդեգրողի թեկնածուի կենտրոնացված հաշվառումը:
18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում որդեգրողի թեկնածուի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է համապատասխան շրջանային հանձնաժողովին:
IV. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը
19. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք /այսուհետև` օտարերկրյա քաղաքացիներ/, ովքեր ցանկանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել, անձամբ իրենց լիազորած անձի, ինչպես նաև տվյալ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով, դիմում են հանրապետական հանձնաժողովին` ներկայացնելով`
դիմում,
անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
իրենց պետության իրավասու մարմնի /կազմակերպության/ թույլտվությունը կամ երաշխավորագիրը` իրենց կողմից երեխա որդեգրելու վերաբերյալ,
տեղեկանք բնակարանային պայմանների և ընտանիքի կազմի մասին,
տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի մասին /եթե աշխատում է/,
բնութագիր` տրված վստահություն վայելող առնվազն երեք անձանց /կազմակերպությունների/ կողմից,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան տրված եկամուտների վերաբերյալ հայտարարագիր կամ հարկային /բանկային/ տեղեկանք,
բժշկական փաստաթուղթ առողջական վիճակի վերաբերյալ,
ամուսնության վկայական /եթե ամուսնացած է/,
մահվան վկայական /եթե ամուսինը մահացած է/,
որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալներ` տարիքը, սեռը, երեխաների թիվը /եթե նա չունի ընտրած երեխա/:
Հանրապետական հանձնաժողովը 10-օրյա ժամկետում որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց ըստ անհրաժեշտության կարող է պահանջել նրա մերձավոր ազգականների համաձայնությունը, ինչպես նաև տվյալ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության, հայ համայնքի, վստահություն վայելող անձանց /կազմակերպությունների/ երաշխավորագրերը:
20. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վավերական են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Օտար լեզվով ներկայացված փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և սահմանված կարգով վավերացվեն տվյալ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հաստատության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից:
21. Հանրապետական հանձնաժողովը որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացնում է այդ անձի և նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ:
Հանրապետական հանձնաժողովը որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց ստացված փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա լրացնում է որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացու անձնական քարտը /N 2 ձևը կցվում է/, տալիս որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում վերցնում հաշվառման` որպես որդեգրողի թեկնածու:
22. Եթե հանրապետական հանձնաժողովը տալիս է որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն, ապա այն տալուց հետո մեկշաբաթյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Դիմողը որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացությունը կարող է բողոքարկել դատական կարգով:
23. Հանրապետական հանձնաժողովը որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու փաստաթղթերի, կենսապայմանների ուսումնասիրության ակտի ու անձնական քարտի հիման վրա կազմում է համապատասխան տեղեկանք և հաշվառման պահից եռօրյա ժամկետում այն հանձնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որը դրա հիման վրա իրականացնում է որդեգրողի թեկնածուի կենտրոնացված հաշվառումը:
24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է հանրապետական հանձնաժողովին:
V. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրելը
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունները տրամադրում է հանրապետական և շրջանային հանձնաժողովներին, ինչպես նաև իրավասու մարմիններին` նրանց հարցման հիման վրա:
26. Եթե որդեգրողի թեկնածուն չունի որդեգրման ենթակա երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից տրված գրավոր նախնական համաձայնություն երեխային որդեգրելու վերաբերյալ, ապա նա դիմում է իր բնակության վայրի շրջանային հանձնաժողովին /օտարերկրյա քաղաքացին` հանրապետական հանձնաժողովին/` սույն կարգին կից N 2 ձևում նշված տվյալներին համապատասխան որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:
Ստացված տեղեկությունների հիման վրա որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում շրջանային /հանրապետական/ հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տեղեկացնում է դրա մասին և, եթե այլ որդեգրողի թեկնածու ընտրված երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել, ապա կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածուի հանդիպումը:
27. Եթե որդեգրման ենթակա միևնույն երեխայի կապակցությամբ ցանկություն են հայտնել մեկից ավելի որդեգրողի թեկնածուներ, ապա երեխայի հետ նրանցից առաջինի հանդիպումը կազմակերպվում է ըստ նրանց կենտրոնացված հաշվառման հերթականության: Մյուս որդեգրողի թեկնածուների հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե առաջին որդեգրողի թեկնածուն ցանկություն չի հայտնում տվյալ երեխային որդեգրելու մասին:
28. Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային ընտրելու դեպքում շրջանային /հանրապետական/ հանձնաժողովը եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն ապահովում է ընտրված որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կասեցումը մինչև համապատասխան վարչակազմի ղեկավարի այդ երեխային ընտրած որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրելու մասին որոշում ընդունելը:
29. Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրողի թեկնածուն հաշվառումից չի հանվում:
30. Որդեգրողի թեկնածուն իրավունք ունի շրջանային /հանրապետական/ հանձնաժողովից`
ստանալու անհրաժեշտ տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի, ինչպես նաև նրա մերձավոր ազգականների մասին,
որդեգրվող երեխայի առողջական վիճակի զննման նպատակով դիմելու բժշկական հաստատություն` երեխայի օրինական ներկայացուցչի մասնակցությամբ:
31. Որդեգրողի թեկնածուն պարտավոր է անձամբ`
մինչև որդեգրման մասին որոշում ընդունելը ծանոթանալ և շփվել որդեգրվող երեխայի հետ,
ծանոթանալ որդեգրվող երեխայի փաստաթղթերին:
VI. Որդեգրման մասին որոշում ընդունելը
32. Որդեգրողի թեկնածուն ընտրված երեխայի կապակցությամբ դիմում է իր կամ որդեգրման ենթակա երեխայի բնակության վայրի վարչակազմի ղեկավարին` սահմանված կարգով որդեգրման մասին որոշում ընդունելու համար:
33. Որդեգրման մասին որոշում ընդունելու համար վարչակազմի ղեկավարին պետք է ներկայացվի`
ա/ որդեգրողի թեկնածուի կողմից`
դիմում` ընտրված երեխային որդեգրելու խնդրանքով,
որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,
անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթ,
առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ,
որդեգրման ենթակա երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան վայրը փոփոխելու վերաբերյալ առաջարկություն:
Սույն կետում նշված փաստաթղթերը որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացին պետք է ներկայացնի սույն կարգի 20-րդ կետի պահանջներին համապատասխան:
Եթե որդեգրման ենթակա երեխան որդեգրվում է երկու ամուսինների կողմից, ապա տրվում է համատեղ դիմում: Երեխան մեկ ամուսնու կողմից որդեգրվելու դեպքում դիմումին կցվում է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
բ/ ծնողներ ունեցող որդեգրման ենթակա երեխայի ծնողների կողմից երեխային որդեգրման հանձնելու մասին գրավոր համաձայնություն, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Եթե երեխան գտնվում է խնամակալության /հոգաբարձության/ ներքո, ապա պետք է ներկայացվի նաև երեխայի խնամակալի /հոգաբարձուի/ գրավոր համաձայնությունը.
գ/ այն հաստատության ղեկավարի կամ այն անձի կողմից, ում մոտ գտնվում է որդեգրման ենթակա երեխան`
երեխայի ծննդյան վկայականը,
որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` ծնողի /ծնողների/ մահվան վկայականը /վկայականները/, ծնողի /ծնողների/ ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը /պատճենները/, երեխայի ընկեցիկ լինելու փաստը հաստատող ակտը, երեխայի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը,
երեխայի առողջական վիճակի մասին եզրակացություն` տրված համապատասխան մանկական առողջապահական հիմնարկի կողմից.
դ/ որդեգրվող տասը տարեկան երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կողմից`
երեխայի գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքի, երբ նախքան որդեգրման համար դիմելը երեխան բնակվել է որդեգրել ցանկացող անձի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը,
ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ երեխայի հարաբերությունները պահպանելու մասին ցանկությունը:
Որդեգրվող երեխայի ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ նրա հարաբերությունները պահպանելու մասին պետք է մատնանշված լինի որդեգրման վերաբերյալ որոշման մեջ:
34. Որդեգրման համար ծնողների համաձայնության դեպքում, եթե երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել խորթ մայրը, երեխայի ազգականները և այլ քաղաքացիներ, ապա նախապատվությունը տրվում է խորթ հորը, խորթ մորը կամ ազգականներին:
35. Վարչակազմի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու մասին որոշում ընդունում է ոչ ուշ, քան սույն կարգի 33-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկշաբթյա ժամկետում:
36. Վարչակազմի ղեկավարը օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու մասին որոշումն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվության հիման վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվությունն ստանալու համար վարչակազմի ղեկավարը որդեգրման մասին որոշում ընդունելու համար որդեգրողի թեկնածուի դիմում տալու օրվանից 10-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում միջնորդություն` սույն կարգի 33-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերով հանդերձ:
Վարչակազմի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որդեգրման մասին որոշում:
37. Վարչակազմի ղեկավարը որդեգրումը մերժելու մասին որոշում ընդունում է սույն կարգի 33-րդ կետում նշված փաստաթղթերը սահմանված կարգով չներկայացնելու, ինչպես նաև սույն կարգի 36-րդ կետում նշված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվության բացակայության դեպքում: Որդեգրումը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում վարչակազմի ղեկավարը դրա մասին տեղեկացնում է դիմողին: Դիմողը մերժման մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
38. Վարչակազմի ղեկավարը եռօրյա ժամկետում որդեգրման մասին որոշման պատճենն ուղարկում է շրջանային /հանրապետական/ հանձնաժողով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, եթե երեխան հաշվառված է որպես որդեգրման երեխա հաշվառումից հանելու, այնուհետև որպես որդեգրված երեխա հաշվառելու, ինչպես նաև որդեգրողի թեկնածուին հաշվառումից հանելու, այնուհետև որպես որդեգրողի հաշվառելու համար:
39. Որդեգրողները պարտավոր են անձամբ`
ստանալ որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշումը,
իրենց մոտ վերցնել երեխային նրա բնակության կամ գտնվելու վայրից ներկայացնելով որդեգրման մասին որոշումը և իր անձը հաստատող փաստաթուղթ:
40. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որդեգրողների ընտանիքում որդեգրված երեխայի ապրելու և նրա դաստիարակության նկատմամբ հսկողությունը սահմանված կարգով իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս հսկողությունն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: