ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` 6-ամսյա ժամկետում հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների ուսումնասիրության կարգը, կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի ձևը, որդեգրողի թեկնածուների հաշվառման մատյանների, որդեգրողի թեկնածուի անձնական քարտի և որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու համար դիմումի ձևերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 6-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» թիվ 60 որոշմամբ հաստատված երեխայի որդեգրման կարգի 2, 4, 5, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23 և 24-րդ կետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2007թ. մայիսի «15»-ի
թիվ 217 որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու ցանկություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հաշվառման հետ կապված հարաբերությունները:
2. Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «ա»-«թ» կետերով նախատեսված անձանց:
3. Որդեգրումը կատարվում է երեխա որդեգրել ցանկացող այն անձի կամ ամուսինների` դատարան ներկայացրած դիմումի հիման վրա, ովքեր սույն կարգին համապատասխան հաշվառված են որպես որդեգրողի թեկնածու:
4. Եթե երեխա որդեգրել ցանկացող անձը կամ ամուսիններն ունեն նախապես ընտրած` որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է երեխայի ծնողների գրավոր համաձայնությունը, ապա դրա մասին նշվում է դիմումում:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը տալիս են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերը (Ստեփանակերտի քաղաքապետարանը):
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հաշվառումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերը (Ստեփանակերտի քաղաքապետարանը):
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը տալիս է որդեգրման հարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով), որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը (հանձնաժողովի նախագահ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը (կամ տեղակալը), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը (հանձնաժողովի քարտուղար):
Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կենտրոնացված հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
10. Եթե երեխա որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ հաշվառվում են որպես որդեգրողի թեկնածուներ:
II. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում են իրենց բնակության վայրի շրջանի վարչակազմին (Ստեփանակերտի քաղաքապետարան):
12. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) անձնագրի պատճեն,
2) բնակարանային պայմանների և ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից,
3) զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի մասին (եթե աշխատում է) տեղեկանք` տրված աշխատավայրից,
4) անձի պատշաճ վարքագծի մասին անձնական երաշխավորություն` տրված առնվազն երեք անձանց կամ կազմակերպության կողմից,
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան տրված եկամուտների վերաբերյալ հայտարարագիր կամ հարկերի և այլ պարտադիր վճարումների մասին տեղեկանք,
6) բժշկական փաստաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը չի տառապում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 15 -ի թիվ 218 որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,
7) ամուսնության վկայականի պատճեն (եթե ամուսնացած է),
8) երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է,
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածության բացակայության մասին:
Դիմումում նշվում են որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները` տարիքը, սեռը, երեխաների թիվը, ինչպես նաև անձի կամ ամուսինների համաձայնությունը կենսապայմանների ուսումնասիրության նպատակով տնային այցելություն կատարելու մասին:
Եթե երեխա որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած` որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների կամ միակ ծնողի գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումում:
13. Շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դիմումը և 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կատարում է այդ անձի կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան եզրակացություն:
14. Շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի հիման վրա` երեխա որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրման հնարավորության մասին եզրակացություն (ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում) և դրական եզրակացության հիման վրա հաշվառում է որպես որդեգրողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում և լրացնում որդեգրողի թեկնածուի անձնական քարտ (երկու օրինակից):
15. Հաշվառման վերցված յուրաքանչյուր որդեգրողի թեկնածուի համար ստեղծվում է հաշվառման գործ, որում պահվում են փաստաթղթերը: Հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում գրանցված որդեգրողի թեկնածուների հաշվառման դիմաց նշված համարներին: Երեխա որդեգրելուց կամ որդեգրման հնարավորության մասին եզրակացության ժամկետը լրանալուց հետո գործերը պահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով:
16. Երեխա որդեգրել ցանկացող անձի կողմից սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ոչ լրիվ ներկայացնելու, դրանցում սխալ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) դիմողին առաջարկում է հնգօրյա ժամկետում լրացնել պահանջվող փաստաթղթերը կամ ուղղել ներկայացվող փաստաթղթերում առկա սխալները:
17. Երեխա որդեգրել ցանկացող անձի կողմից սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերի չլրացման կամ ներկայացվող փաստաթղթերում առկա սխալների չուղղման կամ ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների հայտնաբերման դեպքում, ինչպես նաև անձի կենսապայմանների ուսումնասիրության հիման վրա շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) տալիս է երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն և դրա մասին հնգօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին: Դիմողը երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացությունը կարող է բողոքարկել դատական կարգով:
18. Շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) անձնական քարտի մեկ օրինակը և սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները հաշվառման պահից եռօրյա ժամկետում փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով:
19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը շրջանի վարչակազմից (Ստեփանակերտի քաղաքապետարանից) ստացված անձնական քարտում նշված տեղեկությունների հիման վրա որդեգրողի թեկնածուին վերցնում է կենտրոնացված հաշվառման:
20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում որդեգրողի թեկնածուի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է շրջանի վարչակազմին (Ստեփանակերտի քաղաքապետարանին), որը դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է որդեգրողի թեկնածուին:
21. Որդեգրողի թեկնածուն հաշվառումից հանվում է`
1) իր դիմումի համաձայն.
2) դրական եզրակացության մեկ տարին լրանալու դեպքում.
3) երեխայի որդեգրման դեպքում (եթե որդեգրել է իր դիմումում նշված թվով երեխա).
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակություն հաստատելու դեպքում.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում:
III. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
22. Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները` որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի, կամ տվյալ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության, կամ հյուպատոսական ծառայության միջոցով դիմում են հանրապետական հանձնաժողով` ներկայացնելով սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև իրենց բնակության երկրի իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու վերաբերյալ, որդեգրողի թեկնածուի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտը և հետագայում որդեգրված երեխայի կյանքի պայմանների նկատմամբ վերահսկողության պարտավորության մասին տեղեկանքը` տրված իրենց երկրի իրավասու մարմնի կողմից:
23. Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները սույն կարգի 12-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերում նշված տեղեկությունները կարող են ներկայացնել տվյալ երկրի իրավասու մարմնի կողմից հաստատված` որդեգրողի թեկնածուի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտով:
24. Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանրապետական հանձնաժողով ներկայացնում են բնագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված` հայերեն թարգմանությամբ:
25. Եթե երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները համապատասխան փաստաթղթերը հանրապետական հանձնաժողով ներկայացրել են լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացվի նաև իրենց կողմից այդ անձին տրված` իրավասու մարմնի կողմից հաստատված լիազորագիրը:
26. Հանրապետական հանձնաժողովն օտարերկրյա քաղաքացիներից, քաղաքացիություն չունեցող անձանցից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո դիմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով:
27. Հանրապետական հանձնաժողովը դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում օտարերկրյա քաղաքացիներից, քաղաքացիություն չունեցող անձանցից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից ստացված փաստաթղթերի ուսումնասիրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստացված համապատասխան տեղեկանքի հիման վրա տալիս է երեխայի որդեգրման հնարավորության մասին եզրակացություն, որն ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում:
28. Հանրապետական հանձնաժողովը երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր որդեգրողի թեկնածուի համար ստեղծում է գործ, որում պահվում են սույն կարգի 12-րդ և 22-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները և դրանց հայերեն մեկ օրինակը: Երեխայի որդեգրումից հետո փաստաթղթերը պահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով:
29. Սույն կարգի 12-րդ և 22-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ոչ լրիվ ներկայացնելու, դրանցում սխալ տեղեկությունների հայտնաբերման դեպքում հանրապետական հանձնաժողովն առաջարկում է դիմողին մեկամսյա ժամկետում լրացնել պահանջվող փաստաթղթերը կամ ուղղել ներկայացվող փաստաթղթերում առկա սխալները:
30. Հանրապետական հանձնաժողովը սույն կարգի 29-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերի չլրացման կամ ներկայացվող փաստաթղթերում առկա սխալների չուղղման կամ ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների հայտնաբերման դեպքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա տալիս է երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն:
31. Հանրապետական հանձնաժողովը երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացության մասին մեկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին: Դիմողը երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացությունը կարող է բողոքարկել դատական կարգով:
32. Հանրապետական հանձնաժողովը երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության մեկ օրինակը, անձի կամ ամուսինների կողմից ներկայացված դիմումը և սույն կարգի 12-րդ ու 22-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի հայերեն մեկ օրինակը եռօրյա ժամկետում փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն՝ հաշվառում իրականացնելու նպատակով:
33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը հանրապետական հանձնաժողովից ստացված փաստաթղթերի հիման վրա երեխա որդեգրելու համար դիմած անձին եռօրյա ժամկետում հաշվառում է որպես որդեգրողի թեկնածու:
Հաշվառման վերցված յուրաքանչյուր որդեգրողի թեկնածուի (ամուսինների) համար ստեղծվում է հաշվառման գործ, որում պահվում են փաստաթղթերը: Հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում գրանցված որդեգրողի թեկնածուների հաշվառման դիմաց նշված համարներին: Երեխա որդեգրելուց կամ երեխայի որդեգրման հնարավորության մասին եզրակացության ժամկետը լրանալուց հետո փաստաթղթերը պահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով:
34. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում որդեգրողի թեկնածուի հաշվառման մասին տեղեկացնում է հանրապետական հանձնաժողովին, որը դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է որդեգրողի թեկնածուին:
35. Որդեգրողի թեկնածուն հաշվառումից հանվում է սույն կարգի 21-րդ կետով (բացառությամբ նույն կետի 4-րդ ենթակետի) նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր մշտական բնակության երկիրը փոխելու դեպքում:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |