ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ԼՂՀ ժողովրդական պատգամավորի հետկանչման իրավունքը ժողովրդի լիիշխանության արտահայտությունն է և երաշխավորում է վերահսկողություն պատգամավորների նկատմամբ ու նրա պատասխանատվությունը ընտրողների առաջ:
|
Հոդված 1. |
ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորը սույն օրենքով սահմանված կարգով, համապատասխան ընտրատարածքի ընտրողների որոշմամբ, ցանկացած ժամանակ կարող է հետ կանչվել իր պարտականությունները չկատարելու, ժողովրդական պատգամավորի կարգավիճակի մասին օրենքին հակասող, պատգամավորի կոչմանն անվայել գործողություններ կատարելու դեպքում:
|
Հոդված 2. |
ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորի հետկանչման առաջարկություն կարող է մտցնել աշխատավորական կոլեկտիվների ժողովների (կոնֆերանսների), համապատասխան հասարակական կազմակերպությունների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ըստ բնակության վայրի ընտրողների և տվյալ ընտրատարածքի մեջ մտնող զորամասերի զինծառայողների ժողովների կողմից, ինչպես նաև տվյալ տարածքի ընտրողների առնվազն 20 տոկոսի ստորագրությունները հավաքելու կարգով: Ստորագրությունները ներկայացվում են հատուկ բլանկի վրա:
Հետկանչման հարց կարող է հարուցել նաև ԼՂՀ Գերագույն խորհուրդը:
ԼՂՀ ժողովրդական պատգամավորի հետկանչման առաջարկությունը ներկայացվում է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահություն, որը ներկայացված նյութերը հանձնում է ԼՂՀ Գխ մանդատային և պարկեշտության հարցերի մշտական հանձնաժողովին` եզրակացություն նախապատրաստելու և ԼՂՀ ԳԽ նստաշրջանին ներկայացնելու համար:
ԼՂՀ Գերագույն խորհուրդը ժողովրդական պատգամավորի հետկանչման կապակցությամբ որոշում է ընդունում և հետկանչման առաջարկության հիմնավորվածության դեպքում ԼՂՀ ժողովրդական պատգամավորների ընտրությունների կենտրոնական հանձնաժողովին հանձնարարում է կազմակերպել հետկանչման ընթացքը:
|
Հոդված 3. |
ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ |
ԼՂՀ Գերագույն խորհրդի մանդատային և պարկեշտության հարցերի մշտական հանձնաժողովը երեք օրվա ընթացքում ԼՂՀ ժողովրդական պատգամավորին տեղեկացնում է հետկանչման վերաբերյալ ստացված առաջարկության, ինչպես նաև նրա քննարկման կարգի մասին:
ԼՂՀ ժողովրդական պատգամավորն իրավունք ունի հանդես գալու ընտրողների ժողովներում /կոնֆերանսներում/, մամուլում, հեռուստատեսությամբ և ռադիոյով հետկանչում պահանջելու համար հիմք ծառայող հանգամանքների շուրջը:
Եթե ԼՂՀ ժողովրդական պատգամավորի հետկանչման պահանջի համար հիմք ծառայած հանգամանքները դառնում են դատական քննության առարկա, ապա մինչև դրանց առթիվ դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելը, ԼՂՀ ԳԽ մանդատային և պարկեշտության հարցերի մշտական հանձնաժողովը կասեցնում է հետկանչման վերաբերյալ առաջարկության քննարկումը:
ԼՂՀ ժողովրդական պատգամավորի հետկանչման հարցի դրման կապակցությամբ կեղծ տեղեկություններ ներկայացնող քաղաքացիները պատասխանատվություն են կրում գործող օրենսդրությանը համապատասխան:
|
Հոդված 4. |
ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ՀԱՐՑԻ ԱՌԹԻՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ |
ԼՂՀ ժողովրդական պատգամավորի հետկանչման հարց հարուցելու վերաբերյալ որոշումն ուղարկվում է ԼՂՀ ժողովրդական պատգամավորին, ինչպես նաև ԼՂՀ ժողովրդական պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը քվեարկություն է նշանակում հետկանչման հարցի վերաբերյալ:
ԼՂՀ ժողովրդական պատգամավորի հետկանչման հարցի քվեարկության ամսաթիվը նշանակվում է 60 օրից ոչ շուտ և 65 օրից ոչ ուշ` հաշված հետ կանչման հարցի հարուցման պահից:
|
Հոդված 5. |
ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ՕԳՏԻՆ ԿԱՄ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ԱԳԻՏԱՑԻԱՆ |
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժողովրդական պատգամավորի հետկանչման քվեարկության անցկացում նշանակելուց հետո ընտրողներին երաշխավորում է ԼՂՀ ժողովրդական պատգամավորների հետկանչման հետ կապված հարցերի ազատ և բազմակողմանի քննարկման հնարավորություն, ինչպես նաև իրավունք ընձեռում ժողովրդական պատգամավորի հետկանչման օգտին կամ դեմ անարգել ագիտացիա անելու ընտրողների ժողովներում, մամուլում, հեռուստատեսությամբ, ռադիոյով:
Հետկանչման հարց հարուցած պատգամավորին, ինչպես նաև նրա վստահված անձանց ընտրողների ժողովներում (կոնֆերանսներում), ըստ բնակության վայրի ընձեռվում է ազատ ագիտացիայի իրավունք, այդ թվում` զանգվածային տեղեկատվության միջոցների օգտագործում:
Պատգամավորի հետկանչման քվեարկության օրը ագիտացիա տանել չի թույլատրվում:
|
Հոդված 6. |
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՆ ՈՒ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ, ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ |
ԼՂՀ ժողովրդական պատգամավորի հետկանչման հարցի քվեարկության կազմակերպման համար, ոչ ուշ, քան քվեարկությունից 35 օր առաջ ճշտվում են քվեարկության տեղամասերը և ոչ ուշ, քան 30 օր առաջ` տեղամասային հանձնաժողովները:
Հետկանչման քվեարկության անցկացման նպատակով հանձնաժողովների կազմումն ու գործունեությունը, քվեարկության տեղամասերի ստեղծումը, քվեարկողների ցուցակների կազմումն իրականացվում են «ԼՂՀ ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով:
Հետկանչման հարցի քվեարկության համար քվեաթերթիկում նշվում են ԼՂՀ ժողովրդական պատգամավորի ազգանունը, անունը, հայրանունը, նրա պաշտոնը (զբաղմունքը), աշխատանքի և բնակության վայրը:
|
Հոդված 8. |
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
ԼՂՀ ժողովրդական պատգամավորի հետկանչման հարցի քվեարկությունը կատարվում է գաղտնի: Նրա կազմակերպումը անց է կացվում «ԼՂՀ ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» ԼՂՀ օրենքին համապատասխան:
Քվեարկելիս ժողովրդական պատգամավորի լիազորությունները պահպանվելու օգտին ձայն տալու դեպքում քվեաթերթիկում նշված «հետկանչմանը համաձայն եք» հարցին ընտրողը ջնջում է «ոչ» բառը, իսկ պատգամավորի հետկանչման օգտին ձայն տալու դեպքում` «այո» բառը:
ԼՂՀ ժողովրդական պատգամավորը համարվում է հետ կանչված, եթե նրա հետկանչման օգտին ձայն է տվել քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելին:
Հետկանչումը համարվում է մերժված, եթե հետկանչման օգտին ձայն է տվել քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից պակաս մասը, ինչպես նաև, եթե քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից պակաս մասը:
Հետկանչմանը «կողմ» կամ «դեմ» տրված ձայների հավասարության դեպքում ԼՂՀ ժողովրդական պատգամավորը պահպանում է իր լիազորությունները:
Ընտրատարածքային հանձնաժողովը կարող է քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել օրենքի խախտումների թույլ տրման պատճառով:
Քվեարկության արդյունքները որոշվում են ընտրատարածքային հանձնաժողովի նիստում, մտցվում արձանագրության մեջ և ուղարկվում ԼՂՀ ժողովրդական պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային հանձնաժողովի արձանագրության հիման վրա գրանցում է քվեարկության արդյունքները, իսկ օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում նշանակում է կրկնակի քվեարկություն, որն անց է կացվում ոչ ուշ, քան երկշաբթյա ժամկետում, սույն օրենքի պահանջների պահպանմամբ:
|
Հոդված 9. |
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ |
ԼՂՀ ժողովրդական պատգամավորի հետկանչման հարցի քվեարկության նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են պետության հաշվին:
Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, պետական և հասարակական մարմինները համապատասխան հանձնաժողովներին տրամադրում են քվեարկության նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ շենքեր և սարքավորումներ: ԼՂՀ ժողովրդական պատգամավորը, որի նկատմամբ հարուցվել է հետկանչման հարց, ինչպես նաև նրանց վստահված անձինք ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելիս ըստ իրենց դիմումների ազատվում են աշխատանքից` պետության կողմից ծախսերի հատուցմամբ:
|
Հոդված 10. |
ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ |
Սույն օրենքի խախտումների մասին դիմումներն ու գանգատները քննության է առնում ԼՂՀ ժողովրդական պատգամավորների ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և կայացնում է համապատասխան որոշումներ դրանց վերաբերյալ:
|
16 հոկտեմբերի 1993 թվականի,
քաղ. Ստեփանակերտ |
|