Համարը 
Թ.Ն-0077-1
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
Ընդունման ամսաթիվը 
16.10.1993
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
16.10.1993
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.01.2003

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ  ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 17.07.1998 ՀՕ-20)

 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման իրավունքը ժողովրդի լիիշխանության արտահայտությունն է և երաշխավորում է վերահսկողություն պատգամավորների նկատմամբ ու նրա պատասխանատվությունը ընտրողների առաջ:

(փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Հոդված 1. 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման և լիազորությունների վաղակետ դադարեցման հիմքերը

                      (վերնագիրը խմբ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, սույն օրենքով սահմանված կարգով, համապատասխան ընտրատարածքի ընտրողների որոշմամբ ցանկացած ժամանակ կարող է հետ կանչվել իր պարտականությունները չկատարելու, Ազգային ժողովի գործունեությունից ինքնամեկուսացման, «Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին հակասող, պատգամավորի կոչմանն անվայել գործողություններ կատարելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ նստաշրջանի, ինչպես նաև հանձնաժողովի նիստերի կեսից անհարգելի բացակայելու, դատարանի մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու, անգործունակ ճանաչվելու և հրաժարականի դեպքերում:

(1-ին հոդվածը խմբ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Հոդված 2. 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

                      (վերնագիրը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման առաջարկություն կարող է մտցնել աշխատավորական կոլեկտիվների ժողովների (կոն‎ֆերանսների), համապատասխան հասարակական կազմակերպությունների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ըստ բնակության վայրի ընտրողների և տվյալ ընտրատարածքի մեջ մտնող զորամասերի զինծառայողների ժողովների կողմից, ինչպես նաև տվյալ տարածքի ընտրողների առնվազն 25 տոկոսի ստորագրությունները հավաքելու կարգով: Ստորագրությունները ներկայացվում են հատուկ բլանկի վրա:

Լիազորությունների դադարեցման հարց կարող է հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների դադարեցման առաջարկությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահությունը, որը ներկայացված նյութերը հանձնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների մշտական հանձնաժողովին՝ եզրակացություն նախապատրաստելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանին ներկայացնելու համար: Նշված հանձնաժողովի հիմնավորված եզրակացության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է ընդունում, պատգամավորների ընդհանուր թվի քվեների երկու երրորդով, լիազորությունների վաղակետ դադարեցման մասին: Ազգային ժողովի որոշումը կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարան ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման առաջարկությունը ներկայացվում է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահություն, որը ներկայացված նյութերը հանձնում է ԼՂՀ Գխ մանդատային և պարկեշտության հարցերի մշտական հանձնաժողովին` եզրակացություն նախապատրաստելու և ԼՂՀ ԳԽ նստաշրջանին ներկայացնելու համար:

ԼՂՀ Գերագույն խորհուրդը Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման կապակցությամբ որոշում է ընդունում և հետկանչման առաջարկության հիմնավորվածության դեպքում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական հանձնաժողովին հանձնարարում է կազմակերպել հետկանչման ընթացքը:

(2-րդ հոդվածը փոփ., խմբ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Հոդված 3. 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

                       (վերնագիրը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

ԼՂՀ Գերագույն խորհրդի մանդատային և պարկեշտության հարցերի մշտական հանձնաժողովը երեք օրվա ընթացքում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորին տեղեկացնում է հետկանչման վերաբերյալ ստացված առաջարկության, ինչպես նաև նրա քննարկման կարգի մասին:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորն իրավունք ունի հանդես գալու ընտրողների ժողովներում /կոն‎ֆերանսներում/, մամուլում, հեռուստատեսությամբ և ռադիոյով հետկանչում պահանջելու համար հիմք ծառայող հանգամանքների շուրջը:

Եթե ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման պահանջի համար հիմք ծառայած հանգամանքները դառնում են դատական քննության առարկա, բացառությամբ սույն օրենքի 2 հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված դեպքի, ապա մինչև դրանց առթիվ դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելը, ԼՂՀ ԳԽ մանդատային և պարկեշտության հարցերի մշտական հանձնաժողովը կասեցնում է հետկանչման վերաբերյալ առաջարկության քննարկումը:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման հարցի դրման կապակցությամբ կեղծ տեղեկություններ ներկայացնող քաղաքացիները պատասխանատվություն են կրում գործող օրենսդրությանը համապատասխան:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.07.1998 ՀՕ-20)

 

Հոդված 4. 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ՀԱՐՑԻ ԱՌԹԻՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

                      (վերնագիրը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման հարց հարուցելու վերաբերյալ որոշումն ուղարկվում է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորին, ինչպես նաև ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը քվեարկություն է նշանակում հետկանչման հարցի վերաբերյալ:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման հարցի քվեարկության ամսաթիվը նշանակվում է 60 օրից ոչ շուտ և 65 օրից ոչ ուշ` հաշված հետ կանչման հարցի հարուցման պահից:

(4-րդ հոդվածը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Հոդված 5. 

ԼՂՀ Ազգային ժողովի ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ՕԳՏԻՆ ԿԱՄ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ԱԳԻՏԱՑԻԱՆ

                      (վերնագիրը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման քվեարկության անցկացում նշանակելուց հետո ընտրողներին երաշխավորում է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների հետկանչման հետ կապված հարցերի ազատ և բազմակողմանի քննարկման հնարավորություն, ինչպես նաև իրավունք ընձեռում Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման օգտին կամ դեմ անարգել ագիտացիա անելու ընտրողների ժողովներում, մամուլում, հեռուստատեսությամբ, ռադիոյով:

Հետկանչման հարց հարուցած պատգամավորին, ինչպես նաև նրա վստահված անձանց ընտրողների ժողովներում (կոն‎ֆերանսներում), ըստ բնակության վայրի ընձեռվում է ազատ ագիտացիայի իրավունք, այդ թվում` զանգվածային տեղեկատվության միջոցների օգտագործում նույն կարգով, ինչ կարգով կատարվել է Ազգային ժողովի պատգամավորի նախընտրական քարոզչության ժամանակ:

Պատգամավորի հետկանչման քվեարկության օրը ագիտացիա տանել չի թույլատրվում:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.07.1998 ՀՕ-20)

 

Հոդված 6. 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՆ ՈՒ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ, ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման հարցի քվեարկության կազմակերպման համար, ոչ ուշ, քան քվեարկությունից 35 օր առաջ ճշտվում են քվեարկության տեղամասերը և ոչ ուշ, քան 30 օր առաջ` տեղամասային հանձնաժողովները:

Հետկանչման քվեարկության անցկացման նպատակով հանձնաժողովների կազմումն ու գործունեությունը, քվեարկության տեղամասերի ստեղծումը, քվեարկողների ցուցակների կազմումն իրականացվում են «ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով:

(6-րդ հոդվածը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Հոդված 7. 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ

 

Հետկանչման հարցի քվեարկության համար քվեաթերթիկում նշվում են ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի ազգանունը, անունը, հայրանունը, նրա պաշտոնը (զբաղմունքը), աշխատանքի և բնակության վայրը:

(7-րդ հոդվածը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Հոդված 8. 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման հարցի քվեարկությունը կատարվում է գաղտնի: Նրա կազմակերպումը անց է կացվում «ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» ԼՂՀ օրենքին համապատասխան:

Քվեարկելիս Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները պահպանվելու օգտին ձայն տալու դեպքում քվեաթերթիկում նշված «հետկանչմանը համաձայն եք» հարցին ընտրողը ջնջում է «ոչ» բառը, իսկ պատգամավորի հետկանչման օգտին ձայն տալու դեպքում` «այո» բառը:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորը համարվում է հետ կանչված, եթե նրա հետկանչման օգտին ձայն է տվել քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելին:

Հետկանչումը համարվում է մերժված, եթե հետկանչման օգտին ձայն է տվել քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից պակաս մասը, ինչպես նաև, եթե քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից պակաս մասը:

Հետկանչմանը «կողմ» կամ «դեմ» տրված ձայների հավասարության դեպքում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորը պահպանում է իր լիազորությունները:

Ընտրատարածքային հանձնաժողովը կարող է քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել օրենքի խախտումների թույլ տրման պատճառով:

Քվեարկության արդյունքները որոշվում են ընտրատարածքային հանձնաժողովի նիստում, մտցվում արձանագրության մեջ և ուղարկվում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային հանձնաժողովի արձանագրության հիման վրա գրանցում է քվեարկության արդյունքները, իսկ օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում նշանակում է կրկնակի քվեարկություն, որն անց է կացվում ոչ ուշ, քան երկշաբթյա ժամկետում, սույն օրենքի պահանջների պահպանմամբ:

(8-րդ հոդվածը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Հոդված 9. 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման հարցի քվեարկության նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են պետության հաշվին:

Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, պետական և հասարակական մարմինները համապատասխան հանձնաժողովներին տրամադրում են քվեարկության նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ շենքեր և սարքավորումներ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորը, որի նկատմամբ հարուցվել է հետկանչման հարց, ինչպես նաև նրանց վստահված անձինք ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելիս ըստ իրենց դիմումների ազատվում են աշխատանքից` պետության կողմից ծախսերի հատուցմամբ:

(9-րդ հոդվածը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Հոդված 10. 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

                      (վերնագիրը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

Ազգային ժողովի պատգամավորի հետկանչի կարգի խախտումների մասին դիմումներն ու գանգատները քննության է առնում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և կայացնում է համապատասխան որոշումներ դրանց վերաբերյալ:

(10-րդ հոդվածը փոփ. 17.07.1998 ՀՕ-20)

 

16 հոկտեմբերի 1993 թվականի,

քաղ. Ստեփանակերտ