ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» մայիսի 2011թ. |
N 332-Ն |
ք.Ստեփանակերտ
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու, ինչպես նաև հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի «Դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանելու մասին» N 28 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«31» մայիսի 2011թ.
N 332-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է դատավորի պաշտոնում աշխատած անձին «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նշանակված տարիքային կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը (այսուհետ՝ հավելավճար) հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու, ինչպես նաև հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը:
2. Հավելավճարը սահմանվում է այն դատավորի տարիքային կենսաթոշակի նկատմամբ, ով ունի դատավորի պաշտոնում աշխատելու առնվազն 5 տարվա ստաժ և այդ պաշտոնից ազատվել է հետևյալ պատճառներից որևէ մեկով՝
1) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).
2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան 6 ամիս ի վիճակի չի եղել կատարել իր պաշտոնեական պարտականությունները.
3) պաշտոնի նշանակվելուց հետո ձեռք է բերել դատավորի պաշտոնում աշխատելուն (նշանակմանը) խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:
3. Սույն կարգի 2-րդ և 5-րդ կետերում նշված ստաժում հաշվարկվում է դատավորի պաշտոնում նշանակվելուց մինչև պաշտոնից ազատվելու օրն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում իրար, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվարկվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:
4. Հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը հաշվարկվում է դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող մեկ տարվա (12 ամսվա) ընթացքում լրիվ աշխատած ամիսների (այն ամիսների, որոնց բոլոր աշխատանքային օրերի համար աշխատավարձ է հաշվարկվել) համար հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափ և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների գումար) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:
Եթե դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող մեկ տարվա (12 ամսվա) ընթացքում լրիվ աշխատած ամիսներ չեն ձևավորվում, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է դատավորի միջին օրական աշխատավարձը 21-ով բազմապատկելու միջոցով:
Միջին օրական աշխատավարձը հաշվարկվում է դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող մեկ տարվա (12 ամսվա) ընթացքում դատավորի համար փաստացի հաշվարկված աշխատավարձն այն աշխատանքային օրերի թվի վրա բաժանելու միջոցով, որոնց համար հաշվարկվել է աշխատավարձը:
Եթե դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող մեկ տարվա (12 ամսվա) ընթացքում դատավորի համար աշխատավարձ չի հաշվարկվել, ապա որպես միջին աշխատավարձ հիմք է ընդունվում նրա պաշտոնային դրույքաչափը:
5. Հավելավճարը նշանակելիս այն հաշվարկվում է միջին աշխատավարձի՝
1) 75 տոկոսի և օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի տարբերության չափով՝ դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած լինելու դեպքում,
2) 65 տոկոսի և օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի տարբերության չափով՝ դատավորի պաշտոնում 10 տարուց պակաս, սակայն առնվազն 5 տարի աշխատած լինելու դեպքում:
Տարիքային կենսաթոշակի և հավելավճարի հանրագումարի չափը չի կարող գերազանցել անձի` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի՝ սույն կարգի 8-րդ կետում նշված պաշտոնային դրույքաչափը:
6. Դատավորի պաշտոնում աշխատած անձը հավելավճարը նշանակելու համար գրավոր դիմումի հետ ներկայացնում է աշխատանքային գրքույկը, իսկ սույն կարգի 2-րդ կետով սահմանված հիմքերով աշխատանքից ազատվելու մասին աշխատանքային գրքույկում անհրաժեշտ գրառում չլինելու դեպքում` դրա մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտի տված տեղեկանքը, ինչպես նաև աշխատանքից ազատվելու ամսվան նախորդող 12 ամսվա աշխատավարձի չափը՝ ըստ ամիսների:
7. Հավելավճարի չափը, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, վերահաշվարկվում է օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի չափը կամ դատավորի՝ սույն կարգի 8-րդ կետում նշված պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում՝
1) սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն նշանակված հավելավճարը՝ Հ = Դ1 / Դ2 x Ա x 75 % - Կ բանաձևով,
2) սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն նշանակված հավելավճարը՝ Հ = Դ1 / Դ2 x Ա x 65 % - Կ բանաձևով:
Սույն կետի առաջին մասում նշած բանաձևերում՝
Հ-ն՝ հավելավճարի ամսական չափն է,
Դ1-ը՝ հավելավճարը վերահաշվարկելու օրվա դրությամբ սահմանված, վերահաշվարկելու համար հիմք ընդունվող՝ սույն կարգի 8-րդ կետում նշված պաշտոնային դրույքաչափը,
Դ2-ը՝ հավելավճարը նշանակելու օրվա դրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը, իսկ եթե հավելավճարը վերահաշվարկվել է, ապա՝ վերջին վերահաշվարկի համար հիմք ընդունված պաշտոնային դրույքաչափը,
Ա-ն՝ աշխատավարձի չափը, որից հաշվարկվել է հավելավճարը՝ հավելավճարը նշանակելիս (վերահաշվարկելիս),
Կ-ն՝ կենսաթոշակի ամսական չափը:
8. Հավելավճարը վերահաշվարկելիս հիմք են ընդունվում հետևյալ պաշտոնային դրույքաչափերը`
1) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի, ինչպես նաև նախկին ժողովրդական դատավորի և առաջին ատյանի դատարանի դատավորի համար՝ 280000 դրամ.
2) վերաքննիչ դատարանի դատավորի համար՝ 322000 դրամ.
3) Գերագույն դատարանի դատավորի և նախկին գերագույն դատարանի դատավորի համար՝ 364000 դրամ:
9. Հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակի հետ` ընդհանուր գումարով: Հավելավճար վճարելը դադարեցվում, կասեցվում և վերսկսվում է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու, կասեցնելու և վերսկսելու՝ օրենքով սահմանված կարգով:
10. Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը նշանակված հավելավճարի չափը վերահաշվարկվում և վճարվում է 2011 թվականի հունվարի 1-ից` սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան՝ որպես միջին աշխատավարձ հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետում նշված դրույքաչափերը:
11. Հավելավճարը սույն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկում (վերահաշվարկում), նշանակում և վճարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ գտնվում է կենսաթոշակառուի կենսաթոշակի գործը:
12. Հավելավճարը նշանակվում է դրա իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը տրվել է վեց ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |