ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ, ԳԵՐԻ ԸՆԿԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 4–րդ և 5-րդ մասերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գրանցված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004թ. ապրիլի 1 -ից:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«27» ապրիլի 2004թ.
թիվ 172 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ, ԳԵՐԻ ԸՆԿԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ կադրերի ռեզերվ) գրանցված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման կարգը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցված ամբողջ ժամանակահատվածում վճարվում է դրամական բավարարում:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած և կադրերի ռեզերվում գրանցված ոստիկանության ծառայողներին դրամական բավարարում տրվում է մինչև ոստիկանության ծառայողի վիրավորվելը, անհայտ կորած կամ գերի ընկած (առևանգված կամ պատանդ վերցված) ճանաչվելը՝ նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված դրամական բավարարման, սննդի դիմաց փոխհատուցման և յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար լրացուցիչ մեկ պաշտոնային դրույքի չափով գումար:
Դրամական բավարարումը տրվում է՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված ոստիկանության ծառայողին,
ոստիկանության ծառայողի կնոջը (ամուսնուն),
ոստիկանության ծառայողի խնամողին,
ոստիկանության ծառայողի խնամքի տակ գտնվողին,
ոստիկանության ծառայողի կողմից լիազորված անձին,
բ) անհայտ կորած կամ գերի ընկած ոստիկանության ծառայողի կնոջը (ամուսնուն) կամ ոստիկանության ծառայողի խնամքի տակ գտնվող անձանց կողմից լիազորված անձին:
4. Ոստիկանության ծառայողին կադրերի ռեզերվից հանելու դեպքում վճարումներն իրականացվում են կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածի համար:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրամական բավարարման չափերի փոփոխման դեպքում համապատասխանաբար փոփոխվում են նաև կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների դրամական բավարարման չափերը:
6. Մինչև «Ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովման և դրամական բավարարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը՝ սույն կարգով սահմանվող դրամական բավարարումը ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված կարգով ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«27» ապրիլի 2004թ.
թիվ 172 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ կադրերի ռեզերվ) գտնվելու և ռեզերվից հանելու կարգը:
2. Կադրերի ռեզերվում գրանցվում են՝
ա) ոստիկանության այն ծառայողները, ովքեր ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվել են հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ոստիկանության ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ոստիկանության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
բ) ոստիկանության այն ծառայողները, ովքեր ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվել են սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայության համար պիտանի, իսկ ռազմական դրության ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողը.
դ) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ոստիկանության ծառայողին այլ պաշտոնի փոխադրելիս՝ զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր թափուր պաշտոն չլինելու դեպքում:
3. Ոստիկանության ծառայողը կադրերի ռեզերվում գրանցվում կամ ռեզերվից հանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որտեղ նշվում են ոստիկանության ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու կամ ռեզերվից հանելու հիմքերը:
4. Կադրերի ռեզերվում ոստիկանության ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն տարիքը՝ բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքերի:
5. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետում չեն հաշվարկվում ոստիկանության ծառայողի՝ ժամանակավոր անաշխատունակության, հերթական կամ կարճատև արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները:
6. Կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին, հաշվի առնելով նրա մասնագիտական գիտելիքները, առողջական վիճակը և թափուր հաստիքների առկայությունը, կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում առաջարկվում են համապատասխան պաշտոններ:
7. Ոստիկանության ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է հետևյալ դեպքերում՝
ա) պաշտոնի նշանակվելիս.
բ) «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 45-րդ հոդվածի հիմքերով ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս.
գ) կադրերի ռեզերվում գտնվելու համար սահմանված առավելագույն ժամկետը լրանալիս և այդ ժամանակահատվածում առաջարկված պաշտոններից առնվազն երկու անգամ հրաժարվելիս.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ գերի ընկած ոստիկանության ծառայողի հայտնաբերման կամ գերությունից ազատման դեպքերում:
Եթե նշված անձինք բուժման կամ վերականգնողական կուրս անցնելու կարիք ունեն, ապա նրանք կադրերի ռեզերվից հանվում են ապաքինվելուց հետո:
8. Սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքերում իրեն առաջարկված պաշտոններում նշանակվելու համաձայնություն տված ոստիկանության ծառայողը պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով 10-օրյա ժամկետում հանվում է կադրերի ռեզերվից:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |