Համարը 
N 243
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.06.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.12.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“22” հունիսի 2004թ.

N 243

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժգ» ենթակետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի երկրագործության պետական տեսչության կանոնադրությունը (հավելված թիվ 1).

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնապահության պետական տեսչության կանոնադրությունը (հավելված թիվ 2).

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը (հավելված թիվ 3):

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997թ. նոյեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 172 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան  

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«22» հունիսի 2004թ.

թիվ 243 որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության երկրագործության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ երկրագործության բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են ԼՂՀ օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են`

ա) երկրագործության ոլորտի ագրարային կանոնների սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման խախտումների հայտնաբերման, կասեցման և կանխման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

գ) տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից` անկախ վերջիններիս ենթակայությունից ու սեփականության ձևից, հողերի մշակման, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության, բույսերի տարածված և կարանտին հիվանդությունների, վնասատուների դեմ տարվող պայքարի, սերմնանյութերի, թունանյութերի, ցանքանյութերի ու տնկանյութերի (արմատակալների) արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, դրանք ցանքային պիտանիության և որակի ստուգման, հողում, բուսաբուծական մթերքներում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների անթույլատրելի քանակի բացահայտման ու կանխարգելման ապահովման նկատմամբ, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության ու այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, ագրարային կանոնների պահպանման, մոնիտորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) հողերի մշակման, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության դեմ պայքարի նկատմամբ հսկողություն.

բ) սերմնանյութերի, ցանքանյութերի և տնկանյութի արտադրության, ներմուծման և իրականացման նկատմամբ հսկողություն, դրանց ցանքային պիտանիության և որակի պահպանումը.

գ) բույսերի տարածված, կարանտին հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ տարվող պայքարի ապահովման հսկողություն.

դ) թունանյութերի, հանքային պարարտանյութերի փոխադրման, պահպանման և ոչնչացման անվտանգության ապահովման հսկողություն.

ե) հողում, բուսական մթերքում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների անթույլատրելի քանակի կանխարգելման հսկողություն.

զ) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, մոնիտորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման նկատմամբ հսկողություն:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ ԼՂՀ վարչապետի համաձայնությամբ:

Տեսչության պետն ի պաշտոնե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրագործության գլխավոր պետական տեսուչն է:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Տեսչության պետը պատասխանատու է երկրագործության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ հաստատված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսման կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության աշխատողների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումը տեսչության մասնագետների միջև.

թ) օրենքներով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և տեսչության աշխատողների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող կարգադրությունները, որոշումներն ու ցուցումները.

ժ) լսում է տեսչության մասնագետների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության մասնագետների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության աշխատողներից մեկը:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքներով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«22» հունիսի 2004թ.

թիվ 243 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

       1. Անասնապահության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ անասնապահության բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:   

      2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

     3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

     4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

     5. Տեսչությունն օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

     6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են`

ա) մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանումը.

բ) օտարերկրյա պետություններից կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով հանրապետության տարածքի պահպանությունը.

գ) անասնաբուժասանիտարական պահանջների տեսակետից անվտանգ անասնապահական հումքի արտադրության նկատմամբ հսկողության ապահովումը.

դ) կենդանիների տեղափոխման, ներմուծման, արտահանման, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, դեղերի, կենդանիների պաշտպանության միջոցների, անասնաբուժական պատրաստուկների, կերերի և լրացակերերի նկատմամբ հսկողությունը.

ե) կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, կենդանիների կերերի, կերախառնուրդների, նրանց հետագա վերամշակման, կենդանիների պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման դեպքում, ինչպես նաև անասնապահական մթերքի իրացման կետերում անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը.

զ) շրջակա միջավայրի պաշտպանության համար իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անասնաբուժասանիտարական պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) հանրապետության տարածքն օտարերկրյա պետություններից կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչների ներթափանցումից պաշտպանելու համար միջոցառումների կազմակերպում.

բ) մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպում.

գ) կենդանիների, այդ թվում` թռչունների, ձկների, մեղուների և գազանների ներքին փոխադրումների, արտահանման և ներմուծման ժամանակ, կենդանական ծագում ունեցող հումքի, արտադրանքի, դրանց վերամշակման, պահպանման ու փոխադրման, ինչպես նաև կերերի և հսկման ենթակա այլ բեռների նկատմամբ անասնաբուժական հսկողության իրականացում.

դ) անհատական անասնաբուժական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում.

ե) տոհմային գործի վարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

զ) անասնաբուժությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություն նախարարություն ներկայացնելը:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ ԼՂՀ վարչապետի համաձայնությամբ:

Տեսչության պետն ի պաշտոնե միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անասնապահական պետական տեսուչն է:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, անասնապահության միջազգային օրենսդրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Տեսչության պետը պատասխանատու է անասնապահության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության աշխատողների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում տեսչության մասնագետների միջև.

թ) օրենքներով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և տեսչության աշխատողների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող կարգադրությունները, որոշումներն ու ցուցումները.

ժ) լսում է տեսչության մասնագետների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության մասնագետների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղեկան ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության աշխատողներից մեկը:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքներով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«22» հունիսի 2004թ.

թիվ 243 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների և գործիքների շահագործման բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տրակտորների, ինքնագնաց շասսիների և նրանց կցասայլերի պետական հաշվառումն ու միասնական համարանիշների ապահովումը.

բ) տրակտորների, ինքնագնաց այլ գյուղատնտեսական մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի ապահովումը.

գ) գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների և գործիքների տեխնիկական վիճակի ու անվտանգ շահագործման կանոնների վերահսկումը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է.

ա) գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից ագրարային կանոնների կատարման նկատմամբ հսկողություն.

բ) պետհամարանիշների և տեխնիկական վկայագրերի, ինչպես նաև տրակտորների վարման իրավունքի վկայականների պատվիրում, ձեռքբերում ու տրամադրում.

գ) տրակտորների, ինքնագնաց այլ մեքենաների և նրանց կցասայլերի առկա քանակի և սարքինության հաշվառում.

դ) տրակտորների, ինքնագնաց այլ մեքենաների և նրանց կցասայլերի տարեկան տեխնիկական զննման կազմակերպում և անցկացում.

ե) ինքնագնաց մեքենաներ վարելու իրավունք տալու նպատակով քննությունների ընդունում և տրակտորիստ-մեքենավարի (տրակտորիստի) վկայականի տրամադրում:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ ԼՂՀ վարչապետի համաձայնությամբ:

Տեսչության պետն ի պաշտոնե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի գլխավոր պետական տեսուչն է:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Տեսչության պետը պատասխանատու է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Տեսչության պետը՝

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար .

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է նրանց ծառայողական բնութագրերը.

ե) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:

զ) ապահովում է նախարարի, նրա տեղակալի ցուցումների և հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նրանց.

է) սահմանում է աշխատանքի բաշխում տեսչության մասնագետների միջև.

ը) նախարարության և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է տեսչության աշխատողների իրավասությունները.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և տեսչության աշխատողների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող կարգադրությունները, որոշումներն ու ցուցումները.

ժ) լսում է տեսչության մասնագետների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության մասնագետների օգտագործմանը հանձնված պետական սեփականության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև՝ խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

ժե) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:

13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության աշխատողներից մեկը:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքներով, այլ իրավական ակտերով նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան