ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» մայիսի 2013թ. |
N 319-Ն |
ք. Ստեփանակերտ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 118 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմի հաստատման մասին» N 118 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի մայիսի 30-ի N 319-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությանը կից գործող (այսուհետ` վարչություն) միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
2. Հանձնաժողովը հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող խորհրդակցական մարմին է:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`
1) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների վերաբերյալ գիտական հաշվետվությունների, նյութերի, փաստաթղթերի և տեղեկությունների ստացումն ու քննարկումը.
2) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ու գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի և նպատակային աշխատանքների քննարկումն ու դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան եզրակացություն տալը.
3) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կատարման թույլտվության վերաբերյալ եզրակացություն տալը.
4) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ծրագրերի ու աշխատանքների համակարգված իրականացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համագործակցության ապահովումը:
5. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում վարչություն է ներկայացնում առաջարկություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օտարերկրյա պետությունների տարածքներում գտնվող վտանգված հայկական հուշարձանների պահպանման միջոցառումների իրականացման, ինչպես նաև դրանց հետախուզման, հնագիտական պեղումների և ֆինանսավորման վերաբերյալ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
6. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի սահմանած կարգով, փոխհատուցվում են հնագիտական պեղումներ ձեռնարկողների տրամադրած միջոցներից, որոնք կուտակվում են հատուկ բացված բանկային հաշվեհամարում:
7. Հանձնաժողովի` հնավայր մեկնման տրանսպորտային ծախսերը սահմանվում են տվյալ պահին գործող շուկայական գներով, իսկ օրապահիկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափերով:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի ձևով, ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում` հուշարձանների տարածքում: Նիստերը հրավիրվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ:
9. Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:
10. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք.
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, պատասխանատվություն կրում հանձնաժողովի խնդիրների և գործառույթների իրականացման համար:
11. Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
12. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, կազմակերպում նիստերի անցկացումը.
2) իրականացնում է հանձնաժողովի ընթացիկ կազմակերպման և տեխնիկական աշխատանքները.
3) համակարգում և քննարկման է ներկայացնում հանձնաժողովի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը.
4) կազմում և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
13. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստից առնվազն երկու շաբաթ առաջ, հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, առաջադրում են հարցեր և հանձնաժողովի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ կարծիք հայտնում դրա օրակարգի վերաբերյալ:
14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
15. Վարչության և հանձնաժողովի միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչությունը կենսագործում է իր ընդունած որոշումը` դրա մասին տեղյակ պահելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:
16. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները` դրանց անցկացման պահից, իսկ որոշումները` պետական լիազորված մարմնի կողմից հաստատվելու պահից մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովի անդամներին և համապատասխան շահագրգիռ կազմակերպություններ:
17. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի մայիսի 30-ի N 319-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
1. |
Սերգեյ Շահվերդյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ, հանձնաժողովի նախագահ |
| |
|
|
|
2. |
Սլավա Սարգսյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ, հանձնաժողովի նախագահի տեղակալ |
| |
|
|
|
3. |
Արմինե Հայրապետյան |
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատող, հանձնաժողովի քարտուղար |
| |
|
|
|
4. |
Վլադիմիր Հովսեփյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
| |
|
|
|
5. |
Երազիկ Դանիելյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի գլխավոր մասնագետ |
| |
|
|
|
6. |
Վարդգես Սաֆարյան |
Արցախի պետական համալսարանի դասախոս, հնագետ (համաձայնությամբ) |
| |
|
|
|
7. |
Յուրի Առաքելյան |
Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հողաշինարարության և հողային կադաստրի, պարենամթերքների տեխնոլոգիաների և ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
|
|
8. |
Ռոբերտ Ասկարյան |
Նկարիչ, քանդակագործ (համաձայնությամբ) |
| |
|
|
|
9. |
Արտո Մարտիրոսյան |
Հայաստանի Հանրապետության կրթության Ազգային ինստիտուտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնաճյուղի փոխտնօրեն (համաձայնությամբ) |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |