Համարը 
N 118
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.06.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ԼՂՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" նոյեմբերի 1999թ.

 N 118

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կանոնակարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման հնագիտական հանձնաժողովի կազմի հաստատման մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կանոնակարգը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման հնագիտական հանձնաժողովի կազմը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

16 նոյեմբերի 1999թ.

թիվ 118 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ (այսուհետ հուշարձաններ) են պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող կառույցները, կոթողները, մարդու կողմից օգտագործված անձավները, հնագիտական, մշակութային շերտերը, հին հանքավայրերը, սրբատեղիները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ դրանց պահպանվածության աստիճանից: Հուշարձանների հետախուզումը և հնագիտական պեղումը դրանց վավերագրման, ուսումնասիրման, պահպանության, վերականգնման, անհրաժեշտության դեպքերում տեղափոխման և օգտագործման հիմքն է: Այն նպատակ ունի նաև բացահայտել, վերակազմել, մեկնաբանել և արժեքավորել հայ ժողովրդի պատմության և մշակույթի երևույթները:

1.2. Հուշարձանների հետախուզումը և հնագիտական պեղումը կատարվում է`

ա) պատմության, հնագիտության, ճարտարապետության և արվեստի պատմության, ազգագրության և գիտության այլ բնագավառների զարգացման նպատակով.

բ) հուշարձանի հայտնաբերման դեպքում նրա բնույթը և տարիքը պարզաբանելու նպատակով.

գ) հուշարձանների կամ դրանց պահպանական գոտու տարածքում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում բացահայտված կամ խաթարված հուշարձանը վավերագրելու, ուսումնասիրելու, պահպանելու, իսկ անհրաժեշտության դեպքում` տեղափոխելու նպատակով.

դ) հուշարձանների ամրակայման, վերականգնման և դրանց տարածքի բարեկարգման նախագծերի կազմման և իրականացման նպատակով.

ե) հուշարձանների տարածքը և պահպանական գոտու սահմանները պարզելու նպատակով:

 

2. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների հիմնական սկզբունքները

 

2.1. Հուշարձանների տեղային ուսումնասիրության հիմնական տեսակներն են` վերգետնյա հետազոտումը, հետախուզական և պարբերական հնագիտական պեղումները, տեխնիկական կամ բնագիտական մեթոդներով հուշարձանի վավերագրման և հետազոտման աշխատանքները:

2.2. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների արդյունավետությունը գնահատվում է`

ա) հուշարձանի նախնական վիճակի հնարավորինս նվազագույն ձևափոխման պարագայում ձեռք բերված փաստերի ճշգրտությամբ և ամբողջականությամբ, ինչպես նաև դրանց համակողմանի մեկնաբանման գիտական արժեքով.

բ) հուշարձանի վավերագրման և ուսումնասիրման մեթոդների կատարելությամբ և դրանց ճշգրիտ կիրառմամբ.

գ) ուսումնասիրության ընթացքում հուշարձանի անվթարության ապահովմամբ, ապա ամրակայման միջոցառումների ձեռնարկմամբ.

դ) հայտանբերված գտածոների վերականգնման, դրանց անվտանգության ապահովմամբ և պաշտոնական գրանցում ունեցող թանգարաններին հանձնմամբ.

ե) հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքների վերաբերյալ գիտական լիակատար հաշվետվությունների ներկայացմամբ և հրատարակությամբ:

2.3. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների մեթոդները մշտապես կատարելագործվում են, ավելի ու ավելի ընդգրկելով բնական գիտությունների հետազոտման մեթոդներն ու նվաճումները: ՈՒստի անթույլտարելի է գիտնականների մեկ սերնդի կողմից որևէ հուշարձանի ամբողջական պեղումը: ՈՒսումնասիրվող հուշարձանի մի մասը` առնվազն 50%-ը պետք է թողնել անձեռնմխելի, հաջորդ սերունդների հետազոտությունների համար: Բացառություն կարող են կազմել միայն այն հուշարձանները, որոնք բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ դատապարտված են անխուսափելի և արագ ոչնչացման, կամ դրանք ենթակա են տեղափոխման, վերականգնման ու բարեկարգման, կամ այն դեպքերում, երբ անխուսափելի է հուշարձանի տարածքի այլ նպատակներով օգտագործումը և կամ այն դեպքում, երբ հուշարձանի ամբողջական հետազոտումը անհրաժեշտ է գիտական բացառիկ հայտնագործությունների համար:

2.4. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների յուրաքանչյուր ամբողջական գործաշրջան հաջորդաբար ընդգրկում է`

ա) նախքան տեղային ուսումնասիրման ձեռնարկումը հուշարձանի վերաբերյալ արխիվային նյութերի և հրատարակություններում առկա տեղեկությունների ուսումնասիրում, իրավիճակի մանրամասն և ամբողջական վավերագրում (տեղահանույթի կազմում, չափագրում, լուսանկարում և այլն).

բ) հուշարձանի ուսումնասիրումը տեխնիկական և բնագիտական մեթոդներով` առանց նրա առկա վիճակի էական փոփոխման.

գ) գիտական միասնական մեթոդով հուշարձանի տարածքից վերգետնյա նյութերի հավաքում և դրանց քարտեզագրում.

դ) հուշարձանի հնագիտական պեղումներ և դրան զուգահեռ հուշարձանի վավերագրման ու ամրակայման ընթացիկ աշխատանքներ.

ե) պեղումների մեկամյա փուլի ավարտից հետո պեղված հատվածի ամբողջական վավերագրում և հետագա պահպանությունն ապահովող ամրակայման աշխատանքների իրագործում.

զ) հայտնաբերված գտածոների ամրակայում, վերականգնում և թանգարանացում.

է) պեղումների վերաբերյալ գիտական ամփոփ հաշվետվության կազմում և համապատասխան մարմիններին հանձնում:

Վերոհիշյալ «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատանքները կարող են կատարվել հաջորդ փուլերից անկախ, մինչդեռ «գ» և «դ» ենթակետերում նշված աշխատանքների իրականացման դեպքում ամբողջ գործաշրջանի կատարումը դառնում է պարտադիր:

 

3. Հուշարձանների հետախուզումը և հնագիտական պեղումները իրագործող սուբյեկտները

 

3.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուշարձանների հետախուզումը և հնագիտական պեղումները արտոնող միակ մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունն է (այսուհետ Լիազոր մարմին), որն իր աշխատանքները կատարելիս առաջնորդվում է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի (այսուհետ Հանձնաժողով) եզրակացություններով: Լիազորված մարմնի որոշումները, հրահանգները և հանձնարարականները պարտադիր են հուշարձանների հետազոտումը և հնագիտական պեղումները ձեռնարկողների (այսուհետ Ձեռնարկող) ու հետախուզման և հնագիտական պեղումները ղեկավարողների (այսուհետ Ղեկավար) համար:

3.2. Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող կարող են լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք: Այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց գործունեության կարգը սահմանվում է սույն կանոնակարգի 7-րդ բաժնում: Ձեռնարկող չի կարող լինել Հանձնաժողովը: Ձեռնարկողը հետախուզման և հնագիտական պեղումների համալիր ծրագրի ամբողջական իրագործման ֆինանսավորողն ու կազմակերպիչն է: Նա սահմանված կարգով պատասխանատու է աշխատանքների ընթացքում հուշարձանի անվթարության ապահովման և պեղումների հետևանքով բացած հուշարձանների ամրակայման, վավերագրման և նյութերի ու արդյունքների հրապարակման համար:

3.3. Ղեկավարը տվյալ հուշարձանը պեղելու արտոնագիր (բաց թերթիկ) ունեցող մասնագետն է: Ղեկավարը պատասխանատու է ինչպես աշխատանքների արդյունավետության, այնպես էլ ամբողջ գործաշրջանի ընթացքում հուշարձանի պահպանության և անվթարության ապահովման համար: Նա հուշարձանի հետազոտման և հնագիտական պեղումների ամբողջական ծրագրի անմիջական իրագործողն է, որն այդ ընթացքում ստանձնում է հուշարձանի ժամանակավոր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները: Ղեկավարը կարող է լինել հուշարձանի հետախուզում և հնագիտական պեղումներ Ձեռնարկող:

3.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների թույլատվություն տալիս է Լիազորված մարմինը Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա: Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ողջ ընթացքում Ձեռնարկողի և Ղեկավարի կողմից հուշարձանի անվթարության և պահպանության ապահովումը, գիտական մեթոդների ճշգրիտ կիրառումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնակարգի պահանջների կատարումը վերահսկում է Լիազորված մարմինը:

3.5. Հանձնաժողովը հուշարձանների հետախուզումն ու հնագիտական պեղումների նպատակահարմարության, թույլատվության, արդյունավետության խնդիրները քննարկող, ինչպես նաև նախորդ տարիներին կատարված աշխատանքները գնահատող և գիտամեթոդական եզրակացություններ տվող մարմին է, որը գործում է Լիազորված մարմնին կից: Հանձնաժողովի եզրակացությունները և որոշումները` հաստատված Լիազորված մարմնի կողմից, պարտադիր են Ձեռնարկողների և Ղեկավարների համար: Հանձնաժողովում ընդգրկվում են պետական մարմինների, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետներ: Հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լիազորված մարմնի ներկայացմամբ: Հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է Ձեռնարկողների տրամադրած միջոցներով:

 

4. Հուշարձանների հետախուզումը և հնագիտական պեղումները կատարող սուբյեկտների խնդիրները, իրավունքներն ու պարտականությունները

 

4.1. Հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները Ձեռնարկողը իրավունք ունի.

ա) Հանձնաժողովին ներկայացնել հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները կատարող Ղեկավարի թեկնածությունը.

բ) շարունակել հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները, եթե կատարել է 2.4. կետի «գ-է» ենթակետերի պահանջները և նրա աշխատանքները տվյալ հուշարձանում դրական է գնահատել Հանձնաժողովը.

գ) հանդես գալ պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական գտածոները իր առաջադրած պաշտոնական գրանցում ունեցող թանգարանը հանձնելու պահանջով.

դ) սահմանված կարգով օգտագործել հուշարձանը թանգարանացման, զբոսաշրջիկության, ուսումնառության, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աշխատանքներից դրամական շահույթ ստանալու նպատակով, այդ ծրագրերը նախօրոք Լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:

4.2. Հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների Ղեկավարը իրավունք ունի.

ա) իրագործել հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները, եթե ունի` համապատասխան որակավորում, երաշխավորություն որևէ գիտական հիմնարկության կողմից և դրանց հիման վրա ստացել է արտոնագիր Լիազորված մարմնից.

բ) շարունակել հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները, եթե կատարել է 2.2-2.4 կետերի պահանջները և նրա աշխատանքները տվյալ հուշարձանում դրական է գնահատել Հանձնաժողովը.

գ) Ղեկավարը հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների արտոնագրի ստացման օրվանից մինչև հետախուզության արդյունքների սահմանված ժամկետում հրատարակումը ունի ուսումնասիրության ընթացքում ձեռք բերած նյութերի, նորահայտ հուշարձանների և տեղեկատվության գիտական օգտագործման մենաշնորհ.

դ) եթե Ձեռնարկողի և Ղեկավարի միջև ծագում է անհամաձայնություն ուսումնասիրվող օբյեկտի հեղինակային իրավունքի վերաբերյալ, ապա նախապատվությունը տրվում է Ղեկավարին և առանց վերջինիս գրավոր համաձայնության Ձեռնարկողը իրավունք չունի Հանձնաժողովին առաջադրել այլ Ղեկավարի թեկնածություն:

4.3. Հուշարձանի հետախուզումը և պեղումներ Ձեռնարկողը պարտավոր է`

ա) կազմակերպել և ֆինանսավորել հուշարձանի վավերագրման, տեղային հետազոտման, ամրակայման, իսկ առանձին դեպքերում նաև վերականգնման աշխատանքները: Նա տեղային ուսումնասիրման ողջ ընթացքում պատասխանատվություն է կրում հուշարձանի անվթարության համար և այն վնասելու կամ խաթարվելու դեպքում իր միջոցներով պարտավոր է վերականգնել հուշարձանի նախնական վիճակը.

բ) կազմակերպել պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոների ու հուշարձանների մաքրումը, ամրակայումը և վերականգնումը, դրանց լաբորատոր հետազոտությունները և վավերագրումը (գրչանկարների պատրաստում, լուսանկարում, չափագրում և այլն).

գ) երկու տարվա ընթացքում ապահովել հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքներին նվիրված գիտական աշխատությունների հրատարակումը` այն Ղեկավարի կողմից ներկայացնելուց հետո:

4.4. Ղեկավարը պատասխանատվություն է կրում ինչպես աշխատանքների արդյունավետության, այնպես էլ ողջ գործաշրջանի ընթացքում հուշարձանի պահպանության և անվթարության ապահովման համար: Նա պարտավոր է`

ա) անշեղորեն կատարել սույն կանոնակարգի 2.2., 2.3., 2.4., 5.5. և 5.6. կետերի պահանջները.

բ) անձամբ ղեկավարել տեղային ուսումնասիրության ամբողջական գործաշրջանի բոլոր փուլերի աշխատանքները և այդ ընթացքում երկարատև չբացակայել հուշարձանի տարածքից.

գ) տեղային ուսումնասիրության ողջ ընթացքը պարբերաբար գրառել դաշտային օրագրում և այն, հետազոտությունների արդյունքի լիակատար հրատարակությունից հետո, հանձնել Լիազորված մարմնին` արխիվային պահպանության համար.

դ) յուրաքանչյուր տարվա պեղումների մասին Լիազորված մարմնին ներկայացնել գիտական ամփոփ հաշվետվություն: Հայտնաբերված գտածոները վերականգնումից, լաբորատոր հետազոտումից և ուսումնասիրումից հետո, ոչ ուշ քան երկու տարում, հանձնել թանգարան:

Պեղումների գիտական հաշվետվությունները ժամանակին չներկայացրած և հայտնաբերված գտածոները թանգարան չհանձնած Ղեկավարները զրկվում են հուշարձանի հետազոտման և հնագիտական պեղումների իրավունքից.

ե) հուշարձանի հետազոտման կամ հնագիտական պեղումների ավարտից հետո, երեք տարվա ընթացքում, հրատարակության համար Ձեռնարկողին ներկայացնել հետազոտման արդյունքները ամփոփող գիտական աշխատություն.

զ) ըստ նորահայտ նյութերի ճշգրտել և լրացնել ուսումնասիրվող հուշարձանի պետական հաշվառման փաստաթղթերի տվյալները և, պայմանագրային կարգով գրել տվյալ հուշարձանի մասին հոդված հայկական հուշարձանների համահավաքի համար` ունենալով հեղինակային մենաշնորհ և իրավունքների պահպանման երաշխիք:

 

5. Հուշարձանների հետախուզումը և հնագիտական պեղումները վերահսկող մարմինների խնդիրները, իրավունքներն ու պարտականությունները

 

5.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվությունը, վերահսկողությունը և գնահատումը իրականացնում են Լիազորված մարմինը և նրան կից գործող Հանձնաժողովը.

5.2. Լիազորված մարմինը`

ա) տալիս է հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների արտոնագիրը (բաց թերթիկը).

բ) պայմանագիր է կնքում Ձեռնարկողի և Ղեկավարի հետ հուշարձանը տեղային ուսումնասիրման ողջ ընթացքում նրանց տնօրինությանը հանձնելու վերաբերյալ.

գ) տեղային ուսումնասիրության ողջ ընթացքում վերահսկում է հուշարձանի անվթարության, գիտական արդյունավետության և մեթոդական բարձր մակարդակի ապահովմանը.

դ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի հայկական հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների հաշվառումը և կոորդինացումը.

ե) մեթոդական ու գործնական մասնակցություն է ունենում ուսումնասիրվող հուշարձանի վավերագրման, ամրակայման և վերականգնման գործում` Ձեռնարկողի պատվերով այդ գործում ներգրավելով իր համակարգի համապատասխան մասնագետներին.

զ) պետական հաշվառման և պահպանության է վերցնում տեղային ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերված հուշարձանները.

է) արխիվային պահպանության է վերցնում տեղային ուսումնասիրությունների վավերագրական նյութերը և գիտական հաշվետվությունները` հեղինակային մենաշնորհի և իրավունքի սահմանված ժամկետում պահպանման երաշխիքով.

ը) իրականացնում է հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների տարեկան հաշվետվությունների հրատարակումը.

թ) տեղային ուսումնասիրության ամբողջական ծրագրի ավարտից կամ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Ձեռնարկողի և Ղեկավարի հետ համատեղ կազմած ակտով իր տնօրինությանն է վերադարձնում ոսումնասիրվող հուշարձանը:

5.3. Լիազորված մարմինը, առանձին դեպքերում, պարտավոր է վտանգված հուշարձանների վավերագրման, հետազոտման, ամրակայման և վերականգնման, իսկ բացառիկ դեպքերում տեղոփոխման դեպքում Ձեռնարկողին ցույց տալ ֆինանսական և նյութական օգնություն` անկախ վերջինիս տրամադրած միջոցներից ու ֆինանսավորման այլ աղբյուրներից:

5.4. Լիազորված մարմինը իրավունք ունի.

ա) չգրանցել հուշարձանի տեղային ուսումնասիրման արտոնագիրը, եթե այդ աշխատանքների ծրագրում և նախաշվում հուշարձանի պահպանության և ամրակայման հարցերը պատշաճ կերպով արտահայտված չեն.

բ) զրկել Ձեռնարկողին և Ղեկավարին հերթական գործաշրջանի արտոնությունից, եթե նախորդ գործաշրջանի արդյունքները չեն վավերագրվել, կամ այդ վավերագրերը գիտական հաշվետվությունների հետ չեն հանձնվել Լիազորված մարմնին` արխիվային պահպանության, իսկ հնագիտական գտածոները սահմանված ժամկետում` թանգարան.

գ) Ձեռնարկողի և Ղեկավարի առջև դնել հուշարձանի տեղային ուսումնասիրության հատուկ պայմաններ` կապված հուշարձանի պահպանության և ամրակայման առանձնահատկությունների, կամ իր կողմից ձեռնարկվող վերականգնման աշխատանքների բնույթի և ժամկետների հետ.

դ) դադարեցնել հուշարձանի տեղային ուսումնասիրությունը, եթե այն վտանգում է հուշարձանը:

5.5. Հանձնաժողովը`

ա) մշակում և Լիազորված մարմնին է ներկայացնում գիտամեթոդական հրահանգներ.

բ) Լիազորված մարմնի և հնգաիտական հետազոտություններ կատարող հաստատությունների հետ մշակում է հանրապետության տարածքում հնագիտական հետազոտությունների միասնական հեռանկարային ծրագիր.

գ) ընդունում, գրանցում և քննարկում է հուշարձանների հետազոտման և հնագիտական պեղումների հայցագրերը, երաշխավորում է Լիազորված մարմնին արտոնագրեր հատկացնելու համար` յուրաքանչյուր դեպքում որոշելով տվյալ հուշարձանի տեղային ուսումնասիրման նպատակահարմարությունը և ծավալը` հուշարձանի հետագա ամրակայման և պահպանության միջոցների ու հնարավորությունների նկատառմամբ.

դ) ընդունում և գնահատում է տեղային ուսումնասիրության արդյունքներին նվիրված տարեկան և ամփոփիչ հաշվետվությունները, երաշխավորում և նպաստում է դրանց հրատարակմանը.

ե) վերահսկում է տեղային ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված հնագիտական գտածոների վերականգնման, ամրակայման, մշակման և թանգարաններին հանձնելու գործընթացը.

զ) Լիազորված մարմնի հետ համատեղ սահմանում է հուշարձանի տեղային ուսումնասիրման ընթացքում և աշխատանքների ավարտից հետո ամրակայման միջոցառումները.

է) եզրակացություն է տալիս տեղային ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված հնագիտական գտածոները սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս տանելու համար.

ը) որոշում է ընդունում և դիմում Լիազորված մարմնին դադարեցնել հուշարձանի տեղային ուսումնասիրությունները, եթե դրանք վտանգում են հուշարձանը, կամ եթե անտեսվում են սույն կանոնադրությամբ սահմանված նորմերը.

թ) նախորդ տարիներին պեղված հուշարձանների ամրակայման և պահպանության համար Լիազորված մարմնի հետ համատեղ մշակում է կոմպլեքսային ծրագրեր.

ժ) հետևում է հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների վերաբերյալ պակասող վավերագրերի և հաշվետվությունների վերականգնմանը, ամբողջացմանը և հանձնմանը Լիազորված մարմնի արխիվ, նախորդ տարիների պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական գտածոների թանգարաններին հանձնմանը: Հսկում է այդ հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների գիտական հաշվետվությունների, հաշվետու հոդվածների և ամփոփիչ աշխատությունների կազմմանը և հրատարակմանը:

 

6. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների իրականացման կարգը

 

6.1. Հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումներ կատարելու նպատակով, Ձեռնարկողը աշխատանքների սկզբից առնվազն մեկ ամիս առաջ, հայցագիր է ներկայացնում Հանձնաժողովին` նշելով տեղային ուսումնասիրությունների Ղեկավարին` երաշխավորված որևէ մասնագիտական հիմնարկության կողմից, որի անունով ձևակերպելու է պեղումների արտոնագիրը: Հայտի հետ միասին ներկայացվում է Ղեկավարի կազմած պեղումների հիմնավորման զեկուցագիրը` հուշարձանի տեղային ուսումնասիրման նպատակների, ծավալի, կիրառվելիք մեթոդների և հետագա ամրակայման հնարավորությունների հիմնավորմամբ: Միաժամանակ Ձեռնարկողը վճարում է Հանձնաժողովին սահմանված չափի գումար` վերջինիս պարտականությունների կատարումը ապահովելու համար: Առանձին դեպքերում, երբ հուշարձանի շուտափույթ պեղումը հրամայական պահանջ է, թելադրված հուշարձանը կորստից փրկելու անհրաժեշտությունից, պեղումներ կարող են ձեռնարկել անմիջապես` Լիազորված մարմնի հրահանգով:

6.2. Հուշարձանի տեղային ուսումնասիրման արտոնագրի իրավազորությունը սահմանափակվում է մեկ օրացուցային տարով:

Արտոնագրեր տրվում են.

ա) սույն կանոնակարգի 2.4 կետում նշված նախնական ուսումնասիրությունների` «ա-գ» կետերի կատարման համար.

բ) նույն կետում նշված բոլոր փուլերի պարտադիր կատարման համար:

Արտոնագիրը Ղեկավարի մենաշնորհն է, և արգելվում է այն այլ անձի հանձնել:

6.3. Ղեկավարը պեղումների արտոնագիրը գրանցման համար ներկայացնում է Լիազորված մարմնի մարզային ծառայությանը և տեղական իշխանությունների գործադիր մարմնին, որից հետո միայն, այն ստանում է կիրառման իրավական ուժ:

6.4. Լիազորված մարմինը արտոնագիրը Ղեկավարին հանձնելու հետ միաժամանակ նրա հետ կնքում է հուշարձանի տնօրինությունը տեղային ուսումնասիրման ողջ ընթացքում ժամանակավորապես նրան հանձնելու պայմանագիր: Աշխատանքների լիակատար ավարտից հետո, հուշարձանի տնօրինությունը դարձյալ վերադարձվում է Լիազորված մարմնին` նրա և Ղեկավարի միջև կազմված ակտով:

6.5. Գործաշրջանի ավարտից անմիջապես հետո, կամ անհետաձգելիության բերումով նաև ընթացքում, Ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում Լիազորված մարմնին` հետազոտվող հուշարձանի պահպանության վիճակի և ամրակայման միջոցառումների մասին: Հուշարձանի պեղված հատվածի ամրակայման աշխատանքների ֆինանսավորումը կատարում է Ձեռնարկողը` ըստ համատեղ կազմված ակտի և նախագծանախահաշվային փաստաթղթերի: Ամրակայման աշխատանքները իրականացնում է Ղեկավարը կամ, անհրաժեշտության դեպքում որևէ մասնագիտացված կազմակերպություն` Ղեկավարի գիտական ղեկավարությամբ և Ձեռնարկողի վերահսկողությամբ:

6.6. Յուրաքանչյուր գործաշրջանի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան հաջորդ տարվա ապրիլի 20-ը, Ղեկավարը գիտական հաշվետվություն է ներկայացնում Լիազորված մարմնին, գործաշրջանի ընթացքում կատարված հետազոտությունների, հուշարձանի վիճակի, ամրակայման և իրականացված վերականգնման աշխատանքների միասին: Հաշվետվությունը կազմվում է Հանձնաժողովի սահմանած կարգով և պարունակում է հուշարձանի վերաբերյալ լիակատար վավերագրական նյութեր` պեղումներից առաջ, ընթացքում և հետո: Հաշվետվության պատճեն` գնահատման համար, հանձնվում է Հանձնաժողովին և Ձեռնարկողին:

Հաշվետվության հանձնումից հետո, մեկ ամսվա ընթացքում Հանձնաժողովը քննարկում է Լիազորված մարմնի, Ձեռնարկողի ու Ղեկավարի գործունեությունը, հայտնում է Հաշվետվության հիմնավորված գնահատականը` դիտողություններով ու հանձնարարականներով: Առանձին դեպքերում Հանձնաժողովի նիստերին հրավիրյալի կարգավիճակով կարող է մասնակցել նաև Ղեկավարը:

6.7. Յուրաքանչյուր գործաշրջանի ավարտից հետո, երկու տարվա ընթացքում Ղեկավարը սահմանված կարգով թանգարան է հանձնում հուշարձանի հետախուզման և պեղումների ընթացքում հայտնաբերած թանգարանային և գիտական արժեք ներկայացնող բոլոր գտածոները, իսկ հանձնման-ընդունման արձանագրության պատճեն` Հանձնաժողովին:

6.8. Եթե արտոնագիրը ստանալուց հետո հւշարձանի տեղային ուսումնասիրությունը չի կատարվել, Ղեկավարը չօգտագործված արտոնագիրը վերադարձնում է Լիազորված մարմնին` զեկուցագրում նշելով աշխատանքները չկատարելու պատճառները:

 

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների կարգը

 

7.1. Սույն կանոնակարգի և նրանից բխող հրահանգների բոլոր դրույթները տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ Ձեռնարկող և Ղեկավարող այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց վրա:

7.2. Այլ պետությունների իրավբանական ու ֆիզիկական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կարող են նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ձեռնարկող սուբյեկտի հետ համատեղ, երբ ողջ աշխատանքի համար պատասխանատու է ճանաչվում վերջինս, կամ ինքնուրույն Ձեռնարկողի կարգավիճակով, որի դեպքում սահմանվում են հետևյալ լրացուցիչ պայմանները`

ա) հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների հայցագիրը Լիազորված մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան ուսումնասիրությունը սկսելուց երեք ամիս առաջ.

բ) հուշարձանի տեղային ուսումնասիրության Ղեկավար է նշանակվում տեղացի մասնագետը, իսկ այլ երկրի քաղաքացու Ղեկավար լինելու դեպքում, պեղումների ողջ ընթացքում աշխատանքներին մասնակցում է Լիազորված մարմնի կողմից նշանակված ներկայացուցիչ մասնագետը, որի ծախսերը և աշխատավարձը հոգում է Ձեռնարկողը:

7.3. Հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական գտածոները սահմանված կարգով կարող են դուրս տարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից, եթե դրանք կրկնվող արժեքներ են, որոնց մի շարք օրինակները գտնվում են Լեռնային Ղարաբաղի թանգարաններում, պայմանով, որ գտածոն ցուցադրվի արտերկրի թանգարանում Հանձնաժողովի սահմանած մեկնաբանությամբ:

7.4. Հանձնաժողովի եզրակացությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս կարող են տարվել վերականգնման չենթարկվող մասսայական գտածոները և փորձանմուշներ` բնագիտական մեթոդներով ուսումնասիրություններ կատարելու կամ ուսումնական նպատակներով:

7.5. Արտասահմանցի Ղեկավարը հետախուզման և հնագիտական պեղումներով հայտնաբերված գտածոների հետ միասին Լեռնային Ղարաբաղի համապատասխան թանգարանին է հանձնում նաև իր դաշտային օրագրի պատճենը` սահմանված ժամկետում հեղինակային մենաշնորհի և իրավունքի պահպանման երաշխիքով:

 

8. Պատասխանատվություն սույն կանոնակարգի պահանջների խախտման համար

 

8.1. Սույն կանոնակարգի և նրանից բխող հրահանգների խախտողը զրկվում է հուշարձանների հետախուզումը և հնագիտական պեղումները Ձեռնարկելու կամ Ղեկավարելու իրավունքից, կամ պատժվում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Նախկին թերությունները և խախտումները վերացնելուց հետո Ձեռնարկողի և Ղեկավարի իրավունքները կարող են վերականգնվել:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

16 նոյեմբերի 1999թ.

թիվ 118 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման հնագիտական հանձնաժողովի

 

1. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ա.

- ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ, նախագահ

 

2. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ Ռ.

- ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման ու ուսումնասիրման վարչության պետ

 

3. ՍԱՐԳՍՅԱՆ Ս.

- ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության Արցախի մասնաճյուղի պետ

 

4. ԲԱԼԱՅԱՆ Վ.

- Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պատմաբան

 

5. ԴԱԴԱՅԱՆ Ս.

- Արցախի պետական համալսարանի դասախոս, պատմաբան

 

6. ԱՍՐՅԱՆ Յու.

- հնագետ-պատմաբան

 

7. ԲԱԼԱՅԱՆ Մ.

- Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն