ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» ապրիլի 2014թ. |
N 260-Ն |
ք. Ստեփանակերտ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմին գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի ապրիլի 25-ի N 260-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններում (այսուհետ՝ տարածքային մարմին) հաշվառված գործազուրկի` հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար տարածքային մարմին չներկայանալու հարգելի պատճառներն են՝
1) գործազուրկի հիվանդությունը՝ բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկով (տեղեկանք) վավերացված ժամանակավոր անաշխատունակության ողջ ժամանակահատվածի ընթացքում.
2) տնային (ամբուլատոր) պայմաններում գործազուրկի կողմից ընտանիքի հիվանդ անդամի խնամքը՝ բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկով (տեղեկանք) հավաստվող ողջ ժամանակահատվածի ընթացքում.
3) գործազուրկի կողմից հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող իր կամ իր խնամքի տակ գտնվող հիվանդ երեխայի խնամքը` հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու և ժամանակավոր անաշխատունակության թերթիկով հավաստվող ողջ ժամանակահատվածի ընթացքում.
4) գործազուրկի կողմից իր կամ իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում խնամքը` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, ինչը պետք է հավաստվի ժամանակավոր անաշխատունակության թերթիկով (տեղեկանք) և առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված լուսապատճենով.
5) զինվորական վարժական հավաքների մեջ գտնվելը՝ դրանց ողջ ժամանակահատվածի ընթացքում, ինչը պետք է հավաստվի տարածքային զինկոմիսարիատի կողմից տրված համապատասխան տեղեկանքով.
6) տարածքային մարմին ներկայանալու օրը կամ դրան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում գործազուրկի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կամ գործազուրկի խնամարկյալի մահվան դեպքը, ինչը պետք է հավաստվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված մահվան վկայականով և համապատասխան այնպիսի այլ փաստաթղթերով (ծննդյան վկայական, անձնագիր, ամուսնության վկայական), որոնցով հավաստվում է գործազուրկի ու մահացած անձի միջև մերձավոր ազգակցությունը կամ խնամիությունը.
7) արտակարգ և անկանխատեսելի այնպիսի հանգամանքներ (անհաղթահարելի ուժ), ինչպիսիք են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, տեխնածին և տարերային այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, որոնք օբյեկտիվորեն անհնար են դարձրել տարածքային մարմին գործազուրկի ներկայանալը.
8) տարածքային մարմին ներկայանալու մասին նախապես պատշաճ ձևով տեղեկացված չլինելը:
2. Գործազուրկի` հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար տարածքային մարմին չներկայանալու համապատասխան հիմքերը ներկայացվում են ոչ ուշ, քան չներկայանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |