| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«22» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 389
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«16» մարտի 2005թ. |
Թիվ 5/54 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ կետով և 53-րդ հոդվածի 2-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
մարտի 16-ի
թիվ 5/54 որոշման |
Կ Ա Ր Գ
Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման
1. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունները նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ սույն կարգին համապատասխան:
2. Ընտրական իրավունք ունեցող կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում են կալանավորվածներին պահելու վայրերում կազմավորված ընտրական տեղամասերում:
3. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրական տեղամասեր կազմավորում է տվյալ հիմնարկի ղեկավարը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
4. Կալանավորվածներին պահելու վայրերում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են քվեարկության օրվանից 5 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն:
5. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկի ղեկավարը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ:
Ընտրողների ցուցակներում նշվում են կալանավորված անձի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձը հաստատող փաստաթղթի համարը:
Կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար:
6. Կալանավորվածներին պահելու վայրի ղեկավարը քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակների 2 օրինակը հանձնում է իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 3 օր առաջ կալանավորվածներին պահելու վայրում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է տրամադրում անհրաժեշտ ընտրական փաստաթղթերը:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 3 օր առաջ ցուցակագրում է կալանավորվածներին պահելու վայրի տեղամասային կենտրոնում գտնվելու ցանկություն ունեցող թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ցուցակագրված վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը հաջորդ օրը տրամադրում է կալանավորվածներին պահելու վայրի պետին, և տեղամասային ընտրական հանձնաժողովին, համաձայն որի նրանք իրավունք են ստանում ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:
9. Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվանից 10 օր առաջ կալանավորվածներին պահելու վայրեր են ուղարկում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային Ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների նախընտրական քարոզչության նպատակով պատրաստված նյութերը:
10. Կալանավորվածներին պահելու վայրերում քվեարկությունը սկսվում է ժ.800-ին և ավարտվում ցուցակներում ընդգրկված ընտրողների քվեարկելուց հետո, բայց ոչ ուշ, քան ժամը 20.00-ին:
11. Կալանավորվածներին պահելու վայրերում քվեարկության արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրական փաստաթղթերը և կնիքը սահմանված կարգով անհապաղ ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |