ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"20" հոկտեմբերի 1998թ. |
N 221 |
ք.Ստեփանակերտ
Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 11.10.2005 N 409)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 11.10.2005 N 409)
գ) բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).
դ) բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).
ե) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2005 N 220)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998թ. նոյեմբերի 1-ից:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998 թ. հոկտեմբերի 20-ի
թիվ 221 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
տարածքային հատակագծման ուրվագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման
(կարգն ուժը կորցրել է 11.10.2005 N 409)
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998 թ. հոկտեմբերի 20-ի
թիվ 221 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
տարածքային հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման
(կարգն ուժը կորցրել է 11.10.2005 N 409)
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998 թ. հոկտեմբերի 20-ի
թիվ 221 որոշմամբ |
ԿԱՐԳ
բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման
1. Ընդհանուր դրույթներ
1. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է քաղաքի ու գյուղի համար:
Գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է երկու փուլով.
ա) գլխավոր հատակագծի հայեցակարգ (մինչև 10000 մարդ բնակչությամբ քաղաքի և գյուղի համար կարող է համատեղվել գլխավոր հատակագծի հետ),
բ) գլխավոր հատակագիծ, ներառյալ` բնակավայրի սահմանների նկարագիրը:
Մինչև 10000 մարդ բնակչությամբ քաղաքի և գյուղի գլխավոր հատակագծի նախագիծը կարող է համատեղվել մանրամասն հատակագծման նախագծի հետ:
2. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով: Շրջկենտրոնների և Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագիծը մշակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվերով:
2. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակումը
3. Պատվիրատուն`
- սահմանված կարգով ընտրված` քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում շրջանի վարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված նախագծման առաջադրանքը
- կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր
- կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:
Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասին հավաքումը, նախագծի համաձայնեցումը:
3. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի ‹‹Գլխավոր հատակագծի հայեցակարգ›› փուլի հաստատումը
4. Պատվիրատուն ‹‹Գլխավոր հատակագծի հայեցակարգ›› փուլի ավարտից հետո այն ներկայացնում է համայնքի ավագանուն և այնուհետև` շրջանի վարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին)` հավանության:
5. Շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) գլխավոր հատակագծի հայեցակարգը համաձայնեցման է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, որից հետո այն հաստատում է պատվիրատուն:
Շրջկենտրոնների և Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
6. Գլխավոր հատակագծի հայեցակարգը հիմք է հանդիսանում բնակավայրի ‹‹Գլխավոր հատակագիծ›› փուլի մշակման համար:
4. Բնակավայրի գլխավոր հատակագծի փորձաքննությունը
7. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:
Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքված պայմանագրով:
5. Բնակավայրի գլխավոր հատակագծի համաձայնեցումը
8. Պատվիրատուն նախագծի առնչությամբ փորձաքննության դրական եզրակացությունը և համայնքի ավագանու հավանությունը ստանալուց հետո նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին):
9. Շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) նախագիծը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչություն` համաձայնեցման:
6. Բնակավայրի գլխավոր հատակագծի հաստատումը
10. Շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) նախագիծը սույն կարգի 9-րդ կետում նշված մարմինների և իր համաձայնություններով սահմանված կարգով ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի ‹‹Բնակավայրի սահմանների նկարագիր›› մասը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողով:
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, ‹‹Բնակավայրի սահմանների նկարագիր›› մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հաստատումից հետո, հաստատում է բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը` ‹‹Գլխավոր հատակագիծ›› փուլի ‹‹Գլխավոր հատակագիծ. հիմնական գծագիր›› մասով:
7. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի փոփոխությունները
13. Բնակավայրի գլխավոր հատակագծի ‹‹Բնակավայրի սահմանների նկարագիր›› և ‹‹Գլխավոր հատակագիծ. հիմնական գծագիր›› մասերում փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:
14. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մյուս մասերում փոփոխությունները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համաձայնությամբ:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998 թ. հոկտեմբերի 20-ի
թիվ 221 որոշմամբ |
ԿԱՐԳ
բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման
1. Ընդհանուր դրույթներ
1. Մանրամասն հատակագծման նախագիծը (ՄՀՆ) քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծի նախագծի հիման վրա` բնակավայրի կամ դրա առանձին հատվածի համար:
Մինչև 10000 մարդ բնակչությամբ քաղաքի և գյուղի համար ՄՀՆ-ն կարող է համատեղվել գլխավոր հատակագծի նախագծի հետ:
2. ՄՀՆ-ն մշակվում է համայնքի ղեկավարի, շրջկենտրոնների համար` շրջանի վարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտ քաղաքի համար` Ստեփանակերտի քաղաքապետի պատվերով:
2. Մանրամասն հատակագծման նախագծի մշակումը
3. Պատվիրատուն`
- սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև կատարող) է հանձնում նախագծման առաջադրանքը
- կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր
- կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:
Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:
4. Գլխավոր հատակագծի նախագծի բացակայության դեպքում ՄՀՆ-ի առաջադրանքը համաձայնեցվում է շրջանի վարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:
3. Մանրամասն հատակագծման նախագծի փորձաքննությունը
5. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո ՄՀՆ-ն ներկայացնում է փորձաքննության:
Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:
4. Մանրամասն հատակագծման նախագծի համաձայնեցումը
6. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո ՄՀՆ-ի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն սահմանված կարգով ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` համաձայնեցման:
5. Մանրամասն հատակագծման նախագծի հաստատումը
7. Պատվիրատուն ՄՀՆ-ի` համապատասխան մարմինների հետ համաձայնեցումից հետո հաստատում է այն:
6. Հաստատված մանրամասն հատակագծման նախագծի փոփոխությունները
8. Հաստատված ՄՀՆ-ի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998 թ. հոկտեմբերի 20-ի
թիվ 221 որոշմամբ |
ԿԱՐԳ
բնակավայրի կամ դրա առանձին հատվածի կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման
(կարգն ուժը կորցրել է 26.04.2005 N 220)