ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» հոկտեմբերի 2014թ. |
N 659-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 12-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 608-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1 Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:».
2) որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 659-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) արտաբյուջետային հաշվում գոյացած միջոցների օգտագործման կարգը:
2. Նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:
3. Նախարարության արտաբյուջետային հաշվում գոյացած միջոցների կեսը (բայց ոչ ավելի, քան սույն կետով նախատեսված աշխատողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը) օգտագործվում է Նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության աշխատողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` համակարգի զարգացման համար:
4. Նյութական խրախուսման համար նախատեսված միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով տրամադրվում են Նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության (բացառությամբ նոտարական գրասենյակների) առանձին աշխատողներին՝ որպես պարգևատրում հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար:
5. Նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության աշխատողը պարգևատրվում է առավելագույնը իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի հայեցողությամբ՝ տարեկան ոչ ավելի, քան 2 անգամ:
6. Պարգևատրում չեն կարող ստանալ այն աշխատողները, որոնց նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, որը սահմանված կարգով մարված կամ հանված չէ:
7. Համակարգի զարգացման համար նախատեսված միջոցներն օգտագործվում են համակարգի զարգացման, մասնավորապես՝ տեխնիկական վերազինման, վերանորոգման, պահպանման, գույքի և այլ սարքավորումների գնման, վարձակալության, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատողների վարձատրության և համակարգի զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:
8. Համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարի` նույն նպատակով օգտագործելու համար:
10. Նախարարությունը ֆինանսատնտեսական գործունեության մասին տարեկան հաշվետվության հետ միասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ Նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |