Համարը 
N ՔԾԽՈ-1
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
23.02.2004
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.02.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.03.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

պետական վարչությունում                  

27 փետրվարի 2004թ.                        

Պետական գրանցման թիվ 245           

ԼՂՀ արդարադատության պետական 

վարչության պետ                              

 ____________ Ռ. Ք. Հայրապետյան

Ներմուծեք նկարագրությունը_10

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» փետրվարի 2004

N ՔԾԽՈ-1

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով “Քաղաքացիական ծառայության մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետով և 44-րդ հոդվածի 2-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը (կցվում է).

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Բ. Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

քաղաքացիական ծառայության խորհրդի

23.02.04թ. ՔԾԽՈ-1 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականություն իրականացնող մարմինն է:

2. Խորհուրդը ղեկավարվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանադրական հիմունքների մասին» ԼՂՀ Սահմանադրական օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով, և սույն կանոնադրությամբ:

3. Խորհուրդն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է`

հայերեն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (կրճատ՝ ԼՂՀ ՔԾԽ).

ռուսերեն՝ Совет гражданской службы Haгорно-Карабахской Республики Սովետ Գրաժդանսկոյ Սլուժբի Նագոռնո Կարաբախսկոյ Ռեսպուբլիկի (կրճատ՝ СГС НКР, ՍԳՍ ՆԿՌ).

անգլերեն՝ Civil Service Concil of the Republic of Nagorno Karabakh (կրճատ՝ CSC NKR):

5. Խորհրդի գտնվելու վայրն է՝ 374430, ԼՂՀ քաղաք Ստեփանակերտ ___________

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Խորհրդի հիմնական խնդիրներն են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման, դրա գործունեության արդյունավետ ղեկավարման և կազմակերպման ու հետագա կատարելագործման ապահովումը.

բ) քաղաքացիական ծառայության համակարգի գործունեության թափանցիկության ու հրապարակայնության ապահովումը:

7. Խորհրդի հիմնական գործառույթներն են՝

ա) Օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականության իրականացումը.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակումը.

գ) օրենքով նախատեսված, ինչպես նաև Օրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:

8. Իր հիմնական խնդիրներին և գործառույթներին համապատասխան Խորհուրդը՝

ա) հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը.

բ) հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց ներկայացմամբ.

գ) հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը.

դ) հրապարակում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը՝ մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, Հանրապետության առավելագույն տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով.

ե) սահմանում է Օրենքով նախատեսված մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմելու կարգը.

զ) Օրենքի հիման վրա սահմանում է մրցույթ անցկացնելու կարգը.

է) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողների մեկից մինչև երեք տարի ժամկետով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն է տալիս պահպանելու քաղաքացիական ծառայության պաշտոնը և քաղաքացիական ծառայության ստաժը.

ը) թույլտվություն է տալիս քաղաքացիական ծառայողի երեք տարուց ավելի ժամկետով սահմանված կարգով գործուղման դեպքում.

թ) Օրենքի հիման վրա սահմանում է քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու և քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղման կարգը.

թա) Օրենքի հիման վրա սահմանում է քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը.

թբ) հաստատում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկը և այդ ուսումնական հաստատությունների կողմից քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու ծրագրերը.

թգ) Օրենքի հիման վրա սահմանում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը.

թդ) Օրենքի հիման վրա սահմանում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը.

թե) սահմանում է քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները.

թզ) վարում է Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների անձնական գործերը.

թէ) վարում է քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը.

թը) հաստատում է քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը.

թթ) սահմանում է ծառայողական քննություն անցկացնելու կարգը.

ժ) սահմանված կարգով համաձայնություն է տալիս 65 տարին լրանալու դեպքում քաղաքացիական ծառայողի՝ մինչև մեկ տարի ժամկետով իր պաշտոնը շարունակել զբաղեցնելու համար.

ժա) իրականացնում է Օրենքով նախատեսված համապատասխան մարմինների կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.

ժբ) քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության պահանջներին հակասող ակտերը վերացնելու համար դիմում է դատարան.

ժգ) առաջարկություններ է ներկայացնում Օրենքով նախատեսված համապատասխան մարմինների վերակազմակերպման և լուծարման ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

ժդ) սահմանված կարգով քննում է քաղաքացիական ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումները և բողոքները.

ժե) սահմանված կարգով և դեպքերում վարում է ծառայողական քննություն.

ժզ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի "գ" և "դ" ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելու, ինչպես նաև Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի "ե" կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.

ժէ) Օրենքով նախատեսված համապատասխան, ինչպես նաև այլ մարմիններից ստանում է քաղաքացիական ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժը) հաստատում է Խորհրդի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը.

ժթ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծեր.

ի) հաստատում է Խորհրդի և նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության և պարգևավճարների չափերը.

իա) յուրաքանչյուր տարի կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը.

իբ) հաստատում է Խորհրդի կանոնադրությունը, նրա աշխատակազմի կազմակերպական կառուցվածքը, կանոնադրությունը, աշխատողների առավելագույն թիվը և հաստիքացուցակը.

իգ) իր գործունեության մասին ամենամյա հաղորդումներ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով.

իդ) ստեղծում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովներ և հաստատում է այդ հանձնաժողովների աշխատակարգերը.

իե) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու (փոփոխելու) դեպքերում.

իզ) իրականացնում է Օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Խորհուրդը կազմված է հինգ անդամներից՝ նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամներ: Խորհրդի անդամներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

10. Խորհրդի նախագահը՝

ա) ղեկավարում է Խորհրդի ընթացիկ գործունեությունը և համակարգում Խորհրդի անդամների աշխատանքները.

բ) կատարում է պարտականությունների բաշխում Խորհրդի անդամների միջև.

գ) ներկայացնում է Խորհուրդն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում.

դ) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը.

ե) նշանակում է Խորհրդի նիստի անցկացման ժամանակը և հաստատում է դրա օրակարգը.

զ) ապահովում է Խորհրդի աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը.

է) հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում է քննարկումներ` պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.

ը) իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ և տալիս է ցուցումներ.

թ) օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր.

ժ) հաստատում է Խորհրդի աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնները.

ժա) Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ.

ժբ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու համար Խորհրդին է ներկայացնում Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը.

ժգ) Խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում է Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

ժդ) Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.

ժե) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործուղման դեպքում թույլատրում է պահպանել՝

- քաղաքացիական ծառայության պաշտոնը, վարձատրությունը և քաղաքացիական ծառայության ստաժը՝ մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում.

- քաղաքացիական ծառայության պաշտոնը և քաղաքացիական ծառայության ստաժը՝ մեկից մինչև երեք տարի ժամկետով գործուղման դեպքում՝ համաձայնեցնելով Խորհրդի հետ.

ժզ) իր պատճառաբանված որոշմամբ Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման.

ժէ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը.

ժը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին միջնորդություն է ներկայացնում ատեստավորման արդյունքում Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու համար.

ժթ) Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է համապատասխան որոշումներ՝ ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում.

ի) Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.

իա) Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր.

իբ) Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Խորհրդի համաձայնությամբ, որոշում է թույլատրել տվյալ քաղաքացիական ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը.

իգ) հրավիրում է Խորհրդի աշխատանքային քննարկումներ.

իդ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերին:

11. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի տեղակալը:

12. Խորհրդի անդամը (Խորհրդի նախագահը, Խորհրդի նախագահի տեղակալը, Խորհրդի անդամը)՝

ա) մասնակցում է Խորհրդի նիստերին.

բ) Խորհրդի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով, ընդունված որոշումների վերաբերյալ ներկայացնել հատուկ գրավոր կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը.

գ) ծանոթանում է Խորհրդի նիստերի արձանագրություններին.

դ) իր լիազորությունների շրջանակներում հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում է քննարկումներ` այդ մասին տեղյակ պահելով Խորհրդի նախագահին.

ե) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Խորհրդի նախագահի տեղակալը և Խորհրդի անդամները կատարում են Խորհրդի նախագահի հանձնարարականները:

13. Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:

14. Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կամ Խորհրդի առնվազն երկու անդամների նախաձեռնությամբ:

15. Խորհրդի անդամները, որպես կանոն, 3 օր առաջ տեղեկացվում են Խորհրդի նիստի ժամանակի և օրակարգի մասին: Խորհրդի անդամները կարող են նիստի, օրակարգի վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացնել Խորհրդի նախագահին՝ նիստից առնվազն երկու օր առաջ:

Խորհրդի նիստի վերջնական օրակարգը ձևավորում է Խորհրդի նախագահը:

16. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում են Խորհրդի առնվազն երեք անդամ:

17. Խորհրդի նիստերը, որպես կանոն, դռնբաց են: Խորհուրդն իր որոշմամբ կարող է անցկացնել դռնփակ նիստեր:

18. Խորհրդի նիստերը վարում է Խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ Խորհրդի նախագահի տեղակալը:

Խորհրդի նախագահի և Խորհրդի նախագահի տեղակալի բացակայության դեպքում Խորհրդի նիստը Խորհրդի նախագահի հանձնարարությամբ վարում է Խորհրդի այլ անդամ:

19. Խորհուրդն ընդունում է որոշումներ: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի մասնակից Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

Խորհրդի որոշումներն ստորագրում է Խորհրդի նախագահը:

Խորհրդի նորմատիվ որոշումները հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պաշտոնական տեղեկագրերում:

20. Խորհրդի դռնբաց նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են Խորհրդի աշխատակազմի ղեկավարը, նիստը վարողի հրավերով՝ այլ անձինք:

21. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրության վարումն ապահովում է Խորհրդի աշխատակազմի ղեկավարը:

Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրում է նիստը վարողը:

22. Խորհրդի կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Խորհրդի աշխատակազմը:

23. Խորհուրդը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: