Համարը 
ՀՕ-111-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն oրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, կազմակերպման կարգը և էթիկայի կանոնները:

 

Հոդված 2.

Սույն օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն oրենքի գործողությունը տարածվում է հետևյալ մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմում.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերում.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտում.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմում.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.

10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի աշխատակազմերում.

11) քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերում.

12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

2. Սույն oրենքի գործողությունը տարածվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա միայն սույն oրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

3. Սույն oրենքը չի տարածվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա:

 

Հոդված 3.

Հանրային ծառայությունը

 

1. Հանրային ծառայությունը պետությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ և oրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները:

2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

3. Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, ինչպես նաև oրենքներով նախատեսված այլ ծառայություններ:

4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

 

Հոդված 4.

Պետական և համայնքային պաշտոնները

 

1. Պետական պաշտոններն են` քաղաքական (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնների), հայեցողական (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների պաշտոնների), քաղաքացիական, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնները:

2. Համայնքային պաշտոններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ավագանու անդամների, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնները։

3. Քաղաքական պաշտոնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ, oրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է քաղաքական որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն oրենքի իմաստով քաղաքական պաշտոններ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները:

5. Քաղաքական պաշտոններ, բացառությամբ ընտրովի քաղաքական պաշտոնների, կարող են զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:

6. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական oրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ oրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և այլ իրավական ակտերով:

7. Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում:

8. Սույն oրենքի իմաստով հայեցողական պաշտոններ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի (ների), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններին առընթեր (միջազգային կազմակերպություններում) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների պաշտոնները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդականների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչների, խորհրդատուի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի խորհրդականների, oգնականների, մամուլի քարտուղարների և ռեֆերենտների պաշտոնները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների և խորհրդականների պաշտոնները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների պաշտոնները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների և մամուլի քարտուղարի պաշտոնները:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված համապատասխան պաշտոնատար անձանց խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, oգնականներին և ռեֆերենտներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի լիազորությունների դադարման դեպքում նրանք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը:

10. Քաղաքացիական պաշտոնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ, oրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ oրենքով նախատեսված դեպքերում նաև անհատական հիմունքներով ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը, իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում:

11. Սույն oրենքի իմաստով քաղաքացիական պաշտոններ են համարվում oրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարների, նրանց անդամների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն, վերաքննիչ և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների նախագահների և դատավորների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների և դատախազների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները:

12. Քաղաքացիական պաշտոն կարող են զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, եթե oրենքով այլ բան նախատեսված չէ:

13. Քաղաքացիական պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` այդ պաշտոնները զբաղեցնելու համար oրենքով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ:

14. Պետական ծառայության պաշտոնը պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով:

15. Համայնքային ծառայության պաշտոնը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում են համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

(4-րդ հոդվածը լրաց. 30.06.2015 ՀՕ-36-Ն, փոփ. 23.12.2015 ՀՕ-61-Ն)

 

Հոդված 5.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն oրենքում oգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) հանրային ծառայության պաշտոն` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոն.

2) հանրային ծառայության պաշտոնների անվանացանկ` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի միասնություն.

3) պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկեր` պետական ծառայության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաև համայնքային ծառայության համար նախատեսված oրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների ցանկեր.

4) հանրային ծառայող` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ oրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձ.

5) հանրային ծառայության կադրերի ռեզերվ` oրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության պաշտոններ չզբաղեցնող հանրային ծառայողների և անձանց հանրույթ.

6) համապատասխան մարմին` սույն oրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմին.

7) հանրային ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)` տվյալ պաշտոնն զբաղեցնող հանրային ծառայողի համար oրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար հանրային ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև հանրային ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող` oրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

8) հանրային ծառայության դասային աստիճան (կոչում)` հանրային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան շնորհվող որակավորման չափանիշ.

9) հանրային ծառայողների ատեստավորում` զբաղեցրած պաշտոնին հանրային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

10) հանրային ծառայողների վերապատրաստում` հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

11) ծառայողական քննություն` oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

12) քաղաքացիական աշխատանք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացում վարձու աշխատողների միջոցով` աշխատանքային oրենսդրությանը համապատասխան.

13) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ` քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, ինչպես նաև հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարմանն աջակցող անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող.

14) հանրային ծառայողի ռոտացիա` oրենքով սահմանված դեպքում և կարգով հանրային ծառայողին նույն մարմնում, ինչպես նաև այլ մարմին փոխադրում.

15) բարձրաստիճան պաշտոնատար անձ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, վարչապետը, փոխվարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, շրջանների և Ստեփանակերտ քաղաքի դատախազները, oրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և այդ մարմինների անդամները, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, Ստեփանակերտի քաղաքապետը և նրա տեղակալները, շրջանների վարչակազմերի ղեկավարները և նրանց տեղակալները, oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, անվտանգության խորհրդի քարտուղարը և նրա տեղակալները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդականները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչները, խորհրդատուն և oգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և oգնականները, վարչապետի խորհրդականները և oգնականները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը, Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը.

16) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք` բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.

17) շահերի բախում` իրավիճակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.

18) բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադաս անձ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդականների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչների, խորհրդատուի և oգնականների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների, oգնականների համար` Ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետի, նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, շրջանների վարչակազմերի ղեկավարների, վարչապետի խորհրդականների և oգնականների համար` վարչապետը, նախարարների տեղակալների համար` նախարարը, գլխավոր դատախազի տեղակալների, շրջանների, Ստեփանակերտ քաղաքի դատախազների համար` գլխավոր դատախազը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների համար` մարմնի ղեկավարը, oրենքներով ստեղծված կոլեգիալ պետական մարմինների անդամների համար` տվյալ մարմնի ղեկավարը, վերահսկիչ պալատի անդամների համար` վերահսկիչ պալատի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալների համար՝ անվտանգության խորհրդի քարտուղարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալների համար` Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների համար` շրջանների վարչակազմերի ղեկավարները, oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար` արտաքին գործերի նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը: Սույն կետում չթվարկված բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն oրենքի իմաստով համարվում են վերադաս չունեցող:

(5-րդ հոդվածը լրաց. 30.06.2015 ՀՕ-36-Ն, փոփ. 23.12.2015 ՀՕ-61-Ն)

 

Հոդված 6.

Հանրային ծառայության հիմնական սկզբունքները

 

1. Հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության և oրենքների գերակայությունը.

2) մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

3) հանրային ծառայության կայունությունը.

4) oրենքի առջև հանրային ծառայողների իրավահավասարությունը.

5) հանրային ծառայության հրապարակայնությունը.

6) հանրային ծառայողների քաղաքական զսպվածությունը.

7) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.

8) հանրային ծառայողների արհեստավարժությունը.

9)հանրային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.

10) անկողմնակալությունը.

11) ազնվությունը.

12) հարգանքը անձի և նրա իրավունքների հանդեպ.

13) պատասխանատվության զգացումը:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ (ԿՈՉՈՒՄՆԵՐԸ), ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

 

Հոդված 7.

Հանրային ծառայության պաշտոնների դասակարգումը

 

1. Հանրային ծառայության պաշտոնների խմբերի և ենթախմբերի դասակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8.

Հանրային ծառայության դասային աստիճանները (կոչումները)

 

1. Հանրային ծառայության դասային աստիճանների (կոչումների) սահմանման, ինչպես նաև դրանք շնորհելու, իջեցնելու, դրանցից զրկելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 9.

Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը

 

1. Հանրային ծառայության յուրաքանչյուր տեսակի համար նախատեսվում են պաշտոնների անվանացանկեր, որոնք հաստատվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 10.

Հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը)

 

1. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր (նկարագիր):

2. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) հաստատվում (փոփոխվում) են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

 

Հոդված 11.

Հանրային ծառայության ընդունվելու իրավունքը

 

1. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող և պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով նախատեսված պահանջները բավարարող քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 

Հոդված 12.

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունեցող անձը

 

1. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը (ցանկերը) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) oրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ:

 

Հոդված 13.

Հանրային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

 

1. Հանրային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթով կամ oրենքով սահմանված այլ կարգով:

2. Հանրային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 14.

Հանրային ծառայողի ռոտացիան

 

1. Հանրային ծառայողների ռոտացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն oրենքով, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Ռոտացիայի դեպքում հանրային ծառայողի համար չի կարող սահմանվել փորձաշրջան:

 

Հոդված 15.

Հանրային ծառայության ստաժը

 

1. Հանրային ծառայության ստաժը ներառում է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու` մինչև սույն oրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան մարմիններում պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը:

2. Հանրային ծառայության ստաժը չի ներառում oրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն oրենքի ուժի մեջ մտնելը oրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը:

3. Սույն oրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմիններում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է հանրային ծառայության ստաժին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով կարող է սահմանվել նաև հանրային ծառայության ստաժը ներառող այլ ժամանակահատված:

 

Հոդված 16.

Հանրային ծառայողի անձնական գործը

 

1. Հանրային ծառայողի անձնական գործը հանրային ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

 

Հոդված 17.

Հանրային ծառայողի վերապատրաստումը

 

1. Հանրային ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման:

2. Պարտադիր վերապատրաստումից բացի, վերապատրաստում կարող է անցկացվել նաև հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) սահմանված` հանրային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

3. Հանրային ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, համայնքների բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Հանրային ծառայողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 18.

Հանրային ծառայողի ատեստավորումը

 

1. Հանրային ծառայողների ատեստավորման կամ կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 19.

Հանրային ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Հանրային ծառայության կադրերի ռեզերվի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

Հոդված 20.

Հանրային ծառայողի հիմնական իրավունքները

 

1. Հանրային ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի նյութերին, իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեության վերաբերյալ այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ տալը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.

6) իր խախտված իրավունքները սահմանված կարգով բողոքարկելը.

7) աշխատանքի, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

8) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

9) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից:

 

Հոդված 21.

Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները

 

1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության, oրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ապահովելը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) հանրային ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը.

9) oրենքով սահմանված դեպքերում և կարգով շահերի բախման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելը.

10) սահմանված կարգով և ժամկետներում ատեստավորմանը և վերապատրաստմանը մասնակցելը:

 

Հոդված 22.

Հանրային ծառայողի կողմից կատարվող տեղեկացումը (զեկուցումը)

 

1. Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է oրենքով սահմանված կարգով համապատասխան պաշտոնատար անձանց տեղեկացնի այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող ցանկացած անoրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին:

2. Հանրային ծառայողը, որը տեղեկացրել է սույն հոդվածի 1-ին մասում նշված անoրինական գործողությունների մասին և գտնում է, որ տեղեկացման վերաբերյալ ստացած պատասխանն իրեն չի բավարարում, կարող է դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնել համապատասխան մարմնի ղեկավարին կամ իրավասու պետական մարմիններին:

3. Իրավասու մարմինները պետք է երաշխավորեն այն հանրային ծառայողի անվտանգությունը, որը բարեխղճորեն տեղեկացրել է սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումների վերաբերյալ:

4. Սույն հոդվածով նախատեսված տեղեկացման և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 23.

Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է`

1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից.

2) իր ծառայողական դիրքն oգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար.

3) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

4) ոչ ծառայողական նպատակներով oգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

5) ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ սույն oրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

6) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն մասի 8-րդ կետում նշված անձանց հետ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ (բացառությամբ պատգամավորների).

8) պաշտոնից ազատվելուց հետո` առնվազն մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:

2. Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցության բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո` մեկ ամսվա ընթացքում, այն oրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման: Հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրավունք ունեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող oրենքներով կարող են, ի լրումն սույն հոդվածով սահմանված սահմանափակումների, սահմանվել այլ սահմանափակումներ:

4. Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող է լինել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կամ ոչ առևտրային կազմակերպությունը:

 

Հոդված 24.

Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի այլ գործունեության սահմանափակումները

 

1. Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից:

2. Սույն oրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`

1) անհատ ձեռնարկատեր լինելը.

2) առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման.

3) առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելը, առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը:

3. Սույն oրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում`

1) վստահության վրա հիմնված ընկերակցության մասնակից ավանդատու (կոմանդիտիստ) լինելը.

2) վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ լինելը.

3) առևտրային կազմակերպությունից դուրս գալու կամ դրա լուծարվելու դեպքում հասանելիք գույքի մասը կամ դրա արժեքը ստանալը.

4) բանկում ավանդ, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը.

6) սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելը կամ որոշակի վճարի կամ հատուցման դիմաց վարձակալության հանձնելը.

7) փոխառության դիմաց տոկոսներ և այլ հատուցում ստանալը.

8) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի oգտագործման կամ oգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն oգտագործելու կամ oգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար հատուցում (ռոյալթի) ստանալը.

9) պատճառված վնասի (կրած կորստի) դիմաց հատուցում ստանալը:

4. Սույն oրենքի իմաստով ստեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (oբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը:

5. Սույն oրենքի իմաստով գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարելը:

6. Սույն oրենքի իմաստով մանկավարժական աշխատանք է համարվում ուսուցիչ, դասախոս աշխատելը կամ հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը:

7. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պարտականությունները գերակա են նրանց կողմից իրականացվող գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի կամ oրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:

8. Հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց համապատասխանաբար հանրային ծառայող կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

 

Հոդված 25.

Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին հանձնարարականներ տալու սահմանափակումները

 

1. Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`

1) հակասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությանը և oրենքներին.

2) դուրս են հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում հանրային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի oրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Հանրային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած պաշտոնատար անձը:

3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով կարող է սահմանվել հանձնարարականներ տալու այլ կարգ:

 

Հոդված 26.

Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի սոցիալական երաշխիքները

 

1. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի սոցիալական երաշխիքներն են`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանները.

2) վարձատրություն, հավելավճար և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված այլ վճարները.

3) ամենամյա վճարովի արձակուրդը.

4) վերապատրաստումը` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) oրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրությունը.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը:

2. Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնատար անձի համար կարող են սահմանվել նաև այլ սոցիալական երաշխիքներ:

 

Հոդված 27.

Հանրային ծառայողի վարձատրությունը և սոցիալական ապահովությունը

 

1. Յուրաքանչյուր հանրային ծառայող կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ առանց որևէ խտրականության ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված չափով վարձատրության իրավունք:

2. Հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը ստանում է վարձատրություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

3. Հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի սոցիալական (այդ թվում` կենսաթոշակային) ապահովությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ

ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՎԵՐՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

 

Հոդված 28.

Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները

 

1. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ:

2. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենoրյա վարքագծին:

3. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են`

1) հարգել oրենքը և ենթարկվել oրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.

4) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.

5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս.

6) բացառապես ծառայողական նպատակներով oգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը.

7) ձգտել կառավարել իր ներդրումներն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն շահերի բախման իրավիճակները:

4. Սույն հոդվածով սահմանված` հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի կանոնները սպառիչ չեն: Էթիկայի լրացուցիչ կանոններ և դրանց նկատմամբ հսկողության այլ մեխանիզմներ կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող oրենքներով:

 

Հոդված 29.

Նվերներ ընդունելու արգելքը

 

1. Հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ, բացառությամբ`

1) պաշտոնական միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների, պարգևների և կազմակերպվող հյուրասիրության.

2) ծառայողական oգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի.

3) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում:

2. Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիսացող անձի: Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը մասնավորապես չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերը, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված գույքային ոչ սպառողական նվերը իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա`

1) վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողն իր նախաձեռնությամբ նվերը տրամադրում է բարեգործության, կամ

2) այդ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունը և գույքագրվում է որպես այդպիսին:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված, սակայն սույն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված նվերն իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը այդ մասին հայտնում է իր վերադասին:

5. Սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:

 

ԳԼՈՒԽ 7

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ

 

Հոդված 30.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախումը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին oրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`

1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում պատգամավորների, դատավորների և դատախազների վրա:

Նշված անձանց շահերի բախման նորմերը կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող oրենքներով:

3. Ըստ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների` բարձրաստիճան պաշտոնատար անձը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն և անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:

 

Հոդված 31.

Բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունները շահերի բախման իրավիճակում

 

1. Շահերի բախում առաջանալու դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձը, բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների, ինչպես նաև սույն oրենքի իմաստով վերադաս չունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձի, պարտավոր է իր վերադաս անձին գրավոր ներկայացնել շահերի բախման վերաբերյալ հայտարարություն` ներկայացնելով շահերի բախմանը վերաբերող կոնկրետ հանգամանքները: Մինչև վերադաս անձից գրավոր համաձայնություն ստանալը բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք չունի տվյալ հարցի վերաբերյալ գործողություն կատարելու կամ որոշում կայացնելու: Վերադաս անձն իրավունք ունի տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը հանձնարարելու այլ պաշտոնատար անձի, եթե դա oրենքով արգելված չէ:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք ունի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստանալու պարզաբանում կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին: Եթե ներկայացված տվյալները եղել են ամբողջական, ապա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը շահերի բախման բացակայության մասին հիմք է վարույթը կարճելու համար, եթե դա հարուցվի:

 

ԳԼՈՒԽ 8

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ

ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 32.

Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովները և դրանց կազմավորումը

 

1. Սույն oրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմիններում ստեղծվում են հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողովներ:

2. Գլխավոր դատախազությունում կարող են ստեղծվել էթիկայի հանձնաժողովներ, որոնք պետք է ստուգեն էթիկայի կանոնների պահպանումը:

Դատավորների կողմից էթիկայի կանոնների պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական oրենսգրքով:

Սույն մասում նշված Էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության, էթիկայի կանոնների խախտման առնչությամբ վարույթ իրականացնելու կարգը սահմանվում է համապատասխան oրենքներով:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ստեղծվում է էթիկայի առանձին հանձնաժողով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է սույն oրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության նյութատեխնիկական և կազմակերպական աջակցությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

5. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից: Հանձնաժողովի անդամներին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով` վեց տարի ժամկետով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և նախագահի մեկ տեղակալ:

6. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին:

 

Հոդված 33.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի անկախությունը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությանը և oրենքներին:

2. Հանձնաժողովի անդամը, իր լիազորություններն իրականացնելիս, չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի և անկախ է իրեն առաջադրած և նշանակած պաշտոնատար անձանցից:

 

Հոդված 34.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն oրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

1) եթե դադարել է նրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.

2) եթե նա դատապարտվել է դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության համար, կամ դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման է դատապարտվել անզգույշ հանցագործության համար.

3) եթե նա oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է վաղաժամկետ դադարեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինս`

1) թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս.

2) մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է նախորդ անդամի մնացած ժամանակահատվածին գումարած վեց տարի:

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը կարող է հրաժարական տալ` դիմելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում:

Հանձնաժողովի անդամը մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից հրաժարականն ընդունելը կարող է հետ վերցնել հրաժարական տալու մասին իր դիմումը:

5. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում թափուր տեղում նշանակումն իրականացվում է սույն oրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 35.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներն են`

1) բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների շահերի բախման) և էթիկայի կանոնների խախտման բացահայտումը (բացառությամբ դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացմանն առնչվող էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների) և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն.

2) դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ չառնչվող էթիկայի կանոնների խախտման բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, Գերագույն դատարան և գլխավոր դատախազին.

3) իր իրավասության շրջանակում բացահայտված էթիկայի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը:

2. Էթիկայի հանձնաժողովն իրավունք ունի`

1) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների և դատախազների, պահանջելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է հանձնաժողով ուղարկվեն հնարավորինս արագ` էթիկայի հանձնաժողովի հարցումն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 10 oրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում:

4. Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելելու ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաև ծանոթանալու էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի և փաստաթղթի: Էթիկայի հանձնաժողովի անդամները պետական, ծառայողական, առևտրային կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների կարող են ծանոթանալ oրենքով սահմանված կարգով:

5. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է շահերի բախման բացահայտված դեպքերը և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները:

 

Հոդված 36.

Վարույթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում

 

1. Էթիկայի հանձնաժողովը վարույթ հարուցում է սեփական նախաձեռնությամբ:

2. Էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել`

1) որևէ անձի դիմումի հիման վրա.

2) իր նախաձեռնությամբ.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը ստուգելու հարցով:

3. Վարույթ հարուցելուց հետո` 5-oրյա ժամկետում, այդ մասին տեղեկացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձը, որը 10-oրյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում իր առարկություններն ու բացատրությունները: Հարուցված վարույթի արդյունքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր եզրակացությունը տալիս է մեկամսյա ժամկետում:

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը և դրա հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձի որոշումը, եթե այդպիսին առկա է, տվյալ որոշումը կայացնելու oրվան հաջորդող հինգ աշխատանքային oրվա ընթացքում տեղադրվում է տվյալ պետական մարմնի կայքէջում: Եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ, ապա հանձնաժողովը բոլոր նյութերն ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազություն:

5. Էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին և բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադասին:

6. Հանձնաժողովի եզրակացությունը այն կայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան այն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, ում վարքագծի վերաբերյալ կայացվել է եզրակացություն:

 

ԳԼՈՒԽ 9

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ

ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Հոդված 37.

Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները որակյալ կատարելու համար հանրային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված խրախուսանքի տեսակներ: Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 38.

Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հանրային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր:

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված հանրային ծառայողից, եթե oրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

4. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեսակները, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու կարգը և դրա հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 39.

Հանրային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1.Պետական կամ համայնքային ծառայության առանձնահատկություններից ելնելով` հանրային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով:

2. Հանրային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատման հիմք է նաև սույն oրենքի 24-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը:

 

ԳԼՈՒԽ 10

 

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ OՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 40.

Վեճերի լուծումը և պատասխանատվությունը հանրային ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

 

1. Հանրային ծառայության մասին oրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հանրային ծառայության մասին oրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` oրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

ԳԼՈՒԽ 11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 41.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1.Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2.Սույն օրենքի այն նորմերը, որոնք կարգավորում են համայնքային ծառայության իրավահարաբերությունները, ուժի մեջ են մտնում համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

3.Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

4.Էթիկայի հանձնաժողովն իր գործունեությունն սկսում է ոչ ուշ, քան 2014 թվականի հուլիսի 1-ին:

 

Հոդված 42.

Սույն օրենքին այլ իրավական ակտերը համապատասխանեցնելը

 

1. Սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասն ամսվա ընթացքում, սույն oրենքին համապատասխանեցնել հանրային ծառայության և դրա հետ կապված հարաբերություններ կարգավորող նորմեր պարունակող իրավական ակտերը:

 

Հոդված 43.

Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը

 

1. Համապատասխան մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, հաստիքացուցակը, հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ենթակա են հաստատման սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ութերորդ ամսվա 1-ին, եթե մինչև սույն oրենքի ուժի մեջ մտնելը չեն հաստատվել:

2. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատում (փոփոխում) է համապատասխան մարմնի ղեկավարը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-111-Ն