Համարը 
N 60
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.11.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.05.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼՂՀ-ՈՒՄ «ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” նոյեմբերի 2002թ.

N 60

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ,,Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջների, ինչպես նաև համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի ,,Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին” թիվ 128 որոշման 6-րդ կետի ,,գ.. ենթակետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ,,Անշարժ գույքի գնահատում” և ,,Ռիելթորական գործունեություն” լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը /կցվում է/.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ,,Տեղագրական և կադաստրային քարտեզագրում” և ,,Ռիելթորական գործունեություն” գործունեությունների իրականացման կարգը /կցվում է/:

(«բ» կետը փոփ. 15.05.2007 N 219)

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 60 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ,,Անշարժ գույքի գնահատում” և ,,Ռիելթորական գործունեություն” լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ,,Անշարժ գույքի գնահատում” /այսուհետև` գնահատող/ և ,,Ռիելթորական գործունեություն” /այսուհետև` ռիելթոր/ գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գնահատողի և ռիելթորի մասնագիտական որակավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ,,Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և սույն կարգով:

3. Գնահատողների և ռիելթորների /այսուհետև` հայտատուներ/ մասնագիտական որակավորումն ստուգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն /այսուհետև` կոմիտե/:

4. Հայտատուների մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է կոմիտեի նախագահի կողմից ստեղծված` ըստ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովը /այսուհետև` հանձնաժողով/:

5. Գնահատողի կամ ռիելթորի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` ներկայացնելով`

ա/ դիմում-հայտ /ձևը կցվում է/.

բ/ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

գ/ բարձրագույն կրթության վկայագրի /դիպլոմ/ պատճենը.

դ/ մասնագիտական որակավորում ստանալու համար պետական տուրքի անդորրագիրը` ,,Պետական տուրքի մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով.

ե/ գնահատողի մասնագիտական որակավորում ստանալու համար նաև` անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը:

(5-րդ կետը լրաց. 15.05.2007 N 219)

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը կոմիտե ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օր հետո հանձնաժողովը ստուգում է հայտատուների մասնագիտական որակավորումը: Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը պետք է կոմիտե ներկայացվեն մասնագիտական որակավորման ստուգումից առնվազն 3 օր առաջ:

7. Մասնագիտական որակավորման ստուգման նպատակով հայտատուներին տրվում է 100 հարցաթեստ, որոնք մշակվում և հաստատվում են կոմիտեի կողմից:

8. Մասնագիտական որակավորման ստուգման անհատական հարցաթեստերը բաղկացած են 100 հարցից, որոնցից գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման համար` 60-ը` իրավաբանական /օրենսդրություն, ռիելթորություն, քաղաքաշինություն և այլն/, 40-ը` տնտեսագիտական /կադաստրային գնահատում, շուկայական գնահատում/, իսկ ռիելթորի մասնագիտական որակավորման ստուգման համար` 80-ը` իրավաբանական /օրենսդրություն, ռիելթորություն, քաղաքաշինություն/, 20-ը` տնտեսագիտական /շուկայական գնահատում/ ոլորտին վերաբերող հարցեր են:

9. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով, որի համար յուրաքանչյուր հայտատուին հատկացվում է 120 ռոպե ժամանակ:

Հայտատուները համարվում են մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նրանք անհատական հարցաթեստերից առնվազն 75-ին պատասխանել են ճիշտ:

10. Կոմիտեն հայտատուներին նախօրոք ծանոթացնում և տեղեկացնում է մասնագիտական որակավորման ստուգման տեխնիկական, համակարգչային միջոցներից օգտվելու կարգին ու պայմաններին:

11. Մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ թույլատրվում է օգտվել ձեռնարկներից, փաստաթղթերից և մասնագիտական գրականությունից:

12. Մասնագիտական որակավորման ստուգման համար հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից ստուգման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ և տրամադրվում համապատասխան գործունեությամբ զբաղվելու համար ցանկություն հայտնած անձանց:

13. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի փոփոխման դեպքում հայտատուները սահմանված կարգով տեղեկացվում են ստուգման անցկացումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

14. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել` չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը:

15. Արգելվում է մասնագիտական որակավորում չստացած հայտատուի համար անցկացնել կրկնակի ստուգում:

Մասնագիտական որակավորում չստացած հայտատուի կողմից մուծված պետական տուրքը ենթակա չէ վերադարձման:

Հայտատուները մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են կրկին կոմիտե դիմել ընդհանուր հիմունքներով:

16. Կոմիտեն մասնագիտական որակավորման ստուգում անցած հայտատուներին ստուգման անցկացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ըստ լիցեզնավորման ենթակա գործունեության տեսակների մասնագիտական որակավորման վկայականներ, որոնց ձևերը հաստատում է կոմիտեի նախագահը:

17. Հայտատուների ներկայացրած հայտերը մերժվում են, եթե`

ա/ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ,,Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և սույն կարգի պահանջներին.

բ/ Հայտում թերությունների /ջնջումներ, սխալներ, վրիպակներ, բացթողումներ/ առկայության դեպքում, երբ հայտատուն մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր առաջ` սահմանված կարգով տեղյակ է պահվել և ստուգման անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ չի վերացրել նշված թերությունները:

18. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած, եթե`

ա/ մասնագիտական որակավորման ստուգմանը չի ներկայացել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում.

բ/ մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները չեն բավարարում սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանը:

19. Հանձնաժողովը վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առընչվող բոլոր փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը պահպանվում է 3 տարի:

20. Սույն կարգի պահանջների խախտմամբ հայտերի մերժումը և անցկացված մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը կարող են բողոքարկվել ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

Ձև

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահի տեղակալ պրն_______________-ին

_______________________________________

/անունը, ազգանունը/

_______________________________________

/բնակության վայրը/

_______________________________________

/հեռախոսահամարները/

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

 

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել

_____________________________________________________________________________________

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը:

Կից ներկայացնում եմ`

ա/ անձը հաստատող փաստաթղթի պատճենը`_______________________________________________

բ/ բարձրագույն կրթության վկայագրի /դիպլոմ/ պատճենը`_____________________________________

գ/ պետական տուրքի անդորրագիրը`_______________________________________________________

դ/ անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը

Ծանոթացել եմ`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող լիցենզավորման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ,,Անշարժ գույքի գնահատում” և ,,Ռիելթորական գործունեություն” լիցենզավորման ենթակա գործունեությունների տեսակների գծով հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման կարգերին.

բ/______________________________________________________________________լիցենզավորման

ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգման անցկացման համակարգչային միջոցներից օգտավելու կարգին և պայմաններին:

Տեղեկացված եմ այն մասին, որ`__________________________________________________________

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվելու է 200__թվականի____________ _____-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի_______________________

_________________________________________ստորաբաժանում, ժամը______________-ին

/գտնվելու վայրը, հեռախոսահամարները/

 

ՀԱՅՏԱՏՈՒ

_________________________

/ստորագրությունը/

_________________________

/անունը, ազգանունը/

______      ______________200 թ.

(ձևը լրաց. 15.05.2007 N 219)

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 60 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ,,Տեղագրական և կադաստրային քարտեզագրում” և ,,Ռիելթորական գործունեություն” գործունեությունների իրականացման

(վերնագիրը փոփ. 15.05.2007 N 219)

 

I. ,,Տեղագրական և կադաստրային քարտեզագրում” գործունեությունը

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ,,Տեղագրական և կադաստրային քարտեզագրում” գործունեության իրականացման կարգը:

2. ,,Տեղագրական և կադաստրային քարտեզագրում” գործունեությունը ներառում է խտացման ու հանութային ցանցերի ստեղծումը, տեղագրական և կադաստրային քարտեզագրման, հանութային, ինչպես նաև ինժեներագեոդեզիական աշխատանքների իրականացումը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ,,Տեղագրական և կադաստրային քարտեզագրում” գործունեություն կարող են իրականացնել այն ֆիզիկական ու իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 22-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին” թիվ 13 որոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից /այսուհետև` կոմիտե/ ստացել են համապատասխան լիցենզիա:

Ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական նպատակներով` նշված գործունեությամբ կարող են զբաղվել միայն որպես անհատ ձեռնարկատեր:

4. ,,Տեղագրական և կադաստրային քարտեզագրում” գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը պարտավոր է`

ա/ իր գործունեության ընթացքում ղեկավարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ,,Լիցենզավորման մասին” ու ,,Գեոդեզիայի և քարտեզագրության մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով.

բ/ տեղագրագեոդեզիական և կադաստրային աշխատանքների իրականացման համար օգտագործվող գեոդեզիական գործիքներն ու սարքավորումները ներկայացնել չափաբանական ապահովման և սերտիֆիկացման.

գ/ կազմակերպության /ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ/ գտնվելու վայրի, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում /կանոնադրություն/ փոփոխությունների կատարման դեպքում 10-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել կոմիտեին:

5. ,,Տեղագրական և կադաստրային քարտեզագրում” գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը կարող է`

ա/ օգտվել կոմիտեի տեղեկատվական բանկի ծառայություններից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի ,,Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին” թիվ 118 որոշման պահանջների համաձայն.

բ/ գործունեության ընթացքում իր կողմից կատարված աշխատանքների հիման վրա, պատվիրատուի համաձայնությամբ, բացառությամբ պետական մասշտաբային շարքի նյութերի, ստեղծել տեղեկատվական ֆոնդ և դրանից տրամադրել տեղեկատվություն.

գ/ մասնակցել իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին:

 

II. ,,Անշարժ գույքի գնահատում” գործունեությունը

(գլուխը ուժը կորցրել է 15.05.2007 N 219)

 

III. ,,Ռիելթորական գործունեություն” գործունեությունը

 

15. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ,,Ռիելթորական գործունեություն” գործունեության /այսուհետև` ռիելթորություն/ իրականացման կարգը:

16. Ռիելթորությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն` անշարժ գույքի շուկայում առևտրային նպատակով անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրականացմանը նպաստող միջնորդական ձեռնարկատիրական գործունեությունն է: Ռիելթորությունը կարող է նաև անշարժ գույքի շուկայում իրականացնել հանձնարարական գործառույթներ, տրամադրել խորհրդատվություններ անշարժ գույքի նկատմամբ իրականացվող գործարքի, շուկայի վիճակի, այդ թվում` գնային իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն կազմակերպել ու իրականացնել անշարժ գույքի հրապարակային սակարկություններ և անշարժ գույքի շուկայում վճարովի այլ ծառայություններ:

(16-րդ կետը խմբ. 16.03.2004 N 105)

17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռիելթորությամբ կարող են զբաղվել իրավաբանական և ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

Լիցենզիա ստացած ֆիզիկական անձը իրավունք ունի զբաղվելու այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ` միայն որպես անհատ ձեռնարկատեր:

18. Ռիելթորը պարտավոր է`

ա/ անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների հիման վրա ստեղծել տեղեկատվական բանկ.

բ/ պահպանել ռիելթորության ընթացքում ի հայտ եկած պետական և առևտրային գաղտնիքները.

գ/ անշարժ գույքի մասին տեղեկատվությունն այլ անձանց տրամադրել և անշարժ գույքը գովազդել սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնությամբ.

դ/ պատվիրատուի պահանջի դեպքում ներկայացնել լիցենզիայի բնօրինակը.

ե/ պայմանագրերում, գովազդային ցուցակներում, հրապարակումներում, մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հանդես գալիս պարտադիր նշել լիցենզավորված անձի անունը, ազգանունը /կամ լիցենզավորված կազմակերպության անվանումը/ և լիցենզիայի համարը:

19. Ռիելթորը կարող է`

ա/ մասնակցել կոմիտեում իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.

բ/ օգտվել կոմիտեի տեղեկատվական բանկի ծառայություններից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի ,,Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին” թիվ 118 որոշման պահանջների համաձայն.