Համարը 
N 168-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.11.20/21(335)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.11.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.11.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.07.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 733 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2017թ.

 N 168-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 733 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն ստեղծելու, գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 733 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2017 թվականի նոյեմբերի 17-ի N 168-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առանձին դեպքերում, մատուցում է ծառայություններ կենսաբազմազանության պահպանության և կենսառեսուրսների կառավարման, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման և ընդերքաբանական փորձաքննության, ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա), թափոնների և արտանետումների և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության կառավարման բնագավառում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

5. Գործակալությունն, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Գործակալությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով նախարարության անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Գործակալության գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Առաքելյան փողոց, N 14գ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`

1) կենսառեսուրսների կառավարման ոլորտում`

ա. Արցախի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, ներառյալ անտառների, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովումը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական քաղաքականության ձևավորմանն ու կառավարմանն աջակցությունը,

բ. էկոհամակարգերի բազմազանության ու դրանց կենսառեսուրսների պահպանության ու վերարտադրության ապահովումը,

գ. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման, գույքագրման, տեղեկատվական բանկի ու կենսառեսուրսների կադաստրների ստեղծման ու վարման իրականացման ապահովումը,

դ. կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ստեղծման ու իրականացման ապահովումը,

ե. կենդանական և բուսական բնական ռեսուրսների օգտագործման թույլատրելի չափաքանակների հաստատման համար հիմնավորումների ապահովումը,

զ. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և կայուն օգտագործման աշխատանքների համակարգումը.

2) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում`

ա. ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովումը,

բ. ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը,

գ. ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի իրագործմանը նպաստելը,

դ. իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման ոլորտում պետական նորմավորման իրականացման ապահովումը.

3) ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում`

ա. Արցախի Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության ու արդյունավետ օգտագործման նպատակով քաղցրահամ և ստորերկրյա ջրային ռեսուրսների քաղաքականության ձևավորումն ու կառավարումը,

բ. Արցախի Հանրապետության ջրի ազգային պաշարի ապահովման ու ավելացման միջոցառումների իրականացման ապահովումը,

գ. Արցախի Հանրապետության օգտագործելի ջրերի քանակի և որակի նախնական գնահատման, բնակչության ու տնտեսության ներկայի և ապագայի ջրի պահանջարկի ուրվագծման ապահովումը,

դ. Արցախի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների կատարման ապահովումը,

ե. ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարմանն ու պահպանությանն աջակցելը,

զ. ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության բնագավառում գիտատեխնիկական հիմնարար ու կիրառական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման ապահովումը,

է. ջրային ռեսուրսների որակական և քանակական մշտադիտարկման (մոնիթորինգի) պահանջարկի ձևավորման ապահովումը,

ը. պետական ջրային կադաստրի վարման և ջրային հաշվեկշռի կազմման ապահովումը,

թ. ջրավազանային կառավարման պլանների մշակման ապահովումը.

4) թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման ոլորտում`

ա. թափոնների գործածության արդյունքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցման ապահովումը,

բ. թափոնների անդրսահմանային փոխադրումների ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության կանխարգելման ապահովումը,

գ. օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման և մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նորմավորման ապահովումը.

5) հողերի պահպանության ոլորտում`

ա. հողերի բերրիության, ինչպես նաև հողի այլ օգտակար հատկությունների պահպանում, բարելավում և արդյունավետ օգտագործումը,

բ. խախտված հողերի վերականգնումը, դրանք տնտեսական շրջանառության մեջ ներառումը,

գ. հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանումը,

դ. բնապահպանական միջոցառումների, բնության հուշարձանների, արգելավայրերի, կանաչապատ գոտիների օգտագործմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

6) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ոլորտում`

ա. շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսում, կանխարգելում, նվազեցում կամ բացառումը,

բ. էկոլոգիական անվտանգության պահանջների և բնապահպանական սահմանափակումների հիման վրա կայուն զարգացմանը նպաստելը,

գ. հիմնադրույթային փաստաթղթի դրույթների և նախատեսվող գործունեության դրական ազդեցությունների պահպանման, վնասակար ազդեցությունների ու դրանց հետևանքների կանխարգելման, նվազեցման կամ բացառման ապահովումը,

դ. արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի գնահատման ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Գործակալությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) կենսառեսուրսների կառավարման ոլորտում`

ա. Արցախի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, լանդշաֆտների, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի, անտառապարկերի կենսաբանական բազմազանության հաշվառման, տեղեկատվական բանկի ստեղծման պատվերի տեղադրում,

բ. Արցախի Հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների գույքագրում և մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ու կադաստրների վարում,

գ. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների կայուն օգտագործման, վերականգնման, վերարտադրության և ուսումնասիրությունների վերաբերյալ պատվերի տեղադրում,

դ. Արցախի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքերի վարում,

ե. բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառապարկերում հողային ռեսուրսների և կանաչ տարածքների վերաբերյալ առաջարկությունների և կարծիքների տրամադրում,

զ. բնական էկոհամակարգերում, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի, ռեկրեացիոն և տնտեսական գործունեության զարգացման նպատակով պատվերի տեղադրում,

է. օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքների կազմակերպում,

ը. Արցախի Հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների, բնության հատուկ պահպանվող տարածքների գույքագրում, մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ստեղծում ու կադաստրների վարում,

թ. Արցախի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքում, բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաների (թույլտվությունների) ձևակերպում և պայմանագրերի կնքում.

2) օգտակար հանածոների պաշարների և ընդերքի տրամադրման ոլորտում`

ա. ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթին ներկայացվող` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության, փաթեթների ամբողջականության ստուգում և դիմումի գրանցման մասին դիմումատուին ծանուցում,

բ. նախարարությանը համաձայնեցման ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի քննարկում և համաձայնեցման մասին առաջարկության ներկայացում նախարարին,

գ. նախարարությանը համաձայնեցման ներկայացված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի, դրանց փոփոխությունների քննարկում և համաձայնեցման մասին առաջարկության ներկայացում նախարարին,

դ. օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի, դրանց փոփոխությունների քննարկում,

ե. ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի և նրանց փոփոխությունների սահմանված կարգով ներկայացում օրենքով նախատեսված փորձաքննությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման,

զ. օրենքով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում ընդերքօգտագործման իրավունք հայցող դիմումի մերժման մասին առաջարկության ներկայացում նախարարին,

է. ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտում և առաջարկության ներկայացում նախարարին,

ը. օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումին կից՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով նախատեսված կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ընդունում և վերլուծությունների կատարում և առաջարկության ներկայացում նախարարին,

թ. ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ առաջարկության ներկայացում նախարարին,

ժ. ընդերքօգտագործման իրավունքում փոփոխության, ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնության, հրաժարման հավաստագրի տրամադրման մասին առաջարկության ներկայացում նախարարին,

ժա. ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի վարում և տեղեկատվության տրամադրում,

ժբ. ընդերքօգտագործողին գրավոր զգուշացում տալու և ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ առաջարկության ներկայացում նախարարին,

ժգ. ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող` կատարված երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունների, օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պաշարների շարժի տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծության իրականացում, ամփոփում և ըստ արդյունքների առաջարկությունների ներկայացում նախարարին,

ժդ. ընդերքօգտագործողից պահանջելու ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում նրանց տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկատվությունը երեք ամսվա ընթացքում հանձնել լիազոր մարմնին,

ժե. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պետական պատվերի ձևավորման և տեղադրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում նախարարին,

ժզ. ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման փուլում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառման մասին առաջարկության ներկայացում նախարարին,

ժէ. ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը և վերահսկողությունն ապահովող նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի ու կանոնների մշակում,

ժը. երկրաբանական տեղեկության արժանահավատության գնահատում, օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման և վերագնահատման նյութերի փորձաքննություն՝ համապատասխան կոնդիցիաների պարամետրերի հաստատմամբ,

ժթ. օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների գնահատման ու վերագնահատման արդյունքներով պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննություն՝ այդ պաշարների հաստատմամբ կամ վերահաստատմամբ,

ի. արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման նյութերի փորձաքննություն՝ համապատասխան եզրակացությունների տրամադրմամբ.

3) ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում`

ա. ջրավազանային կառավարման պլանների մշակման և դրանց իրականացման ապահովում,

բ. ջրօգտագործման թույլտվությունների տրամադրում,

գ. ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպում,

դ. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատում,

ե. ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման առաջադրանքի ձևավորումը և դրանց մասին հաշվետվությունների գրանցում,

զ. պետական ջրային կադաստրում փաստաթղթերի գրանցումը և տեղեկատվության տրամադրում,

է. ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում ջրի կորուստների չափաքանակների` սահմանված կարգով համաձայնեցում,

ը. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից մշակված փաստաթղթերի մասին հասարակությանը ծանուցման կազմակերպում,

թ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակման պատվերների տեղադրում,

ժ. ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում` ջրօգտագործման թույլտվության կասեցումը, փոփոխումը կամ չեղյալ համարում,

ժա. ջրային ռեսուրսների մոնիթորինգի պատվերի տեղադրում.

4) թափոնների և մթնոլորտ արտանետումների ոլորտում`

ա. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար թափոնների տեղադրման սահմանաքանակների հաստատում,

բ. թափոնների պետական կադաստրի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման ռեեստրների վարում,

գ. թափոններ առաջացնողների կազմած` թափոնների անձնագրերի համաձայնեցում,

դ. նախարարին վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների թույլտվությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

ե. օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման (ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման) թույլտվությունների տրամադրում,

զ. մթնոլորտ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի քննարկում և մթնոլորտ արտանետման թույլտվությունների տրամադրում.

5) հողերի պահպանության ոլորտում`

ա. սահմանված կարգով Արցախի Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման մասին տվյալների և տեղեկությունների հավաքագրում և ամփոփում,

բ. իր իրավասության սահմաններում հատուկ պահպանվող տարածքների հողամասերի սահմանների ճշգրտմանը մասնակցելը և բնապահպանական նշանակության հողերի օգտագործման, նրանց վիճակի, այդ թվում` աղտոտվածության պետական հաշվառման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կազմակերպում,

գ. հողօգտագործման, հողերի աղտոտման և հողերի վրա այլ վնասակար ներգործությունների բնապահպանական նորմերի սահմանման սկզբունքներին համապատասխան նորմատիվ բնույթի իրավական ակտերի մշակում և տեխնիկական առաջադրանքների կազմում.

6) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ոլորտում`

ա. հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատումների իրականացում կամ կազմակերպում, փորձաքննության իրականացում, փորձաքննական եզրակացության կազմում ու տրամադրում,

բ. հիմնադրույթային փաստաթղթի կամ գործունեության փորձաքննության գործընթացում, պայմանագրային հիմունքներով, փորձագետների ներգրավում,

գ. փորձաքննության գործընթացում հանրության ծանուցման և մասնակցության հնարավորության ապահովում.

7) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Գործակալության պետը պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների պատշաճ կատարման համար, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

12. Գործակալության պետը հաշվետու է նախարարին և նրա տեղակալներին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

13. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը.

2) նախարարին կամ նրա տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) ի պաշտոնե նախագահում է նախարարի հրամանով կազմավորվող Արցախի Հանրապետության պետական բնապահպանական և ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովների լիագումար նիստը.

5) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

6) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

7) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա տեղակալին.

8) նախարարության և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

9) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

10) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալությունում խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ պաշտոնը զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված` փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից` «Քաղաքացիական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Գործակալության պետի ներկայացմամբ նախարարի հրամանով գործակալությունում ստեղծվում և գործում են պետական բնապահպանական և ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովներ, որոնք գործում են նախարարի կողմից հաստատված կանոնակարգերով:

17. Գործակալությունը պատասխանատվություն է կրում միայն ներկայացված նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության և արժանահավատության համար:

18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

19. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2017 թվականի նոյեմբերի 17-ի N 168-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների կառավարման բաժին

 

2. Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման բաժին

 

3. Ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժին

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ