Համարը 
N 954-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.29/29(219)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2012թ.

N 954-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 954-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն (այսուհետ` Ազգային կոմիտե) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններին առաջարկություններ ներկայացնող մարմին է:

2. Ազգային կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱO) փաստաթղթերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Ազգային կոմիտեի կանոնադրությունը մշակվել է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի դրույթներին համապատասխան:

 

II. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Ազգային կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

1) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի մշակումը, դրա մեջ փոփոխությունների ու լրացումների կատարման նախապատրաստումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

2) օդային փոխադրումներին առնչվող մաքսային և այլ ընթացակարգերի հետ կապված քաղաքականությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությունը.

3) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմիններ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.

4) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին և այլ կազմակերպություններին օդային փոխադրումների մասին տեղեկատվության պարբերաբար տրամադրումը.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների ընթացակարգերի ուսումնասիրությունների իրականացումը:

(4-րդ կետը փոփ. 06.12.2017 N 239-Ն)

 

III. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Ազգային կոմիտեի կազմը հաստատում և փոփոխում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Ազգային կոմիտեն բաղկացած է նախագահից և անդամներից:

6. Ազգային կոմիտեն գլխավորում է նախագահը, որը միաժամանակ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարն է:

(6-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն, փոփ. 06.12.2017 N 239-Ն)

7. Ազգային կոմիտեի նախագահը`

1) ղեկավարում է Ազգային կոմիտեի գործունեությունը.

2) նշանակում է Ազգային կոմիտեի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

3) հրավիրում և վարում է Ազգային կոմիտեի նիստերը.

4) ներկայացնում է Ազգային կոմիտեն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում:

8. Ազգային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

9. Ազգային կոմիտեի նիստերը գումարվում են Ազգային կոմիտեի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Ազգային կոմիտեի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Ազգային կոմիտեի անդամների առնվազն 2/3-ը:

10. Ազգային կոմիտեի նիստերը վարում է Ազգային կոմիտեի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, կարող է վարել Ազգային կոմիտեի անդամներից մեկը:

11. Ազգային կոմիտեի նիստի օրակարգը կազմում է Ազգային կոմիտեի քարտուղարը` Ազգային կոմիտեի անդամների ներկայացրած հարցերի հիման վրա:

12. Ազգային կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան վերաբերող մյուս անհրաժեշտ նյութերը հանձնվում են Ազգային կոմիտեի անդամներին` ոչ ուշ, քան նիստից 3 աշխատանքային օր առաջ:

13. Ազգային կոմիտեի անդամները նիստից 2 օր առաջ կարող են ներկայացնել առաջարկություններ կամ նոր հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար:

14. Ազգային կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա անդամների 2/3-ը: Ազգային կոմիտեի որոշումներն ստորագրում է Ազգային կոմիտեի նախագահը: Եթե Ազգային կոմիտեի որևէ անդամ ընդունված որոշման վերաբերյալ ունի այլ կարծիք, ապա, նրա ցանկությամբ, այն գրավոր կցվում է Ազգային կոմիտեի որոշմանը:

15. Ազգային կոմիտեի նախագահի հրավերով` Ազգային կոմիտեի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

16. Ազգային կոմիտեի նիստերն արձանագրվում են. Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններն ստորագրում են տվյալ նիստը վարողը և քարտուղարը: Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններում նշվում են`

1) նիստի անցկացման վայրը և տարեթիվը.

2) նիստի մասնակիցների մասին տեղեկությունները.

3) նիստի օրակարգը.

4) նիստում կատարված քննարկումների մասին տեղեկությունները.

5) նիստում ընդունված որոշումների և առաջարկությունների մասին տեղեկությունները:

17. Ազգային կոմիտեի քարտուղարը նշանակվում է Ազգային կոմիտեի նախագահի կողմից` Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի աշխատողների թվից: Ազգային կոմիտեի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները և Ազգային կոմիտեի անդամների միջև համակարգում տեղեկատվության փոխանակումը:

(17-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն, փոփ. 06.12.2017 N 239-Ն)

18. Ազգային կոմիտեի անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Ազգային կոմիտեի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ծանոթանալու Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններին.

3) ելույթ ունենալու Ազգային կոմիտեի նիստում.

4) Ազգային կոմիտեի նիստում ներկայացնելու առաջարկություններ.

5) կազմակերպելու Ազգային կոմիտեի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:

19. Ազգային կոմիտեի անդամը պարտավոր է`

1) մասնակցել Ազգային կոմիտեի աշխատանքներին.

2) իր իրավասության սահմաններում ապահովել Ազգային կոմիտեի և Ազգային կոմիտեի նախագահի կողմից իրեն արված առաջարկությունների կատարումը` իր կողմից ներկայացված բնագավառի գործառույթների շրջանակում.

3) ապահովել աշխատանքային գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած առևտրային, պետական և ծառայողական կամ այլ գաղտնիքի պահպանությունը:

20. Ազգային կոմիտեի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացնում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:

(20-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն, փոփ. 06.12.2017 N 239-Ն)

21. Ազգային կոմիտեն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:

22. Ազգային կոմիտեի անդամներն Ազգային կոմիտեի աշխատանքներին մասնակցելու համար չեն վարձատրվում:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ