Համարը 
ՀՕ-13
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.05.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.06.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ

 

 Գ Լ ՈՒ Խ  1

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքի կիրառման ոլորտները և նպատակները

 

1. Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետության տարածքում գովազդի ստեղծման և տարածման իրավական հիմքերը և նպատակ ունի՝

ա/ անհրաժեշտ պայմաններ ապահովել հասարակության, գովազդ սպառողների, գովազդատուների, գովազդ արտադրողների, գովազդակիրների շահերին համապատասխանող գովազդի ստեղծման և տարածման համար,

բ/ կանխել գովազդի միջոցով սխալ տեղեկությունների տարածումը, որոնք կարող են վնաս պատճառել իրավաբանական և ֆիզիկական անձանց, նրանց պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին և քաղաքացիների շահերին,

գ/ կանխել իրավաբանական և ֆիզիկական անձանց մոլորեցումը գովազդի միջոցով, եթե հարցը վերաբերում է ապրանքի, աշխատանքների, ծառայությունների (այսուհետև՝ ապրանք) որակին, պատրաստման բնույթին, եղանակին և տեղին, սպառողական հատկություններին, իրացման պայմաններին և այլ հատկանիշներին, ինչպես նաև գովազդատուի իրավունքներին,

դ/ կանխել այն գովազդների տարածումը, որոնք անհարգի համեմատություններ են պարունակում այլ ապրանքների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների ու դիրքի հետ,

ե/ կանխել այն գովազդների տարածումը, որոնք առաջ են բերում ոտնձգություններ հասարակական արժեքների և բարոյականության համընդհանուր նորմերի նկատմամբ:

2. Սույն օրենքը գործում է Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում՝ անկախ առաջացած հարաբերությունների մասնակիցների քաղաքացիությունից և բնակության վայրից:

3. Սույն օրենքը գործում է նաև Արցախի Հանրապետության այն իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք գովազդի միջոցով Արցախի Հանրապետության սահմաններից դուրս իրենց կատարած գործողություններով նպաստել են մրցակցության սահմանափակմանը, Արցախի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձանց մոլորեցմանը կամ այլ բացասական հետևանքներ են թողել Արցախի Հանրապետության ապրանքային շուկայում:

4. Սույն օրենքը չի կարգավորում քաղաքական գովազդի հետ կապված հարաբերությունները:

5. Սույն օրենքը չի տարածվում ֆիզիկական անձանց հայտարարությունների վրա, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ:

(1-ին հոդվածը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 2.

Սույն օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1. ԳՈՎԱԶԴ՝ տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորորշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական ու իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

2. ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴ՝ գովազդ, որի պատվերի, արտադրության և տարածման ընթացքում շրջանցվել են գործող օրենսդրությամբ սահմանված արգելքները և սահմանափակումները:

3. ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԿԵՂԾ ԳՈՎԱԶԴ՝ անբարեխիղճ գովազդի ձև, որի միջոցով գովազդատուն, գովազդ արտադրողը, գովազդակիրը կանխամտածված կերպով մոլորեցնում են գովազդ սպառողներին:

4. ՀԱԿԱԳՈՎԱԶԴ՝ գովազդի տեսակ, որը տրվում է անբարեխիղճ գովազդի հետևանքով սպառողի մոտ առաջացած սխալ պատկերացումների վերացման նպատակով՝ անբարեխիղճ գովազդի հերքման և իրական փաստերի վերականգնման միջոցով:

5. ԳՈՎԱԶԴԱՏՈՒ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման և տարածման նպատակով:

6.ԳՈՎԱԶԴ ԱՐՏԱԴՐՈՂ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը անմիջականորեն ծառայություններ է կատարում գովազդի արտադրության ուղղությամբ: (2-րդ նախադասությունը հանվել է 14.06.2006 ՀՕ-300)

7. ԳՈՎԱԶԴԱԿԻՐ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրամադրելով համապատասխան միջոցներ՝ տեղաբաշխում և տարածում է գովազդ:

8. ԳՈՎԱԶԴ ՍՊԱՌՈՂ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին հասցվում է գովազդը և որը կրում է գովազդի համապատասխան ազդեցությունը:

(2-րդ հոդվածը փոփ. 14.06.2006 ՀՕ-300)

 

Հոդված 3.

Գովազդի մասին օրենսդրությունը

 

Արցախի Հանրապետության գովազդի մասին օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, Արցախի Հանրապետության այլ օրենսդրական ակտերը և Արցախի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային համապատասխան պայմանագրերը:

Եթե Արցախի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:

(3-րդ հոդվածը փոփ. 25.03.21 ՀՕ-50-Ն, 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 4.

Գովազդի նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Գովազդը ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է լինել հեղինակային իրավունքի օբյեկտ, որը պաշտպանվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:

(4-րդ հոդվածը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԳՈՎԱԶԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 5.

Ընդհանուր պահանջները գովազդի նկատմամբ

 

Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի և պատշաճ:

Արցախի Հանրապետության գովազդի լեզուն հայերենն է:

Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով:

Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշերի և մակնիշների վրա:

Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով շարադրանքի տարբերակին:

(5-րդ հոդվածը լրաց. 14.06.2006 ՀՕ-300, փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 6.

Գովազդի օրինականությունը

 

Արգելվում և հակաօրինական է համարվում այնպիսի գովազդը, որն իրականացվում է օգտագործելով՝

ա/ քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը,

բ/ այն սպառողների վարկաբեկման ճանապարհը, ովքեր չեն օգտվում գովազդվող ապրանքներից,

գ/ նախապաշարումները և սնահավատությունը,

դ/ անհատ կամ մի խումբ մրցակիցների, ինչպես նաև արտադրվող և իրացվող այլ ապրանքների հատկությունները վարկաբեկող արտահայտություններ կամ այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց ու ապրանքների հետ անհարկի համեմատություններ,

ե/ ապրանքի նկատմամբ պահանջարկի իրական չափերին չհամապատասխանող տեղեկատվությունը,

զ/ քաղաքացիներին բռնության, հարձակողականության, խուճապի, ինչպես նաև բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչեր,

է/ շրջակա միջավայրի դեմ ուղղված կոչեր և փաստարկումներ,

ը/սպառողի կյանքին, առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող գործողությունների դրդող կոչեր և փաստարկումներ,

թ/ նախագծի, տեքստի, գովազդային բանաձևերի, պատկերների, երաժշտական և ձայնային էֆեկտների և այլ միջոցներով սպառողների մոլորեցումը:

 

Հոդված 7.

Գովազդի հավաստիությունը

 

1. Արգելվում է այնպիսի գովազդը, որում խախտվում է գովազդի հավաստիությունը և որը վերաբերում է՝

ա/ ապրանքի հատկանիշներին՝ բնույթին, կազմին, պատրաստման ժամանակին, նշանակությանը, սպառողական հատկություններին, կիրառման պայմաններին, համապատասխանությանը ստանդարտին, քանակին, ծագման երկրին,

բ/ գովազդի հրապարակման պահին ապրանքի արժեքին և գնին,

գ/ վճարման լրացուցիչ պայմաններին,

դ/ ապրանքի առաքմանը, փոխանակմանը, վերադարձնելուն, նորոգմանը, սպասարկմանը և շահագործմանը,

ե/ երաշխիքային պարտավորություններին,

զ/ արտադրողի հեղինակային և սեփականության իրավունքներին, մասնավորապես՝ արտոնագրերին, նմուշօրինակներին և այլն,

է/ ապրանքանիշից (սպասարկման նշանից) օգտվելու իրավունքին,

ը/ պաշտոնական ճանաչմանը, դիպլոմների, մեդալների, մրցանակների և այլ պարգևների ստացմանը,

թ/ լրիվ սերիայի ձեռքբերման միջոցների մասին տեղեկատվության ներկայացմանը, եթե ապրանքը սերիայի մի մասն է,

ժ/ հետազոտությունների և փորձարկումների արդյունքներից, տեխնիկական և գիտական հրապարակումներից մեջբերումներին,

ժա/ վիճակագրական այն տվյալներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը,

ժբ/ գիտական տերմինների ճիշտ օգտագործմանը,

ժգ/ իրավաբանական և ֆիզիկական անձանց երաշխավորությունների կամ հավանությունների վկայակոչմանը, ինչպես նաև ժամկետանց կամ կարճաժամկետ երաշխավորությունների կամ հավանությունների օգտագործմանը,

ժդ/ այլ ապրանքների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների և դիրքի հետ համեմատություններին:

 

Հոդված 8.

Գովազդի պատշաճությունը

 

1. Արգելվում է այնպիսի գովազդը, որը խախտում է գովազդի պատշաճության պահանջները, այն է՝

ա/ վարկաբեկում է բարոյականության համընդհանուր և ազգային նորմերը,

բ/ պարունակում է ռասսային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ,

գ/ ուղղակի կամ անուղղակի ձևով արատավորում կամ անհարգալից վերաբերմունք է արտահայտում պետական խորհրդանիշների (զինանշանի, դրոշի, օրհներգի, դրամանիշի և այլն) նկատմամբ,

դ/ վարկաբեկում է իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև արտադրական, առևտրային կամ այլ գործունեությունը, մասնագիտությունը, ապրանքատեսակը և այլն:

(8-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.06.2006 ՀՕ-300)

 

Հոդված 9.

Գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում

 

1. Արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ ռադիոհաղորդումների և մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումների մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):

2. Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ՝ ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ և յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տևողությամբ:

3. Արգելվում է գովազդային ընդհատում պաշտոնական լրատվական հաղորդագրությունների ժամանակ:

4. Զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդային հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղորդման տևողությունը եթերային 1 ժամվա ընթացքում չպետք է լինի 5 րոպեից ավելի:

5. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե ռադիոհեռուստատեսային հաղորդումը կրում է բացառապես գովազդային բնույթ կամ գովազդը հաղորդվում է գովազդային ալիքով:

6. Հեռուստառադիոհաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաև հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող և (կամ) հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը համարվում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ:

(9-րդ հոդվածը լրաց. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 10.

Գովազդը զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում

 

1. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում գովազդի ծավալը և թեմատիկան որոշվում են նրանց կանոնադրությամբ նախատեսված կարգով:

Զանգվածային տեղեկատվության այն տպագիր միջոցները, որոնք տարածվում են բաժանորդագրությամբ, պարտավոր են իրենց բաժանորդներին տեղեկացնել տպագիր միջոցի մեկ թողարկման մեջ տեղադրվող գովազդի սահմանային ծավալների և դրանց հնարավոր փոփոխությունների մասին (առանց գովազդին հատկացվող լրացուցիչ մակերեսի):

2. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցները հրապարակում են գովազդի համար նախատեսված միավոր մակերեսի վարձաչափերը (հաշվի առնելով տեղաբաշխումը, հրատապությունը և այլ տվյալներ) և դրանց բոլոր փոփոխությունները՝ կիրարկումից առնվազն 20 օր առաջ:

3. Գովազդին տրամադրվող մակերեսի հաշվարկը կատարվում է չափերի մետրական համակարգի միավորներով կամ տպագրական նիշերով:

4. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցները կրում են բացառապես գովազդային բնույթ:

(10-րդ հոդվածը լրաց. 14.06.2006 ՀՕ-300)

 

Հոդված 11.

Արտաքին գովազդ

 

Արտաքին գովազդը կարող է տեղաբաշխվել բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով:

Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները, Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի կողմից հաստատված արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոններին և չափորոշիչներին համապատասխան:

(3-րդ մասն ուժը կորցրել է 14.06.2006 ՀՕ-300)

Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաև պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում և նրանց տարածքում:

(11-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.06.2006 ՀՕ-300)

 

Հոդված 12.

Գովազդը տրանսպորտում

 

Տրանսպորտային միջոցներում գովազդը տեղաբաշխվում է դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ:

Անվտանգ երթևեկության ապահովման նպատակներով Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանափակումներ է մտցնում տրանսպորտային միջոցներում առանձին գովազդների տեղաբաշխման ուղղությամբ:

(12-րդ հոդվածը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 13.

Սոցիալական գովազդ

 

1. Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության և առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող և առևտրային բնույթ կրող սոցիալական գովազդները առաջնահերթ տեղաբաշխել՝ հատկացնելով գովազդին տրամադրվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:

2. Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացվում են Արցախի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների կողմից:

3. Սոցիալական գովազդի արտադրության և տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.06.2006 ՀՕ-300, փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 14.

Անչափահասների պաշտպանությունը գովազդի արտադրության, տեղաբաշխման և տարածման ժամանակ

 

1. Արգելվում է այնպիսի գովազդը, որտեղ՝

ա/ օգտագործվում է անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը,

բ/ պարունակվում են տեսաձայնային այնպիսի դրվագներ, որոնք կարող են բարոյական կամ ֆիզիկական վնաս պատճառել անչափահասներին,

գ/ խաթարում են ծնողների և դաստիարակների հեղինակությունը, անչափահասների վստահությունը իրենց ծնողների և դաստիարակների նկատմամբ:

2. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:

3. Արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին:

(14-րդ հոդվածը խմբ. 14.06.2006 ՀՕ-300)

 

Հոդված 15.

Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները

 

1. Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդներում արգելվում է`

ա) ներշնչել, որ ալկոհոլը և ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.

բ) դրդել սպառողներին ալկոհոլի և ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.

գ) ներկայացնել խմիչքներում` ալկոհոլի, իսկ ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.

դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:

2. Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն:

3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին:

4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:

5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) և ծխախոտի գովազդը:

6. Արգելվում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին և վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա:

7. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:

8. Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պաստառների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով:

9. Արգելվում է`

ա) մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված և մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ և հեղուկ, ինչպես նաև կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը.

բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ և նկարներ տեղադրելը.

գ) կրծքի կաթի փոխարինիչներ իրացնելը` առանց վերջիններիս տուփի վրա կրծքով սնուցման առավելությունների մասին գրառումների.

դ) գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներ անվճար տարածելը:

10. Արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության:

Արգելվում է թմրադեղերի, թունավոր և ուժեղ ազդող դեղերի գովազդը:

Արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:

Դրանց ցանկը հաստատվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:

101. Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Արցախի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի և Արցախի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը: Արցախի Հանրապետությունում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով:

102. Բուժտեխնիկան և բուժական մեթոդները զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

103. Բժշկական օգնություն և սպասարկում, դեղատնային գործունեություն, դեղերի արտադրություն, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդում պարտադիր պետք է նշվեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը:

104. Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

11. Արգելվում է զենքի և զինամթերքի գովազդը` բացառությամբ որսորդական և սպորտային զենքի և զինամթերքի:

12. Գովազդային վիճակախաղի դրամական շահումների գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է:

13. Յուրաքանչյուր հեռուստահաղորդման ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոալիքով՝ ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Գովազդը չի թույլատրվում մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ:

Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում, այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, և դրա ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:

Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը: Սույն պարբերությամբ սահմանված գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ նշված գովազդը թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Լրատվական թողարկման ընթացքում մամուլի ակումբում կատարված իրադարձության լուսաբանման ժամանակ հետնամասի պաստառին վիճակախաղի գովազդը թույլատրվում է միայն վիճակախաղի անվանման հիշատակմամբ, որը չպետք է պարունակի վիճակախաղի կայքի հասցե և պարտադիր պետք է պարունակի «21+» տեսանելի նշում:

Արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 մետր քառակուսին և պետք է պարունակի միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն): Վիճակախաղերի անցկացման վայրերի շենքերի, շինությունների կամ սրահների մուտքերի մոտ արտաքին գովազդը չպետք է գերազանցի 0.5 մետր քառակուսին և պետք է պարունակի միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն): Շենքերի, շինությունների վերելակներում և մուտքերում, ինչպես նաև հանրային սննդի և բնակչության սպասարկման տարածքներում արգելվում է վիճակախաղերի գովազդը:

Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդելու վիճակախաղը մարզադաշտերի կողային վահանակների միջոցով միայն մարզական իրադարձությունների ընթացքում և (կամ) այդ մարզական իրադարձություններին մասնակցող թիմերի մարզահագուստի վրա:

Արցախի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա չստացած վիճակախաղի կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնելու համապատասխան գործունեության գովազդ Արցախի Հանրապետությունում:

Արգելվում է սույն մասով չնախատեսված եղանակով և միջոցներով իրականացնել վիճակախաղերի գովազդ:

14. Վիճակախաղի գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների կամ անչափահասների կերպարների ցուցադրումը:

14.1. Վիճակախաղի գովազդի ժամանակ արգելվում է՝

ա) որևէ կերպ դիմել անչափահասներին.

բ) տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորություն կամ աշխատանքի այլընտրանք է.

գ) տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է.

դ) ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, մարզական հաջողության.

ե) քննադատել վիճակախաղին չմասնակցելը:

14.2. Վիճակախաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:

14.3. Վիճակախաղի կամ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության գովազդը պետք է պարունակի հետևյալ բովանդակությամբ նախազգուշացում.

«Նախազգուշացում՝ խաղին մասնակցությունը նյութական վնասներ կրելու ռիսկ է պարունակում» կամ «Նախազգուշացում՝ խաղին մասնակցելով կարող եք կրել նյութական վնասներ:»: Ընդ որում, նշված նախազգուշացումը պետք է լինի ոչ պակաս շեշտադրված, քան գովազդում առկա մնացած տեղեկատվությունը:

15. Արգելվում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի, ծխախոտի, գիշերային ակումբների, ինչպես նաև սույն օրենքով՝ հեռուստատեսությամբ գովազդի համար արգելված ապրանքների և ծառայությունների՝ որպես հովանավորների հիշատակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով:

16. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո:

16.1. Արգելվում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ Արցախի Հանրապետության տարածքում վերահեռարձակվող հեռուստառադիոեթերների, իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա:

17. Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (գովազդատուները) թատերահամերգային, հանրային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի գովազդում, հանրային տեղեկատվության բոլոր՝ հեռուստառադիո, էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին գովազդի միջոցներում պարտադիր տեղեկություններ պետք է նշեն գովազդատուի, ձեռնարկի բովանդակության կամ ժանրային տեսակի, հեղինակի, մասնակիցների, վայրի, ժամանակի, ինչպես նաև համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների (կենդանի կատարում կամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործման մասին։

Կենդանի կատարման կամ ձայնագրվածքի մասին տեղեկատվության ծավալը, տարածքը կամ բովանդակությունը չպետք է լինեն գովազդի ողջ ծավալի, տարածքի կամ բովանդակության 7%-ից պակաս:

(15-րդ հոդվածը խմբ. 14.06.2006 ՀՕ-300, փոփ., լրաց. 05.09.2007 ՀՕ-77, լրաց. 31.10.2013 ՀՕ-44-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 16.

Ֆինանսական, ապահովագրական, ինվեստիցիոն ծառայությունների, արժեթղթերի գովազդումը

 

Արգելվում է բանկային, ապահովագրական և այլ ֆինանսավարկային ու ֆինանսական, ներառյալ՝ արժեթղթերով գործառնություններ իրականացնող հաստատությունների և դրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ գովազդը, եթե գովազդի պատվիրման պահին և դրա հրապարակման ժամանակահատվածում գովազդի օբյեկտը չունի օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված արտոնագիր:

Վերոհիշյալ ծառայությունների գովազդի դեպքում արգելվում է՝

ա/ զետեղել երաշխիք, կանխատեսում կամ խոստում ապագա գործունեության արդյունավետության (երաշխավորության), այդ թվում հայտարարություններ՝ արժեթղթերի շուկայական գնի բարձրացման մասին,

բ/ զետեղել քանակական տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչություն չունեն գովազդվող հաստատությունների, դրանց ծառայությունների և արժեթղթերի հետ,

գ/ սովորական բաժնետոմսերի գովազդում զետեղել դրանց շուկայական գների մասին որևէ տեղեկություն կամ երաշխավորություն դրանց շահաբաժինների (դիվիդենտների) մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17.

Գովազդի պայմանագրային բնույթը

 

Գովազդատուի, գովազդ արտադրողի և գովազդակրի միջև հարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ և կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 18.

Գովազդային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները գովազդի արտադրության և տարածման համար տեղեկատվության ներկայացման ուղղությամբ

 

Գովազդ արտադրողը, գովազդակիրը պարտավոր են պահանջել, իսկ գովազդատուն՝ նրանց ներկայացնել գովազդի արտադրության համար ներկայացվող տեղեկատվության հավաստիության փաստաթղթային վավերացում (արտոնագրեր, տեղեկանքներ):

 

Հոդված 19.

Գովազդ արտադրողի պարտականությունները գովազդի մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահպանման գործում

(վերնագիրը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

1. Եթե գովազդի նկատմամբ գովազդատուի պահանջները հակասում են գովազդի մասին Արցախի Հանրապետության օրենսդրությանը, ապա գովազդ արտադրողը և գովազդակիրը պարտավոր են տեղեկացնել նրան այդ մասին:

2. Եթե գովազդատուն, չնայած գովազդ արտադրողի կամ գովազդակրի հիմնավորված նախազգուշացմանը, չի փոխում իր պահանջները կամ փաստաթղթերով չի վավերացնում իր ներկայացրած տեղեկությունների հավաստիությունը, գովազդ արտադրողը, կամ գովազդակիրը իրավունք ունեն լուծարել պայմանագիրը և գովազդատուից պահանջել կրած վնասի հատուցում:

(19-րդ հոդվածը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 20.

Գովազդատուի, գովազդ արտադրողի և գովազդակրի պարտականությունները պետական իշխանության մարմիններին տեղեկություններ տրամադրելու գործում

 

Պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով, որի վրա դրված է գովազդի մասին օրենսդրության պահպանման վերահսկումը, օրենսդրության խախտման դեպքում գովազդատուները, գովազդ արտադրողները և գովազդակիրները պարտավոր են տրամադրել փաստաթղթեր, գրավոր ու բանավոր բացատրություններ և այլ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴ: ԱՆԲԱՐԵԽԻՂՃ

ԳՈՎԱԶԴԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

Հոդված 21.

Անբարեխիղճ գովազդի մասին ընդհանուր դրույթները

 

1. Արգելվում է հրապարակել անբարեխիղճ, այդ թվում՝ կանխամտածված կեղծ գովազդ:

2. Գովազդն անբարեխիղճ ճանաչելու համար պահանջվում է մոլորեցման կամ հասարակական վտանգի փաստի առկայությունը:

Մոլորեցում ասելով հասկացվում է՝ գովազդի փաստացի ունակությունը՝ ապրանքների հատկությունների, քանակի, որակի, առանձնահատկությունների, գնի և այլ տեղեկությունների, ինչպես նաև դրանց գովազդատուների մասին տեղեկատվության լրիվ կամ մասնակի անարժանահավատության, բացթողումների և աղավաղումների հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց ապակողմնորոշումը:

Հասարակական վտանգ ասելով հասկացվում է՝ գովազդի փաստացի ունակությունը՝ մրցակցին վնաս հասցնելու, բռնության դրդելու, գովազդ սպառողի նախապաշարումներն ու սնահավատությունները, փորձի պակասն օգտագործելու, գովազդ սպառողներին առողջության, սեփականության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար վտանգավոր գործողությունների կատարման մղելը:

3. Եթե գովազդային գործունեության ընթացքում գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի գործողությունները օբյեկտիվ են, սակայն կարող են սպառողին մոլորեցնել կամ գովազդը դարձնել հասարակայնորեն վտանգավոր, ապա գովազդատուի, գովազդ արտադրողի կանխամտածված մտադրության առկայությունը կամ բացակայությունը հաշվի չի առնվում:

4. Անկախ այն բանից, գովազդը ամբողջովին է անբարեխիղճ, թե մասնակիորեն, այն անբարեխիղճ է համարվում ամբողջությամբ:

5. Գովազդի բառացի ճշմարտացիությունը չի պաշտպանում այն անբարեխիղճ համարվելուց, եթե գովազդի ընդհանուր բովանդակությունից հասկացվում է այլ իմաստ:

6. Գովազդը կարող է անբարեխիղճ համարվել ոչ միայն իր բովանդակության, այլև տեղի, ժամանակի և տարածման /տեղաբաշխման/ միջոցների պատճառով:

(21-րդ հոդվածը լրաց. 14.06.2006 ՀՕ-300)

 

Հոդված 22.

Հակագովազդ

 

1. Անբարեխիղճ գովազդի մասին փաստի բացահայտման դեպքում գովազդի մասին օրենսդրության խախտողը պարտավոր է իր հաշվին հրապարակել հակագովազդ:

2. Հակագովազդը կարող է իրականացվել նաև այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, որոնք կամավոր կերպով իրենց վրա կվերցնեն այդ պարտականությունը՝ գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի կամ դատական մարմինների առաջարկությամբ:

3. Հակագովազդը կատարվում է գովազդի կատարման նույն միջոցներով՝ տևողության, տարածության, տեղի և կարգի նույն պայմանների օգտագործումով:

 

Հոդված 23.

Պատասխանատվություն անբարեխիղճ գովազդ օգտագործելու և հակագովազդից հրաժարվելու համար

 

1. Այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնց իրավունքները խախտվել են անբարեխիղճ գովազդի հետևանքով, իրավունք ունեն սահմանված կարգով դիմել դատարան, պահանջելով՝

ա/ վնասների հատուցում,

բ/ քաղաքացու կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում,

գ/ բարոյական վնասի հատուցում,

դ/ գովազդի հրապարակային հերքում:

2. Անբարեխիղճ գովազդ օգտագործելու և հակագովազդից հրաժարվելու համար պատասխանատվություն կրում են գովազդատուն, գովազդ արտադրողը և գովազդակիրը:

Գովազդատուն պատասխանատվություն է կրում գովազդային պատվերի օրինականության, այդ պատվերում բերված տվյալների հավաստիության համար, եթե նա չապացուցի, որ գովազդային օրենսդրության պահանջների խախտումը տեղի է ունեցել գովազդ արտադրողի (գովազդակրի) մեղքով:

Գովազդ արտադրողը պատասխանատվություն է կրում գովազդային հաղորդագրության պատշաճության և օրինականության համար:

Գովազդակիրը պատասխանատվություն է կրում գովազդի տեղաբաշխման միջոցների, ժամանակի և տեղի համար:

3. Իրավաբանական և ֆիզիկական անձինք անբարեխիղճ գովազդ օգտագործելու և հակագովազդից հրաժարվելու համար պատասխանատվություն են կրում սույն օրենքի 26-րդ հոդվածի և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(23-րդ հոդվածը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 24.

Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Արցախի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը

(վերնագիրը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Արցախի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(24-րդ հոդվածը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 25.

Գովազդի մասին օրենսդրության պահպանման վերահսկողություն իրականացնող Արցախի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

(վերնագիրը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

1. Գովազդի մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Արցախի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը իրավասու է՝

ա/ նախազգուշացնել իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից թույլատրված անբարեխիղճ գովազդի առկայության մասին և արգելել դրանք,

բ/ գովազդատուին, գովազդ արտադրողին և գովազդակրին ուղարկել գովազդի մասին օրենսդրության խախտման դադարեցման և հակագովազդի իրականացման մասին ծանուցագրեր,

գ/ անբարեխիղճ գովազդի փաստի առկայության դեպքում գովազդատուի, գովազդ արտադրողի և գովազդակրի նկատմամբ հայցեր ներկայացնել դատարան, իսկ գովազդի մասին օրենսդրության հաճախակի խախտման դեպքում՝ հայց ներկայացնել նրանց լուծարման առաջարկով,

դ/ պաշտոնական պարզաբանումներ տալ գովազդի մասին Արցախի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ:

(25-րդ հոդվածը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 26.

Պատժամիջոցները գովազդի մասին Արցախի Հանրապետության օրենսդրության խախտման համար

(վերնագիրը փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

1. Արցախի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինն իրավասու է, համաձայն Արցախի Հանրապետության գործող օրենսդրության, տուգանք կիրառել գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ գովազդային օրենսդրության խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար:

2. Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները սույն հոդվածի առաջին կետով նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Արցախի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինն իրավունք ունի նրանց նկատմամբ տուգանք կիրառել նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:

3. Գովազդատուները, գովազդ արտադրողները իրավունք ունեն դիմել դատարան՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ծանուցագրերն ամբողջովին կամ մասամբ անվավեր ճանաչելու կամ տուգանք կիրառելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու կամ փոխելու պահանջով:

Հայցի առկայությունը չի դադարեցնում ծանուցագրի պահանջների կամ տուգանքի մասին որոշման կատարումը, եթե դատարանի կողմից որոշում չի կայացվել նշված ակտերի կատարումը կասեցնելու կամ դադարեցնելու մասին:

(26-րդ հոդվածը լրաց. 14.06.2006 ՀՕ-300, փոփ. 23.11.22 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 27.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

13 հունիսի 1996թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-13