Համարը 
N 53
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.03.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.03.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.03.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"23" մարտի 1999թ.

 N 53

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի հետագա կատարելագործման մասին

 

Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձնագրային համակարգը կատարելագործելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը (կցվում է):

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. օգոստոսի 18-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի փոխանակման և դրան զուգընթաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացման մասին›› թիվ 166 որոշման 2-րդ կետի ‹‹ա›› ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

‹‹ա) միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիներին նոր անձնագրերով ապահովելու աշխատանքները Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության շրջաններում մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացնելու համար.››:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի աշխատանքների կատարումն ու վերահսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, իսկ օտաերկրյա պետություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` մինչև 1999 թվականի ապրիլի 20-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի ձևը և նկարագիրը:

5. (կետը հանվել է 14.09.1999 N 73)

6. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 24-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների բնակագրման որոշ կանոններ հաստատելու մասին›› թիվ 199 որոշումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 18-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի փոխանակման և դրան զուգընթաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացման մասին›› թիվ 166 որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ. Պողոսյան

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999թ. մարտի 23-ի

թիվ 53 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձնագրային համակարգի

 

I Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում նրա անձը հաստատող հիմնական փաստաթուղթն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիր պարտավոր են ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները` անկախ բնակության վայրից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիր կրողը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հովանավորության ներքո:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացու անձնագիրը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն, քաղաքացու ցանկությամբ տրվում է ռուսերեն ներդիր:

Ռուսերեն ներդիր տալու համար քաղաքացուց գանձվում է տուրք` ‹‹Պետական տուրքի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի անձնագրերի ժամկետը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական մարմինների կողմից կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով:

Ժամկետանց անձնագրերն անվավեր են և ենթակա են փոխանակման` սահմանված կարգով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրն օտարերկրյա պետություններում վավերական է 5 տարի ժամկետով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում են հետևյալ տեղեկությունները.

ա) ազգանունը, անունը, հայերեն էջում` նաև հայրանունը,

բ) ծննդյան վայրը, օրը, ամիսը և տարեթիվը,

գ) սեռը,

դ) քաղաքացիությունը,

ե) անձնական համարը,

զ) ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

(5-րդ կետը լրաց. 26.02.2008 N 93)

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրում կարող են կատարվել հետևյալ նշումները.

ա) անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսկան հիմնարկների կողմից.

բ) օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակության վայրի մասին` ներքին գործերի մարմինների կողմից.

դ) օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին` սահմանային ծառայությունների կողմից.

ե) օտարերկրյա պետություններում մշտապես կամ ժամանակավորապես բնակվելու մասին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

զ) ազգության մասին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

է) արյան խմբի և ռեզուսի մասին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` առողջապահության մարմինների կողմից.

ը) օտարերկրյա պետություններ մշտական բնակության մեկնելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մշտական բնակության գալու դեպքում` 16 տարին չլրացած երեխաների մասին` ներքին գործերի մարմինների կողմից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրում այլ նշումներ կատարելն արգելվում է:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն օտարերկրյա պետություններում բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրով:

8. Քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով:

9. Անձնագիր տալու համար քաղաքացուց գանձվում է տուրք` ‹‹Պետական տուրքի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II Անձնագիր տալու, փոխանակելու և դրանից օգտվելու կարգը

 

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը տրվում կամ փոխանակվում են ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

11. Անձնագիր ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները ներկայացնում են`

ա) սահմանված ձևի դիմում.

բ) ծննդյան վկայական.

գ) 35x45մմ չափսի լուսանկար (գունավոր),

դ) անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետի ‹‹բ›› ենթակետում նշված փաստաթղթերը,

ե) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները):

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին անձնագիրը կարող է փոխանակել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, անձնագիրն օգտագործելու համար ոչ պիտանի լինելու դեպքերում:

13. Անձնագրի փոխանակման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա անձնագիրը, սահմանված ձևի դիմում և երկու լուսանկար:

Անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին պարտավոր է անձնագիրը կորցնելու մասին 10-օրյա ժամկետում հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ներքին գործերի մարմիններին, իսկ օտարերկրյա պետություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հիմնարկներին:

15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը պարտավոր է անձնագիրը սահմանված կարգով հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ներքին գործերի մարմիններին, իսկ օտարերկրյա պետություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հիմնարկներին:

16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմիններ: Մահվան գրանցումը կատարելուց հետո անձնագիրը սահմանված կարգով ուղարկվում է ներքին գործերի մարմիններ:

Օտարերկրյա պետություններում մահացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնվում է օտարերկրյա պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականությունն է:

Գտնված անձնագրերը ենթակա են հանձնման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ներքին գործերի մարմիններ, իսկ օտարերկրյա պետություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:

18. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձանց անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը, իսկ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` զինկոմիսարիատները:

Կասկածյալների անձնագրերը տերերին են վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում, մեղադրյալներին և ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` պատիժը կրելուց կամ ժամկետային ծառայությունից զորացրվելուց հետո:

Կալանքի տակ չգտնվող կասկածյալներին և մեղադրյալներին հետաքննության կամ նախաքննության մարմիններն անձնագրի փոխարեն տալիս են անձը հաստատող փաստաթուղթը` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մեկնելու թույլտվության, որի ձևը մշակում և հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Արգելվում են անձնագիր վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելը:

 

III. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին հաշվառելը և հաշվառումից հանելը

 

19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին հաշվառելը և հաշվառումից հանելն իրականացվում են նրանց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև պետության և այլ քաղաքացիների նկատմամբ նրանց պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով:

20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը կատարվում է ըստ նրանց ժամանակավոր կամ մշտական բնակության վայրի` միայն մեկ հասցեով:

21. Ժամանակավոր բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին բնակվում է ժամանակավորապես` հյուրանոց, առողջարան, հանգստյան տուն, պանսիոնատ, քեմպինգ, հիվանդանոց, զբոսաշրջիկության հանգրվան, ինչպես նաև սեփականության, վարձակալության կամ ենթավարձակալության իրավունքով նրան չպատկանող բնակելի տարածություն, որոնք չեն հանդիսանում քաղաքացու մշտական բնակության վայր:

22. Մշտական բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին բնակվում է մշտապես կամ առավելապես:

23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու հաշվառումն ըստ բնակության վայրի, եթե քաղաքացին չունի մշտական բնակության վայր, և ըստ մշտական բնակության վայրի` անկախ բնակելի մակերեսից, կատարում են ներքին գործերի մարմինները` անձնագրում համապատասխան նշում կատարելու միջոցով:

Մշտական բնակության վայր չունեցող քաղաքացու հաշվառումը նրա բնակության վայր չհանդիսացող բնակելի տարածությունում կատարվում է ժամանակավորապես: Բնակվելու ժամկետը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` սեփականատիրոջ, վարձակալի և նրա հետ համատեղ բնակվող բնակելի մակերեսի իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության դեպքում, կարող է երկարաձգվել անհրաժեշտ ժամկետով:

24. Հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, քեմպինգներում, հիվանդանոցներում, զբոսաշրջիկության հանգրվաններում և այլ համանման կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը կատարում է դրանց վարչակազմը` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշում կատարելու, համապատասխան մատյանում գրառելու միջոցով:

25. Մշտական և ժամանակավոր հաշվառում կատարելու համար անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերն են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,

բ) ծննդյան վկայականը,

գ) ազատազրկման վայրից ազատվելու մասին տեղեկանքը (ազատազրկման վայրից ազատված անձանց համար),

դ) ներքին գործերի մարմինների կողմից տրված` քաղաքացու անձը հաստատող այլ փաստաթղթեր:

26. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին` ըստ ժամանակավոր բնակության վայրի կամ ըստ մշտական բնակության վայրի հաշվառման փաստը հաստատող դիմումների, տեղեկանքների, քարտերի և այլ փաստաթղթերի համապատասխան կնիքների ու դրոշմակնիքների ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Վիճակագրական հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև վիճակագրական փաստաթղթերի շրջանառության կարգը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

27. Հաշվառման կանոնները խախտող պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթակա են պատասխանատվության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաշվառման կանոնների պահպանման համար պատասխանատու են`

ա) սեփականատերերը և այլ անձինք, որոնց տիրապետման, օգտագործման, տնօրինության տակ կան բնակելի տներ կամ շինություններ,

բ) հանրակացարանների պարետները,

գ) հյուրանոցների, առողջարանների, հանգստյան տների, պանսիոնատների, քեմպինգների, հիվանդանոցների, զբոսաշրջիկության հանգրվանների և այլ նմանատիպ կազմակերպությունների տնօրենները:

28. Հաշվառումը կատարող մարմինները փաստաթղթերի մուտքագրումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մշտական բնակության վայր չունեցող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն սույն կանոնադրությամբ սահմանված կարգով հաշվառում են ըստ ժամանակավոր բնակության վայրի` նրա բնակության վայր չհանդիսացող բնակելի տարածությունում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու` ըստ ժամանակավոր բնակության վայրի հաշվառման վերցնելու մասին դիմումը կարող է մերժվել, եթե չկա գրավոր համաձայնությունը`

ա) բնակելի տան սեփականատիրոջ,

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բնակելի ֆոնդի տներում բնակեցնելիս` վարձակալների և նրա հետ համատեղ բնակելի մակերեսի իրավունք ունեցող չափահաս անձանց,

գ) մեկուսացված բնակելի տարածություն զբաղեցնող վարձակալի կողմից այլ քաղաքացիների (բացառությամբ անչափահաս երեխաներին` ծնողների մոտ, ամուսիներին, ինչպես նաև անաշխատունակ ծնողներին` երեխաների մոտ) բնակեցնելիս` բնակելի տարածության սեփականատիրոջ,

դ) խնամակալի զբաղեցրած բնակելի տարածությունում այլ քաղաքացիների բնակեցնելիս` խնամակալի կամ հոգաբարձուի:

Անչափահաս երեխաների հաշվառումը կատարվում է, անկախ սույն կետում նշված անձանց գրավոր համաձայնությունից, ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի հաշվառման վայրում:

29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու` ըստ ժամանակավոր բնակության վայրի հաշվառման վերցվելու դիմումը կարող է մերժվել, եթե`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին ապօրինաբար զբաղեցրել է այդ բնակելի տարածությունը կամ կառուցել է շենք ու շինություն,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն կամ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածության վրա, որը տրվում է վարձակալության կամ ենթավարձակալության, քրեական գործի քննության կապակցությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով դրված է կալանք,

գ) հաշվառում կատարող մարմիններ ներկայացվել են ակնհայտ կեղծ փաստաթղթեր:

30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` ըստ ժամանակավոր բնակության վայրի հաշվառումը հյուրանոցներում, առողջարաններում, պանսիոնատներում, հանգստյան տներում, քեմպինգներում, հիվանդանոցներում, զբոսաշրջիկության հանգրվաններում և այլ համանման կազմակերպություններում կատարվում է նրանց ժամանելուն պես` անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

31. Մշտական բնակության վայրը փոխած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին պարտավոր է նոր բնակության վայր ժամանելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում մշտական հաշվառման վերցվելու համար դիմել հաշվառումը կատարող մարմիններ` ներկայացնելով`

ա) անձը հաստատող փաստաթուղթ,

բ) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները),

գ) բնակելի տարածությունն զբաղեցնելու հիմք հանդիսացող փաստաթուղթ (օրդեր, պայմանագիր, սեփականության վկայական, բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք տվող` օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն բնակելի տարածությունը հատկացնող անձի դիմում կամ դրանց պատճենները` հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով):

32. Հաշվառումը կատարող մարմինները փաստաթղթերի ստացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հաշվառում են ըստ մշտական բնակության վայրի և դրա մասին նշում կատարում անձնագրի համապատասխան էջում:

33. Հաշվառման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուց գանձվում է տուրք` ‹‹Պետական տուրքի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

34. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու` ըստ մշտական բնակության վայրի հաշվառման վերցնելու մասին դիմումը կարող է մերժվել, եթե`

ա) դատական կարգով անհնար է ճանաչվել ծնողական իրավունքից զրկված անձի բնակությունն իր` 18 տարին չլրացած երեխաների հետ,

բ) բնակելի տարածությունն զբաղեցնելու իրավունքը հաստատող փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են անվավեր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու` ըստ մշտական բնակության վայրի հաշվառման վերցվելու մասին դիմումը կարող է մերժվել նաև սույն կանոնադրության 28-րդ կետով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով:

35. Զինծառայողների հաշվառումը կատարվում է`

ա) ըստ մշտական բնակության վայրի` ընդհանուր հիմունքներով (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և սպայական կազմի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կուրսանտների),

բ) ըստ ժամանակավոր բնակության վայրի` գործուղման թերթիկի հիման վրա:

Մշտական հաշվառման վայր չունեցող զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, բացառությամբ սույն կետի ‹‹ա›› ենթակետում նշված զինծառայողների, մինչև բնակելի տարածություն ստանալը սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ժամանակավորապես հաշվառվում են զինվորական մասի գտնվելու վայրում:

36. Ըստ մշտական բնության վայրի հաշվառման մեջ չգտնվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները հաշվառվում են ըստ ժամանակավոր բնակության վայրի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

37. Եկեղեցիների, տաճարների և պաշտանմունքի այլ կառույցների տարածքներում բնակվող քաղաքացիները հաշվառվում են սույն կանոնադրության 20-23-րդ կետերով սահմանված կարգով` անձը հաստատող փաստաթղթերի և սահմանված ձևի դիմումի հիման վրա:

38. Ծնողների (խնամակալի, որդեգրողի, հոգաբարձուի) հետ համատեղ բնակվող` 16 տարին չլրացած անչափահասների հաշվառումը (ժամանակավորապես կամ մշտական) կատարվում է ծնողների (խնամակալի, որդեգրողի, հոգաբարձուի) անձը հաստատող փաստաթղթերի և անչափահասի ծննդյան վկայականի, ինչպես նաև խնամակալությունը հաստատող փաստաթղթերի և անչափահասի ծննդյան վկայականի, ինչպես նաև խնամակալությունը հաստատող փաստաթղթերի և անչափահասի ծննդյան վկայականի հիման վրա` նրանց վերաբերյալ տվյալները` տնային գրքում (բնակարանային քարտում) կամ ծնողի (խնամակալի, որդեգրողի, հոգաբարձուի) հաշվառման քարտում գրառելու միջոցով:

39. Ծնողներից առանձին բնակվող` 16 տարին չլրացած անչափահասներն ըստ ժամանակավոր բնակության վայրի կամ ըստ մշտական բնակության վայրի հաշվառվում են սույն կանոնադրության 20-23-րդ կետերով սահմանված կարգով` ծննդյան վկայականի հիման վրա:

40. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու` ըստ ժամանակավոր բնակության վայրի կամ ըստ մշտական բնակության վայրի հաշվառման վերցվելու մասին դիմումը մերժելու դեպքում հաշվառում կատարող մարմինները պարտավոր են փաստաթուղթն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հայտնել մերժման պատճառների մասին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու` հաշվառման վերցնելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ հաշվառում կատարող մարմնի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու կողմից կարող է բողոքարկվել այդ մարմնի վերադասին կամ դատարան:

41. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները` ըստ ժամանակավոր բնակության վայրի հաշվառումից հանված են համարվում հաշվառման ժամկետը լրանալու, իսկ հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում, հիվանդանոցներում, քեմպինգներում, զբոսաշրջիկության հանգրվաններում և այլ համանման կազմակերպություններում` դուրսգրման պահից:

42. Մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունեցող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրում, քաղաքացու ցանկությամբ, կատարվում է նշում փաստացի բնակության վայրի մասին:

43. Ըստ ժամանակավոր բնակության վայրի և ըստ մշտական բնակության վայրի հաշվառված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները հաշվառումից հանվում են`

ա) բնակության վայրը փոխելու,

բ) զինծառայության զորակոչվելու,

գ) ազատազրկման դատապարտվելու,

դ) մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու,

ե) զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցնելու կամ վտարվելու,

զ) հաշվառման հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ տեղեկությունների իրականությունը չհամապատասխանելիս, ինչպես նաև հաշվառման հարցը լուծելիս պաշտոնատար անձանց թույլ տված անօրինականություն հայտնաբերելու,

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու կողմից` հաշվառումից հանվելու մասին դիմում ներկայացվելու,

ը) բնակելի տարածությունն օտարելիս` նախկին սեփականատիրոջը և նրա ընտանիքի անդամներին հաշվառումից հանելու մասին նոր սեփականատիրոջ կողմից դիմում ներկայացվելու դեպքերում:

Հաշվառում կատարող մարմինները եռօրյա ժամկետում փաստաթղթերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հանում են ըստ մշտական բնակության վայրի հաշվառումից և անձնագրում դրա մասին կատարում համապատասխան նշում:

44. Ներքին գործերի մարմինները զինապարտներին անձնագիր տալիս փոխանակում, ըստ բնակության վայրի հաշվառում և հաշվառումից հանում են նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում: