ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման նպատակով և ի կատարումն «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3, 4, 7, 8, 9 և 10-րդ հոդվածների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ սոցիալական ապահովության քարտ հատկացնող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն է.
2. Հաստատել՝
ա) սոցիալական ապահովության քարտի համարի ձևավորման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) քաղաքացիների կողմից տվյալների ներկայացման, իրավասու մարմինների կողմից քաղաքացիների անհատական տվյալների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն փոխանցման և սոցիալական ապահովության քարտի հատկացման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) պետական կառավարման մարմինների կողմից սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի ձևավորման համար անհրաժեշտ տվյալների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրման և տեղեկատվական բազայի վարման կարգը՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
դ) սոցիալական ապահովության քարտի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի.
ե) սոցիալական ապահովության քարտի հատկացմանը վերաբերող փաստաթղթերի պահպանման կարգը՝ համաձայն թիվ 5 հավելվածի.
զ) իրավասու մարմինների ցանկը՝ համաձայն թիվ 6 հավելվածի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝
ա) ապահովել սույն որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.
բ) յուրաքանչյուր տարի հաշվարկել սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման և կիրառման համար պահանջվող գումարները և 2005 թվականից սկսած առանձին տողով արտացոլել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծում:
գ) 2005 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվություն և առաջարկություններ:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սոցիալական ապահովության քարտերի հատկացման համար անհրաժեշտ տվյալների տրամադրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
5. Իրավասու մարմինների ղեկավարներին՝ իրենց լիազորությունների շրջանակներում ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին ու Ստեփանակերտի քաղաքապետին՝ ապահովել շրջանների ու Ստեփանակերտ քաղաքի տարածքում սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման աշխատանքների բնականոն ընթացքը:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարներին` համագործակցելով իրավասու մարմինների հետ ապահովել համայնքի բնակիչների սոցիալական ապահովության քարտեր ստանալը:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին՝ համագործակցելով իրավասու մարմինների հետ ապահովել աշխատակիցների սոցիալական ապահովության քարտեր ստանալը:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին և պետական կառավարման այլ մարմիններին՝ համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և իրավասու մարմինների հետ՝ ապահովել համակարգի աշխատակիցների սոցիալական ապահովության քարտեր ստանալը:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 85 որոշման |
Կ Ա Ր Գ
սոցիալական ապահովության քարտի համարի ձևավորման
1. Սոցիալական ապահովության քարտի (այսուհետ՝ սոցիալական քարտ) համարը թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է սոցիալական քարտ ստանալու հայտի հիման վրա ներկայացված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սոցիալական քարտերի տեղեկատվական բազա մուտքագրված անհատական տվյալների՝ քաղաքացու սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև պարունակում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:
2. Սոցիալական քարտի համարը ձևավորվում է հետևյալ կերպ՝
ա) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է քաղաքացու ծննդյան ամսաթիվն ու սեռը և կարող է լինել՝
11-41 (11՝ ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41՝ ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)՝ տղամարդկանց համար,
51-81 (51՝ ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81՝ ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)՝ կանանց համար.
բ) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ և 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիսն ու դարը և կարող է լինել՝
01-12 (01՝ հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 12՝ դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)՝ 20-րդ դարի համար (հունիս ամսին ծնված լինելու դեպքում՝ 14),
21-32 (21՝ հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 32՝ դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)՝ 21-րդ դարի համար (հունիս ամսին ծնված լինելու դեպքում՝ 34),
41-52 (41՝ հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 52 դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)՝ 22-րդ դարի համար (հունիս ամսին ծնված լինելու դեպքում՝ 54),
61-72 (61՝ հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 72՝ դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)՝ 23-րդ դարի համար (հունիս ամսին ծնված լինելու դեպքում՝ 74),
81-92 (81՝ հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 92՝ դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)՝ 19-րդ դարի համար (հունիս ամսին ծնված լինելու դեպքում՝ 94).
գ) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ և 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը և կարող է լինել 00-99.
դ) թվային նիշերի 3 զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ և 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի քաղաքացիների՝ սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում հաշվառման հերթական համարը և կարող է լինել 001-999.
ե) վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
3. Սոցիալական քարտի համարը ձևավորելիս «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 85 որոշման |
Կ Ա Ր Գ
քաղաքացիների կողմից տվյալների ներկայացման, իրավասու մարմինների կողմից քաղաքացիների անհատական տվյալների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն փոխանցման և սոցիալական ապահովության քարտի հատկացման
I. Քաղաքացիների կողմից տվյալների ներկայացումը
1. Սոցիալական ապահովության քարտերի (այսուհետ՝ սոցիալական քարտ) տրամադրումը կազմակերպվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ՝ լիազորված մարմին) և իրավասու մարմինների միջոցով:
2. Քաղաքացիները սոցիալական քարտ ստանալու համար իրավասու մարմիններ են ներկայացնում «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հետևյալ տվյալները՝
ա) անունը, ազգանունը և հայրանունը,
բ) ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը,
գ) սեռը,
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ մինչև 16 տարեկան քաղաքացիների համար՝ ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար՝ անձնագրի սերիան և համարը,
ե) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի սերիան և համարը,
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող և բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան և համարը,
է) փախստականի կարգավիճակ ունեցողների համար՝ փախստականի վկայականի սերիան և համարը:
3. Անհատական տվյալները ներկայացվում են սոցիալական քարտ ստանալու հայտի (այսուհետ՝ հայտ) հիման վրա:
4. Հայտի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
5. Հայտում տվյալները լրացվում են սույն կարգի 2-րդ կետի «դ»-«է» ենթակետերում նշված փաստաթղթերի հիման վրա:
Օտարերկրյա պետության համապատասխան մարմնի կողմից օտարերկրյա քաղաքացուն տրված՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա սոցիալական քարտ ստանալու համար հայտ ներկայացնելու դեպքում հայտատուի ազգանունը, անունը և հայրանունը լրացվում են անձը հաստատող փաստաթղթի՝ նոտարական կարգով վավերացված թարգմանության կամ հյուպատոսական ծառայության կողմից վավերացված փաստաթղթի, կամ համապատասխան մարմինների կողմից տրված ապոստիլի հիման վրա:
Օտար լեզվով ձևակերպված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կամ փախստականների անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա սոցիալական քարտ ստանալու համար հայտ կարող է ներկայացվել նաև իրավասու մարմնի կողմից կատարված հայերեն թարգմանությամբ:
6. Հայտն ստորագրում է տվյալ քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը:
7. Մինչև 16 տարեկան քաղաքացու համար լրացված հայտն ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն): Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու հայտն ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:
8. Լրացված հայտը ներկայացվում է իրավասու մարմին:
9. Իրավասու մարմնի աշխատողն ստուգում է ներկայացված հայտի բոլոր դաշտերի՝ հայտի լրացման կարգի համաձայն լրացված լինելը, լրացնում է հայտի և ստացականի համապատասխան դաշտերը և քաղաքացուն է տալիս ստացականը:
Սույն կարգի 5-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված դեպքերում իրավասու մարմնի աշխատողն ստուգում է նաև հայտում լրացված տվյալների և հայտը լրացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթում առկա տվյալների համապատասխանությունը: Փաստաթղթերի պատճենները պահվում են իրավասու մարմնում, իսկ մեկ օրինակն ուղարկվում է լիազորված մարմին՝ կցելով հայտին:
10. Քաղաքացու ներկայացրած հայտի ընդունման վերաբերյալ գրառում է կատարվում հայտերի հաշվառման մատյանում, որի համապատասխան դաշտում ստորագրում է հայտ ներկայացնող անձը:
Հայտերի հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
11. Լրացված հայտն իրավասու մարմին կարող է ներկայացնել սոցիալական քարտ ստանալու համար դիմող քաղաքացին կամ այլ անձ: Այլ անձի կողմից ներկայացված հայտերն ստանալով՝ իրավասու մարմնի աշխատողը հայտերի հաշվառման մատյանում լրացնում է հայտը ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը:
II. Իրավասու մարմինների կողմից քաղաքացիների անհատական տվյալների՝ լիազորված մարմին փոխանցումը
12. Իրավասու մարմինն ընդունված հայտերից կազմում է կապոցներ և 15-օրյա պարբերականությամբ լիազորված մարմին է ուղարկում ընդունված հայտերի խմբաքանակը:
(12-րդ կետը փոփ. 15.04.2008 N 288)
13. Իրավասու մարմնի կողմից ընդունված, սակայն սահմանված ժամկետում որևէ պատճառով լիազորված մարմին չուղարկված հայտերն իրավասու մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո ուղարկվում են լիազորված մարմին:
14. Ընդունված հայտերից կապոց կազմելու, փաթեթավորելու, դրանք լիազորված մարմին ուղարկելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:
III. Սոցիալական քարտ հատկացնելը
15. Լիազորված մարմինը ստանում է հայտերի կապոցների խմբաքանակը և ապահովում հայտերում ներառված տվյալների՝ համակարգիչ մուտքագրումը:
16. Հայտերի կապոցներն ստանալու և տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:
17. Համակարգիչ մուտքագրված տվյալները համադրվում են պետական կառավարման մարմիններից ստացված՝ անձնագրերի և ծննդյան վկայականների տվյալների հիման վրա ձևավորված՝ տեղեկատվական բազայի և սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում կուտակված տվյալների հետ, որի արդյունքում քաղաքացուն հատկացվում է սոցիալական քարտ կամ մերժվում է քաղաքացուն սոցիալական քարտ հատկացնելը:
18. Քաղաքացուն սոցիալական քարտ հատկացնելու դեպքում, սոցիալական քարտի համարի ձևավորման կարգի համաձայն, համակարգչային ծրագրի միջոցով ձևավորվում (գեներացվում) է տվյալ անձի սոցիալական քարտի համարը:
19. Քաղաքացու սոցիալական քարտի համարը և օրենքով սահմանված մյուս անհատական տվյալները ներառվում են սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում, և տպագրվում է քաղաքացու սոցիալական քարտը:
20. Լիազորված մարմինը հայտերն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում՝ լիազորված մարմնի սահմանած կարգով, իրավասու մարմին է առաքում հայտերի մշակման արդյունքները. քաղաքացիներին հատկացված սոցիալական քարտերը, մերժված հայտերի ցուցակները, ինչպես նաև հայտերի մշակման արդյունքների էլեկտրոնային բազան՝ մագնիսական կրիչով:
(20-րդ կետը փոփ. 15.04.2008 N 288)
21. Սոցիալական քարտ ստանալու հայտ ներկայացնելուց 30 օր հետո ներկայացված ստացականի և (կամ) հայտատուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա քաղաքացուն է տրամադրվում նրա սոցիալական քարտը:
(21-րդ կետը փոփ. 15.04.2008 N 288)
22. Եթե անձին սոցիալական քարտի հատկացումը մերժվել է, ապա քաղաքացուն տրամադրվում է հայտը մերժելու պատճառի և կրկին դիմելու ընթացակարգի մասին պատասխանը (տեղեկանքը):
IV. Քաղաքացու դիմելու դեպքում տեղեկատվական բազայում կուտակված տվյալներում փոփոխություններ կատարելը, նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ տրամադրելը
23. Քաղաքացին դիմում է տեղեկատվական բազայում կուտակված իր անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու համար, եթե՝
ա) տեղեկատվական բազայում կուտակված՝ իր անհատական տվյալներում առկա են անճշտություններ.
բ) փոխվել է քաղաքացուն վերաբերող՝ տեղեկատվական բազայում կուտակված որևէ անհատական տվյալ:
24. Սույն կարգի 23-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում քաղաքացուն հատկացվում է նոր սոցիալական քարտ:
25. Քաղաքացուն սոցիալական քարտի կրկնօրինակ տրվում է՝
ա) սոցիալական քարտը կորցնելու դեպքում.
բ) սոցիալական քարտի՝ կիրառման համար ոչ պիտանի լինելու դեպքում:
26. Իր՝ տեղեկատվական բազայում կուտակված անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու (նոր սոցիալական քարտ ստանալու) կամ սոցիալական քարտի կրկնօրինակ ստանալու նպատակով քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի հիման վրա լրացնում է հայտ՝ նոր սոցիալական քարտ ստանալու համար:
27. Նոր սոցիալական քարտ ստանալու հայտի ձևը և լրացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
28. Լրացված հայտն ստանալով՝ իրավասու մարմնի աշխատողը քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալների հետ համապատասխանությունն ստուգելուց հետո հայտն ընդունելու մասին գրառում է կատարում հայտերի հաշվառման մատյանում, որի համապատասխան դաշտում ստորագրում է հայտ ներկայացնող անձը:
29. Իրավասու մարմնի աշխատողը լրացնում է հայտի և ստացականի համապատասխան դաշտերը, առանձնացնում ու քաղաքացուն է տալիս լրացված հայտի ստացականը, ինչպես նաև վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:
30. Նոր սոցիալական քարտ ստանալու հայտերը լիազորված մարմին են ուղարկվում սոցիալական քարտ ստանալու հայտերի հետ միասին՝ դրանց համար նախատեսված ընթացակարգով:
31. Նոր սոցիալական քարտ ստանալու հայտի ստացականում նշված ժամկետից հետո իրավասու մարմին ներկայացած քաղաքացիներին տրամադրվում են իրենց սոցիալական քարտերը կամ հայտը մերժելու մասին պատասխանը (տեղեկանքը):
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 85 որոշման |
Կ Ա Ր Գ
պետական կառավարման մարմինների կողմից սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի ձևավորման համար անհրաժեշտ տվյալների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրման և տեղեկատվական բազայի վարման
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ՝ լիազորված մարմին) սոցիալական ապահովության քարտերի (այսուհետ՝ սոցիալական քարտ) տեղեկատվական բազան վարելու և դրանց հատկացման գործընթացն իրականացնելու համար պետական կառավարման համապատասխան մարմիններից ստանում է հետևյալ տեղեկությունները՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունից՝
2004թ. մարտի 1-ի դրությամբ վավեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրի, փախստականի վկայականի սերիաները և համարները, դրանցում նշված քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և սեռը.
2004թ. մարտի 1-ից հետո քաղաքացիներին տրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրի, փախստականի վկայականի սերիաներն ու համարները, դրանցում նշված՝ քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար հիմք հանդիսացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրի սերիան ու համարը՝ 15-օրյա պարբերականությամբ,
2004թ. մարտի 1-ի դրությամբ անվավեր համարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրի, փախստականի վկայականի սերիաներն ու համարները, ինչպես նաև 2004թ. մարտի 1-ից հետո անվավեր համարված՝ անձը հաստատող փաստաթղթերի սերիաներն ու համարները՝ 15-օրյա պարբերականությամբ:
Տվյալները տրամադրվում են մագնիսական կրիչով.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունից՝
2004թ. մարտի 1-ից հետո՝ յուրաքանչյուր ամիս՝ տրամադրված մահվան ակտերի երկրորդ օրինակները՝ մեկամսյա պարբերականությամբ,
2004թ. մարտի 1-ից հետո՝ յուրաքանչյուր ամիս՝ տրամադրված ծննդյան ակտերի երկրորդ օրինակները՝ մեկամսյա պարբերականությամբ,
2004թ. մարտի 1-ից հետո՝ մինչև 16 տարեկան անձանց տրված ծննդյան վկայականների կրկնօրինակների և դրանց նախորդած ծննդյան վկայականների սերիաներն ու համարները մեկամսյա պարբերականությամբ:
Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված փաստաթղթերի երկրորդ օրինակները լիազորված մարմնին են տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջոցով` տասնհինգօրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն վերադարձնելու պայմանով:
(1-ին կետը փոփ., խմբ. 14.02.2008 N 64)
2. Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված տվյալների տրամադրման մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրվում է տրամադրողի և ստացողի կողմից:
Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետի երրորդ պարբերությունում նշված տվյալները տրամադրվում են փոստային ծառայության միջոցով կամ այլ պատշաճ կարգով:
3. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազայի վարումը ներառում է՝
ա) պետական կառավարման համապատասխան մարմիններից սույն կարգի առաջին կետով սահմանված տեղեկատվության ստացումն ու դրա օգտագործումը.
բ) սոցիալական քարտ ստացած քաղաքացիների մասին անհատական տվյալների մուտքագրումը սոցիալական քարտերի տեղեկատվական բազա.
գ) սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալների՝ քաղաքացու ներկայացրած հայտի հիման վրա փոփոխումը.
դ) պետական կառավարման համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում փոփոխությունների կատարումը.
ե) քաղաքացիների դիմելու դեպքում սոցիալական քարտերի տեղեկատվական բազայից իրենց վերաբերող տվյալների տրամադրումը.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այլ մարմինների՝ սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալների տրամադրումը:
4. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում կուտակված և հետագայում փոփոխություն կրած տվյալները պետք է սկզբնական (նախնական) տեսքով պահպանվեն սոցիալական քարտերի տեղեկատվական բազայի արխիվում:
5. Մահացած անձանց մասին ստացված տվյալների և սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալների համադրմամբ սոցիալական քարտերի տեղեկատվական բազա է ներմուծվում սոցիալական քարտ ստացած քաղաքացիների մահվան օրը, ամիսը և տարեթիվը:
6. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազայի վարման տեխնիկական ապահովումն իրականացվում է լիազորված մարմնի սահմանած կարգով:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 85 որոշման |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ
Սոցիալական ապահովության քարտը (այսուհետ՝ սոցիալական քարտ) բաղկացած է մեկ թերթից, չափսը՝ 55 x 80 միլիմետր:
Սոցիալական քարտի վերևի ձախ անկյունում պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը, որից աջ՝ գլխատառերով տպագրված են «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», դրանից ներքև՝ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ» բառերը:
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ» բառերից ներքև՝ սոցիալական քարտի երկայնքով տեղ է հատկացված կենտրոնում՝ քաղաքացու սոցիալական քարտի համարը տպագրելու, իսկ դրանից ներքև՝ այդ համարն արտահայտող գծիկավոր պայմանանշանը տպագրելու համար: Դրանից ներքև, սոցիալական քարտի ձախ մասում վերևից ներքև հաջորդականությամբ տպագրվում են «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ՀԱՅՐԱՆՈՒՆԸ» բառերը, որոնց դիմաց տեղ է հատկացված համապատասխան տվյալները տպագրելու համար: Սոցիալական քարտի աջ մասում տպագրվում են «ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է» բառերը, որոնց տակ տեղ է հատկացված սոցիալական քարտը տրամադրելու օրը, ամիսը և տարեթիվը տպագրելու համար:
Սոցիալական քարտի ներքևի մասում տպագրվում է «ՀԻՄՔԸ`» բառը, որի դիմաց տեղ է հատկացված սոցիալական քարտը տրամադրելու համար հիմք հանդիսացած՝ անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը տպագրելու համար:
Սոցիալական քարտի հակառակ երեսին տպագրվում է հետևյալ տեքստը՝
«Սոցիալական քարտը պաշտոնական փաստաթուղթ է:
Քարտը պահե'ք խնամքով:
Քարտը կորցնելու կամ գործածության համար ոչ պիտանի դառնալու դեպքում կարող եք դիմել և ստանալ կրկնօրինակը:
Քարտի կամ քարտի համարի ապօրինի կիրառումը պատասխանատվություն է առաջացնում օրենքով սահմանված կարգով:»:
Սոցիալական քարտի նույն երեսին, ներքևի ձախ մասում, պատկերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության խորհրդանիշը:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 5
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 85 որոշման |
Կ Ա Ր Գ
սոցիալական ապահովության քարտի հատկացմանը վերաբերող փաստաթղթերի պահպանման
1. Սոցիալական ապահովության քարտ (այսուհետ՝ սոցիալական քարտ) ստանալու հայտերի հաշվառման մատյանը կարվում է և կնքվում, իսկ էջերը համարակալվում են: Հայտերի հաշվառման մատյանի վարման համար պատասխանատու է իրավասու մարմնի՝ հայտերն ընդունող աշխատողը: Հայտերի հաշվառման մատյանի բոլոր էջերը լրացվելուց և մատյանում գրանցված հայտերի պատասխանները քաղաքացիներին տրամադրվելուց հետո հայտերի հաշվառման մատյանի վրա նշվում է լրանալու ամսաթիվը, այն կնքվում է իրավասու մարմնի կնիքով և պահվում իրավասու մարմնում՝ 3 տարի ժամանակով:
2. Քաղաքացիների ներկայացրած՝ սոցիալական քարտ և նոր սոցիալական քարտ ստանալու հայտերը մշակվելուց հետո փաթեթավորվում են այնպես, ինչպես ստացվել են իրավասու մարմնից և ժամանակագրական կարգով՝ ըստ իրավասու մարմինների, պահվում են այդ նպատակով հատկացված արխիվային սենյակում՝ 10 տարի ժամանակով:
3. Քաղաքացիների ներկայացրած հայտերը լիազոր մարմին ուղարկելու, քաղաքացիներին սոցիալական քարտեր հատկացնելու և տրամադրելու, քաղաքացիների՝ սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում կուտակված անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու, հայտերի մշակման արդյունքներն իրավասու մարմիններին տրամադրելու համար պահանջվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության սահմանած փաստաթղթերը (դրանց կրկնօրինակները) պահպանվում են նրա սահմանած կարգով՝ 3 տարի ժամանակով:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 6
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 85 որոշման |
Ց Ա Ն Կ
իրավասու մարմինների
1. Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության բաժին
2. Սոցիալական ապահովության Ասկերանի շրջանային կենտրոն
3. Սոցիալական ապահովության Հադրութի շրջանային կենտրոն
4. Սոցիալական ապահովության Մարտակերտի տարածքային կենտրոն
5. Սոցիալական ապահովության Մարտունու շրջանային կենտրոն
6. Սոցիալական ապահովության Շահումյանի շրջանային բաժին
7. Սոցիալական ապահովության Շուշիի շրջանային կենտրոն
8. Սոցիալական ապահովության և առողջապահության Քաշաթաղի շրջանային բաժին
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |