ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 61 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին
(վերնագիրը փոփ. 25.12.2007 N 704,13.08.2008 N 574, 26.04.2011 N 240-Ն)
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մարտի 9-ի ՆՀ-89 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետի, ինչպես նաև ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի թիվ 12 որոշման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 25.12.2007 N 704, 13.08.2008 N 574, 26.04.2011 N 240-Ն)
2. ՈՒժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2004թ. հունիսի 22-ի «ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության ԼՂՀ տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 231 որոշումը:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«28» փետրվարի 2005թ.
թիվ 61 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության
(վերնագիրը փոփ. 25.12.2007 N 704,13.08.2008 N 574, 26.04.2011 N 240-Ն)
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ վարչություն) կազմում գործող գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ տրանսպորտի բնագավառում՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 25.12.2007 N 704, 13.08.2008 N 574, 29.01.2009 N 53-Ն, 26.04.2011 N 240-Ն)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(2-րդ կետը փոփ. 25.12.2007 N 704, 29.01.2009 N 53-Ն, 26.04.2011 N 240-Ն)
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. Տեսչության նպատակները և խնդիրները
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
ա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.
բ) իր իրավասության սահմաններում տարածքային կառավարման մարմինների հետ տրանսպորտի բնագավառում գործունեության համակարգումը.
գ) իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառին վերաբերող տեղեկատվության համակարգումը, վերլուծությունը և կանխատեսումը.
դ) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրումների նկատմամբ վերահսկողության իրականացման միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կնքված միջազգային համաձայնագրերի պահանջների կատարմանը նպաստելը:
III. Տեսչության գործառույթները
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա փոխադրողների կողմից միջազգային հաղորդակցությունում փոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.
գ) ավտոկայարանային ու երթակարգավարական ծառայությունների կողմից` փոխադրողների և ուղևորների սպասարկմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, սպասարկման ու ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` ավտոտրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպմանը մասնակցությունը, այդ իրավունքը շահած կազմակերպությունների կողմից ուղևորափոխադրումներին ներկայացվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ե) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններ` տրանսպորտային օրենսդրության պահանջները խախտող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման, վթարայնության նվազեցման, տրանսպորտի տեխնիկական շահագործման և բնապահպանական պահանջների կատարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
զ) սահմանված կարգով լիցենզավորված տրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.
է) ընդհանուր օգտագործման տրանսպորտում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց առաջացման պատճառների վերլուծություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան պետական մարմինների հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում.
ը) տրանսպորտի օբյեկտների և դրանց պաշտպանական գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի, գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացում.
թ) տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտման համար` օրենքով սահմանված կարգով վարչական տուգանքների կիրառում.
ժ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.2007 N 704)
ժա) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժբ) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
ժգ) ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժդ) ջրային, էլեկտրատրանսպորտային և երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում:
(8-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 25.12.2007 N 704)
IV. Տեսչության կառավարումը
9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:
Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, վարչության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(9-րդ կետը փոփ. 29.01.2009 N 53-Ն, 26.04.2011 N 240-Ն)
10. Տեսչության պետը պատասխանատու է վարչության տրանսպորտի բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
(10-րդ կետը փոփ. 29.01.2009 N 53-Ն)
11. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև վարչության աշխատակազմի ղեկավարին:
(11-րդ կետը փոփ. 29.01.2009 N 53-Ն, 26.04.2011 N 240-Ն)
12. Տեսչության պետը՝
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում վարչության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
է) վարչության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալի (տեղակալների) միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության նկատմամբ.
ժբ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ կետը փոփ. 29.01.2009 N 53-Ն, 26.04.2011 N 240-Ն)
13. Տեսչության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված՝ փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:
V. Տեսչության աշխատանքների կազմակերպումը
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է վարչության աշխատակազմը:
(14-րդ կետը փոփ. 29.01.2009 N 53-Ն)
15. Տեսչությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելված 1-ը փոփ., խմբ., լրաց. 25.12.2007 N 704, փոփ. 13.08.2008 N 574, 29.01.2009 N 53-Ն, 26.04.2011 N 240-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«28» փետրվարի 2005թ.
թիվ 61 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության
(վերնագիրը փոփ. 25.12.2007 N 704, 13.08.2008 N 574, 26.04.2011 N 240-Ն)
Կառուցվածքային ստորաբաժանում
Ավտոմոբիլային տրանսպորտի կենտրոնական հսկողության բաժին
(հավելված 2-ը փոփ. 25.12.2007 N 704, 13.08.2008 N 574, 26.04.2011 N 240-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |