ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հունիսի 2006թ. |
N 334 |
ք.Ստեփանակերտ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ, ԱԶԱՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական մարմին դիմող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) զբաղվածության պետական մարմին դիմող անձանց գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի, գրանցամատյանի, ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեությունը հիմնավորող փաստաթղթերից փաստանշում կատարելու ձևերը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` աշխատանք փնտրող` չզբաղված անձանց գործազուրկի կարգավիճակ տալու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հարցման հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանը տրամադրել տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության կամ վարձակալության իրավունքի մասին:
4. (կետն ուժը կորցրել է 29.01.2009 N 45-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«27» հունիսի 2006թ.
թիվ 334 որոշման |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ, ԱԶԱՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն փաստաթղթերի ցանկով և կարգով սահմանվում է աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով (այսուհետ` աշխատանքի տեղավորման հարց) զբաղվածության պետական մարմին դիմող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, և կարգավորվում են անձին հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքի տեղավորման հարցով դիմող (այդ թվում` բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունեցող) անձի հաշվառումն իրականացնում է նրա փաստացի բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային պետական մարմինը (այսուհետ` տարածքային մարմին):
3. Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային մարմին դիմող անձի հաշվառումը կատարվում է տարածքային մարմնի ղեկավարի կողմից կնքված ու ստորագրված հաշվառման գրանցամատյանում:
(3-րդ կետը փոփ. 29.01.2009 N 45-Ն)
II. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌԵԼԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
4. Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային մարմին դիմող` զբաղված անձը որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար ներկայացնում է`
ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
բ) սոցիալական քարտը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը (այսուհետ՝ տեղեկանք),
գ) կրթություն ունեցողները` կրթության մասին փաստաթուղթը:
(4-րդ կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)
5. Սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում հաշվառման քարտի` սոցիալական քարտի համարը նշելու համար նախատեսված դաշտում նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ, իսկ տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:
(5-րդ կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)
6. Աշխատանք փնտրող` զբաղված անձը հաշվառումից հանվում է, եթե`
ա) տեղավորվել է հարմար աշխատանքի,
բ) տարածքային մարմին վերջին անգամ ներկայանալու օրվանից 6 ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար,
գ) ներկայացրել է դիմում իրեն հաշվառումից հանելու մասին,
դ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) ազատազրկվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման,
զ) մահացել է:
III. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌԵԼԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
7. Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային մարմին դիմող անձը որպես աշխատանք փնտրող` չզբաղված հաշվառվելու համար ներկայացնում է`
ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
բ) սոցիալական քարտը կամ տեղեկանքը,
գ) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
դ) զինվորական գրքույկը` զինվորական ծառայություն անցած անձինք,
ե) կրթության մասին փաստաթուղթը` կրթություն ունեցողները:
(7-րդ կետը խմբ. 29.01.2009 N 45-Ն, լրաց. 26.01.2010 N 23-Ն)
8. Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային մարմին դիմող հաշմանդամը, սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից տրված` հաշմանդամության փաստը հավաստող տեղեկանք:
(8-րդ կետը փոփ. 29.01.2009 N 45-Ն)
9. Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային մարմին դիմող այն անձինք, ովքեր չունեն բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում կամ բնակվում են մշտական կամ ժամանակավոր հաշվառման վայրից դուրս գտնվող այլ վայրում, սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, տարածքային մարմին են ներկայացնում նաև իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք փաստացի բնակության վայրի մասին:
10. Տարածքային մարմինն անձի դիմելու օրն աշխատանքի տեղավորման վերաբերյալ նրա պահանջները լրացնում է հաշվառման քարտում:
Տարածքային մարմինն աշխատանք փնտրող` չզբաղված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձի ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեությունը հիմնավորող փաստաթղթերից կատարում է փաստանշում, որը հաստատվում է տարածքային մարմնի ղեկավարի կողմից և համարվում հաշվառման քարտի անբաժանելի մասը:
(10-րդ կետը փոփ. 29.01.2009 N 45-Ն)
11. Տարածքային մարմինն անձին հաշվառելուց հետո վերադարձնում է նրա կողմից ներկայացված փաստաթղթերը:
Սոցիալական քարտից հրաժարվող անձի ներկայացրած տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:
(11-րդ կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)
12. Տարածքային մարմինն աշխատանք փնտրող` չզբաղված անձից փաստաթղթերն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տարածքային բաժին` անձի աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակներով զբաղված լինելու ժամանակահատվածում կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարումների և կատարման կամ աշխատավարձ ստանալու ժամկետների, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված անձի կենսաթոշակ ստանալու մասին և`
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` անձի անվամբ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության կամ վարձակալության իրավունքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:
(12-րդ կետը խմբ. 29.01.2009 N 45-Ն, փոփ. 23.06.2009 N 393-Ն, փոփ. 14.03.2012 N 113-Ն)
13. Աշխատանք փնտրող` չզբաղված անձին գործազուրկի կարգավիճակ է տրվում տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի թիվ 334 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 7 օրվա ընթացքում:
(13-րդ կետը փոփ. 29.01.2009 N 45-Ն)
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այլ բնակության վայր տեղափոխված` աշխատանք փնտրող` չզբաղված, գործազուրկի կարգավիճակում գտնվող անձի գրավոր դիմումի հիման վրա նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային մարմինը նրան հանում է հաշվառումից և հաշվառման քարտի կնքված ու ստորագրված կրկնօրինակն ու նախկին հաշվառման քարտերից քաղվածքները (եթե նախկինում հաշվառված է եղել)` կից գրությամբ, ուղարկում է նոր բնակության վայրն սպասարկող տարածքային մարմին` պահպանելով տեղափոխման պահին օրենքով սահմանված նրա իրավունքները:
15. Գործազուրկի կարգավիճակ ունեցող անձը հաշվառումից հանվում է օրենքով սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակի դադարեցման հետ միաժամանակ` բացառությամբ այն անձանց, ովքեր ճանաչվել են հաշմանդամ կամ լրացել է ապահովագրական կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով աշխատավարձի փոխհատուցման և այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ նյութական ծախսերի հատուցման ծրագրերում ընդգրկվածների` ծրագրի տևողությանը համապատասխան ժամկետով: Վերջիններս մնում են հաշվառման մեջ:
16. Աշխատանք փնտրող` չզբաղված անձը հանվում է հաշվառումից, եթե`
ա) դարձել է զբաղված` օրենքով սահմանված կարգով` բացառությամբ զբաղվածության պետական մարմնի կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկման դեպքերի,
բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
գ) 6 ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ չի ներկայացել տարածքային մարմին,
դ) տեղափոխվել է տարածքային մարմնի սպասարկման վայրից դուրս գտնվող այլ բնակության վայր,
ե) ներկայացրել է դիմում` իրեն հաշվառումից հանելու մասին,
զ) ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ,
է) ազատազրկվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման,
ը) մահացել է:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«27» հունիսի 2006թ.
թիվ 334 որոշման |
Ց Ա Ն Կ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Զբաղվածության պետական մարմին դիմող անձին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով գործազուրկի կարգավիճակ է տրվում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`
ա) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
ա.1.) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տարածքային բաժնի կողմից տրված տեղեկանք աշխատանք փնտրող չզբաղված անձի կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի) չստանալու մասին,
բ) սոցիալական քարտ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք,
գ) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթ (աշխատանքային գրքույկ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
դ) զինվորական գրքույկ (զինվորական ծառայություն անցած անձինք),
ե) կրթության մասին փաստաթուղթ (կրթություն ունեցողները),
զ) իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք փաստացի բնակության վայրի մասին բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունենալու կամ մշտական կամ ժամանակավոր հաշվառման վայրից դուրս բնակվելու դեպքում,
է) իրավասու մարմնի կողմից տրված տեղեկատվություն (տեղեկանք) անձի աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակներով զբաղված լինելու ժամանակահատվածում կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարումների և կատարման կամ աշխատավարձ ստանալու ժամկետների մասին,
ը) իրավասու մարմնի կողմից տրված տեղեկատվություն (տեղեկանք) աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մասին:
(Հավելված 2-ը լրաց., խմբ., փոփ. 29.01.2009 N 45-Ն, լրաց. 26.01.2010 N 23-Ն, փոփ. 14.03.2012 N 113-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |