Համարը 
N 394
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.05.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"20" մայիսի 2008թ.

N 394

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող անձանց տրամադրվում են ձեռքի կառավարման ավտոմեքենաներ:

2. Հաստատել՝

ա) հաշմանդամներին ձեռքի կառավարման ավտոմեքենաներ տրամադրելու կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,

բ) ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու իրավունք տվող բժշկական ցուցումների ցանկը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի մայիսի 26-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2008 թ. մայիսի «20»-ի

թիվ 394 որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Հաշմանդամներին ձեռքի կառավարման ավտոմեքենաների տրամադրումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից:

2. Ձեռքի կառավարման ավտոմեքենաներ տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված՝ ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու իրավունք տվող բժշկական ցուցումներ ունեցող և պարտադիր բժշկական հավատարմագրմամբ այն վարելու համար պիտանի ճանաչված անձանց:

Ձեռքի կառավարման ավտոմեքենա վարելու պիտանիությունը որոշելու համար հաշմանդամի պարտադիր բժշկական հավատարմագրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պարբերականությամբ և կարգով:

Հաշմանդամի կատարած՝ բժշկական հավատարմագրման տեղեկանք ստանալու համար սահմանված վճարները փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

3. Ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու իրավունք տվող բժշկական ցուցումների առկայությունն որոշվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի՝ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի (այսուհետ՝ ԲՍՓԿ) կողմից իրականացվող բժշկական փորձաքննությամբ՝ «Հանրապետական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված ուղեգրի հիման վրա:

«Հանրապետական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը հաշմանդամին ԲՍՓԿ ուղեգրելու համար բժշկական քննության է ենթարկում նախարարության հարցմամբ:

4. ԲՍՓԿ-ում հաշմանդամի բժշկական փորձաքննության ժամանակ կազմվում է փորձաքննական ակտ, որը բժշկական մյուս փաստաթղթերի հետ պահվում է ԲՍՓԿ-ում, իսկ փորձաքննական ակտից քաղվածքն ուղարկվում է նախարարություն:

5. Ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու իրավունք տվող բժշկական ցուցումների առկայության դեպքում ԲՍՓԿ-ի կողմից հաշմանդամին տրվում է համապատասխան տեղեկանք:

6. Ձեռքի կառավարման ավտոմեքենա վարելու ուսուցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու համար գրավոր դիմումի հետ նախարարություն պետք է ներկայացվի հաշմանդամի անձը հաստատող փաստաթուղթը, սոցիալական ապահովության քարտը, հաշմանդամության մասին տեղեկանքը, ձեռքի կառավարման ավտոմեքենա վարելու իրավունքի վկայականը, սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկանքն ու դրանց պատճենները, ինչպես նաև 3 x 4 սմ չափսի 2 լուսանկար:

8. Ձեռքի կառավարման ավտոմեքենա ստանալու դիմում ներկայացրած հաշմանդամները նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից վերցվում են հաշվառման՝ դիմումը գրանցելով հաշվառման մատյանում:

Հաշվառման վերցված յուրաքանչյուր հաշմանդամի համար կազմվում է գործ, որտեղ պահվում են ԲՍՓԿ-ի ուղարկած՝ փորձաքննական ակտից քաղվածքը, ինչպես նաև հաշմանդամի դիմումի հետ ներկայացված բոլոր փաստաթղթերը:

9. Նախարարությունն, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, կայացնում է հաշմանդամին ձեռքի կառավարման ավտոմեքենա տրամադրելու մասին որոշում կամ մերժում է հաշմանդամի դիմումը՝ այդ մասին գրավոր հայտնելով դիմողին:

Նախարարության կողմից որոշում կայացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անհատույց օգտագործման համար հաշմանդամին տրամադրվում է ձեռքի կառավարման ավտոմեքենա՝ նրա հետ կնքելով գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Ավտոմեքենաներ տրամադրելու առաջնահերթությունն ու հերթականությունը սահմանում է նախարարությունը:

10. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող հաշմանդամին ձեռքի կառավարման ավտոմեքենա չի տրամադրվում:

11. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար հաշմանդամին ավտոմեքենա վարելու իրավունքից զրկելու, ինչպես նաև պարտադիր կամ արտահերթ բժշկական հավատարմագրմամբ ձեռքի կառավարման ավտոմեքենա ստացած անձի մոտ բժշկական հակացուցումներ հայտնաբերելու հետևանքով ավտոմեքենա վարելն արգելելու դեպքում նախարարությունը կարող է տալ թույլտվություն՝ այլ անձի կողմից ավտոմեքենան լիազորագրով վարելու համար:

12. Հաշմանդամին ավտոմեքենա վարելու իրավունքից զրկելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչությունը (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) 20-օրյա ժամկետում հայտնում է նախարարությանը:

13. «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ ձեռքի կառավարման ավտոմեքենայի գծով գույքահարկ վճարելու՝ հաշմանդամի ծախսերը փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

14. Հաշմանդամներն ազատվում են վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար որակավորման քննությունների, վարորդական իրավունքի վկայական, տրամադրված ձեռքի կառավարման ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր ու պետական համարանիշ ստանալու, ինչպես նաև ավտոմեքենան գրանցելու համար պետական տուրքի վճարումից՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով սահմանված կարգով:

Վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

15. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշմանդամներն ազատվում են հատկացված ձեռքի կառավարման ավտոմեքենաների տարեկան տեխնիկական զննության համար պետական տուրքի, ինչպես նաև այդ ավտոմեքենաներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական վճարի վճարումներից:

16. Ձեռքի կառավարման ավտոմեքենա տրամադրելու՝ նախարարության ներքին ընթացակարգը, սույն կարգի 4-րդ կետում նշված փորձաքննական ակտի, քաղվածքի, 5-րդ կետում նշված տեղեկանքի, 7‑րդ կետում նշված դիմումի և 8-րդ կետում նշված մատյանի ձևերը հաստատում է նախարարությունը:

17. Սույն կարգը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2008 թ. մայիսի «20»-ի

թիվ 394 որոշման

 

ՑԱՆԿ

ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

1. Երկու ազդրերի անդամահատում

2. Երկու սրունքների անդամահատում

3. Մեկ ազդրի անդամահատում ցանկացած հատվածից՝ անկախ պրոթեզավորման պիտանիությունից

4. Ազդրի կամ սրունքի անդամահատում՝ մյուս ստորին վերջույթի շարժման կամ կանգնելու ֆունկցիայի զգալի խանգարման դեպքում (ոտնաթաթի անդամահատում, դեֆորմացիա, անոթային հիվանդություն, խոշոր ծայրամասային ներվային բնի ախտահարում և այլն)

5. Ազդրի կամ սրունքի անդամահատում, միաժամանակ վերին վերջույթներից մեկի բացակայություն

6. Ստորին վերջույթների, կոնքի կամ ողնաշարի կայուն դեֆորմացիաներ կամ հիվանդություն կանգնելու և քայլելու նշանակալից խանգարումով (ստորին վերջույթների անկիլոզ պոլիարթրիտներ, ստորին պարապլեգիաներ, պարապարեզներ, ծանր կիֆոսկոլիզներ և սպոնդիլիտներ կոմպրեսիայի երևույթներով, պսևդոարթրոզներ, էնդարտերիտներ 2-3 աստիճանի, փղացում և այլն)

7. Կենտրոնական ծագում ունեցող ստորին վերջույթների պարալիչներ և պարեզներ՝ նստելու հնարավորության, բայց շարժման զգալի դժվարության դեպքում

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան