ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» հունվարի 2008թ. |
N 19 |
ք.Ստեփանակերտ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 256 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 75-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
(նախաբանը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
1. Հաստատել ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» թիվ 256 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 3-րդ կետից հանել «ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը», իuկ 6-րդ կետից` «ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«15» հունվարի 2008թ.
թիվ 19 որոշման |
ԿԱՐԳ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայության ընթացքում զոհված (մահացած), օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված փրկարարական ծառայողների (այսուհետ` զոհված փրկարարական ծառայողներ) հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված` ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող ծախսերի չափն ու վճարման կարգը:
2. Փրկարարական ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` 700.000 դրամի չափով (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):
3. Փրկարարական ծառայության ընթացքում զոհված ծառայողների (բացառությամբ եղբայրական գերեզմանոցներում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց ընտանիքների անդամներին ԼՂՀ պետական բյուջեից հատկացվում է 1.400.000 դրամ (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):
4. Զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կազմում ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում զոհված փրկարարական ծառայողների ցուցակը, որոնց ընտանիքներին նախատեսվում է ԼՂՀ պետական բյուջեից փոխհատուցել զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը: Ցուցակում նշվում են զոհված փրկարարական ծառայողի անունը, ազգանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված փրկարարական ծառայողի ընտանիքի` փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, յուրաքանչյուր զոհված փրկարարական ծառայողի մասով փոխհատուցման ենթակա գումարի չափը, ինչպես նաև զոհված փրկարարական ծառայողի ընտանիքի բնակության վայրի` ԼՂՀ ֆինանսների նախարարության այն տեղական գանձապետական բաժնի անվանումը, որի միջոցով նախատեսվում է ստանալ նշված փոխհատուցումները:
(4-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կարգի 4-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները փոխանցում է տեղական գանձապետական ստորաբաժանումներում նշված գումարների հատկացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին` միաժամանակ համապատասխան տեղական գանձապետական բաժնի տրամադրելով այդ հաշիվներից ծախսերի կատարման համար ճշտված նախահաշիվներն ու համապատասխան ցուցակները:
6. Փոխհատուցման գումարներն ստանալու նպատակով սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ցուցակում նշված զոհված փրկարարական ծառայողի ընտանիքի անդամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժին է ներկայացնում տեղական գանձապետական բաժնի պետին ուղղված` վճարումները կատարելու մասին դիմում` միաժամանակ ներկայացնելով անձնագիրը և զոհված փրկարարական ծառայողի մահվան վկայականը: Երկօրյա ժամկետում տեղական գանձապետական բաժնում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված տեղեկատվությանը:
Համապատասխանության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (առանց ծախսը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու) կատարվում են պահանջվող վճարումները: Այդ անձանց պահանջով` նշված գումարները փոխանցվում են նրանց կողմից ներկայացված բանկային հաշիվներին կամ կանխիկ ձևով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից պետական հիմնարկներին կանխիկ ձևով դրամական միջոցների տրամադրման ընթացակարգին համապատասխան` այդ անձանց անվամբ դուրս գրված գանձապետական չեկերի միջոցով:
Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում տեղական գանձապետական ստորաբաժանումը մերժում է պահանջվող վճարումը` փրկարարական ծառայողի ընտանիքի անդամի կողմից ներկայացված դիմումի դարձերեսին նշելով մերժման պատճառները:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը եռամսյակային կտրվածքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը տրամադրում է տեղեկատվություն տվյալ եռամսյակի ընթացքում սույն կարգի համաձայն վճարված փոխհատուցումների մասին:
(7-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
8. Եթե զոհված փրկարարական ծառայողների գերեզմանները բարեկարգված են նրանց ընտանիքների անդամների ուժերով, ապա համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում փոխհատուցվում է գերեզմանների կառուցապատման աշխատանքների փաստացի արժեքը, բայց հաստատված ծախսերի նորմատիվներից ոչ ավելի:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս այլ վայրերում փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը փոխհատուցվում են զոհվածների ընտանիքների բնակության վայրում:
Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված փրկարարական ծառայողների ընտանիքներին փոխհատուցումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գումարի չափով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |