Համարը 
Թիվ 35/134
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.06.20/16(57)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«09» հունիսի 2007թ.

Պետական գրանցման թիվ 692

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մայիսի 2007թ.

Թիվ 35/134

 ք. Ստեփանակերտ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 27-րդ ենթակետով և 47-րդ ու 54-րդ հոդվածներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/19 և 2006թ. հոկտեմբերի 27-ի «ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի թիվ 3/19 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 20/58 որոշումները:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 30-ի

թիվ 35/134 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու

 

1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են նույն օրը՝ մինչև ժամը 24.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները:

1.1. Քվեաթերթիկները ստորագրելու համար անցկացվող վիճակահանությանը մասնակցում են տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները:

1.2. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից երեքի վրա նշում է կատարում: Թերթիկները քառապատիկ ծալում է՝ այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:

1.3. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ:

1.4. Քվեաթերթիկները ստորագրում են հանձնաժողովի այն երեք անդամները, ում վիճակահանության արդյունքում բաժին է ընկել նշում պարունակող թերթիկ:

1.5. Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:

2. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում, վիճակահանությունների միջոցով որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկ հատկացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեատուփի համար պատասխանատու անդամին, շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (համապետական ընտրությունների դեպքում, եթե տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվել է ստացիոնար բժշկական հաստատությունում և տուն-ինտերնատում քվեարկություն կազմակերպելու համար քաղաքացիների լրացուցիչ ցուցակ):

Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանություններին չեն մասնակցում: Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին՝ նրանց բացակայության ընթացքում:

2.1. Վիճակահանությունները կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա նշում է՝

ա) «Ընտրողների գրանցումն իրականացնող» (1, իսկ 1000-ից ավել ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում՝ 2 հատ թերթիկ: 2 հատ թերթիկի դեպքում նշվում է նաև համապատասխանաբար «1-ին ցուցակ», «2-րդ ցուցակ») բառերը,

բ) «Քվեաթերթիկներ հատկացնող» (1, իսկ 1000-ից ավել ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում՝ 2 հատ թերթիկ) բառերը,

գ) «Քվեատուփի համար պատասխանատու» (1 հատ թերթիկ) բառերը,

դ) «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» (1հատ թերթիկ` համապետական ընտրություների դեպքում) բառերը:

Թերթիկները (նաև նշում չպարունակող) քառապատիկ ծալում է՝ այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:

2.2. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրվածը և թերթիկը փոխանցում հանձնաժողովի նախագահին:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին որոշելուց հետո «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» նշումը պարունակող թերթիկը հանվում է վիճականությունից:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը վիճակահանության արդյունքով որոշված մյուս գործառույթը /գործառույթները/ իրականացնում է ստացիոնար բժշկական հաստատությունում կամ տուն-ինտերնատում քվեարկությունն անցկացնելուց հետո: Ստացիոնար բժշկական հաստատությունում կամ տուն-ինտերնատում քվեարկությունն անցկացնելու ժամանակ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամի` վիճակահանությամբ որոշված գործառույթը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի այլ անդամ:

2.3. Վիճակահանության արդյունքում, ըստ հանձնաժողովի անդամներին բաժին ընկած թերթիկների նշումների, հանձնաժողովի անդամների միջև բաշխվում են առաջին հերթափոխի կողմից քվեարկությունը կազմակերպելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված պարտականությունները:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանությունների արդյունքներին համապատասխան ապահովում է հանձնաժողովի անդամների` հերթափոխային աշխատանքի ժամակարգը:

2.4. Վիճակահանության արդյունքում առանց նշումի թերթիկ հանած հանձնաժողովի անդամը կատարում է հանձնաժողովի նախագահի՝ քվեարկության կազմակերպմանն ուղղված հանձնարարականները:

2.5. Վիճակահանությունների արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան