| |
Պետական գրանցման է ենթարկված
ԼՂՀ արդարադատության պետական վարչության կողմից
Գրանցման N 206
Գրանցման տարեթիվը 31.07.03թ.
ԼՂՀ արդարադատության պետական վարչության պետ
Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
Գնումների գործընթացի մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5 և 17 հոդվածները, հրամայում եմ՝
1. Հաստատել գնումների գործընթացի մոնիտորինգի իրականացման կարգը (կցվում է):
2. Ստեղծել գնումների գործընթացի մոնիտորինգի իրականացման մշտական հիմունքներով գործող խումբ (այսուհետև՝ խումբ) հետևյալ կազմով.
Ա. Միրզոյան - Գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժնի պետ (խմբի ղեկավար)
Գ. Նազլուխանյան - Ծախսերի ֆինանսավորման բաժնի պետ
Մ. Մխիթարյան - Գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժնի առաջին կարգի մասնագետ
Ա. Լազարյան - Գլխավոր իրավաբան
Ն. Ավանեսյան - Կառավարման մարմինների ու կապիտալ ծախսերի ծրագրավորման, կատարման ու վերլուծության բաժնի առաջատար մասնագետ
(2-րդ կետը խմբ. 18.10.2004 N 120)
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հոկտեմբերի 1 -ից:
| |
Հաստատված է
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հուլիսի 21 -ի թիվ 93 հրամանով |
Կ Ա Ր Գ
Գնումների գործընթացի մոնիտորինգի իրականացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում է պետության և համայնքների կարիքների համար իրականացվող գնումների (այսուհետև՝ գնումներ) գործընթացի լիազոր մարմնի կողմից ուսումնասիրությունների և վերլուծությունների (այսուհետև՝ մոնիտորինգ) իրականացման կարգը:
2. Մոնիտորինգի նպատակն է՝
1) ուսումնասիրել գնումների գործընթացը, հայտնաբերել և հրապարակել այն թերությունները, որոնք առկա են գնումների իրականացման գործում.
2) եզրակացություն կազմել գնման գործընթացի մասին:
II. Մոնիտորինգ անցկացնող խումբը
3. Մոնիտորինգն իրականացնում է այդ նպատակով կազմավորված և մշտական հիմունքներով գործող աշխատանքային խումբը (այսուհետև՝ խումբ): Խումբը կազմավորվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Խմբի ղեկավարը հանդիսանում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում լիազոր մարմնի լիազորությունների կատարման գործի կազմակերպման համար պատասխանատու ստորաբաժանման (այսուհետև՝ պատասխանատու ստորաբաժանում) ներկայացուցիչը: Խմբի գործունեությանը վերաբերող տեղեկությունները արձանագրվում են փաստաթղթեր կազմելով, որոնք ստորագրում են խմբի՝ մոնիտորինգին մասնակցած անդամները: Խմբի աշխատանքներին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել այլ անձիք՝ լիազոր մարմնի ղեկավարի համաձայնությամբ: Խմբի եզրակացությունները ունեն խորհրդատվական բնույթ:
4. Մոնիտորինգ անցկացվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ, որը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
5. Մոնիտորինգ անցկացնելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) այն պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) (այսուհետև՝ պատվիրատու) անվանումը և հասցեն, որի կողմից կամ որի կարիքների համար կատարվել է մոնիտորինգի առարկա հանդիսացող գնումը.
2) մոնիտորինգի անցկացման ժամկետները.
3) հարցերի (գործողությունների) այն շրջանակը, որոնք պետք է ենթարկվեն մոնիտորինգի:
6. Մոնիտորին անցկացնելու մասին հրամանը ստորագրվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ հրամանի պատճենը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է պատվիրատուին:
7. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը մոնիտորինգ անցկացելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ խմբի եզրակացության և (կամ) պատվիրատուի կողմից լիազոր մարմնին ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա: Այն դեպքում, երբ պատասխանատու ստորաբաժանման պաշտոնատար անձը գրավոր կամ բանավոր տեղեկացվել է գնման գործընթացի շրջանակներում այնպիսի հանգամանքների առկայության մասին, որը խոչընդոտում կամ կարող է խոչընդոտել գնման գործընթացին կամ պատճառ հանդիսանալ գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարման, ապա տեղեկատվությունը ստանալու օրը այդ պաշտոնատար անձը ստացված տեղեկատվության բովանդակության մասին գրավոր կազմում է տեղեկանք (այսուհետև՝ տեղեկանք): Տեղեկանքում կարող է չնշվել տեղեկատվության սկզբնաղբյուրը:
8. Տեղեկանքը կազմելու օրը այն ներկայացվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին, որը տեղեկանքը ուղարկում է խմբի անդամներին: Տեղեկանքն ուղարկվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում խումբը պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում եզրակացություն՝ տեղեկանքի բովանդակության հիման վրա մոնիտորինգ անցկացնելու նպատակահարմարության մասին:
9. Մոնիտորինգի արդյունքները՝ եզրակացությունը, ստորագրում են խմբի՝ մոնիտորինգին մասնակցած անդամները: Եզրակացությունը հրապարակվում է գնումների պաշտոնական տեղեկագրում:
IV. Մոնիտորինգի անցկացման կարգը
10. Մոնիտորինգն անցկացվում է խմբի անդամների միջև, խմբի ղեկավարի կողմից, մոնիտորինգի ենթակա հարցերի բաժանման և այդ հարցերի ուսումնասիրության միջոցով: Ուսումնասիրության արդյունքները քննարկվում են խմբի կողմից: Մոնիտորինգի արդյունքների մասին եզրակացությունը կազմվում է խմբի կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա:
11. Պատվիրատուի իրավասու պաշտոնատար անձանց խմբի աշխատանքներին ինքնակամ միջամտելը արգելվում է, բացառությամբ խմբի՝ մոնիտորինգի անցկացման համար, անհրաժեշտ տեխնիկական և տեղեկատվական բնույթի օժանդակության ցուցաբերումից: Մոնիտորինգի ընթացքում խումբը կարող է լիազոր մարմնի անունից պատվիրատուին ներկայացնել մոնիտորինգի համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու պահանջ: Մոնիտորինգի ընթացքում պատվիրատուի կողմից խմբի գործունեության նկատմամբ ձեռքներկված միջոցառումների մասին համառոտ տեղեկությունները արտացոլվում են մոնիտորինգի արդյունքների մասին եզրակացվության մեջ:
12. Մոնիտորինգի արդյունքների մասին եզրակացությունը հաստատվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, խմբի ղեկավարը եզրակացության պատճենը ներկայացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին, որը ձեռնարկում է միջոցներ գնումների պաշտոնական տեղեկագրում եզրակացությունը հրապարակելու համար:
13. Ելնելով եզրակացության բովանդակությունից, եզրակացությունը ստանալուց տաս աշխատանքային օրվա ընթացքում, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում պատվիրատուին ուղղված մեթոդական ցուցում՝ եզրակացության բովանդակության կապակցությամբ պատվիրատուի կողմից կատարման ենթակա գործողությունների մասին: