Համարը 
N 04-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.02.28/04(61)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչություն
Ընդունման ամսաթիվը 
31.01.2012
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
31.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.06.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ OԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«15» փետրվարի 2012 թվականի

Պետական գրանցման համարը 2111222

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«31» հունվարի 2012թ.

 N 04-Ն

ք. Ստեփանակերտ

 

OԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման և ատեստավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Պետ

Դ. Աթբաշյան 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի վարչության պետի 2012 թվականի

հունվարի 31-ի N 04-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

OԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ

ՈԻՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման և ատեստավորման կարգը (այսուհետ` Կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի և 7-րդ հոդվածի 3-րդ մասի, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Չիկագոյի Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) «Անձնակազմի ատեստավորում» հավելված 1-ի և Եվրոկոնտրոլի «Անձնակազմի ատեստավորման Եվրոպական ձեռնարկ-Օդային երթևեկության կառավարման կարգավարներ փաստաթղթի դրույթների հիման վրա:

2. Սույն Կարգը կանոնակարգում է օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման, ատեստավորման և վկայականների տրման գործառույթներն ու պահանջները, սահմանում է օդային երթևեկության կառավարման կարգավարների որակավորման նիշերը և հատուկ նիշերը, կարգավարների մասնագիտական համապատասխանության պահպանման և նիշերի վավերականության դրույթները, վավերականության ժամկետները, վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման դրույթները, օդային երթևեկության կառավարման կարգավարների և օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարների ուսուցման և ատեստավորման սկզբունքները:

Ուսուցման և ատեստավորման վկայականների տրման ու դրանց գործողության պահպանման, կասեցման, կամ դադարեցման պահանջները և ընթացակարգերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ` Վարչություն) կողմից ընդունվող իրավական ակտերով և սույն Կարգով:

3. Սույն Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) Oդային երթևեկության կառավարման կարգավարի ուսուցման և ատեստավորման վկայական (կարգավարի վկայական, վկայական) - սույն կարգի համաձայն տրված վկայագիր, որն իրավունք է տալիս մատուցելու օդային երթևեկության կարգավարական սպասարկում` համաձայն դրանում պարունակվող որակավորման և հատուկ նիշերի: Վկայականի բովանդակությունը ներկայացված է սույն Կարգի ենթահավելված 2-ում.

2) Oդային երթևեկության կարգավարական սպասարկում (կարգավարական սպասարկում, օդային երթևեկության կառավարում) - ծառայություն, որը մատուցվում է հետևյալ նպատակներով.

ա. կանխարգելելու օդանավերի միմյանց և խոչընդոտների հետ հնարավոր բախումները,

բ. կարգավորելու և արագացնելու օդային երթևեկությունը.

3) Մասնագիտական համապատասխանություն - այն գիտելիքները, փորձը և հմտությունները, որոնք անհրաժեշտ են կարգավարի վկայականում առկա և վավերական նիշերով նախատեսված կարգավարական սպասարկումն իրականացնելու համար.

4) Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագիր - օդային երթևեկության սպասարկման կազմակերպության կողմից սահմանվող և Վարչության կողմից հաստատվող ծրագիր (պլան), որով սահմանվում են այն միջոցառումները, որոնց իրականացմամբ օդային երթևեկության կառավարման միավորում (այսինքն, կոնկրետ մասնագիտական որակավորման շրջանակում) ապահովվում է կարգավարների մասնագիտական համապատասխանությունը, ներառյալ լեզվական գիտելիքների պահպանումն ու գնահատումը.

5) Որակավորման նիշ - վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում են տվյալ վկայականով վերապահվող իրավունքները: Վկայականը պարունակում է ստորև նշված դասերի մեկ կամ ավելի որակավորման նիշեր.

ա. վիզուալ թռիչքների աերոդրոմային կառավարում.

բ. սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում.

գ. մոտեցման կառավարում` ընթացակարգերով.

դ. մոտեցման կառավարում` դիտարկման միջոցով.

ե. շրջանային կառավարում` ընթացակարգերով.

զ. շրջանային կառավարում` դիտարկման միջոցով.

6) Որակավորման հատուկ նիշ - վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով մանրամասնորեն սահմանվում են համապատասխան որակավորման նիշով վերապահվող իրավունքները, դրան առնչվող հատուկ պայմանները, կամ գործող սահմանափակումները.

7) Միավորի հատուկ նիշ - վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում են այն վայրը (համաձայն ԻԿԱO-ի տեղորոշիչների դասակարգչի), սեկտորները և (կամ) օպերացիոն աշխատատեղերը, որոնցում վկայականը կրողն իրավասու է աշխատել.

8) Լեզվի հատուկ նիշ - վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում է վկայականը կրողի մասնագիտական համապատասխանությունը սույն Կարգով սահմանված լեզվական պահանջներին.

9) Հրահանգչի հատուկ նիշ - վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում է վկայականը կրողի մասնագիտական համապատասխանությունը` որպես հրահանգիչ աշխատատեղում վարժանք անցկացնելու համար.

10) Օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարի ուսուցման և ատեստավորման վկայական (այսուհետ` ուսանող կարգավարի վկայական) - օդային երթևեկության կառավարման կարգավարի սկզբնական ուսուցման դասընթացներն ավարտելուց հետո օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարին տրվող վկայական: Այն թույլատրում է կրողին սկսել վարժանք աշխատավայրում օդային երթևեկության կառավարման իրական, «կենդանի» միջավայրում` համապատասխան որակավորում ունեցող օդային երթևեկության կառավարման կարգավարի ղեկավարության ներքո.

11) ՈՒսուցում - տեսական դասընթացների և գործնական վարժությունների, ներառյալ սիմուլյացիոն մեթոդների կիրառմամբ անցկացվող վարժանքի և աշխատատեղում անցկացվող վարժանքի ամբողջությունը, որը պահանջվում է օդային երթևեկության անվտանգ կարգավարական սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական համապատասխանության մակարդակի ձեռք բերման ու պահպանման նպատակով: ՈՒսուցումն անց է կացվում Վարչության կողմից հաստատվող ծրագրերի հիման վրա և բաժանվում է հետևյալ տեսակների.

ա. սկզբնական ուսուցում, որը ներառում է բազային ուսուցումը և որակավորման որոշակի նիշի (նիշերի) համար անհրաժեշտ ուսուցումը, և որի հիման վրա կարող է տրվել ուսանող կարգավարի վկայական.

բ. անգլերեն լեզվի ուսուցում.

գ. օդային երթևեկության կառավարման միավորում անցկացվող վարժանք, որը ներառում է սույն Կարգին համաձայն անցկացվող անցումային ուսուցումը, աշխատավայրում նախավարժանքը և աշխատատեղում վարժանքը և որի հիման վրա տրվում է կարգավարի վկայական.

դ. սույն Կարգին համաձայն անցկացվող ընթացիկ ուսուցումը, որը նպատակաուղղված է վկայականում առկա հատուկ նիշերի պահպանմանը և կատարելագործմանը.

ե. հրահանգիչների ուսուցում, որի հիման վրա տրվում է աշխատատեղում վարժանք անցկացնող հրահանգչի հատուկ նիշ.

զ. քննություններ և գնահատում իրականացնողների ուսուցում.

12) ՈՒսուցումն իրականացնող - կարգավարների մեկ կամ մի քանի տեսակի ուսուցում անցկացնող ուսումնական հաստատությունը կամ օդային երթևեկության սպասարկման կազմակերպությունը, որոնց ուսուցման ծրագրերը հաստատվել են կամ, օտարերկրյա կազմակերպությունների դեպքում, ճանաչվել են Վարչության կողմից:

13) Միավորի վարժանքի ծրագիր - Վարչության կողմից հաստատվող ծրագիր, որով սահմանվում են այն միջոցառումներն ու ժամանակահատվածները, որոնք անհրաժեշտ են ուսանող կամ վարժանք անցնող կարգավարի (ստաժոր-կարգավարի) կողմից հրահանգչի ղեկավարության ներքո օդային երթևեկության կառավարման միավորում գործող ընթացակարգերը տվյալ վայրում կիրառելու կարողությունների ձեռք բերման համար:

14) Վարժվող կարգավար - նոր որակավորման հատուկ նիշ կամ միավորի հատուկ նիշ կամ լեզվի հատուկ նիշ կամ հրահանգչի հատուկ նիշ (այսուհետ` հատուկ նիշ) ստանալու նպատակով կամ հատուկ նիշի գործողության վերականգնման նպատակով վարժանք անցնող կարգավար:

 

ԳԼՈՒԽ 2

ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

4. Սկզբնական ուսուցումը պետք է ապահովի ուսանող կամ վարժվող կարգավարի գիտելիքների ու գործնական հմտությունների այնպիսի մակարդակ, որպեսզի նա բավականաչափ նախապատրաստված լինի օդային երթևեկության կառավարման միավորում վարժանք սկսելու համար: Սկզբնական ուսուցումն անցկացնող ուսումնական հաստատությունների ուսումնական դասընթացների ծրագրերը առնվազն պետք է բավարարեն ԻԿԱO-ի փաստաթղթերի և Եվրոկոնտրոլի EATMP 2001b-T3, EATMP 2000b-T14 փաստաթղթերի պահանջներին:

5. Սկզբնական ուսուցումը պետք է ներառի հետևյալ առարկաները.

1) ավիացիոն իրավունք.

2) օդային երթևեկության կազմակերպում, ներառյալ ռազմաքաղաքացիական համագործակցության ընթացակարգեր.

3) օդերևութաբանություն.

4) նավիգացիա.

5) օդանավի թռիչքների իրականացում` ներառյալ կարգավարի և օդաչուի գործառույթները.

6) մարդկային գործոն.

7) օգտագործվող սարքավորումներ և համակարգեր.

8) թռիչքների անվտանգություն, թռիչքների անվտանգության կառավարման համակարգ.

9) ոչ ստանդարտ և վթարային իրավիճակներ, համակարգերի դեգրադացիա, լեզվական պատրաստվածություն, ներառյալ դարձվածքաբանությունը:

6. Սկզբնական ուսուցումն իր մեջ ներառում է տեսական դասընթացներ և գործնական պարապմունքներ, ներառյալ վարժասարքերի վրա վարժանքի անցկացումը: Սկզբնական ուսուցման դասընթացների ծրագրերը հաստատվում կամ ճանաչվում են (օտարերկրյա ուսումնական հաստատությունների դեպքում) Վարչության կողմից:

7. Սկզբնական ուսուցման դասընթացների ծրագրերը և դրանց ներկայացվող պահանջները պարբերաբար վերանայվում են` օդային երթևեկության կառավարման գործող պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով: Այդ նպատակի ապահովման համար`

1) հրահանգիչը իրականացնում է oդային երթևեկության կառավարման միավորում վարժանք անցնող ուսանող և (կամ) վարժվող կարգավարների առաջընթացի գնահատում և վեր է հանում ուսուցման սկզբնական փուլում նրանց լրացուցիչ գիտելիքներ կամ գործնական հմտություններ ապահովելու անհրաժեշտությունը.

2) ապահովվում է դասավանդող անձնակազմի անդամների մոտ գործող որակավորման նիշերի առկայությունը կամ նրանց պարբերական ծանոթացումն օդային երթևեկության կառավարման պրակտիկ գործընթացներին` օդային երթևեկության կառավարման մարմիններում.

3) ապահովվում է Վարչության կողմից ուսումնական ծրագրերի պարբերական քննարկումը` հաշվի առնելով նաև օդային երթևեկության կառավարման մարմինների առաջարկները:

 

ԳԼՈՒԽ 3

ՎԱՐԺԱՆՔՆ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

 

8. Յուրաքանչյուր օդային երթևեկության կառավարման միավոր կազմում է իր վարժանքի ծրագիրը, որը ներառում է այդ միավորում վարժանք անցնող ուսանող և (կամ) վարժվող կարգավարների (այսուհետ` ստաժոր-կարգավար) կողմից անցումային ուսուցման, աշխատավայրում նախավարժանքի և աշխատատեղում վարժանքի հաջորդական փուլերի մանրամասները: Միավորի վարժանքի ծրագիրը (ուսումնական ծրագիրը) փուլերից յուրաքանչյուրի համար ներառում է.

1) ուսուցման նպատակը.

2) կիրառվող ընթացակարգերը, որոնց միջոցով ապահովվում է ուսուցման նպատակների իրականացումը.

3) ուսուցում անցնողների առաջընթացի և վերջնական արդյունքների գնահատման ընթացակարգերը:

9. Անցումային ուսուցումը հաջորդում է սկզբնական ուսուցմանը, ապահովում է տեղային առանձնահատկությունների վերաբերյալ լրացուցիչ տեսական գիտելիքների փոխանցումը ստաժոր-կարգավարին և նպատակաուղղված է աշխատավայրում նախավարժանքի փուլին նրան համարժեքորեն նախապատրաստելուն:

10. Աշխատավայրում նախավարժանքը նպատակաուղղված է ստաժոր-կարգավարներին աշխատատեղում վարժանքի փուլին համարժեքորեն նախապատրաստելուն: Այն իրականացվում է տեղանքի առանձնահատկությունները հաշվի առնող սիմուլյացիոն մեթոդների համակողմանի կիրառմամբ:

11. Աշխատատեղում վարժանքի փուլի ընթացքում ստաժոր-կարգավարները նախորդ փուլերում ձեռք բերված գործնական կարողությունների ու հմտությունների համատեղ կիրառմամբ օդային երթևեկության կառավարման ծառայություն են մատուցում իրական երթևեկության միջավայրում` հրահանգչի ղեկավարության ներքո: Աշխատատեղում վարժման հրահանգիչը մնում է պատասխանատու իր ղեկավարության ներքո մատուցվող օդային երթևեկության կառավարման ծառայության ապահովության համար:

12. Աշխատատեղում վարժանքի ծրագիրը ներառում է անհրաժեշտ նշումներ առաջադրված նպատակների իրականացման համար նախատեսված նվազագույն և առավելագույն ժամաքանակի վերաբերյալ: Ստաժոր-կարգավարների վարժանքի ընթացքի վերաբերյալ հրահանգչի կողմից կանոնավորապես կազմվում է մանրամասն հաշվետվություն` հնարավորություն տալով մյուս հրահանգիչներին որոշելու նրանց մասնագիտական համապատասխանության մակարդակը, գործնական կարողությունները և թույլ տեղերը:

13. Ստաժոր-կարգավարների վարժանքի ընթացքը գնահատվում է աշխատատեղում վարժանքի ծրագրում վերանայման ենթակա հարցերը վեր հանելու և (կամ) անցումային և (կամ) աշխատավայրում նախավարժանքի փուլերում լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով:

Աշխատատեղում վարժանքի ծրագրի փոփոխությունների հետ միասին ծրագրում նշվում են նաև այդ փոփոխության իրականացման պատճառներն ու հիմնավորումները:

14. Հրահանգչի ներկայացումով օդային երթևեկության կառավարման միավորում ստաժոր-կարգավարի վարժանքը կարող է դադարեցվել, եթե նա.

1) չի ցուցաբերում բավարար տեսական գիտելիքներ` գործնական պատրաստման անցնելու համար, չնայած այդ նպատակով տրամադրված լրացուցիչ ժամանակին կամ

2) գիտելիքների ու հմտությունների գնահատման ժամանակ կամ կարգավարի աշխատանքային տեղում ցուցաբերել է ինքնուրույն աշխատանքի անպատրաստականություն, չնայած այդ նպատակով տրամադրված լրացուցիչ ժամանակին կամ

3) պատրաստ չէ ինքնուրույն օդային երթևեկության կարգավարական սպասարկում իրականացնելու անգլերեն լեզվով:

15. Իրենց մասնագիտական համապատասխանության վերականգնման նպատակով ստաժավորում անցնող կարգավարների համար միավորի վարժանքի ծրագրով կարող են սահմանվել դրա փուլերի իրականացման կրճատված ծավալներ` կախված ստաժավորում անցնողի պատրաստվածության մակարդակից:

 

ԳԼՈՒԽ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

16. Օդային երթևեկության կառավարման կարգավարների ընթացիկ ուսուցման կազմակերպման, նրանց մասնագիտական համապատասխանության շարունակական ապահովման և գնահատման նպատակով օդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպությունում ներդրվում է կարգավարների մասնագիտական համապատասխանության ապահովման և գնահատման համակարգը, որը ներառում է.

1) կարգավարների օպերատիվ փորձառության պահպանման միջոցառումները.

2) ընթացիկ ուսուցման և գիտելիքների գնահատման միջոցառումները:

Կարգավարների մասնագիտական համապատասխանության ապահովման և գնահատման համակարգի գործունեության շրջանակներում իրականացվող միջոցառումները համարվում են կարգավարի մասնագիտական գործունեության բաղկացուցիչ մաս և դրանց վրա ծախսված ժամանակը հաշվարկվում է որպես աշխատանքային ժամեր:

17. Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանվում են մասնագիտական համապատասխանության ապահովման ու պահպանման համապատասխան ընթացակարգերը, ներառյալ մասնագիտական համապատասխանության պահանջներին չբավարարող կարգավարներին վերականգնելու ընթացակարգերը:

18. Կարգավարների օպերատիվ փորձառության պահպանման նպատակով միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանվում են սեկտորներից և աշխատատեղերից յուրաքանչյուրում օդային երթևեկության կարգավարական սպասարկում իրականացնելու նվազագույն ժամաքանակի վերաբերյալ պահանջներ: Նշված ժամերի քանակը չպետք է լինի պակաս, քան 8 ժամ մեկ ամսվա ընթացքում:

19. Օդային երթևեկության կառավարման աշխատանքներում կարգավարի աշխատանքի ընդհատման դեպքում օպերատիվ փորձառության պահպանման և վերականգնման նպատակով նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

1) 1-ից մինչև 6 ամիսների աշխատանքի ընդհատման դեպքում նախատեսվում է կարգավարի բացակայության ընթացքում հրատարակված փաստաթղթերի ուսումնասիրություն և գործնական հմտությունների գնահատում.

2) 6-ից մինչև 12 ամիսների աշխատանքի ընդհատման դեպքում նախատեսվում է կարգավարի բացակայության ընթացքում հրատարակված փաստաթղթերի ուսումնասիրություն, կարգավարական կետում կարգավարի ստաժավորման անցկացում` համաձայն միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանված ընթացակարգի և աշխատատեղում անմիջական ղեկավարին ստուգարքի հանձնումը:

20. Ընթացիկ ուսուցման և գիտելիքների գնահատման միջոցառումները հետապնդում են հետևյալ նպատակները.

1) տեսական և գործնական գիտելիքների պահպանում և կատարելագործում.

2) ավիացիոն իրադարձությունների պատճառների և հանգամանքների ուսումնասիրություն և կանխարգելիչ միջոցառումների իրականացում.

3) օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական միջոցների շահագործման գիտելիքների խորացում.

4) տարվա տարբեր ժամանակահատվածների օդերևութաբանական պայմաններում, օդային երթևեկության սպասարկման առանձնահատկությունների ուսուցում.

5) օդային երթևեկության սպասարկման սահմանափակ միջոցների օգտագործում.

6) նոր կանոնակարգող փաստաթղթերի, ընթացակարգերի և առաջավոր փորձի ուսումնասիրություն.

7) սկզբունքորեն նոր ռադիոտեխնիկական միջոցների ներդրման, օդային տարածքի կառուցվածքի տարրերի, թռիչքների երթուղիների և սխեմաների փոփոխման, օդային երթևեկության սպասարկման նոր ընթացակարգերի ներդրման դեպքերում ընթացիկ ուսուցումն ու գիտելիքների գնահատումը, եթե թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության շրջանակներում մշակված ու հաստատված և դրանց ներդրման ապահովմանն ուղղված ծրագրերով և (կամ) պլաններով նախատեսվում է իրականացնել նման միջոցառումներ.

8) վթարային դեպքերի և օդային երթևեկության սպասարկման սահմանափակ միջոցների օգտագործման վարժում.

9) անգլերեն լեզվի որակավորման պահպանում:

21. Ընթացիկ ուսուցման և գիտելիքների գնահատման միջոցառումները ներառում են դասընթացները, ինքնուրույն ուսուցումը, օդային երթևեկության կառավարման վարժային խաղարկությունները, վարժասարքային վարժումը, աշխատանքի վերլուծությունները, օդային մայրուղիների կամ աերոդրոմի շրջակայքի ծանոթացման թռիչքները:

22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանից առևտրային օդային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողներն աջակցում են կարգավարների կողմից օդային մայրուղիների և աերոդրոմի շրջակայքի ծանոթացման թռիչքների իրականացմանը:

23. Ի լրումն ընթացիկ ուսուցման և գիտելիքների գնահատման միջոցառումների, միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով նախատեսվում են նաև առնվազն երեք տարին մեկ անգամ յուրաքանչյուր կարգավարի ընդհանուր մասնագիտական ուսուցման և գիտելիքների գնահատման ընթացակարգեր, որոնք ներառում են.

1) ընդհանուր տեսական ուսուցման դասընթացների անցկացում և գիտելիքների գնահատման միջոցառումներ` Վարչության կողմից հաստատված ծրագրի հիման վրա.

2) գործնական հմտությունների գնահատման միջոցառումներ:

24. Սույն հավելվածով նախատեսված գիտելիքների ու գործնական հմտությունների գնահատման ընթացակարգերը փաստաթղթավորվում են: Կարգավարների գիտելիքների ու գործնական հմտությունների գնահատման արդյունքների, ինչպես նաև նրանց կողմից յուրաքանչյուր սեկտորում և (կամ) աշխատանքային տեղում փաստացի աշխատած ժամերի մասին կատարվում են համապատասխան գրառումներ օդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպությունում այդ նպատակներով վարվող կարգավարական գրքույկներում կամ տվյալների բազայում:

 

ԳԼՈՒԽ 5

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

25. Oդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպությունում կարգավարի գործունեությունը կարող է նախնական կասեցվել, մասնավորապես, եթե.

1) օդային երթևեկության կառավարման միավորում գործող միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրին համաձայն անցկացվող գնահատումները նման կասկածների տեղիք են տալիս կամ եթե չեն ապահովվում այդ ծրագրով սահմանված ընթացիկ փորձառության նվազագույն պահանջները` որոշակի ժամանակահատվածում.

2) կարգավարը մասնակցություն է ունեցել օդանավի թռիչքի անվտանգության համար իրական կամ հնարավոր վտանգ պարունակող միջադեպի կամ պատահարի առաջացմանը: Գործունեության կասեցումը կարող է տարածվել կարգավարի որակավորման որոշակի նիշով, կամ հատուկ նիշով, կամ վկայականով նախատեսված ամբողջ գործունեության նկատմամբ, կախված նրանից, թե դրանցից որի առնչությամբ են կասկածներն առաջացել:

26. Եթե օդային երթևեկության կառավարման միավորում գործող մասնագիտական համապատասխանության գնահատումները կասկածների տեղիք են տալիս, ապա կարգավարի գործունեությունը կասեցվում է, որից հետո անց է կացվում օդային երթևեկության կառավարման միավորում իրականացված գնահատման հանգամանքների և կատարված եզրակացությունների կրկնակի գնահատում: Կարգավարը վերադառնում է օդային երթևեկության կառավարման օպերատիվ գործունեության իրականացմանը, եթե կրկնակի գնահատումների կամ դրանց հիման վրա իրականացվող լրացուցիչ միջոցառումների արդյունքում կարգավարն ապացուցում է իր մասնագիտական համապատասխանությունը:

27. Եթե կարգավարն առնչություն է ունեցել իր կառավարման ներքո գտնվող օդանավի հետ ավիացիոն պատահարի կամ միջադեպի առաջացմանը, նրա հետագա գործունեությունը կասեցվում է, մինչև տվյալ իրադարձության մասնագիտական քննության ավարտը: Եթե քննության արդյունքում պարզվում է, որ կարգավարը ավիացիոն պատահարի կամ միջադեպի առաջացման պատճառներին առնչություն չունի, նա վերադառնում է գործառույթների իրականացմանը: Հակառակ դեպքում իրականացվում են միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով նախատեսված ուսուցման և գնահատման գործառույթները:

28. Գործունեության կասեցման դեպքում կարգավարը կարող է շարունակել օդային երթևեկության կառավարում իրականացնել աշխատատեղում հրահանգչի ղեկավարության ներքո: Կարգավարի գործունեության կասեցումն իրականացվում է նրա մասնագիտական համապատասխանության ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ (կարգավարի ուսուցում, նրա գիտելիքների գնահատում, ավիացիոն իրադարձության քննություն (գնահատում) անցկացնելու նպատակով, ինչը համարվում է նրա մասնագիտական գործունեության բաղկացուցիչ մաս: Գործունեության նման նախնական կասեցումը որպես պատժի միջոց չի կարող դիտարկվել:

29. Եթե սույն մասում ներկայացված դեպքերում անցկացված գնահատումների արդյունքում կարգավարը չի ապացուցում իր մասնագիտական պիտանիությունը, ապա այդ մասին տեղեկացվում է Վարչություն:

 

ԳԼՈՒԽ 6

ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օդային երթևեկության կառավարման կարգավարի գործունեություն իրականացվում է բացառապես Վարչության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և սույն Կարգի պահանջներին համաձայն տրված կամ ճանաչված (ուժ ստացած) օդային երթևեկության կառավարման կարգավարի ատեստավորման գործող վկայական կրող անձի կողմից:

31. Կարգավարների ատեստավորման գործընթացում Վարչության կողմից իրականացվող գործառույթներն են.

1) վկայականների, որակավորման նիշերի ու հատուկ նիշերի տալը և դրանց գործողությունը դադարեցնելը, օտարերկրյա վկայականների ճանաչելը.

2) որակավորման նիշերի ու հատուկ նիշերի գործողության երկարաձգումը և (կամ) կասեցումը.

3) ուսուցման ծրագրերի, միավորի վարժանքի ծրագրերի ու մասնագիտական համապատասխանության ծրագրերի ուսումնասիրությունը, հաստատումը կամ ճանաչելը:

32. Օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարի ատեստավորման վկայական տրվում է Վարչության կողմից, եթե անձը.

1) ունի առնվազն միջնակարգ կրթություն.

2) ավարտել է որակավորման որոշակի նիշի կամ նիշերի համար նախատեսված սկզբնական ուսուցման դասընթացները, որոնք բավարարում են սույն Կարգի 2-րդ Գլխի պահանջներին.

3) կրում է գործող բժշկական վավերագիր` տրված «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն.

4) ցուցաբերում է բավարար լեզվական գիտելիքներ` համաձայն սույն Կարգի 40-րդ կետի պահանջների:

ՈՒսանող կարգավարի վկայականը պարունակում է սույն Կարգով սահմանված որակավորման նիշերից առնվազն մեկը: ՈՒսանող կարգավարի վկայական կրողն օդային երթևեկության կառավարումն իրականացնում է հրահանգչի ղեկավարության ներքո: ՈՒսանող կարգավարի վկայականը տրվում է մեկ տարի գործողության ժամկետով: Օդային երթևեկության կառավարման մարմնում վարժանքը պետք է սկսվի ուսանող կարգավարի վկայական ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում:

33. Oդային երթևեկության կառավարման կարգավարի ատեստավորման վկայական տրվում է առնվազն 21 տարին լրացած անձին, եթե նա.

1) կրում է ուսանող կարգավարի վկայական և անցել է միավորի վարժանքի ծրագրով նախատեսված ուսուցումն ու հանձնել համապատասխան քննությունները և գնահատումը` համաձայն սույն Կարգի 3-րդ Գլխի պահանջների.

2) կրում է գործող բժշկական վավերագիր.

3) ցուցաբերում է բավարար լեզվական գիտելիքներ` համաձայն սույն Կարգի 40-րդ կետի պահանջների:

Կարգավարի վկայականը վավերացվում է Վարչության կողմից` դրանում համապատասխան որակավորման նիշ(եր)ի, որակավորման հատուկ նիշ(եր)ի, միավորի հատուկ նիշ(եր)ի և լեզվի հատուկ նիշի ներառումով:

Կարգավարի վկայական կրող անձը չի մատուցում օդային երթևեկության կառավարման այնպիսի ծառայություն, որին համապատասխան գործող որակավորման նիշ նա չունի, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իրականացնում է այդ գործառույթները հրահանգչի ղեկավարության ներքո: Օդային երթևեկության կառավարման կարգավարը ղեկավարության հսկողության ներքո օդային երթևեկության կառավարում իրականացնում է, եթե նա ավարտել է օդային երթևեկության կառավարման մատուցվելիք ծառայությանը համապատասխան որակավորում ապահովող սկզբնական ուսուցման դասընթացները և հանձնել քննությունները կամ նախկինում արդեն ունեցել է համապատասխան որակավորման նիշ:

34. Հրահանգչի հատուկ նիշ տրվում է կարգավարի վկայական կրողին, եթե.

1) նրա վկայականը եղել է գործող` առնվազն վերջին երեք տարիների ընթացքում.

2) նա ավարտել է աշխատանքային վայրում վարժման հրահանգչի ուսուցման դասընթացները և հանձնել քննությունները.

3) վկայականը պարունակում է նվազագույնը մեկ տարվա վավերական որակավորման հատուկ նիշ այն սեկտորների, կամ աշխատանքային տեղերի համար, որտեղ նա հրահանգավորելու է.

4) վկայականը պարունակում է անգլերեն լեզվի գործող հատուկ նիշ:

35. Օդային երթևեկության կառավարում իրականացնող կազմակերպությունում թռիչքների անվտանգության ապահովմանն անմիջականորեն առնչվող գործառույթներ իրականացնող և կարգավարի վկայական կրող որոշ անձանց վկայականներին, որակավորմանն ու փորձառությանը ներկայացվող պահանջների առանձնահատկությունները բերված են սույն Կարգի 1-ին ենթահավելվածում` հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

 

ԳԼՈՒԽ 7

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆԻՇԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆԻՇԵՐԸ

 

36. Վկայականը պարունակում է ստորև նշված որակավորման նիշերից մեկը կամ մի քանիսը, որոնցով նշվում են կարգավարական սպասարկման այն տեսակները, որոնք կարող է մատուցել վկայական կրողը.

1) «Վիզուալ թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշով (ԷՅԴԻՎԻ) ADV` նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը օդային երթևեկության կառավարում իրականացնելու աերոդրոմային երթևեկության համար այնպիսի աերոդրոմում, որը չունի սարքավորումներով իրականացվող թռիչքների համար նախատեսված մոտեցման կամ մեկնման հրապարակված ընթացակարգեր՝ համաձայն աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման մասին Վարչության պետի հրամանի:

2) «սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշով (ԷՅԴԻԱՅ) ADI` նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը օդային երթևեկության կառավարում իրականացնելու աերոդրոմային երթևեկության համար` այնպիսի աերոդրոմում, որում առկա են սարքավորումներով մոտեցման և (կամ) մեկնման հրապարակված ընթացակարգեր:

Սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարման որակավորման նիշի հետ միասին վկայականը պետք է պարունակի առնվազն մեկ համապատասխան որակավորման հատուկ նիշ` համաձայն սույն Կարգի 37-րդ կետի:

3) «Մոտեցման կառավարում ընթացակարգերով» որակավորման նիշով - ԷՅ ՓԻ ՓԻ (APP)` նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը օդային երթևեկության կառավարում իրականացնելու ժամանող, մեկնող կամ տարանցիկ օդանավերի համար` առանց դիտարկման սարքավորումների օգտագործման:

4) «Մոտեցման կառավարում դիտարկման միջոցով» որակավորման նիշով (ԷՅ ՓԻ ԷՍ) APS` նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը օդային երթևեկության կառավարում իրականացնելու ժամանող, մեկնող կամ տարանցիկ օդանավերի համար` դիտարկման սարքավորումների oգտագործումով: Նշված որակավորման նիշի հետ միասին վկայականը պետք է պարունակի նաև առնվազն մեկ համապատասխան որակավորման հատուկ նիշ` համաձայն սույն Կարգի 38-րդ կետի:

5) «Շրջանային կառավարում ընթացակարգերով» որակավորման նիշով (ԷՅ ՍԻ ՓԻ) ACP` նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը իրականացնելու օդային երթևեկության շրջանային կառավարում` առանց դիտարկման սարքավորումների օգտագործման:

6) «Շրջանային կառավարում դիտարկման միջոցով» որակավորման նիշով (ԷՅ ՍԻ ԷՍ) ACS` նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը իրականացնելու օդային երթևեկության շրջանային կառավարում` դիտարկման սարքավորումների օգտագործումով: Նշված որակավորման նիշի հետ միասին վկայականը պետք է պարունակի առնվազն մեկ համապատասխան որակավորման հատուկ նիշ` համաձայն սույն Կարգի 39-րդ կետի:

37. «Սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշը պետք է պարունակի սույն կետում ներկայացված որակավորման հատուկ նիշերից առնվազն մեկը.

1) «Գետնավարման կառավարում» հատուկ նիշը` (ՋԻ ԷՄ ՍԻ) GMC, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը կառավարելու գետնավարումը.

2) «Օդային կառավարում» հատուկ նիշը` (ԷՅ ԱՅ ԱՌ) AIR, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը իրականացնելու թռիչքների աերոդրոմային կառավարում օդում` օդանավի թռիչքի փուլում.

3) «Աշտարակային կառավարում» հատուկ նիշը` (ԹԻ Դաբլ Յու ԱՌ) TWR, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը մատուցելու աերոդրոմային կարգավարական սպասարկում, երբ աերոդրոմային երթևեկության կառավարումը (ինչպես գետնավարումը, այնպես էլ աերոդրոմային կառավարումը օդում օդանավի թռիչքի փուլում) իրականացվում է մեկ աշխատանքային տեղից:

«Սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշը լրացուցիչ կարող է պարունակել նաև հետևյալ հատուկ նիշերը.

1) «Գետնավարման կառավարում դիտարկման միջոցով» հատուկ նիշը` (ՋԻ ԷՄ ԷՍ) GMS, որը տրվում է ի լրումն «Աշտարակային կառավարում» հատուկ նիշի կամ «Գետնավարման կառավարում» հատուկ նիշի և որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը կառավարելու գետնավարումը աերոդրոմում վերգետնյա տեղաշարժերի դիտարկման համակարգերի oգտագործումով:

2) «Ռադար» (ԱՌ ԷՅ ԴԻ) RAD հատուկ նիշը, որը տրվում է ի լրումն «Oդային կառավարում» կամ «Աշտարակային կառավարում» հատուկ նիշի և որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը աերոդրոմային երթևեկությունը կառավարելիս օգտագործել շրջադիտային ռադարային սարքավորումների տվյալները` համաձայն սահմանված ընթացակարգերի:

38. «Մոտեցման կառավարում դիտարկման միջոցով» որակավորման նիշը պետք է պարունակի սույն կետում ներկայացված որակավորման հատուկ նիշերից առնվազն մեկը.

1) «Ռադար» որակավորման հատուկ նիշը (ԱՌ ԷՅ ԴԻ) RAD, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը մոտեցման կարգավարական սպասարկում իրականացնելու առաջնային և (կամ) երկրորդային ռադարի (կամ ռադարին ներկայացվող պահանջներին բավարարող և նույնատիպ բնութագրեր ապահովող համակարգի) օգտագործմամբ.

2) «Ավտոմատ կախյալ դիտարկում» որակավորման հատուկ նիշը` (ԷՅ ԴԻ ԷՍ) ADS, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը իրականացնելու մոտեցման կառավարում (կարգավարական սպասարկում) ավտոմատ կախյալ դիտարկման սարքավորումների օգտագործմամբ:

39. «Շրջանային կառավարում դիտարկման միջոցով» որակավորման նիշը պետք է պարունակի սույն կետում ներկայացված որակավորման հատուկ նիշերից առնվազն մեկը.

1) «Ռադար» որակավորման հատուկ նիշը, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը շրջանային կարգավարական սպասարկում իրականացնելու շրջադիտային ռադարային սարքավորումների (կամ ռադարին ներկայացվող պահանջներին բավարարող և նույնատիպ բնութագրեր ապահովող համակարգի) օգտագործմամբ:

2) «Ավտոմատ կախյալ դիտարկում» հատուկ նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը իրականացնելու շրջանային կառավարում (կարգավարական սպասարկում) ավտոմատ կախյալ դիտարկման սարքավորման օգտագործմամբ:

40. «Լեզվի» հատուկ նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը Վարչության սահմանած լեզվական պահանջներին, որոնք տարածվում են ինչպես դարձվածքաբանության, այնպես էլ ընդհանուր լեզվական գիտելիքների նկատմամբ և ապահովում են համապատասխանություն Կոնվենցիայի Հավելված 1-ի Լրացումով սահմանված սանդղակի (այսուհետ` ԻԿԱO-ի սանդղակ) առնվազն 4-րդ մակարդակին: Միջազգային չվերթերի կարգավարական սպասարկում իրականացնելու իրավասություն ստանալու համար վկայականը կրողը պետք է ապահովի անգլերեն լեզվի իմացության համապատասխան գիտելիքներ:

Վկայական ստանալու հայտ ներկայացրած անձանց, ինչպես նաև վկայական կրողների լեզվական պահանջներին համապատասխան ուսուցումն ու գիտելիքների գնահատումն իրականացվում է Վարչության կողմից հաստատված լեզվական գիտելիքների ուսուցման ծրագրերի և գնահատման ընթացակարգերի հիման վրա:

41. «Հրահանգչի» հատուկ նիշով` (O ՋԻ ԹԻ) OJT նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը աշխատատեղում վարժանք անցկացնելու համար:

Հրահանգչի խնդիրները ներառում են.

1) ուսանող կամ վարժվող օդային երթևեկության կառավարման կարգավարի գործունեության ղեկավարումը, նրանց ուսման ընթացքին հետևելը և զեկուցելը.

2) գիտելիքների կամ հմտությունների թերությունների հայտնաբերումը և դրանք վերացնելու նպատակով ուսուցում անցկացնելու առաջարկների ներկայացումը.

3) աշխատատեղում վարժանք անցնող ուսանող կամ վարժվող օդային երթևեկության կառավարման կարգավարի մասնագիտական համապատասխանության մակարդակի հավաստումը` անցկացված վարժանքին համապատասխան գործող որակավորման նիշ ստանալու նպատակով.

4) այն կարգավարների գործունեության ղեկավարումը, որոնց վկայականի գործողությունը և (կամ) որակավորման նիշի, որակավորման հատուկ նիշի գործողությունը ժամանակավորապես կասեցված է:

42. Միավորի հատուկ նիշով նշվում է վկայականը կրողի մասնագիտական համապատասխանությունը կարգավարական սպասարկում իրականացնելու օդային երթևեկության կառավարման միավորի կոնկրետ սեկտոր(ներ)ում կամ աշխատատեղ(եր)ում:

Որակավորման նիշերը և որակավորման հատուկ նիշերը համարվում են վավերական, եթե դրանց համար առկա են համապատասխան «միավորի» հատուկ նիշեր:

 

ԳԼՈՒԽ 8

ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՄԱսՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ,

ՆԻՇԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

43. «Միավորի» հատուկ նիշը տրվում է վավերականության 12 ամիս ժամկետով: Դրա վավերականությունը երկարաձգվում է հերթական 12 ամիսների համար օդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպության կողմից ներկայացվող հայտի հիման վրա, եթե կազմակերպությունը հիմնավորում է, որ վկայական կրողը.

1) նախորդ 12 ամիսների ընթացքում իր վկայականով նախատեսված օդային երթևեկության կարգավարական սպասարկում է իրականացրել առնվազն միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանված նվազագույն ժամերի քանակով.

2) անցել է միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանված ընթացիկ ուսուցման և գնահատման ընթացակարգերը:

Հրահանգչի հատուկ նիշերի երկարաձգման համար անհրաժեշտ նվազագույն ժամերի քանակը կարող է նվազեցվել նրա կողմից աշխատատեղում վարժանք անցնողների ուսուցմանը տրամադրված ժամաքանակի չափով:

44. Միավորի հատուկ նիշի գործողության երկարաձգման պայմանները չբավարարելու, կամ 12-ից մինչև 48 ամիսների աշխատանքի ընդհատման դեպքերում վկայական կրողն անցնում է միավորի վարժանքի ծրագրով նախատեսված իր մասնագիտական համապատասխանության վերականգնման ստաժավորում:

45. Չորս հաջորդական տարիների ընթացքում իր վկայականի նիշերին և (կամ) հատուկ նիշերին համապատասխան օդային երթևեկության կարգավարական սպասարկում չիրականացնելու դեպքում, վկայական կրողը, դրանց գործողությունը վերականգնելու նպատակով, նախապես անցնում է համապատասխան որակավորման նիշի համար անհրաժեշտ սկզբնական ուսուցման դասընթացներ, եթե նա այդ ժամանակահատվածում չի աշխատել oդային երթևեկության կազմակերպման բնագավառում: Ամեն դեպքում վկայական կրողն անցնում է ստաժավորում համաձայն միավորի վարժանքի ծրագրի:

46. Վկայական կրողների լեզվական համապատասխանությունը ենթակա է պարբերական գնահատման, բացառությամբ այն դեպքերի, եթե անձը ունի ԻԿԱO-ի սանդղակով 6-րդ մակարդակ: 4-րդ մակարդակ ունեցողների լեզվական համապատասխանությունը գնահատվում է 3 տարին մեկ, իսկ 5-րդ մակարդակ ունեցողներինը` 6 տարին մեկ: Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրում նախատեսվում են լեզվական գիտելիքների պահպանման և գիտելիքների գնահատման ընթացակարգեր:

47. Հրահանգչի հատուկ նիշը տրվում է 36 ամիս գործողության ժամկետով:

48. Օդային երթևեկության կառավարման կարգավարի օտարերկրյա ատեստավորման վկայականները կարող են ճանաչվել Վարչության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգտագործելու նպատակով, եթե դրանք տրված են սույն Կարգով սահմանվածից ոչ ավելի ցածր պահանջների հիման վրա: Ճանաչված վկայականներում միավորի հատուկ նիշեր ավելացնելու և (կամ) դրան գործողության վավերականացման նպատակով վկայական կրողը օդային երթևեկության կառավարման համապատասխան միավորում անցնում է համապատասխան սեկտոր(ներ)ի աշխատատեղ(եր)ի միավորի վարժանքի ծրագրով սահմանված վարժանքն ու գնահատումները:

 

ԳԼՈՒԽ 9

ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

49. Վարչության կողմից վկայականի, որակավորման նիշերի կամ հատուկ նիշերի գործողությունը կարող է կասեցվել, կարգավարի գիտելիքների առնչությամբ կասկածների առկայության, կամ նրա կողմից սխալներ թույլ տալու դեպքերում: Վկայականի գործողությունը կարող է դադարեցվել կարգավարի մեծապես անփույթ վերաբերմունքի կամ կանխամտածված խախտումների դեպքերում:

50. Վարչության կողմից վկայականի, որակավորման նիշերի կամ հատուկ նիշերի կասեցման որոշմամբ սահմանվում են նաև կասեցման ժամկետները, կարգավարի վերապատրաստման և (կամ) նրա մասնագիտական համապատասխանության գնահատման պահանջներն ու պայմանները, որոնց դրական արդյունքի դեպքում կասեցումը չեղյալ կհամարվի և դրա գործողությունը կվերականգնվի:

51. Սույն Կարգի 50-րդ կետի պահանջների ապահովման նպատակով, կասեցման վերաբերյալ որոշման գործողության ժամանակահատվածում, կարգավարն օդային երթևեկության կառավարում կարող է իրականացնել հրահանգչի ղեկավարության ներքո: Այդ ժամանակահատվածում կարգավարի մասնագիտական գործառույթների իրականացման ու վճարման կարգն ու պայմանները սահմանվում են օդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպության ներքին կանոնակարգերով և (կամ) գործատուի ու կարգավարի միջև կնքված աշխատանքային համաձայնագրով:

52. Վկայականի գործողությունը դադարեցվելու դեպքում, կարգավարը չի կարող օդային երթևեկության կառավարում իրականացնել:

53. Կարգավարի մասնագիտական համապատասխանության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում օդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպությունը կասեցնում է կարգավարի գործունեությունը` համաձայն սույն Կարգի 5-րդ Գլխի:

 

ԳԼՈՒԽ 10

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

54. Մինչև սույն Կարգին համաձայն Վարչության կողմից հատուկ նիշերի գործողության ժամկետների հերթական երկարաձգումը, կամ մինչև օդային երթևեկության կառավարման կարգավարներին նոր վկայականներ տալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համարվում է, որ սույն Կարգն ուժի մեջ մտնելու պահին գործող մյուս նիշերը համապատասխանում են սույն Կարգով սահմանված նիշերին հետևյալ կերպ.

1) գործող «Գետնավարում» որակավորման նիշը համապատասխանում է նոր սահմանվող «Սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշին և նրա հետ փոխկապակցված «Գետնավարման կառավարում» հատուկ նիշին.

2) գործող «Աշտարակ» որակավորման նիշը համարժեք է.

ա. սույն Կարգով սահմանվող`

«Վիզուալ թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշին և «Սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշին ու նրա հետ փոխկապակցված «Աշտարակային կառավարում» հատուկ նիշին, ինչպես նաև վերջինիս հետ հանդես եկող «Ռադար» հատուկ նիշին, եթե աերոդրոմային երթևեկությունը կառավարվում է մեկ աշխատանքային տեղից.

բ. սույն Կարգով սահմանվող`

«Վիզուալ թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշին և «Սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշին ու նրա հետ փոխկապակցված «Oդային կառավարում» հատուկ նիշին, ինչպես նաև վերջինիս հետ հանդես եկող «Ռադար» հատուկ նիշին, եթե աերոդրոմային երթևեկությունը կառավարվում է երկու աշխատանքային տեղերից.

3) գործող «Մոտեցման կառավարում» որակավորման նիշը համարժեք է նոր սահմանվող`

«Մոտեցման կառավարում ընթացակարգերով» որակավորման նիշին և «Մոտեցման կառավարում դիտարկման միջոցով» որակավորման նիշին ու նրա հետ փոխկապակցված «Ռադար» որակավորման հատուկ նիշին,

4) գործող «Շրջանային կառավարում» որակավորման նիշը համարժեք է նոր սահմանվող`

«Շրջանային կառավարում ընթացակարգերով» որակավորման նիշին և «Շրջանային կառավարում դիտարկման միջոցով» որակավորման նիշին ու նրա հետ փոխկապակցված «Ռադար» որակավորման հատուկ նիշին.

5) գործող «Հրահանգչի», «Միավորի» և անգլերեն լեզվի նիշերը շարունակում են գործել որպես հատուկ նիշեր.

6) գործող մյուս նիշերը իրենց համարժեքը չունեն և դադարում են գործածվել:

 

 

 

Ենթահավելված 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային

երթևեկության կառավարման կարգավարների

ուսուցման և ատեստավորման կարգի

 

ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԱՌՆՉՎՈՂ

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ ԿՐՈՂ ՈՐՈՇ ԱՆՁԱՆՑ

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պաշտոնը

Օդային երթևեկության կառավարման օպերատիվ գործունեության աշխատանքային փորձ(տարի)

Կրթության լրացուցիչ պահանջներ

Վկայականի գործողության պահպանման պահանջ(այո/ոչ)

Որակավորման լրացուցիչ պահանջներ

Ավագ կարգավար

2

-

այո

-

Թռիչքների ղեկավար

2

բարձրագույն

այո

2 կամ ավելի որակավորման նիշեր

Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար

2

բարձրագույն

ոչ

2 կամ ավելի որակավորման նիշեր

 
 
 

Ենթահավելված 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային

երթևեկության կառավարման կարգավարների

ուսուցման և ատեստավորման կարգի

 

OԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

ՎԿԱՅԱԿԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Օդային երթևեկության կառավարման կարգավարի ատեստավորման վկայականի

բովանդակությունը` համաձայն Չիկագոյի Կոնվենցիայի Հավելված 1-ի 5-րդ գլխի

պահանջների, պարունակում է ստորև ներկայացված դաշտերը.

 

Դաշտի

համարը

Դաշտի բովանդակությունը

1.

Պետության անունը

2.

Վկայականի անվանումը

3.

Վկայականի սերիան և հերթական համարը

4.

Վկայականը կրողի ազգանունը և անունը

5.

Վկայականը կրողի ծննդյան թվականը

6.

Վկայականը կրողի բնակության վայրը` հասցեն

7.

Վկայականը կրողի քաղաքացիությունը

8.

Վկայականը կրողի ստորագրությունը

9.

Վկայականը տվող պետական կառավարման լիազորված մարմնի անվանումը

10.

Նշումներ վկայականի վավերականության վերաբերյալ

11.

Վկայականը տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և տրման տարեթիվը

12.

Վկայականը տվող պետական կառավարման լիազորված մարմնի կնիքը

13.

Նշումներ որակավորման նիշերի վերաբերյալ

14.

Նշումներ հատուկ նիշերի և դրանց գործողության ժամկետների վերաբերյալ

15.

Տվյալներ աշխատավայրի մասին, վկայականում օգտագործված հապավումների վերծանումը