ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
դեկտեմբերի 22-ին
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ Ո Ւ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման, օգտագործման, գրանցման և հաշվառման հետ կապված հարցերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողությունը և սահմանում է սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
(1-ին հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-62-Ն)
|
Հոդված 2. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են սույն օրենքը, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմանը վերաբերող Արցախի Հանրապետության այլ օրենքները, օրենքով նախատեսված դեպքերում` Արցախի Հանրապետության կառավարության որոշումները, ինչպես նաև այլ իրավական ակտեր:
(2-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-62-Ն)
|
Հոդված 3. |
Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), Արցախի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի (այդ թվում` դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի՝ Արցախի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց` միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:
(3-րդ հոդվածը փոփ. 14.09.2005 ՀՕ-221, լրաց. 26.12.2012 ՀՕ-44-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-62-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 2
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
|
Հոդված 4. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը |
1. Արցախի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով`
ա) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.
բ) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.
գ) վիճակախաղի տոմսերի վաճառքի.
դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, oդային տրանuպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառքի.
ե) ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական և դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին և աշխատակիցներին սննդով ապահովման.
զ) առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի.
է) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (այդ թվում` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.
ը) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.
թ) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.
ժ) վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի, կվասի, կաթի կամ թանի վաճառքի.
ժա) Արցախի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման.
ժբ) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշների և այլ նշանների) անվանական արժեքով իրացման.
ժգ) փաստաբանական ծառայությունների իրականացման.
ժդ) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման.
ժե) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման.
ժզ) գյուղական բնակավայրերում գեղեցկության սրահների կազմակերպման:
3. Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը`
ա) 2005 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում,
- բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում,
- ստացիոնար տեղակայված լիցքավորման կայաններում (կետերում) բենզինի, դիզելային վառելիքի և բնական ու հեղուկ գազի վաճառք,
- 10 մ2 առևտրական տարածքը գերազանցող խանութների (բացառությամբ` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
- հյուրանոցային ծառայությունների մատուցում,
- սպասարկման սրահ ունեցող օբյեկտներում հանրային սննդի կազմակերպում,
- դեղատնային գործունեություն,
- վերգետնյա տրանսպորտային միջոցներով (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, կցորդներ, կիսակցորդներ և համանման այլ շարժական կետեր) իրականացվող մանրածախ առևտրի (բացառությամբ` գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, լցնովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի) գործունեություն.
ա1) 2005 թվականի հոկտեմբերի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտի համար`
- արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն.
բ) 2006 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող խանութներից, կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումը և պահպանումը ապահովող կահավորված այլ վաճառատեղերից վաճառք,
- մարզաառողջարարական համալիրների, հանգստյան տների կազմակերպում,
- հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից ծառայությունների մատուցում,
- համապատասխան սարքավորումներով հատուկ կահավորված երկու և ավելի աշխատատեղերով գեղեցկության սրահների կազմակերպում.
գ) 2007 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- 10 մ2 առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների և տաղավարների (բացառությամբ` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
- Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների, տաղավարների և 10 մ2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.
դ) 2009 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- զվարճահարմարանքներով զբոսայգիների գործունեություն,
- արվեստի բնագավառի, թատերական և համերգային դահլիճների գործունեություն,
- հարսանեկան սրահների կազմակերպում,
- զբոսաշրջիկային գործակալությունների կազմակերպում,
- պատճենահանման, կազմարարության և դրվագման ծառայությունների մատուցում,
- մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացման, քիմիական մաքրման և ներկման ծառայությունների մատուցում,
- ոսկերչական իրերի նորոգում,
- երկու և ավելի աշխատատեղերով հագուստի արտադրություն և նորոգում,
- պատրաստի համակարգչային ծրագրային ապահովման սպասարկում,
- համակարգչային և հաշվողական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում,
- նվերների, փաթեթների զարդարման, ձևավորման և փաթեթավորման ծառայությունների մատուցում,
- անշարժ գույքի գործակալության ծառայությունների մատուցում,
- վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող հեղուկ գազի, կերոսինի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառք,
- վարորդական դպրոցների կազմակերպում,
- բուֆետների և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերում հանրային սննդի կազմակերպում,
- լուսանկարչական լաբորատորիաների գործունեություն,
- ավտոկանգառների գործունեություն.
դ1) 2008 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված երկու և ավելի աշխատատեղերով ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն,
- ինտերնետ-սրահների կազմակերպում.
դ2) (կետն ուժը կորցրել է 24.06.2009 ՀՕ-37-Ն)
դ3) 2021 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումն ու պահպանումն ապահովող կահավորված այլ վաճառատեղերից, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի մշտական շինություններում վաճառասեղաններից ապրանքների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի) վաճառք,
- Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող 10 քառակուսի մետրը չգերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
- մեկ աշխատատեղով վարսավիրական ծառայությունների մատուցում,
- մեկ աշխատատեղով հագուստի, գլխարկների, մանածագործական և մորթե արտադրատեսակների արտադրություն և նորոգում,
- մեկ աշխատատեղով կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում,
- մեկ աշխատատեղով ավտոտեխսպասարկման կայանի (կետի) գործունեություն,
- մեկ աշխատատեղով ներկարարական, ատաղձագործական և խառատի գործունեություն,
- անասնաբուժական ծառայությունների մատուցում.
ե) 2012 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում և 3-րդ մասի «ա»-«դ1» և «դ3» կետերում չնշված գործունեության այլ ոլորտների համար:
Մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(4-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221, լրաց., փոփ. 15.02.2006 ՀՕ-265, լրաց. 12.12.2007 ՀՕ-94, լրաց., փոփ., խմբ. 12.12.2007 ՀՕ-94, խմբ., լրաց.12.03.2008 ՀՕ-8, խմբ., փոփ. 24.06.2009 ՀՕ-37-Ն, փոփ. 16.12.2010 ՀՕ-72-Ն, խմբ., փոփ. 26.12.2012 ՀՕ-44-Ն, լրաց., փոփ. 18.12.2014 ՀՕ-61-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-62-Ն)
|
Հոդված 5. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր պահանջները |
Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները սահմանվում են սույն օրենքով: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հսկիչ-դրամարկղային մեքենան տեղադրվում է առևտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:
(5-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221, լրաց. 12.12.2007 ՀՕ-94, լրաց. 26.12.2012 ՀՕ-44-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-62-Ն)
|
Հոդված 6. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները |
Արցախի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կանխիկ դրամով դրամական հաշվարկները պետք է իրականացնեն`
ա) սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված՝ Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից թույլատրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով.
բ) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի կողմից գրանցված և դրոշմակնքված հսկիչ-դրամարկղային մեքենաներով.
գ) հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենաներով.
դ) դրամական միջոցների պատշաճ հաշվառումը (վերահսկողական ժապավենի և ֆիսկալային հիշողության ֆիքսումը) ապահովող հսկիչ-դրամարկղային մեքենաներով:
Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:
Առևտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված և կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով արձանագրված շրջանառությունները հիմք չեն հարկերի հաշվարկման համար, և այդ հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմնում գրանցումից հանվում են Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(6-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221, լրաց. 12.12.2007 ՀՕ-94, փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-44-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-62-Ն)
|
Հոդված 7. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող անձանց պարտականությունները |
Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք կիրառում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, պարտավոր են`
ա) իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը հարկային մարմիններում.
բ) կիրառել այնպիսի հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնք բավարարում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող կիրառման կանոններին.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման, շահագործման հանձնելու և կիրառելու հետ կապված փաստաթղթերի վարումը և պահպանումը, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հսկողության իրականացման նպատակով ապահովել հարկային մարմինների պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի համապատասխան հսկիչ-դրամարկղային մեքենան և տրամադրել սույն պարբերությունում նշված փաստաթղթերը:
|
Հոդված 8. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման թույլատրումը |
Արցախի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի յուրաքանչյուր մոդելի կիրառման թույլատրումն իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը վարում է կիրառման համար թույլատրվող հսկիչ‑դրամարկղային մեքենայի մոդելների գրանցամատյանը: Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես նաև համակարգչային ծրագրի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(8-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221, լրաց. 12.12.2007 ՀՕ-94, փոփ. 21.12.2017 ՀՕ-62-Ն)
|
Հոդված 9. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հսկողությունը |
1. Հարկային մարմինը`
ա) իրականացնում է սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն.
բ) իրականացնում է կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ հասույթի լիարժեք հաշվառման հսկողություն.
գ) ստուգում է հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը` անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.
դ) անցկացնում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգումներ այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է համաձայն սույն օրենքի.
ե) օրենքով սահմանված կարգով և սույն օրենքով սահմանված դեպքերում նշանակում է տուգանքներ.
զ) արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների գումարների տասը տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ:
3. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների և կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն օրենքով նախատեսված հսկողության իրականացման նպատակով հարկային մարմինը «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ, ընդ որում` ստուգումներ անցկացնելու հանձնարարագրի վավերապայմանների, դրանք ստուգվող սուբյեկտին ներկայացնելու պահանջների նկատմամբ կիրառվում են «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հավելված 2-ի դրույթները:
(9-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221, լրաց. 12.12.2007 ՀՕ-94, խմբ. 16.12.2010 ՀՕ-72-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-44-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-62-Ն, լրաց. 31.10.2018 ՀՕ-67-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 3
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
|
Հոդված 10. |
Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար |
Սույն օրենքի, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված կարգերի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:
Սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման համար հիմք է հանդիսանում նաև «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումը:
(10-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-221, լրաց. 12.12.2007 ՀՕ-94, լրաց. 26.12.2012 ՀՕ-44-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-62-Ն)
|
Հոդված 11. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը |
1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:
2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են յոթանասունհինգ հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով կամ տուգանվում լրացուցիչ հարյուր հիսուն հազար դրամի չափով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:
Տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը երկրորդ անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով կամ տուգանվում լրացուցիչ երեք հարյուր հազար դրամի չափով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Սույն մասում նշված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը ենթակա է հրապարակման հարկային մարմնի ղեկավարի կողմից` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը երրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Սույն մասում նշված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը ենթակա է հրապարակման հարկային մարմնի ղեկավարի կողմից` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված գործունեության կասեցում չի իրականացվում, եթե խախտումն արձանագրելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին է ներկայացվում լրացուցիչ տուգանքի վճարման վերաբերյալ գրավոր հայտարարություն: Լրացուցիչ տուգանքը կիրառվում է Արցախի Հանրապետության հարկային մարմնի ղեկավարի որոշման հիման վրա:
Սույն մասով սահմանված լրացուցիչ տուգանքը չի կիրառվում հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների նկատմամբ:
Սույն հոդվածով սահմանված գործունեության կասեցումն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ Արցախի Հանրապետության հարկային մարմնի ղեկավարի համապատասխան որոշման հիման վրա:
(5-րդ պարբերությունը հանվել է 15.02.2006 ՀՕ-265)
Սույն հոդվածով սահմանված տուգանքները Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց, իսկ լրացուցիչ տուգանքը` տուգանքի նշանակման օրվանից հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում` կրկնապատկվում են:
Սույն հոդվածով սահմանված տուգանքները, բացառությամբ լրացուցիչ տուգանքերի, պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:
(11-րդ հոդվածը փոփ. 15.02.2006 ՀՕ-265, լրաց., խմբ. 24.12.2008 ՀՕ-87-Ն, խմբ., փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-44-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-62-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 12. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի է մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2004թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-168 |
|